Սոֆյա Նասաուացի

Շվեդիայի թագուհի

Սոֆյա Վիլհելմինե Մարիաննա Հենրիետե ֆոն Նասուացի (գերմ.՝ Sophia Wilhelmine Marianne Henriette von Nassau, հուլիսի 9, 1836(1836-07-09)[1][2][3], Biebrich Palace, Բիբրիխ, Վիսբադեն, Գերմանական միություն - դեկտեմբերի 30, 1913(1913-12-30)[1][4][5][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4]), Շվեդիայի և Նորվեգիայի թագավոր Օսկար II-ի կինը։

Սոֆյա Նասաուացի
գերմ.՝ Sophia von Nassau
 
Մասնագիտություն՝ միապետ
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր հուլիսի 9, 1836(1836-07-09)[1][2][3]
Ծննդավայր Biebrich Palace, Բիբրիխ, Վիսբադեն, Գերմանական միություն
Վախճանի օր դեկտեմբերի 30, 1913(1913-12-30)[1][4][5][…] (77 տարեկան)
Վախճանի վայր Ստոկհոլմ, Շվեդիա[4]
Թաղված Ռիդարհոլմենի եկեղեցի[6]
Դինաստիա House of Nassau?
Ի ծնե անուն գերմ.՝ Sophia Wilhelmine Marianne Henriette von Nassau
Հայր Wilhelm I, Duke of Nassau?
Մայր Princess Pauline of Württemberg?
Ամուսին Օսկար III
Զավակներ Գուստավ V, Օսկար Բերնարդոտ, Կարլ Շվեդացի և Եվգենի Շվեդացի
 
Պարգևներ
Թագուհի Մարիա Լուիզայի շքանշան և Սերովբեների արքայական շքանշան

Կենսագրություն խմբագրել

Սոֆյա Նասուացին ծնվել է 1836 թվականի հուլիսի 9-ին Վիսբադեն հանգստավայրի Բիրբիխ պալատում։ Նա եղել է դուքս Վիլհեյմ Նասուացու և նրա երկրորդ կին Պաուլինա Վյուրտենբերգիացու փոքր դուստրը։ Սոֆյան ունեցել է հարազատ քույր և եղբայր՝ Ելենան և Նիկոլայը, ինչպես նաև հոր առաջին կնոջից եղբայրներ (Ադոլֆ և Մորից) ու քույրեր (Մարիա և Թերեզա)։ Երբ Սոֆյան երեք տարեկան էր Վիլհեյմը կաթվածից մահացավ։

Սոֆյայի կրթության ծրագրում ներառված էին պատմության, օտար լեզուների ուսումնասիրությունն ու դաշնամուր նվագելը։

1856 թվականին մոր մահվանից հետո Սոֆյան տեղափոխվում է Նյուվայդում գտնվող Մոնրեպո ամրոց, որտեղ ընտանիքի հետ միասին բնակվում էր նրա քույր Մարիան։ Այնտեղ նա ծանոթանում է 27-ամյա շվեդական արքայազն Օսկարի հետ, ով այդ ժամանակ կրում էր «Օստերգոտլանդյան դուսք» տիտղոսը։ 1856 թվականի սեպտեմբերի 25-ին արքայազնը Սոֆյային ամուսնության առաջարկություն է անում։ Հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ 1857 թվականի հունիսի 6-ին Բիրբիխ պալատում։ Երկու շաբաթ անց նորապսակները ուղևորվեցին դեպի Շվեյցարիա։

Հանրության շրջանում Սոֆյա Նասուացինստացավ «Երկնագույն դքսուհի» անունը, քանի որ առաջին անգամ հասարակության մեջ էր դուրս եկել կարապի փետուրներով զարդարված երկնագույն զգեստով։ Այդ ժամանակ նա արդեն տեղեկացված էր իր նոր հայրենիքի պատմությունից և հասցրել էր սովորել շվեդերեն և նորվեգերեն լեզուները։

Որոշ ժամանակ անց ամուսինները տեղափոխվում են Ստոկոհոլմի կենտրոնում Գուստավ Ադոլֆի հրապարակում գտնվող արքայազնի պալատ։ Այստեղ ծնվում են նրանց չորս որդիները՝

  • Գուստավ (1858-1950) - Շվեդիայի հաջորդ թագավոր, կնության է առել է Վիկտորիա Բադենուհուն, ունեցել երեք որդի,
  • Օսկար (1859-1953) - կրել է Գոտլանդիայի դուքս, Վիսբորգի կոմս տիտղոսները, կնության է առել Էբե Մունկին, ունեցել է հինգ երեխա,
  • Կառլ (1861-1951) - կրել է Վեստերգյոտլանդյան դուքս տիտղոսը, կնության է առել Ինեբորգա Դանիացուն, ունեցել է երեք դուստր և մեկ որդի,
  • Եվգենի (1865-1947) - 'կրել է Ներկեյի դուքս տիտղոսը, եղել է հայտնի գեղանկարիչ և մեկենաս, չի ամուսնացել, երեխաներ չի ունեցել։
 
