Սեն Սավեն սյուր Գարտամպ աբբայություն

Սեն Սավեն սյուր Գարտամպ աբբայություն (ֆր.՝ Saint-Savin-sur-Gartempe), բենեդիկտյան աբբայություն Ֆրանսիայում։ Ճանաչում է ձեռք բերել 11-13-րդ դարերի իր ինքնատիպ և լավ պահպանված ֆրեսկոներով։ Հայտնի է որպես «Ռոմանական Սիքստինյան կապելլա»[1]։ Սեն Սավեն սյուր Գարտամպի ֆրեսկոները ռոմանական որմնանկարների ամենամեծ և ամենաբնորոշ համալիրն են Ֆրանսիայում[2]։ Աբբայությունն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։

Աբբայություն
Սեն Սավեն սյուր Գարտամպ աբբայություն
ֆր.՝ Saint-Savin-sur-Gartempe
Abbaye Saint-Savin-sur-Gartempe 2006-07-10 3.jpg
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Հիմնադրման թվական11-րդ դար
Շինարարության սկիզբ11-րդ դար

Սեն Սավեն սյուր Գարտամպը գտնվում է ժամանակակից Վյեն դեպարտամենտի տարածքում՝ Սեն Սավեն քաղաքում (Պուատիեից 25 կմ արևելք)՝ Գարտամպ գետի ափին։

ՊատմությունԽմբագրել

 
Աբբայության արևելյան կողմ
 
Տեսքը վերևից

Համաձայն տեղի եկեղեոցական ավանդության՝ 5-րդ դարում Մակեդոնիայից Գարտամպ գետի մերձակայքում գտնվող Սավեն և Կիպրիան են եկել երկու եղբայր՝ խուսափելով քրիստոնյաների նկատմամբ հալածանքներից։ Այստեղ նրանք նահատակվել են և շրջանում ընդունվել որպես սրբեր։

Երբ 9-րդ դարում հայտնաբերվել են նահատակների մասունքները, նրանց գերեզմանի վրա Կառլոս Մեծի հրամանով աբբայություն է հիմնվել, որը ստացել է սուրբ Սավենի անունը։ Եկեղեցու հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ, քանի որ աբբայության գրադարանի պատմական փաստաթղթերի մեծ մասը ոչնչացել է կրոնական պատերազմների շրջանում։ 9-րդ դարում կառուցվել է եկեղեցական առաջին համալիրը՝ կարոլինգյան ոճով։

1010 թվականին Պուատուի և Ակվիտանիայի կոմսուհի Օմոդն առատ նվիրաբերություն է կատարել աբբայությանը, ինչը թույլ է տվել սկսելու ժամանակակից տաճարի շինարարությունը։ Տաճարի կառուցումը շարունակվել է 1040-1090 թվականներին Օդոնի և Ժերվեի աբբաների ղեկավարությամբ։ 13-րդ դարում Թուլուզի կոմս Ալֆոնս դե Պուատիեն՝ Լուի IX Սուրբի եղբայրը, մեծ գումար է հատկացրել աբբայության ընդարձակման և նոր շինությունների կառուցման համար։ 15-րդ դարում կառուցվել է զանգակատունը։

Հարյուրամյա պատերազմի ժամանակ աբբայությունը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել, սակայն նրան վնաս են բերել 15-րդ դարի կրոնական պատերազմները Ֆրանսիայում. 1562 և 1568 թվականներին աբբայությանը վնաս են հասցրել հուգենոտները։ Տաճարը վնասմանը նպաստել են նաև Սեն Սավենի՝ 16-րդ դարավերջի և 17-րդ դարասկզբի աբբաները, որոնցից շատերն ավելի շատ մտահոգվել են եկամուտներով, ոչ թե շինությունների պահպանմամբ։ 1600 թվականին աբբաներից մեկի ցուցումով քանդվել է 12-13-րդ դարի շինությունների մի մասը և վաճառվել դրանց շինանյութ հանդիսացած քարը։

1640 թվականին Լյուդովիկոս 13-րդի հրամանով հեռացվել է աբբայության հերթական անարժան ղեկավարը, և Սեն Սավենում հաստատվել են Նույանե վանքի մի խումբ հոգևորականներ։ Այս հանգամանքը վերջ է տվել աբբայության անկմանը։ 1640-1692 թվականներին վանքը վերակառուցվել է. Սուրբ Մավրի միաբանության հոգևորականները մեծ ներդրում են ունեցել Սեն Սավենի ֆրեսկոների պահպանման գործում։ Միևնույն ժամանակ նրանք հին խորանները փոխարինել են նորերով։ Այս նույն ժամանակաշրջանում քանդված շինությունների տեղում կառուցվել են առանձին շինություններ։

Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակաշրջանում Սեն Սավենը, ինչպես երկրի այլ վանքեր, փակվել է։ Աբբայության բնակելի տարածքներն օգտագործվել են մասնավոր անձանց կողմից, իսկ կլուատրը վերածվել է հեղափոխականների տոնակատարության վայրի։ Աբբայության եկեղեցին դարձել է սովորական ծխական եկեղեցի։

