Մեծ պահք, բարեկենդանի անհոգ ուրախությանը, զվարճախաղերին, անհագուրդ խրախճանքներին, կենցաղային թեթևամտությանը, հասարակական սովորույթների ավանդական կարգի խախտումներին փոխարինելու էր գալիս տարեկան պասերից ամենաերկարատևը` Մեծ պասը։ Այն ինքնամաքրման, ինքնազոհաբերման, ապաշխարության, մաքրակենցաղության և ինքնազսպման յոթշաբաթյա շրջան է։

Մեծ պաս

Ենթադասպաս
Լոբի

Մեծ պասի հենց առաջին օրը հաշտություն, համերաշխություն սահմանելու օր էր, գժտություններն ու թշնամությունները մեղմելու, հասարակության մեջ ներդաշնակ բարեկամական հարաբերությունները վերականգնելու օր։ Միջնորդները գործի էին անցնում, հանդիպեցնում նույնիսկ թշնամիներին։

Ոսպ

Ոչ ոք չէր կարող խուսափել այդ սովորույթից, այլապես կզրկվեր Մեծ պասի ավարտին հաղորդվելու իրավունքից։ Նույն օրը հոգևոր մաքրությանը ուղեկցում էր առարկայական մաքրության սովորույթը։ Բարեկենդանը վերջացել է, և Մեծ պասի հենց առաջին օրը ջանում էին վերացնել բարեկենդանյան զեխության հետքերը լվանալ բոլոր ամանեղենը, լվացք անել, լողանալ, մաքրել տան ու բակի բոլոր անկյունները և այդպես մաքուր դիմավորել ինքնազսպման շրջանը։

Սիսեռ

Պաս էր և արգելքի տակ էին կենդանական ծագում ունեցող բոլոր ուտելիքները, դրանց փոխարինելու էին գալիս բանջարեղենը, ձեթը։ Մեծ պասի քառասունինն օրերին պիտի ուտեին լոբուց, ոսպ ու սիսեռից, կարտոֆիլից ու գետնախնձորից, սոխ ու սխտորից, ձավարեղենից, զանազան չորացրած ու թթու դրած կանաչեղենից պատրաստվող փլավներ, ապուրներ, տապակած կերակրատեսակներ և հատկապես՝ հռչակավոր մախոխապուրը։

Կարտոֆիլ

Մախոխը տարբեր տեղերում տարբեր կերպ էին պատրաստում, բայց այն Մեծ պասի ուղեկիցը, խորհրդանշական ճաշատեսակն էր ամեն տեղ։ Շատ վայրերում կորկոտը լավ եռացնելուց հետո սառեցնում էին, շաղախում թթխմորով և լցնում կարասը, թողնելով, որ այն խմորվելով թթվի։ Ոմանք էլ թթխմորով շաղախելուց հետո գնդեր էին շինում ու չորացնում, և անհրաժեշտության դեպքում ջրով բացում էին այդ գնդերը։

Սոխ

Համարյա ամենուր այս ծիսական ճաշատեսակին ուղեկցում էին որոշակի ծեսեր։ Օրինակ, շատերը հետևում էին, որ պասի ընթացքում մախոխը ուտելու և հատկապես պատրաստելու թիվը զույգ չլինի, այլ անպայման՝ կենտ։ Ուրիշները մախոխը պատրաստելուց և կարասը լցնելուց հետո կանչում էին երեխաներին, որ նրանք կարասի մոտ մի քանի անգամ էշի նման խռանչեն, որպեսզի, իբր, մախոխը շուտ թթվի։

