Սորբեր
Սորբեր, վենդեր, լուգիներ (գեր․՝ Sorben, սորբ․՝ Serby, Serbja), լուժիչներ, լուժիցայի սերբեր՝ սլավոնական էթնոս։ Արևելյան Գերմանիայի սլավոնական բնակչության չյուրացված մնացորդ․ այսօրվա դրությամբ ապրում են Լուժիցա կոչվող պատմական տարածաշրջանում, որը մտնում է Գերմանիայի կազմի մեջ։ Լուժիցան բաժանվում է Ստորին Լուժիցայի՝ Dolna Łužyca, Niederlausitz (հյուսիսային հատված՝ Բրանդենբուրգում), և Վերին Լուժիցայի՝ Hornja Łužica, Oberlausitz (հարավային հատված՝ Սաքսոնիայում)։ Վերջին պահպանված սլավոնական էթնիկական համայնք, որն օգտագործում է սլավոնական լեզու։
Սորբեր | |||
---|---|---|---|
Սորբերի դրոշը | |||
Ընդհանուր քանակ | |||
50-60 հազար | |||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
Գերմաներեն, սորբերենի երկու տարբերակները ևս։ | |||
Հավատք(ներ) | |||
Բողոքականություն, կաթոլիկություն | |||
Բարեկամական էթնիկ խմբեր | |||
Լեհեր, չեխեր, կաշուբներ, սլովակներ, այլ սլավոններ՝ խառը ամուսնությունների դեպքում։ |
Պատմություն և նկարագրություն
խմբագրելԺամանակակից սորբերը համարվում են պոլաբյան սլավոնների մաս կազմող՝ սորբեր կոչվող ցեղային միության մնացորդը։ Գոյություն ունեին երկու ցեղային միություն ևս՝ լյութիչներ և բոդրիչներ։ Պոլաբյան սլավոնները վաղ միջնադարում զբաղեցրել են այժմյան գերմանական պետության տարածքի մեկ երրորդը՝ հյուսիսը, արևելքը և հյուսիս–արևմուտքը։ 21–րդ դարի դրությամբ նրանցից բոլորը, բացի սորբերից, ենթարկվել են յուրացմանը հարևան գերմանացիների կողմից։ Պոլաբյան և պոմորյան հողերի միացման ընթացքը գերմանական պետություններին ձգվեց VIII–րդ դարից մինչև XIV–րդ դարը։ Առաջին փորձերը գրավելու սորբական հողերը կատարել է Կառլոս Մեծը։ Սակայն հետագայում տեղաբնիկները վերականգնել են իրենց անկախությունը։ 928—929–ը թվականներին Հենրիխ I Որսորդ թագավորը հաղթեց սորբական ցեղային միությանը, և վերջինս ներառվեց Գերմանական թագավորության կազմի մեջ։ XI–րդ դարի սկզբում Լուժիցան գրավվել էր Լեհաստանի կողմից, սակայն շուտով վերագրավվեց Մեյսենի մարկկոմսության կողմից։ 1076 թվականին գերմանական կայսր Հենրիխ IV–րդը փախանցեց Լուժիցան Չեխիային։ Դեպի Լուժիցա էին մասսայականորեն տեղափոխվում գաղութարարները Գերմանիայից, որոնք ստանում էին բազմաթիվ և բազմատեսակ առևտրային և հարկային արտոնություններ չեխական կառավարության կողմից։ Հաբսբուրգյան դինաստիայի Չեխիայում հաստատվելուց հետո տեղական սլավոնական բնակչության «գերմանացման» ընթացքը ավելի արագացավ։ XVII–րդ դարում վերոհիշյալ տարածաշրջանը տրվեց Սաքսոնիային։ XIX–րդ դարում մտավ Պռուսիայի կազմի մեջ, 1871 թվականից՝ Գերմանական կայսրության։
Սորբերի առաջին բնակավայրերը, ըստ գերմանական վարկածների, համապատասխանում են VI–րդ դարին։ Բրանդենբուրգում գոյություն ունի վերականգնված IX—X–րդ դարերի մի սորբական ամրոց՝ Ռադդուշը։ Ժամանակակից սորբերենն ունի երկու գրական նորմեր՝ ստորին սորբերենը և վերին սորբերենը։ Նաև կա սորբական հիմնը երկու լեզուներով և ընդհանուր զինանշանը։ Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարանում գրված է, որ «սորբերը» հանդիսանում է ընդհանուր անվանումը և՛ վենդերի, և՛ պոլաբյան սլավոնների։ Լուժիցայի սորբերը համարվում են Գերմանիայի պաշտոնապես ճանաչված չորս ազգային փոքրամասնություններից մեկը։ Մնացած երեքն են գնչուները, ֆրիզերը և դանիացիները։ Համարվում է, որ սորբական արմատներ Գերմանիայում ունեն մոտ 60 հազար քաղաքացիներ, որոնցից 20 հազարն ապրում է Ստորին Լուժիցայում, 40 հազարը՝ Վերին Լուժիցայում։ 1912 թվականից գործում է սորբերի ազգային–մշակութային կազմակերպություն՝ «Դոմովինա»։
Մշակույթ
խմբագրելՍորբերի մշակույթը ներառված է Կենտրոնական Եվրոպայի մշակութային շրջանի մեջ։ Բնակավայրերի նախագծման հնագույն տիպը շրջանային է։ Ավելի ուշ Ստորին Լուժիցայում տարածում գտան խուտորները, Վերին Լուժիցայում՝ փողոցային տիպի շինությունները։ Բակը կարող է լինել փակ կամ բաց։ Շպրեևալդում կալվածքները տարածվում են ջրանցքների երկայնքով։ Բաուցենի շրջանում պահպանվել են եկեղեցային փայտյա ճարտարապետության նմուշներ։ Ստորին Լուժիցայի համար բնորոշ են փայտաշեն միհարկանի տները, Վերին Լուժիցայի համար՝ երկհարկանի տները, որտեղ երկրորդ հարկը կարկասային է։ Ժողովրդական արվեստի ու արհեստի ծաղկման շրջանը պատկանում է XVIII—XIX դարերին․ դրանց որոշ ճյուղերի զարգացումն շարունակվեց նաև XX դարի առաջին կեսում։
Ավանդական ուտեստներ
խմբագրելԱվանդական ուտեստներից են հարսանեկան ճաշը, տավարի միսը՝ ծովաբողքով, խոզի միսը՝ մանանեխի սոուսով, կաթնաշոռը՝ կտավատի ձեթով, սոխի և կարտոֆիլի հետ միասին։
Հայտնի սորբեր
խմբագրելՏես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- «Народы зарубежной Европы» в 2-х тт. — М.։ Наука, 1965.՝ ռուսերեն։
Աղբյուրներ
խմբագրել- [1] Սլավոններ–սորբեր՝ ռուսերեն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սորբեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 676)։ |