Սոս Նուրիջանյան

Բրեստի ամրոցի պաշտպանության մարտիկ

Սոս Բենիամինի Նուրիջանյան (1920, Վաչագան, Զանգեզուրի գավառ - 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Բրեստի ամրոցի պաշտպանության մասնակից։

Սոս Նուրիջանյան
Դիմանկար
Ծնվել է1920(1920)
ԾննդավայրՎաչագան, Զանգեզուրի գավառ, Հայաստանի առաջին հանրապետություն
Մահացել է1968(1968)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ազգությունհայ

Կրթություն խմբագրել

Ծնվել է 1920 թվականին Կապանի շրջանի Վաչագան գյուղում։ Ավարտել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։

Մասնակցություն Հայրենական պատերազմի տարիներին խմբագրել

1939 թվականի սառնաշունչ ձմռանը՝ դեկտեմբերին, երեք հարյուրից ավելի կապանցիներ զորակոչվեցին Կարմիր բանակ, նրանցից հարյուրը զինվորական ծառայությունն անցկացրեց Բրեստի ամրոցի կայազորում։ Այդ թվում նաև Սոս Նուրիջանյանը՝ 84-րդ հրաձգային գնդի 5-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի տեղակալը։ 1941 թվականի հունիսի 22-ի գիշերը հերթապահում էր Սոսը։ Հանկարծ լսվեց երկու ուժգին պայթյուն։ Սոսը տագնապ հայտարարեց և ոտքի հանեց գումարտակը։ Թշնամին ներս էր խուժել միջնաբերդ, շարժվում էր դեպի զորանոց։ Բերդապահ զինվորները նետվեցին ձեռնամարտի։ Թշնամին ետ շպրտվեց՝ թողնելով շատ զոհեր։

  Թե ինչքան տևեց մարտը, չգիտեմ, կռվի պահին մարդ կորցնում է ժամանակի զգացողությունը։ Կարևորն այն էր, որ առաջին հաղթանակը ձեռք էր բերված։ Մեզանից յուրաքանչյուրը հենց այդտեղ, հեռավոր Բրեստի ամրոցի պարսպից 1941 թ-ի հունիսի 22-ի առավոտյան տեսավ Արևմտյան Եվրոպայում հաղթանակներով փառաբանված ֆաշիստական զինվորի թիկունքը։
- գրում է Սոս Նուրիջանյանը իր «Արյունով ներկված լուսաբացը» գրքում
 

[1] Երկրորդ գրոհի ժամանակ Սոս Նուրիջանյանի դասակը, խաչաձև կրակի տակ առնելով թշնամուն, ստիպեց նրան փախուստի դիմել մեծ կորուստներով։ 28 օր շարունակ փոքրաթիվ կայազորը հերոսաբար ետ էր մղում հիտլերյան 45-րդ հետևակային դիվիզիայի և 27-րդ հրետանային գնդի կատաղի գրոհները։ Այսպիսի գրոհներից մեկի ժամանակ Սոսը ծանր վիրավորվեց, գիտակցությունը կորցրած վիճակում ֆաշիստները գերի վերցրեցին։ Մի քանի ռազմագերիների հետ Սոսը փախավ Բրեստի շրջանում գտնվող ֆաշիստական ճամբարից։ Անցնելով թշնամու կողմից օկուպացված քաղաքները՝ Կովելը, Օլևսկը, Կորստինը, Կիևը, Սոման, Լազովայան, Ժդանովը և Ազովի ծովի սառույցները՝ դեկտեմբերի 27-ին հասավ Եյսկ քաղաքը։

142-րդ հատուկ բրիգադի կազմում, որը կազմավորվեց Վլադիմիրովկա քաղաքում, 1942 թվականի մայիսի 2-ից մինչև հուլիսի 3-ը Սոսը մասնակցել է Սևաստոպոլի պաշտպանությանը։ Պաշարման վերջին օրը, կոնտուզիա ստացած վիճակում, 2-րդ անգամ ֆաշիստները գերի վերցրին։ 1943 թվականի նոյեմբերին ֆաշիստները ուժեղացված պահակախմբերով գերիներին տարան հարավային Ֆրանսիայի Մանդ քաղաքը։ 1944 թվականի հունիսի 3-ին, ամուր կապ հաստատելով ֆրանսիական պարտիզանների հետ, 52 հոգով կազմակերպում են փախուստ ռազմագերիների ճամբարից։ Ստեղծվեց Միկոյանի անվան ռազմագունդը, որը ֆաշիստներից ազատագրեց մի շարք քաղաքներ։ 1945 թվականի օգոստոսի 19-ին ռազմագունդը վերադարձավ հայրենիք։ Պատերազմից հետո ապրել է Երևանում[2]։

Պարգևներ խմբագրել

Անձնուրաց խիզախության համար Սոս Նուրիջանյանը պարգևատրվել է.

  • «Հայրենական պատերազմի II աստիճանի» շքանշանով
  • «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալով
  • Ֆրանսիայի «Մարտական խաչ» շքանշանով (3 անգամ) և այլ մարտական մեդալներով։

Կյանքը պատերազմից հետո խմբագրել

Զորացրվելուց հետո աշխատել է Երևանի կահույքի ֆաբրիկայում որպես հաստոցավար։ 1948 թվականին Սոս Նուրիջանյանին ձերբակալում և ուղարկում են Մագադան։ 1955 թվականին Սոսին բաց են թողնում և արդարացնում են։

Սոս Նուրիջանյանը մահացել է 1968 թվականին։

 
Վաչագան գյուղի գերեզմանոցում գտնվող Սոս Նուրիջանյանի արձանը (քանդակագործ՝ Մարատ Նուրիջանյան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կապանցիները Հայրենական մեծ պատերազմում. էջ 188.
  2. «Сос Нуриджанян – Судьба защитника Брестской крепости» (ռուսերեն).