Սիքստինյան կապելլա (լատին․՝ Sacellum Sixtinum, իտալ.՝ Cappella Sistina), մատուռ Վատիկանում։ Կառուցվել է 1473-1481 թվականներին Ջորջե դե Դոլչի ճարտարապետի կողմից՝ Հռոմի պապ Սիքստոս IV-ի պատվերով, որից էլ ստացել է անունը։ Սիքստինյան կապելլան զարդարված է Միքելանջելոյի որմնանկարներով, ինչը դարձրել է այն հայտնի զբոսաշրջային վայր։ Այժմ Սիքստինյան կապելլան թանգարան է, Վերածննդի դարաշրջանի երևելի հուշարձան, որն օգտագործվում է կոնկլավների ժամանակ, որոնց ընթացքում կարդինալներն ընտրում են նոր Հռոմի պապ։ Սիքստինյան կապելլայի երգչախումբը համաշխարհային ճանաչում ունեցող կաթոլիկ պրոֆեսիոնալ եկեղեցական երգչախումբ է։

Սիքստինյան կապելլա
լատին․՝ Sacellum Sixtinum, իտալ.՝ Cappella Sistina
ԵրկիրԻտալիա
ԵրկիրՎատիկան
Շինության տեսակՏաճար
Նախագծի հեղինակԲաչո Պոնտելլի[1]
ՇինարարՋորջե դե Դոլչի[1]
ՀիմնադիրՀռոմի պապ Սիքստոս IV
Շինարարության սկիզբ1473[1]
Շինարարության վերջ1481[1]
ՎիճակԳործող
🌐museivaticani.va/content/museivaticani/fr.html(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ
Սիքստինյան կապելլայի տեսքը վերևից

Պատմություն խմբագրել

 
Հռոմի պապ Սիքստոս IV

Սիքստինյան կապելլան կառուցվել է այն վայրում, որտեղ մինչ այդ գոյություն ուներ «Մեծ կապելլա»-ն (իտալ.՝ Cappella Maggiore), որում Միջնադարում հավաքվում էր պապի արքունիքը, որը կազմված էր շուրջ երկու հարյուր անդամներից՝ կարդինալներից, տարբեր կրոնական միաբանությունների ներկայացուցիչներից և երևելի ընտանիքներից։ Հռոմի պապ Սիքստոս IV-ը զգուշանում էր ռազմական վտանգից Ֆլորենցիական հանրապետության Մեդիչի ընտանիքի կողմից, որոնց հետ լարված հարաբերությունների մեջ էր, և Մուհամմեդ II-ից, որի զորքերը սպառնում էին Իտալիայի արևելյան ափերին։ Ուստի նա որոշեց ամրացնել այդ շինությունը։ Նախագիծը կազմեց Բաչչո Պոնտելլին, իսկ աշխատանքներն իրականացվում էին Ջորջե դե Դոլչիի ղեկավարությամբ[1]։ Նախագծով ուղղանկյուն շինության պատերը զարդարված էին նկարազարդումներով, որոնք կատարված էին 1481-1483 թվականներին Սիքստոս IV պապի պատվերով Սանդրո Բոտիչելլիի և Պինտուրիկիոյի կողմից։ 1508-1512 թվականներին Հռոմի պապ Հուլիոս II-ի պատվերով Միքելանջելոն կամարամահիկներով և կաղապարահանումներով նկարազարդեց աղեղակամարները[2]։ 1512 թվականի հոկտեմբերի 31-ին Հռոմի պապ Հուլիոս II-ը հանդիսավոր պատարագ մատուցեց Սիքստինյան կապելլայի աղեղնակամարների որմնանկարների ստեղծման պատվին։ 2012 թվականի հոկտեմբերի 31-ին՝ նույն ժամին, Հռոմի պապ Բենեդիկտոս XVI կրկնեց հանդիսավոր արարողությունը կապելլայի 500-ամյակի պատվին։

Իսկ 1536-1541 թվականներին Միքելանջելոն նկարազարդեց խորանի պատը՝ Ահեղ դատաստան որմնանկարով՝ Հռոմի պապ Պողոս III-ի պատվերով[3][4]։ 15-րդ դարի վերջից Կապելլայում անցկացվում են կոնկլավներ։ Կապելլայում անցկացված առաջին կոնկլավը 1492 թվականինն էր, որտեղ Հռոմի պապ ընտրվեց Ալեքսանդր VI-ը։ Կապելլան օծվեց 1483 թվականի օգոստոսի 15-ին՝ Աստվածածնի վերափոխման տոնին[5][6]։

Որմնանկարներ խմբագրել

 
Սիքստինյան կապելլայի առաստաղը

Հռոմի պապի և Լորենցի Մեդիչիի բարեկամանալուց հետո (Պացցիի դավադրությունից երկու տարի անց) ֆլորենցիացի նկարիչների մի խումբ հրավիրվեց Հռոմ, ովքեր ումբրիացի վարպետների հետ 1481-1483 թվականների նկարազարդեցին Սիքստինյան կապելլայի պատերը։ Դրանք էին Բոտիչելլին, Պերուջինոն, Գիրլանդայոն և Կոզմիո Ռոսսելին, իրենց օգնականների մասնակցությամբ՝ Պինտուրիկիո, Սինյորելլի, Բարտոլոմեո դելլա Գատտա, Դավիդ Գիրլանդայո, Պիերո դի Կոզմիո, Բիաջիո դ'Անտոնիա։ Այս որմնանկարներում կային բազմաթիվ դիմանկարային կերպարներ (պահպանված 12 որմնանկարներում հաշվվում է հարյուրից ոչ պակաս)։ Ի սկզբանե եղել է 16 որմնանկար, պահպանվել է 12-ը։