Սոֆիերո պալատ

1859 թվականին մահանում է Սոֆյայի ամուսնու հայրը՝ Օսկար I թագավորը։ Գահը ժառանգում է նրա ավագ եղբայրը Կառլ, իսկ Օսկարը դառնում է գհաժառանգ։

Սոֆյան և Օսկարը ապրում էին հանգիստ ամուսնական կյանքով՝ հեռու մնալով պալատական խառնակություններից։ Իրենց որդիներին նրանք ուղարկում են հանրային դպրոց այն դեպքում, երբ այդ ժամանակ արքայազնները կրթություն էին ստանում միայն տանը հատուկ կարգադրիչների կողմից։

Արքայազնն ու նրա ավագ որդին ունեին առողջական խնդիրներ։ 1864 թվականի ամառը Սոֆյայի ամբողջ ընտանիքը անցկացրեց Հելսինբորգի մոտ գտնվող ծովափնյա Կունա Գունարստոպ ամրոցում, որը պատկանում էր Բալտազար ֆոն Պլատենին։ Օսկարին և Սոֆյային շատ է դուր գալիս գեղատեսիլ բնությունը և Սկրաբելյուկե ապարանքը, և նրանք որոշում են նույն թվականի սեպտեմբերի գնել այն։ Քանի որ շինությունը չուներ բավարար տարողականությունը, սկսվեցին ընդլայնման և թարմացման շինարարական աշխատանքներ։ Նորակառույց շինությունը ստացավ «Սոֆիերո» անվանումը ի պատիվ Սոֆյայի։ Այդ ժամանակ այն դեռևս մեկ հարկանի կառույց էր։ 1866 թվականի հուլիսին ընտանիքը Ստոկոհոլմից տեղափոխվում է Սոֆիերո դղյակ։ Սոֆյան ուներ ձիավարելու հնարավորություն, իսկ երեխաները ակնհայտ առավել առողջ տեսք ստացան մաքուր օդում ապրելով։

1866 թվականին Ավստրո-պրուսական պատերազմի հետևանքով Նասաուի դքսությունը բռնազավթվում և միացվում է Պրուսիային։ Սեպտեմբերին Սոֆյայի եղբայրը՝ Ադոլֆ I-ը, ով օրինական ղեկավար էր, ստիպված էր լքել երկիրը։ Այդ ժամանակ Սոֆյան սկսեց ատել ռազմատենչ Պրուսիան։ Նա շատ էր մտահոգվում իր կորցրած հայրենիքի համար։

1872 թվականին Մալմայում գտնվող իր նստավայրում մահանում է Կառլը և Օսկար II անվամբ թագավոր է դառնում Սոֆյայի ամուսին Օսկարը։

 
Շվեդիայի և Նորվեգիայի թագուհի Սոֆյա

Սոֆյան ուներ առողջական խնդիրներ։ Նա տառապում էր անեմիայով, տարբեր սպազմերից, ուներ սրտի և ոտքերի ցավեր։ Նա գործնականում ստիպված էր երկար ժամանակ պառկած անցկացնել և պարապությունը փարատելու համար կարդում էր թերթեր, գրքեր և պարբերականներ։ Օսկար I թագավորը Սոֆյային համարում էր գիտուն և բանիմաց կին ու հաճախ էր նրա հետ խորհրդակցում տարբեր հարցերի շուրջ։ Սակայն, կառավարման առաջին տարիներին նա սկսեց հարաբերություններ հաստատել սիրուհիների հետ՝ ի դեմս դերասանուհիների և երգչուհիների։ Մագդա ֆոն Դոլկեյի հետ հարաբերությունների ժամանակ թագուհի Սոֆյան առողջական խնդիրներ ունենալու պատրվակով մեկնում է Գերմանիա։

Սոֆիերոն մնում է թագավորական ընտանիքի ամառանոց, որի տերերը դարձել էին երկրի կառավարիչներ, իսկ երեխաները՝ առավել հասուն։ Այդ իսկ պատճառով 1874-1876 թվականներին տեղի ունեցավ դղյակի մասշտաբային վերակառուցում[7] Վերակառուցումից հետո դղյակն ունեցավ արդեն 35 սենյակ։ Վերջին տարիներին Սոֆիերո են այցելել ինչպես սկանդինավյան ազնվականության, այնպես էլ տարբեր թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ։

Սոֆյան աստիճանաբար սկսում է առավել հետաքրքրվել կրոնով։ Հաճախ իր կիսախորթ քույր Եվգենիայի հետ այցելում էր կրոնական միջոցառումների, իսկ 1878 թվականին դառնում է քարոզիչ լորդ Ռեդստոկի հետևորդ, երբ վերջինը այցելում է Ստոկոհոլմ։

1880 թվականին Սոֆյայի և նրա ամուսնու հարաբերությունները կարգավորվում են։ Իր ազատական հայացքներով նա հավասարակշռում էր Օսկարի պահպանողականությանը։ Սոֆյան համակրում էր Մեծ Բրիտանիային, մինչդեռ Օսկարը համակրում էր Կայսերական Գերմանիան։

