Սիամական կոկորդիլոս (լատին․՝ Crocodylus siamensis), իրական կոկորդիլոսների ընտանիքի ներկայացուցիչ, որն ապրում է Հարավ-Արևելյան Ասիայի որոշ երկրներում[2]։ Հազվադեպ հանդիպող կենդանի, որը գործնականում չի ապրում անազատության պայմաններում[3]։

Սիամական կոկորդիլոս
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Կոկորդիլոսներ
Ընտանիք Իրական կոկորդիլոսներ[1]
Տեսակ Սիամական կոկորդիլոս
Լատիներեն անվանում
Crocodylus siamensis
Schneider, 1801[1]
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Սիամական կոկորդիլոսի
բնական արեալ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 202202
NCBI 68455

Սիամական կոկորդիլոսն իր անվանումն ստացել է Սիամ (թաի.՝ สยาม) տեղանունից, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է կենդանին[1][4]։ Գիտական նկարագիրը կազմվել է 1801 թվականին գերմանացի ֆիլոլոգ և բնագետ Յոհան Շնայդերի (Johann Gottlob Theaenus Schneider) կողմից։

Տարբեր լեզուներով հայտնի է այս անվանումներով՝ Siamese crocodile, Siamese freshwater crocodile, Singapore small-grain, Cocodrilo de Siam, Crocodile du Siam, Buaja, Buaya kodok, Jara Kaenumchued, Soft-belly[5]

Այս կոկորդիլոսը հիմնականում ապրում է քաղցրահամ ջրերում, հանդիպում է նաև ծովերում, ջրամբարներում, գետերում։ Կա կարծիք, որ նրանք հնարավոր է ապրում են նաև աղի ջրերում[3]։ Ապրում են 30-40 տարի[3][4]։ Գենետիկ առանձնահատկությունների պահպանման համար հաճախ են դիմում հիբրիդացման մեթոդին, որը օգնում է պահպանել կոկորդիլոսի արյան մաքրությունը[6]։

Նկարագիր խմբագրել

Արտաքին տեսք խմբագրել

 
Սիամական կոկորդիլոսներ

Սիամական կոկորդիլոսը, ինչպես կոկորդիլոսների այլ տեսակները, ունի մարմնի յուրօրինակ կառուցվածք՝ գլուխը մարմնի նկատմամբ ունի հորիզոնական դիրք։ Մարմինը պատված է կարծր զրահով և ավարտվում է հաստ ու մկանոտ պոչով։ Նրա առջևի թաթերը ունեն 5 առանձին մատներ, իսկ ետին ոտքերը՝ 4: Աչքերը մոտ են միմյանց և գտնվում են գլխի վերին մասում, որն օգնում է կենդանուն ավելի լավ տեսնել։ Կոպերը թափանցիկ են և չեն խանգարում կենդանուն տեսնել[7]։ Քթանցքները, որոնք ունեն կիսաշրջանի տեսք, գտնվում են դնչի վերջնամասում, որը թույլ է տալիս Սիամական կոկորդիլոսին շնչել նույնիսկ ջրում ամբողջ մարմնով սուզված լինելու դեպքում։ Ատամների միջին թիվը 64-66 է[5][7]՝ նախածնոտային 4 ատամներ, ծնոտային՝ 13-14, հետծնոտային՝ 15:

Երիտասարդ առանձնյակները նման են բաց գունավորմամբ Crocodylus porosus տեսակի կոկորդիլոսին։ Մարմինն ունի դեղնաոսկեգույն երանգ։ Մարմնի և պոչի վրա կան սև գծեր։ Սիամական կոկորդիլոսներն ունեն երկար դունչ[8]։ Հասուն առանձնյակներն ունեն ավելի լայն երախ և տարբերվում են իրենց չափով[4][9]։

Արուների մարմնի առավելագույն չափը 3-4 մետր է[7][8], չնայած կենդանիների մեծամասնության մոտ այն չի հասնում 3 մետրի[1][2]։ Բնության մեջ հանդիպում են Սիամական և Crocodylus porosus տեսակի կոկորդիլոսների խաչասերումներ, որոնք հասնում են 4 մետրի և ավելի[10]։ Այս տեսակը չի հասնում մեծ չափերի. արուների քաշը 350 կգ, իսկ էգերի քաշը 150 կգ է[5]։

Բնական արեալ խմբագրել

Ներկայումս բնակվում է Բրունեյ Դարուսալամում, Կամբոջայում, Ինդոնեզիայի կղզիներում (Բորնեո, հնարավոր է նաև՝ Ճավայում), Լաոսում, Մալազիայում (Սաբահ ({{lang-ms|Sabah), Սարավակ (Sarawak), Մյանմայում, Թաիլանդում, Վիետնամում։ Անհետացել է պատմական բնական արեալի որոշ տարածքներից կամ հանդիպում է փոքր պոպուլյացիաներով[7][9]։

Որոշ աղբյուրների համաձայն այս կոկորդիլոսը ներկայումս հանդիպում է միայն Կամբոջայում[4]։

Սնունդ խմբագրել

Կերակրացանկը բազմազան է՝ կազմված ձկներից, անողնաշարավոր կենդանիներից։ Կենդանու հիմնական կերակրացանկը բաղկացած է ձկներից[1] և ամֆիբիաներից։ Սնվում է նաև սողուններով և, հնարավոր է, փոքր կաթնասուններով[4][7]։ Հաճախ է որսում ջրլող թռչուններ[9]։

Վարք խմբագրել

Սիամական կոկորդիլոսները մարդու կյանքի համար վտանգ չեն ներկայացնում[7], ագրեսիվ չեն[3]։ Այս տեսակը երբեք առաջինը չի հարձակվում մարդու վրա. հարձակվում է միայն վտանգի դեպքում և պաշտպանության նպատակով[4]։

Սիամական կոկորդիլոսները միմյանց հետ շփվում են ձայնի միջոցով, մարմնի կոնկրետ դիրք ընդունելով, հոտով։ Որս անելիս, կոկորդիլոսները սուզվում են ջրում, ջրից դուրս հանելով միայն դունչը և աչքերը։ Երբ կենդանին մոտենում է ջրին, կոկորդիլոսները հարձակվում են նրա վրա, սուզում են ջրի տակ, այնուհետև ուտում են[4]։

Առավոտյան ժամերին թաքնվում են բներում, որսի դուրս են գալիս գիշերը[9]։

Սոցիալական վարք խմբագրել

Հասուն սիամական կոկորդիլոսները իրենց տարածքը պահպանող կենդանիներ են։ Երաշտների ժամանակաշրջանում նրանց գերիշխանությունն ավելի է մեծանում, թեև կոկորդիլոսները կարող են հավաքվել միևնույն բնակության վայրերում։ Որոշ տեսակների արուներ պաշտպանում են իրենց տարածքը որոշակի պայմաններում, ինչպես օրինակ՝ բազմացման սեզոնի ընթացքում։ Կոկորդիլոսների միջև կռիվներ հազվադեպ են լինում, երբեմն կռվում են միևնույն չափերի կոկորդիլոսներ։ Նրանք հարվածում են գլխի կողային հատվածով կամ կծում են միմյանց, բայց բոլոր դեպքերում հազվադեպ են միմյանց լուրջ վնասվածք հասցնում[4]։

Սիամական կոկորդիլոսները ձայներ են արձակում «խոսակցական ապարատից» դեպի կոկորդ օդը դուրս մղելով։ Ձվից նոր դուրս եկած ձագերը կանչում են հասուն կոկորդիլոսներին, երբ գտնվում են վտանգի մեջ։ Ձայներ են հանում նաև սոված ժամանակ։ Դիտարկումները ցույց են տալիս, որ ձայները, նոր ծնված ձագերին օգնում են հավաքվել մի վայրում։ Հասուն առանձնյակները ևս ձայներ են արձակում՝ այլ կոկորդիլոսների հետ շփման համար։ Ամենալավ բնութագրող ձայնը բարձրաձայն ցածրատոն մռնչյունն է[1][4][7]։

Բազմացում խմբագրել

Սեռական հասունացման են հասնում մոտավորապես 10 տարեկանում[10], երբ նրանց մարմնի երկարությունը կազմում է 1,7-2 մ[9]։ Որոշ աղբյուրներով հասուն են համարվում 10-12 տարեկան կոկորդիլոսները[1]։ Այս կոկորդիլոսները բազմանում են անձրևային սեզոնի ընթացքում՝ ապրիլ-մայիս ամիսներին[10]։ Բազմացման սեզոնին նրանք բույն են կառուցում՝ բույսերից և տիղմից։ Ձվադրում է 20-50 ձու։ Ինկուբացիոն շրջանը տևում է 80 օր[6]։ Ինկուբացիայի գրեթե ողջ ընթացքում էգը մնում է ձվերի մոտ։ Օգնում է ձագերին դուրս գալ ձվից և տեղափոխում է ջրի մեջ[9]։

Թաիլանդում արհեստական պոպուլյացիաները զուգավորվում են դեկտեմբեր-մարտ ամիսներին, ձվադրում են ապրիլ-մայիս ամիսներին։ Ձվադրում են 20—48 ձու՝ 50 X 75—80 մմ չափերով։ Որոշ աղբյուրներով ձվադրում է 20-25 ձու[6]։ Ինկուբացիոն շրջանը տևում է 67—68 օր[1][3]։

Պոպուլյացիա և կարգավիճակ խմբագրել

Գտնվում է անհետացման եզրին[1][11]։ 1922 թվականին նույնիսկ նշում էին, որ կենդանին իսպառ ոչնչացվել է։ Սիամական կոկորդիլոսներին ներառել են Պաշտպանության տակ գտնվող տեսակների ցանկում։ Այն ներառված է Միջազգային Կարմիր գրքում[1]՝ CR A1ac (կրիտիկական վիճակում գտնվող) կարգավիճակով[4][9]։

Սկզբում համարում էին, որ կենդանին պահպանվել է միայն անազատության մեջ՝ Լաոսի և Կամբոջայի կենդանաբանական այգիներում։ Բացի այդ, Հյուսիսային Ամերիկայի կենդանաբանական այգում բնակվել է 132, իսկ եվրոպականում՝ 7 առանձնյակներ։ Անհավանական իրադարձություն է տեղի ունեցել 2001 թվականին, երբ վագրեր փնտրող և նկարահանող խումբը հայտնաբերել է սիամական կոկորդիլոսների скопление Արևմտյան Թաիլանդի ազգային պարկի։ Գիտնականները հայտնաբերել են բնության մեջ ապրող 200 կոկորդիլոս։ Որոշ գիտնականներ նրանց ամբողջական թվաքանակը գնահատում են 4000 առանձնյակ։ Սիամական կոկորդիլոսները լավ բազմանում են անազատության պայմաններում։ Ներկայումս այս տեսակը ավելի պաշտպանված է Ասիայում[4]։

Այս տեսակի պահպանման վրա ազդող հիմնական գործոններից է նրանց բնակավայրերի ոչնչացումը, ճահճուտների վերածումը գյուղատնտեսական հողատարածքների։ Շատ երկրներում այս տեսակը գտնվում է ոչնչացման եզրին և իրականացվում են ծրագրեր նրանց թվաքանակի պահպանման համար[7]։

Թայլանդում իրականացվում է Սիամական կոկորդիլոսների արհեստական վերատադրման ծրագիր։ Բուծված նոր տեսակները բաց են թողնվում բնության մեջ։ Ինդոնեզիայում ևս այն պաշտպանված տեսակ է, Թայլանդի Բունգ Բորաֆետ շրջանում ներկայումս որսն արգելված է[1]։

Սիամական կոկորդիլոսները լավ ուսումնասիրված կենդանատեսակներ են։ Ներկայումս Կամբոջայի տարածաքում բնակվում են 4000 առանձնյակներ[8]։ Փորձագետների գնահատականներով հիմա նրանց թիվը կազմում է 5000[7][9], որից ամենամեծ մասը՝ 4000-ը, հանդիպում է Կամբոջայում։

Մեր օրերում շարունակվում է նրանց թվաքանակի նվազումը։ Գտնում են, որ նրանք արդեն ոչնչացվել կամ գտնվում են ոչնչացման եզրին այն տարածքներում, որտեղ նրանց թվաքանակը 100-ի սահմաններում է[9]։ Կենդանուն ոչնչացնում են նրա թանկարժեք կաշվի, համեղ մսի և սննդի մեջ օգտագործվող ձվի համար[5]։ Սև շուկայում կենդանու կաշին շատ բարձր է գնահատվում և լայն կիրառում ունի արտադրության մեջ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Դասակարգում։ Արտաքին տեսք։ Այլ անվանումներ։ Բազմացում։ Պատկերներ
  2. 2,0 2,1 Արտաքին տեսք։ Պատկերներ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բնական արեալ։ Կարգավիճակ։ Պատմական փաստեր
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Անվան ծագումնաբանություն։ Նկարագիր։ Բնական արեալ։ Սնունդ։ Սոցիալական վարք։ Բազմացում։ Կարգավիճակ
  5. 5,0 5,1 5,2 5,3 Պատկերներ։ Արեալ։ Կարգավիճակ
  6. 6,0 6,1 6,2 Դասակարգում։ Նկարագիր
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 «Ընդհանուր նկարագիր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  8. 8,0 8,1 8,2 Ընդհանուր նկարագիր
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 Տարածվածություն։ Արտաքին տեսք։ Կարգավիճակ
  10. 10,0 10,1 10,2 Նկարագիր(չաշխատող հղում)
  11. «Պատկերներ։ Պոպուլյացիա, կարգավիճակ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիամական կոկորդիլոս» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիամական կոկորդիլոս» հոդվածին։