Սաղավարտ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սաղավարտ (այլ կիրառումներ)
Սաղավարտ, գլուխը պաշտպանող զրահ։
Պատմություն
խմբագրելՓայտից, կեչու կեղևից, հյուսված ճյուղերից, կաշվից սաղավարտները երևան են եկել նախնադարյան ժամանակաշրջանում։ Մետաղյա (պղնձե և ոսկե) սաղավարտներ են գտնվել Ուրի (մ․թ․ա․ III հազարամյակ) թագավորական դամբարաններից։ Հին Եգիպտոսում զինվորները կրել են կաշվե և վուշե (երբեմն՝ մետաղյա վահանակներով)՝ կլոր, Բաբելոնում՝ պղնձե կամ բրոնզե՝ ցածր, Ասորեստանում՝ կոնաձև սաղավարտներ։ Հունաստանում բրոնզե սաղավարտներն ունեցել են բարձր կատարներ։ Հին Հռոմում ավելի ուշ․ օգտագործել են երկաթե սաղավարտներ։
Սաղավարտները Հայկական լեռնաշխարհում
խմբագրելՀայկական լեռնաշխարհում բրոնզե առաջին սաղավարտները հայտնի են մ․թ․ա․ II հազարամյակից։ Լճաշենի բրոնզեդարյան դամբարաններից գտնվել են կիսաշրջանաձև, թասակատիպ, տարբեր տեսակի կատարներով բրոնզե սաղավարտներ, որոնք կրել են մարտակառքերին կանգնած զինվորները։ Ուրարտական բրոնզե սաղավարտը նույնպես կոնաձև էր և նման ասուրականին։ Ուրարտական արվեստի լավագույն ստեղծագործություններ են հատկապես Արգիշտի Ա-ի, Սարդուրի Բ-ի սաղավարտները, որոնք զարդարված են կենաց ծառի, աստվածությունների, վիշապների, առյուծների, մարտակառքերի և այլ քանդակապատկերներով։ Սաղավարտներ են պատկերված նաև ուրարտական այլ առարկաների (վահաններ, կապարճներ և այլն) վրա։ Ըստ Հերոդոտոսի, մատիենները, ալարոդիները, սայսպերները կրել են ճյուղերից հյուսված կամ փայտե սաղավարտներ։ Վաղ և միջնադարյան հայկական զորաբանակներում շարունակում էին գործածել սաղավարտներ։ Մատենագրական տեղեկությունների համաձայն, հայ մի շարք զորավարների սաղավարտները զարդարված են եղել առյուծի, վագրի, գայլի, վիշապի պատկերներով։
Սաղավարտները Եվրոպայում
խմբագրելՎաղ միջնադարում Արևմտյան Եվրոպայում տարածված են եղել կիսակոնաձև, իսկ 13-րդ դարում երևան են եկել դիմակալներով սաղավարտները։ XIV-XVI դարերին բնորոշ են եղել գլուխն ամբողջապես ծածկող, վզի հովարաձև պահպանակով և դիմակալներով սաղավարտները։ 10-12-րդ դարերում Ռուսիայում գործածվել է հիմնականում սրածայր, վիգը և ուսերը պաշտպանող զրահացանցով սաղավարտներ։ 16-րդ դարում ծոծրակակալով, ականջակալով, քթակալով հովարավոր սաղավարտներ են կրել Արևմտյան Եվրոպայի հեծելազորայինները։ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ կռվող բանակներում գործածվել են պողպատե սաղավարտներ։ 20-րդ դարի սկզբից սաղավարտ են կոչվում նաև օդաչուների, տանկիստների, դահուկորդների պաշտպանական հատուկ գլխարկները։
Ընթերցե՛ք «սաղավարտ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաղավարտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 150)։ |