19-րդ դարի կեսերին գիտակցվել է Սեն Սավենի ֆրեսկոների նշանակությունը. դրանք արդեն այդ ժամանակ մասամբ սկսել էին քանդվել։ Դրանց պահպանման գործում անգնահատելի դերակատարություն է ունեցել Պրոսպեր Մերիմեն, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Ֆրանսիայի պատմական հուշարձանների գլխավոր վարիչի պաշտոնը։ Նրա ցուցումով 1836 թվականին ձեռնարկվել են հուշարձանի փրկությանն ուղղված շտապ միջոցառումներ։ 1840 թվականին եկեղեցին փակվել է, խնամքով վերականգնվել են ֆրեսկոները, և կատարվել են մի շարք աշխատանքներ՝ ուղղված դրանց պահպանմանը։ 1849 թվականին աշխատանքներն ավարտվել են, իսկ ֆրեսկոները՝ փրկվել։ Վերականգնվել է նաև տաճարի զանգակատունը։

20-րդ դարի 60-ական թվականներին եկեղեցում կատարվել են վերականգնողական լրացուցիչ աշխատանքներ։ 1893 թվականին Սեն Սավեն սյուր Գարտամպ աբբայությունն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ 1990 թվականին աբբայության շինություններում տեղակայվել է «Որմնանկարչության միջազգային կենտրոնը»։

ԵկեղեցիԽմբագրել

 
Կենտրոնական նավ

Եկեղեցին ունի լատինական խաչի տեսք, ինչը սովորական է ռոմանական ոճի եկեղեցիների համար։ Խորանի հատվածն ուղղված է արևելքին։ Եկեղեցին ունի մոտ 76 մ երկարություն, զանգակատան բարձրությունը 77 մ է, տրանսեպտի երկարությունը՝ 31 մ։ Տրանսեպտի հարավային թևը կարճ է հյուսիսայինից, քանի որ այն հենվում է մենաստանի շենքին։ Կենտրոնական նավի երկարությունը 42 մ է, լայնությունը՝ 17 մ, բարձրությունը՝ ևս 17 մ։ Կենտրոնական նավն առանձնացված է 15 մ բարձրությամբ սյուներով, որոնք բարձրանում են մինչև կամար։ Կենտրոնական նավի արևելյան վեց տրավեները ծածկված են հարթ գերաններով, իսկ արևմտյան երեք տրավենները մասնատված են կամարներով։

Սյուները նրակազարդված են պաստելային գույներով, ինչը ներդաշնակ է ինտերիերին։ Կողմնային նավերը՝ խաչաձև գերաններով, իրենց լայնությամբ չեն զիջում կենտրոնականին և նրան գրեթե հավասար են իրենց բարձրությամբ։ Կենտրոնական նավը գրեթե ամբողջությամբ պատկերազարդված է և հենվում է պատերի կիսասյուներին։ Եկեղեցու կենտրոնական նավն ուղղակիորեն լուսավորված չէ. լույսն ընկնում է միայն կողմնային պատուհաններից, սակայն նրանց լավ դասավորվածությունն ապահովում է լիարժեք լուսավորություն։

Տրանսեպտի և կենտրոնական նավի հատման կետում կան զանգվածեղ չորս սյուներ, որոնք պահում են կամարը, որոնց վրա քառակուսի աշտարակն է։ Այդ սյուներին են հարում դեամբուլատորի ծայրերը, իսկ կից կառուցված են տարբեր չափերի շրջանաձև հինգ կապելլաներ։ Եկեղեցին ունի երկու կրիպտե, որոնցից մեկն աբսիդի տակ է, մյուսը՝ դեամբուլատորի։

Զանգակատունը գտնվում է մուտքից կենտրոն ուղղությամբ, ունի սանդղային 9 թռիչք։

ՈրմնանկարներԽմբագրել

 
Ֆրեսկոներ

Ֆրեսկոները, որոնցով ճանաչված է եկեղեցին, ստեղծվել են 11-13-րդ դարերում։ Կիրառվել են քիչ քանակությամբ գույներ. հիմնական գույնը դեղին օքրան է, իսկ կարմիր օքրան և կանաչը տարբեր չափաբաժիններով խառնված են սպիտակ և սև ներկերին։ Ոչ մեծ քանակությամբ առկա է նաև երկնագույնը, որն այդ ժամանակ շատ թանկարժեք է եղել։

Որմնակարներով են պատված կենտրոնական նավի սյուները, նարտեքսը և կրիպտեն։ Կենտրոնական նավի ֆրեսկոները երկու շարքով են, կրիպտեի որմնանկարներն առավել մանրակրկիտ են։ Ֆրեսկոները ստեղծել են տեղի գեղանկարչական դպրոցի մի քանի վարպետներ։ Ոճի բնորոշ առանձնահատկություններից է տարբեր մասշտաբների կերպարների հարթ պատկերումը. երբեմն կերպարների ոտքերն ու գլուխը շրջված են տարբեր կողմեր, ինչի պատճառով նրանց դիրքերն անբնական են թվում։

Ֆրեսկոները ներկայացնում են դրվագներ Հին Կտակարանի պատմություններից՝ մարդու արարումը, ջրհեղեղին և Նոյին նվիրված ամբողջական շարք, Բաբելոնի աշտարակաշինությունը, Աստծու հայտնությունն Աբրահամին, Աբրահամի թաղումը, Հովսեփի օրհնությունը Հակոբի կողմից, Հովսեփի գերեվաճառությունը, անցումը Կարմիր ծովով և այլն։

Որմնանկարներ Նոյի և համաշխարհային ջրհեղեղի շարքից։

Աստված կանչում է Նոյին Նոյյան տապան Նոյն ընտանիքի հետ դուրս է գալիս տապանից

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Список Всемирного наследия ЮНЕСКО»։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-16-ին։ Վերցված է 2009-09-05 
  2. Российский общеобразовательный портал(չաշխատող հղում)

Արտաքին հղումներԽմբագրել