Սոֆյան հիանում էր Ֆլորենս Նայթինգեյլի գործունեությամբ, կարդում էր նրա գրքերը։ Սոֆյան նույնիսկ այցելեց Լոնդոնում գտնվող հիվանդանոց, որտեղ անձամբ ծանոթացավ Ֆլորենսի հետ։

Թագուհու շնորհիվ 1884 թվականի հունվարի 1-ից սկսեց գործել կին բժիշկների պատրաստման դպրոց։ 1887 թվականին Սոֆյան և Օսկարը դարձան «Sophiahemmet» հաստատության հիմնադիրներ, որն իրենից ներկայացնում էր 60-70 հիվանդի համար նախատեսված հիվանդանոց։ Երկու տարի անց հիվանդանոցը ընդունում է իր առաջին այցելուներին։ Սոֆյան հասարակության շրջանում ներդնում էր քույրական գործի հանդեպ հարգանք՝ երբեմն նաև վեճերի մեջ ներգրավվելով տեղական իշխանությունների հետ։ Նա քույրական գործը համարում էր սուրբ աշխատանք, այլ ոչ թե պարզապես գործ։ Թագուհին ազնվական շրջանակներին կոչ էր անում ներգրավվել օգնության աշխատանքներին։

1887 թվականին ունեցել է օֆրակտետոմիա։ Ենթադրվում էր, որ վիրահատությունը անցել է հաջող, սակայն, շուտով Սոֆյան սկսում է դժվարությամբ քայլել և հետագայում նա հաճախ սկսեց օգտվել հաշմանդամի անվասալյակից։

1890-ական թվականներին Սոֆյան և Օսկարը հազվադեպ էին այցելում Սոֆիեռո։ Սկսած 1892 թվականից թագուհին նախընտրում էր Նորվեգիայի հարավը՝ Կոնգսվինգերում գտնվող Սկինարբոլը։ Սոֆյան հաճախ էր ճանապարհորդում Շվեդիայում, այցելում Նորվեգիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առողջարաններ։ Փարիզ այցելության ընթացքում թագուհին ճաշում է հասարակ ռեստորանում։ Իր այդ քայլով նա գրավում է հասարակության ուշադրությունը։

1903 թվականի ամռանը թագավորական զույգը վերջին անգամ այցելում է Սոֆիեռո։

 
Շվեդիայի թագավորական ընտանիքը 1882 թվականին

Նորվեգիայի հետ լարված հարաբերությունները 1905 թվականին հանգեցնում են դաշնային պայմանագրի դադարեցմանը։ Հունիսի 7-ին Ստորտինգը պաշտոնապես հռչակում է, որ «թագավորը այլևս չի իրականացնում Նորվեգիայի թագավորի գործառնությունները»։ Դա գործնականում նշանակում էր պատերազմի վտանգ, սակայն երկրներին հաջողվեց պայմանավորվել և արդեն սեպտեմբերին համաձայնության գալ։ Այս գործընթացներում Սոֆյան դրականորեն էր ազդում ամուսնու վրա, որպեսզի հակամարտությունը խաղաղ լուծում ստանա։ Նորվեգիայի նոր ղեկավար է ընտրվում Օսկարի եղբորորդին՝ Կառլ Դանիացին, ով դարձավ թագավոր Հակոն VII անունով։

1907 թվականի դեկտեմբերին Շվեդիայի թագավոր Օսկարը մահանում է։ Ամուսնու մահվանից հետո Սոֆյան հեռանում է հասարակական կյանքից։ Նա շարունակում էր ճանապարհորդել։ 1909 թվականին նա ավտոմոբիլով այցելում է Գերմանիա։ Այրի թագուհին վերջին անգամ հանրության առջև է հայտնվում 1913 թվականի դեկտեմբերի 3-ին՝ ելույթ ունենալով «Sophiahemmet» հիվանդանոցի ապագա բուժքույրերի առջև։ Բուժքույրերի թվում էր նաև նրա որդի Օսկարի դուստրը՝ Մարիան։

1909 թվականի դեկտեմբերի 30-ին թոքաբորբի հետևանքով մահանում է Սոֆյան՝ շրջապատված ընտանիքի անդամներով։ Նա 77 տարեկան էր։ Թագուհուն թաղում են Ռիդարհոլմեն եկեղեցում։

Խորհրդանիշներ խմբագրել

 
Սոֆյա թագուհու զինանշանը Շվեդիայի և Նորվեգիայի թագուհու կարգավիճակ ունենալու ժամանակ (1872-1905)
 
Սոֆյա թագուհու արքայաական մոնոգրամ
 
Սոֆյա թագուհու զինանշանի այրիության ընթացքում

Տոհմաբանություն խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Herman Lindqvist (2006). Historien om alla Sveriges drottningar. Norstedts Förlag. ISBN 91-1-301524-9.
  • Lars Elgklou (1995). Familjen Bernadotte, en kunglig släktkrönika. Skogs boktryckeri Trelleborg. ISBN 91-7054-755-6.
  • Lars O. Lagerqvist (1979). Bernadotternas drottningar. Albert Bonniers Förlag AB. ISBN 91-0-042916-3.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել