Քառաձի մարտակառք, (լատին․՝ quadrigae (կվադրիգա) quadri-, չորս, և iugum, լուծ), հին աշխարհի մարտակառք, որին լծվում էին չորս ձիեր։ Օգտագործվել է ռազմական գործողությունների, հաղթական երթերի և մրցումների ժամանակ։ Մարտակառքում կարող էին գտնվել երկու հոգի՝ կառապանը և նետաձիգը։ Սակայն, կարող էր լինել նաև չորս մարդուց բաղկացած անձնակազմ, եթե նրանց միանում էին ևս երկու վահանակիրներ։ Մարտակառքերի զինվորները, որպես կանոն, պատկանում էին բնակչության առավել ապահով խավերին և հանդիսանում էին զորքերի արտոնյալ մասը։

Քառաձի մարտակառքի արձան Բրանդերբուրգյան դարպասների վրա։
Քառաձի մարտակառքը Մեծ թատրոնի շենքի վրա։ (2017)

Քառաձի մարտակառքը Հայաստանում խմբագրել

Ինչպես հին արևելյան յուրաքանչյուր բանակում, այնպես էլ արարատյան զորքերում մարտակառքերը հանդիսանում էին նրանց ահեղ ու հզոր հարվածային ուժը, որն օգտագործվել է ճեղքումներ կատարելու, հետապնդման և հակառակորդին գետնին տապալելու նպատակով։ Մարտակառքերի առանձնահատկությունը կայանում էր նրանց շարժունակության ու արագաշարժության մեջ։ Այդպիսի գերակշռության շնորհիվ հնարավոր է եղել հեռավոր տարածությունից հակառակորդի համար օպերատիվ սպառնալիք ստեղծելու նպատակ ունենալ։ Միաժամանակ, մարտակառքերի գործողությունները նշանակալիորեն սահմանափակվում էին, երբ մարտերը ծավալվում էին ուժեղ կտրտված տեղանքում։ Կան ուղղակի վկայություններ արարատյան բանակում մարտակառքերի առկայության մասին։ Ուշագրավ է, որ Արարատի թագավորները ճակատամարտերին մասնակցում էին մարտակառքերով, ինչը այդ զորատեսակի կարևորության ևս մի վկայություն է։