Սեդրակ Երկանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեդրակ Վահանի Երկանյան (նոյեմբերի 29, 1954, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, դիրիժոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2012)[1], Անդրկովկասյան մրցույթի (1977), Համամիութենական փառատոնի (1978) դափնեկիր, Հայաստանի առաջատար դաշնակահար-մենակատար։
Սեդրակ Վահանի Երկանյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | նոյեմբերի 29, 1954 (68 տարեկան) Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | Երաժիշտ, դիրիժոր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Գյումրիի երաժշտական դպրոցում։ Ուսանել է Երևանի Չայկովսկու անվան դպրոցում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան որպես դաշնակահար (1978), դիրիժոր-խմբավար (1992)։ Մասնավոր դասեր է առել պրոֆեսորներ Պերելմանից և Նիլսենից (Լենինգրադ)։
Համերգային շուրջ 50 տարիների գործունեության ընթացքում Երկանյանն իր կատարողական արվեստն է ցուցադրել Հայաստանի, նախկին Խորհրդային միության ինչպես և արտասահմանյան մի շարք երկրներում՝ Անգլիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Հունաստան, Սիրիա, Լիբանան, Իսպանիա, Կիպրոս և այլն։ Հանդես է եկել Հայաստանի, Վրաստանի, Սանկտ-Պետերբուրգի, Օմսկի, Իրկուտսկի և այլ քաղաքների սիմֆոնիկ նվագախմբերի հետ։
Սեդրակ Երկանյանի կատարողական արվեստին, որն իր ընդհանուր նկարագրով հառնում է ռոմանտիկ ուղղվածությանը, բնորոշ են մեկնաբանման խորությունն ու յուրատիպությունը, ոճի նուրբ զգացողությունը, բեմական վառ արտիստիզմը և բացառիկ ոգեշնչվածությունը։ Փայլուն տիրապետելով թեքնիկի հնարներին՝ դաշնակահարը նախ և առաջ դրանք ծառայեցնում է գեղարվեստական խնդիրներին։ Բնատուր օժտվածությունը և կատարողական փորձը, երաժշտական ուրույն ընկալումն ու ներաշխարհի հարստությունը հնարավորություն են տալիս դաշնակահարին հավասար վարպետությամբ հնչեցնել տարբեր դարաշրջանների ու ոճերի ստեղծագործություններ՝ Կուպըրենից, Դոմենիկո Սկարլատիից մինչև Սերգեյ Ռախմանինով, Հայդնից, Բեթհովենից մինչև Ֆրանսիս Պուլենկ ու արդի հայ կոմպոզիտորներ։
Առանձնակի քնարա-դրամատիկական հուզականությամբ են տոգորված ռոմանտիկների՝ Շոպենի, Ռոբերտ Շումանի, Ֆերենց Լիստի, Յոհաննես Բրամսի և Ռախմանինովի երկերի նրա կատարումները. իմպրեսիոնիստների՝ Դեբյուսիի, Ռավելի կտավների մեկնաբանումներն աչքի են ընկնում հնչյունային նուրբ ու հարուստ գունավորմամբ։
Սեդրակ Երկանյանը իրավամբ համարվում է Սկրյաբինի ստեղծագործությունների յուրօրինակ ու խորաթափանց մեկնաբան։
Սեդրակ Երկանյանի գործունեության մեկ այլ ոլորտը խմբավարությունն է։ Երաժիշտը հանդիսանում է «Խորան» կամերային երգչախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը։
Սեդրակ Երկանյանը համագործակցել է Հայաստանի ակադեմիական երգչախմբի հետ որպես դաշնակահար-կոնցերտմայստեր (1978-2000): Որպես խմբավար համագործակցել է Հայաստանի Ռադիոյի և Հեռուստատեսության կամերային երգչախմբի (1992), Հալեպի «Զվարթնոց» երգչախմբի (1993 -1994), Երուսաղեմի Սուրբ Յակոբեանց վանքի Ճեմարանի երգչախմբի (2004- 2007) հետ։ Բազմաթիվ համագործակցություններ տարբեր ազգերի արտիստների հետ։ Սեդրակ Երկանյանը հանդիսանում է բազմաթիվ ստեղծագործությունների մշակումների հեղինակ։ Քարտեզագրել է քոչարիների և հորովելների շարք, տարբեր շրջանների երգեր ու պարերգեր, որոնք գրեթե անծանոթ են մեր երաժշտասեր հանրությանը։ Հեղինակ է մի շարք նոր տաղիիկների։
1994 թվականից Սեդրակ Երկանյանը հանդիսանում է Հայաստանի «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը։
Հիշարժան իրադարձություններ
խմբագրել- 2017 թ. «Զրույցներ Սեդրակ Երկանյանի հետ» գիրք, հեղինակ Հասմիկ Սարգսյան
- 2017 թ. Բեյրութ Վասպուրական համերգասրահ դաշնամուրային մենահամերգ
- 2018 թ. Դաշնամուրային զուգանվագ Սեդրակ Երկանյան ու Կամիլլա Երկանյան
- 2019 թ. Ժողովրդական արվեստի կենտրոնում կայացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ Ստեղնի թաքնված գույները խորագրով։
- 2019 թ. Կամերային երաժշտության տուն մենահամերգ նվիրված Սեդրակ Երկանյանի 65-ամյակին։
Մեջբերումներ Սեդրակ Երկանյանի մասին
խմբագրելԱյս տաղանդավոր պատանու խոր երաժշտականությունն ու կատարման բացառիկ անկեղծությունը դեռ կստիպեն խոսել իր մասին։ - Արամ Խաչատրյան Հայ կոմպոզիտոր, ժողովրդական, ազգային արտիստ
|
Աստվածատուր է այն երգչախումբը, ուր երգում են հայ երգ, Կոմիտաս։ «Խորանը» հրաշալի ծնունդ է։ Թող նրա երգը հոգիներ գրավի։ Հավատում եմ նրա ստեղծագործական թռիչքին։ - Տիգրան Մանսուրյան Հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
|
Խմբավարական արվեստում Սեդրակ Երկանյանը գտել է իր ուրույն ձեռագիրը։ - Հովհաննես Չեքիջյան Հայ դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
|