Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոթք (այլ կիրառումներ)

Սոթքի ոսկու հանքավայր, հանքավայր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի սահմանագլխին։ Ներկայում հանքի տարածքի մի մասը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

Սոթքի հանքը՝ ուղղաթիռից

Տեղադրություն խմբագրել

Հանքավայրը գտնվում է Արևելյան Սևանի լեռնաշղթայի հյուսիսում, Սոթքի լեռնանցքի մոտ։ Հանքավայրի անմիջապես ներքևով է անցնում Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, որը 2020 թվականի նոյեմբերի 25-ից փակ է։ Սոթքի հանքավայրից արևմուտք են գտնվում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ գյուղերը, իսկ արևելքում են Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի[Ն 1] Նոր Խարխափուտ և Նոր Կարաչինար գյուղերը։

Պատմական ակնարկ խմբագրել

Սոթքի ոսկու հանքավայրը հայտեի է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում և ընդմիջումներով մշակվել է մինչև 4-րդ դար։

Ըստ ԽՍՀՄ գիտական շրջանակների ներկայացրած տեղեկատվության` ՀԽՍՀ տարածքում էր գտնվում Կովկասի ոսկու հաշվառված պաշարների 80 տոկոսը։ Հետազոտված պաշարները բնութագրվում են մի քանի հարյուր տոննա մաքուր ոսկու համարժեքով։ Սոթքը ոսկու` ստորգետնյա եղանակով մշակվող աշխարհում խոշորագույն հանքավայրերի թվին է դասվում[1]։

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020 խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ից անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2]։ Նոյեմբերի 25-ից Սոթքի հանքավայրի կեսից ավելին հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, իսկ հայկական և ադրբեջանական մարտական դիրքերը տեղակայվել են հանքի տարածքում։

Բնութագիր խմբագրել

 
Օգտագործված հանքանյութի թափոնի կուտակումը։

Առաջացել է նեոգենում՝ հանքայնացման 5 փուլերով։ Հանքայնացված են վերին կավճի ու պալեոգենի հրաբխանստվածքային ապարները (գաբրոներ, գաբրոդիաբազներ) և դրանց հարող նեոգենի գրանիտոիդային ու ռիոլիտային դայքերը։ Հանքամարմինները ներկայացված են մի քանի հարյուր մ երկարություն և 0, 5-3 մ հաստության քվարցային երակներով ու շտոկվերկային բնույթի երակիկացանավոր հանքայնացմամբ։ Հանքադաշտում հայտնաբերվել են նաև ոսկեբեր ցրոններ։ Արմատական հանքանյութը բազմամիներալային է, առկա են ավելի քան 200 հանքային և ոչ հանքային միներալներ։ Արդյունաբերական նշանակություն ունեն ոսկին, արծաթը և ուղեկից այլ տարրեր։ Ոսկին գտնվում է բնածին վիճակում՝ տարաչափ հատիկների ձևով և սուլֆիդային միացությունների մեջ՝ ցրված, մանրացված ոսկու և թելուրիդների ձևերով։ Հայտնի է մ․ թ․ ա․ II հազարամյակից և ընդմիջումներով շահագործվել է մինչև 4-րդ դար։ 1976 թվականից շահագործվում է բաց և ստորգետնյա եղանակներով, ներկայումս՝ «Սթեռլայթ Գրուպ» ընկերության կողմից։

Հետագայում մոռացվել և վերստին հայտնաբերվել է 1951 թվականին։ Ունի հիդրոթերմալ ծագում և կապված է նեոգենի հասակի գրանիտոիդային փոքր ինտրուզիաների հետ։ Առաջացել է փոքր խորություններում, միջին-ցածր ջերմաստիճանային պայմաններում։ Հանքադաշտը կազմված է վերին կավճի և պալեոգենի հրաբխածին-նստվածքային շերտախմբերից, գաբրոներից և հիպերբազիտներից, որոնք հատվում են ավելի երիտասարդ՝ նեոգենի գրանիտ ոիդային կազմի փոքր ինտրոլզիաներով։ Գաբրոների և պերիդոտիտների մեջ հայտնաբերված և ուսումնասիրված են հյուսիսարևմտյան տարածում ունեցող չորս հանքաբեր զոնա։ Որոշ տեղերում հանքայնացված են նաև քվարց պորիֆիրային դայքաները։ Սոթքի ոսկու հանքավայրում տարածված է երակային և երակիկա-ցաևավոր քվարց-կարբոնատ-սուլֆիդային հանքայնացումը, որը հիմնականում ունի շտոքվերկային բնույթ։ Հանքաքարը աչքի է ընկնում իր բազմամիներալային բաղադրությամբ։ Հայանաբերվել և նկարագրվել են մոտ 200 հանքային և ոչ հանքային միներալ, որոնք առաջացել են հանքայնացման մի շարք փուլերի ընթացքում։ Ոսկու կուտակման համար ամենակարևորները եղել են՝ քվարց-կարբոնատ-սուլֆիդային ոսկեբեր և քվարց (խալցեդոնանման), կարբոնատ-ոսկի-թելուրիդային փուլերը։ Հանքաքարում ոսկին գտնվում է բնածին ոսկու խիստ տարբեր չափի հատիկների, սուլֆիդների մեջ ցրված նուրբ դիսպերսիոն ոսկու և թելուրիդների ձևով։ Սոթքի ոսկու հանքավայրում բարձր է բիսմութի և թելուրի պարունակությունը։ Որոշակի հետաքրքրություն են ներկայացնում Մասրիկ և Սեյդլար (Թարթառի վտակ) գետերի վերին հոսանքներում տարածված ոսկեբեր ալյուվիալ նստվածքները։ Սոթքի ոսկու հանքավայրը հետախուզված է և շահագործվում Է։

Նշումներ խմբագրել

  1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի ընթացքում՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրով նոյեմբերի 25-ին Շահումյանի շրջանը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վերահսկիչ պալատն առաջարկում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ին զրկել լիցենզիայից:
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 698