Հակահեղափոխություն
Հակահեղափոխություն, հասարակական պրոցես, հակադրվում է ցանկացած տեսակի հեղափոխությանը։ Տվյալ երևույթի ժամանակ իշխանությունից զրկված (զրկվող) դասակարգերը փորձում են վերականգնել կամ պահպանել ստատուս քվոն։
Պատմության ընթացքում տիրապետող դասակարգերը մեծ մասամբ երբեք կամովին չեն զիջում իշխանությունը, այդ իսկ պատճառով էլ ամեն մի հեղափոխության անխուսափելիորեն ուղեկցվում է հակահեղափոխության այս կամ այն դրսևորմամբ։ Հեղափոխության և հակահեղափոխության հակամարտությունը դասակարգային պայքարի օբյեկտիվ օրինաչափություն է համարվում, և յուրաքանչյուր առանձին դեպքում այդ հակամարտության ելքը նախապես հայտնի չէ, հիմնականում կախված լինելով հակամարտ կողմերի ուժերի հարաբերակցությունից, հակառակորդին ճիշտ որոշելու և ուժերը համախմբելու նրանց կարողությունից, հաճախ նաև արտաքին միջամտությունից։ Երբեմն հակահեղափոխությունը հաղթում է, և հեղափոխությունը պարտվում (օրինակ՝ 1848-1849 թվականների հեղափոխությունը Գերմանիայում, 1871 թվականի Փարիզի կոմունան, 1930-ական թվականներին դեմոկրատական հեղափոխությունը Իսպանիայում, 1970-ական թվականների սկզբի դեմոկրատական հեղափոխությունը Չիլիում և այլն)։ Ռեստավրացիան երբեմն լինում է լրիվ, այսինքն՝ ամբողջությամբ վերականգնվում է հեղափոխությունից առաջ գոյություն ունեցած կացութաձևը։ Երբեմն հեղափոխական ցնցումն այնքան ուժեղ է լինում, որ թեև տեղի է ունենում վերադարձ դեպի նախկին կացութաձևը, բայց տվյալ երկրի կառավարման համակարգում պահպանվում են հեղափոխությամբ ձեռք բերված տեղաշարժերը։
Հակահեղափոխությունը (ինչպես և հեղափոխությունը) դրսևորվում է տարբեր ձևերով՝ զինված դիմադրություն, քաղաքացիական պատերազմ, խռովություններ, դավադրություններ, սաբոտաժ և դիվերսիա, օտարերկրյա ներխուժում, շրջափակում։ Հակահեղափոխությունն օգտվում է նաև հեղափոխական դասակարգերի և կուսակցությունների սխալներից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 61)։ |