Սխտոր

Իսկ կարնոհայերը հատուկ մախոխապուրի պար ունեին, որ պարում էին միայն Մեծ պասի առաջին օրը։ Մախոխապուրի պարը պարել են բացառապես տղամարդիկ, ընդորում՝ համայնքի, գյուղի բոլոր տղամարդիկ, հիմնականում չափահասներից մինչև ծերերը, պարել են մախոխապուրին նվիրված երգը երգելով, առանց նվագի։ Մախոխապուրի պարերգով գովերգել են Մեծ պասը, նրա հիմնական ճաշատեսակը մախոխը։ Պարը կատարել են խումբ-խումբ, կլոր-փակ շրջանով։ Յուրաքանչյուր խումբը կատարել է յոթ պտույտ և հեռացել պարատեղից տեղը զիջելով հաջորդ խմբին։ Ինչպես իրենք կարնոհայերն էին ասում, «կանանց օրենք չէր, որ պարեին, ամոթ էր, սուրբ օր էր։ Պարել են խաղ ասելով (երգելով), այդ օր տիգ, չալղի երաժշտական գործիքներ ածելու իրավունք չկար»։

Բարօվ էգար, թթու մախոխ,

Ինչ լուր բերիր հայրենիքես։

Մէնձ Պասն էկավ, կայնավ թաթին

Աշկըս մնաց հալվա կաթին։

ՄԷնձ Պասն էկավ ղուռմիշ էղավ

              (նստեց, փռվեց),

Փորիս փարգալ պօզմիշ էղավ

(աղիքները պահոդ թաղանթը փչացավ)

Պառվըները, պառվըները,

Ջուրը լըցվավ առվըները։

Ախչըգները ծալած բոխչա,

Հարսները բաղ ու բախչա,

Թըստան, հօդաձ պառվըները,

Գէնա լավ էն պառվըները։

- ժողովրդական

Այդքան կարևոր «մախոխը» սակայն, Մեծ պասի ընթացքում այնքան էին ուտում, որ պասը վերջանալիս արդեն երազում էին հրաժեշտ տալ ուտելիքին. ֊

Ծառզարդարը մոտեցավ,

Մախոխ ապուրն հոտեցավ,

Էլ մի ուտէ ծիթով խավիծ, թէ չէ

            փորդ շատ կցավի։ 
- ժողովրդական
Զատիկին կամ Քրիստոսի հարության տոնի առթիվ մարդիկ ներկում են ձվեր

Մեծ պասի առաջին օրվա կարևորագույն, գլխավոր գործը Պասը խորհրդանշող «Ակլատիզը» կախելն էր։ Հայտնի են Ակլատիզի ինչպես անվան, այնպես էլ առարկայական տարբերակներ։ Ախլոճ, Ախացել, Ախելած, Գոգոռոզ, Խուխուլիճ-Խուլուճիկ, Մոռմոռոզ– Մռմռաս, Մեծ պաս. Պապի պլոր, Որոջբեկ, Ֆռիկ և այլ անուններով։ Այն վրան յոթը փետուր խրած սոխի (կարտոֆիլի, գետնախնձորի...) գլուխ էր, որ թելով կախում էին առաստաղից։ Կարնոհայերի մեջ այն իսկական տիկնիկի տեսք ուներ տղամարդու հագուստով, փարթամ ու սպիտակ բեղ ու մորուքով, պարզած թևերով, միոտնանի, որից կախվում էր յոթը փետուրներով սոխի գլուխը։ Ակլատիզի յոթ փետուրները օրացույցի դեր էին կատարում յոթ շաբաթ ունեցող պասի համար,– ամեն շաբաթվա վերջում դրանցից մեկը հանվում էր։ Նախավերջին վեցերորդ փետուրը հանելիս երկար պասից հոգնած ու նեղված «քարքաշելուց էլ ծանր» վերջին շաբաթն ի նկատի ունենալով, ասում էին. - Հետին շաբաթ քարքաշան, ճժեր հալան ու մաշան... Այդ օրը համապատասխանում էր Ծաղկազարդին, որ գարնան ավետաբեր էր։ Վանում այդ օրն ընտանիքի ամարի անդամը գնում էր ձյունից դեռ չմաքրված ցորենի կանաչող արտը ավետելու գարնան գալուստը հետևյալ խոսքերով. «Աշխարհին լույս տալու եկողը թող քեզ էլ լիություն տա»։ Մոտենում էր Հարության, կյանքի, բնության հավերժական զարթոնքի տոնը Զատիկը։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ պաս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։