 
Ադամի արարումը
  1. Քրիստոսի պատմություն
    1. Մկրտություն (Պիետրո Պերուջինո)
    2. Քրիստոսի փորձությունը (Դոմենիկո Գիրլանդայո)
    3. Առաքյալների կանչումը (Սանդրո Բոտիչելլի)
    4. Լեռնային քարոզ (Կոզմիո Ռոսսելի)
    5. Գաղտնի երեկո (Կոզմիո Ռոսսելի)
    6. Բանալիների հանձնումը Պետրոս առաքյալին (Պիետրո Պերուջինո)
  2. Մովսես պատմություն
    1. Եգիպտոսում հրեա երեխաների կոտորածը և Մովսեսի կանչումը (Սանդրո Բոտիչելլի)
    2. Մովսեսի որդու թլփատումը (Պիետրո Պերուջինո)
    3. Անցում Կարմիր ծովով (Կոզմիո Ռոսսելի)
    4. Պատվիրանների նվիրաբերումը և ոսկե ցլիկը (Կոզմիո Ռոսսելի)
    5. Ընդդեմ Մովսեսի օրենքներ (Սանդրո Բոտիչելլի)
    6. Մովսեսի մահը (Լուկա Սինյորելլի)

Երգչախումբ խմբագրել

 
Սիքստինյան կապելլայի երգչախումբը

Սիքստինյան կապելլայում գործում է տղամարդկանց երգչախումբ (ներառյալ տղաները), որը հայտնի է որպես պապի կապելլա (իտալ.՝ capella pontificia, capella papale. հաճախ անվանվում է «Սիքստինյան կապելլա» իտալ.՝ capella Sistina)՝ կաթոլի եկեղեցու ամենաերևելի պրոֆեսիոնալ երգչախմբերից մեկը։ Պապական կապելլան, որը մտածված է (պատմական ընդմիջումից հետո) որպես միջնադարյան պապական Schola cantorum-ի շարունակություն, հիմնադրվել է 1471 թվականին Սիքստոս IV-ի կողմից («Collegio dei Cappellani cantori» անվանումով) և ի սկզբանե կազմված էր 24 անդամից։ Նոր երգչախմբով առաջին պատարագը Սիքստոսը մատուցեց 1483 թվականի օգոստոսի 15-ին՝ Աստվածածնի վերափոխման տոնին։ 16-րդ դարում պապական կապելլային անդամակցումը բավականին պատվաբեր (և եկամտաբեր) էր կաթոլիկ Եվրոպայի բոլոր երաժիշտների համար. այստեղ ծառայել են Ժոսկեն Դեպրեն, Կրիոստոբալ դե Մորալեսը, Ջովաննի Մարիա Նանինոն և այլք։ 16-րդ դարից 18-րդ դարի կեսերն այստեղ աշխատած Վերածննդի դարաշրջանի մի քանի խոշոր երգահաններ միավորվում են Հռոմեական դպրոց հասկացության մեջ։ Ներկայիս «Cappella musicale pontificia Sistina» անվանումը հաստատվել է 19-րդ դարից։

Ժամանակակից «Սիքստինյան կապելլան» համերգային մեծ երգչախումբ է, որը կատարում է ոչ միայն Հռոմեական դպրոցի երգահանների ստեղծագործությունները, այլև ցանկացած երգչախմբային երաժշտություն, այդ թվում՝ նաև 20-21-րդ դարերի երգահանների։ Միակ բանը, որ կապում է երգչախմբին պատմական նախատիպի հետ, սեռային սահմանափակումն է (միայն տղամարդիկ և երեխաներ) և երգեցողության ժամանակ գործիքային ուղեկցության բացակայություն։

Վերականգնում խմբագրել

Սիքստինյան կապելլայի որմնանկարները մի քանի անգամ ենթարկվել են վերականգնման, որոնցից ամենավերջինն անցկացվեց 1980-1994 թվականներին։ Սա խորը ազդեցություն թողեց արվեստի սիրահարների և պատմաբանների վրա՝ առաջ բերելով հակասական արձագանքներ, քննադատություն և վեճեր։

 
Դանիել. վերականգնումից առաջ և հետո

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ekelund, Hébert & Tollison 2006, էջ. 313
  2. John Shearman, "The Chapel of Sixtus IV". In Pietrangeli 1986
  3. Helen Gardner, p. 469
  4. Robert Coughlan, The World of Michelangelo, Time-Life International, (1966) p. 116
  5. Pietrangeli 1986, էջ. 28
  6. Monfasani, John (1983), «A Description of the Sistine Chapel under Pope Sixtus IV», Artibus et Historiae, IRSA s.c., 4 (7): 9–18, doi:10.2307/1483178, ISSN 0391-9064, JSTOR 1483178.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիքստինյան կապելլա» հոդվածին։