Սալեմի վհուկների դատավարություն

Սալեմի վհուկների դատավարություն, պատմության ամենահայտնի վհուկների որսերից մեկը։ Դատավարությունը տեղի է ունեցել 1692 թվականի փետրվարից մինչև 1693 թվականի մայիս ամիսը` Նոր Անգլիայի Սալեմ քաղաքում։ Կախարդության մեղադրանքով 19 մարդ կախաղան է բարձրացվել, մեկ մարդ քարկոծվել է, իսկ 175-200 մարդ բանտարկվել է։ Մինչ բանտարկությունը առնվազն հինգ մարդ մահացել է[1]։

Դատարանի դահլիճը: 1876 թվականի պատկեր

Սոցիալական պատկեր խմբագրել

Սալեմը հիմնվել է 1629 թվականին պուրիտանների կողմից։ 1641 թվականին անգլիական օրենսդրությամբ կախարդությունը համարվել է քրեական հանցագործություն։ 1692 թվականի հունվարին հարևան Յորք քաղաքի վրա հարձակվել են հնդկացիները, որի արդյունքում բնակչության մեծ մասը զոհվել է կամ գերեվարվել[2]։

Ընտանիքների մեծացման հետ զուգընթաց, հողերին տիրելու համար հարևանների միջև սկսվել են վեճեր և բախումներ, հատկապես այն վայրերում, որտեղ տնտեսությունը հիմնված էր ֆերմային տնտեսության վրա։ Անբարենպաստ եղանակային պայմանները կամ բույսերի հիվանդությունները կարող էին հանգեցնել տարվա բերքի ամբողջական ոչնչացման։ Այդ հանգամանքը ստիպում էր ֆերմերներին առաջ շարժվել, գրավել տարածաշրջանի բնիկ ժողովուրդներին պատկանող հողատարածքները։

Լինելով հավատացյալներ՝ պուրիտանները, բերքի կորուստը, տնային կենդանիների, երեխաների մահը, երկրաշարժերը և վատ եղանակը, մեկնաբանում էին Աստծո զայրույթով։ Պուրիտանների պատկերացմամբ, մարդու ծնվելու պահից արդեն պարզ է, թե նրա հոգին կընկնի դրախտ, թե, հակառակը, դժոխք։ Պուրիտանները ամենուր փնտրում էին նշաններ, որոնք կարող էին նրանց ցույց տալ Աստծո կամքը։ Համաձայն պուրիտանների հավատքի, անտեսանելի աշխարհում ապրում են Աստված և հրեշտակները, ինպես նաև սատանան, ով ապստամբել էր Աստծո դեմ և մարմնավորում էր չարի կերպարը։

Պուրիտանների մոտ ընդունված էր այն կարգը, համաձայն որի կանայք բոլոր հարցերում պետք է ենթարկվեին տղամարդկանց։ Ընդունված էր ասել, որ կանայք ավելի շուտ են ընկնում սատանայի ազդեցության տակ, քան տղամարդիկ։ Կանայք նաև ավելի ցանկասեր են։

Փոքր քաղաքում դժվար է եղել պահել գաղտնիքները, և հարևանների մասին ունեցած կարծիքը ընդունվել է որպես հավաստի փաստ։ Մանկական խաղերը և խաղալիքները համարվել են անպետք առարկաներ և արգելվել են։ Տղաները կարողանում էին որս անել, ձուկ բռնել, անտառն ուսումնասիրել։ Նրանք հաճախ դարձել են ատաղձագործների և դարբինների աշակերտներ, այն դեպքում, երբ աղջիկները սովորել են մանել, պատրաստել, կարել և գործել[3]։

Պատճառներ և դատավարության ընթացք խմբագրել

1692 թվականի հունվարին քահանա Սեմուել Փերրիսի դստեր 9-ամյա Էլիզաբեթ Փերրիսի և զարմուհու՝ 12-ամյա Էբիգեյլ Ուիլյամսի մոտ հայտնաբերվել են անհայտ հիվանդության ախտանշաններ։ Աղջիկները ճչում էին, տարօրինակ ձայներ արձակում, թաքնվում կահույքի ետևում։ Նրանց մարմինները տարօրինակ տեսք էին ստացել։ Աղջիկները բողոքում էին, որ իրենց ինչ-որ մեկը ծակում է քորոցով և դանակով, իսկ երբ Փերրիսը փորձել է Աստվածաշուն կարդալ, աղջիկները փակել են ականջները։

Բժիշկ Ուիլյամ Գրիգսը որոշել է, որ հիվանդության պատճառը եղել է վհուկի ներգործությունը։ Իր հայտարարությունը նա արել է, մեջբերելով Քոթոն Մեզերի «Հիշարժան վկայություններ կապված վհուկության և ունեցվածքի հետ» (1689) աշխատությունը, որտեղ նկարագրվում է նմանատիպ մի պատմություն։ 1688 թվականին Բոստոնում իռլանդացի լվացարարուհին մեղարվել է տիրոջ երեխաներին կախարդելու համար և կախաղան է բարձրացվել[4]։ Քոթոն Մեզերը Հարվարդի համալսարանի շրջանավարտ էր և եղել է Բոստոնի Հյուսիսային եկեղեցու սպասավոր։

Աղջիկները ցույց տվեցին ենթադրյալ վհուկին՝ Փերրիսների տան ծառա ստրկուհի Տիտուբային[5]։ Աղբյուրներից մեկի համաձայն, Տիտուբան ունեցել է աֆրոամերիկյան ծագում, մեկ այլ աղբյուրի համաձայն՝ հնդկացիական։ Երեխաների խոսքերով, ծառան պատմել է նրանց վհուկության մասին։ Ավելի ուշ, հիվանդ աղջիկների թիվը մեծացել է, մասնավորապես հիվանդացել է 12-ամյա Աննա Պուտնամը[6]։

Ձերբակալություններ խմբագրել

 
«Վհուկների տունը» Սալեմում, որը կառուցվել է 1642 թվականից հետո: Այստեղ բնակվել է դատավոր Քորվինը, ով 19 վհուկների ուղարկել է կառափնարան

1692 թվականի մարտի 1-ին ձերբակալվել են երեք կանայք՝ Տիտուբան, Սարա Գուդը և Սարա Օսբորնը։ Կասկածյալները հարցաքննվել են և խուզարկվել՝ գտնելու այնպիսի հանցանշաններ, որոնք կվկայեին, որ կանայք վհուկներ են։ Այս կանայք հարմար թեկնածուներ էին, ում վրա կարելի էր բարդել վհուկության մեղադրանքը։ Այսպես, Տիտուբան չի ունեցել ազգային պատկանելիություն, Սարա Գուդը եղել է աղքատ, իսկ Սարա Օսբորնը եղել է հիվանդ միայնակ կին, ով դատական գործընթացների մեջ է եղել պուրիտանների հետ։ Նրանց դեմ փաստերից մեկը եղել է այն, որ կանայք երկար ժամանակ չեն այցելել եկեղեցի։ Նրանք չեն ունեցել պաշտպաններ, այդ իսկ պատճառով հանրությունը ընդունել է նրանց մեղավոր լինելու հանգամանքը։

Մարտ ամսին տեղի են ունեցել այլ բանտարկություններ ևս։ Ձերբակալվել են Սարա Գուդի 4-ամյա դուստրը, Մարթա Քորին, Ռեբեկա Նյորսը և Ռեյչել Քլինթոնը։ Մարթա Քորին ամենասկզբում չի վստահել աղջիկների խոսքերին և ծաղրանքով է վերաբերել դատավարական գործընթացին, ինչի համար էլ ուշադրությունը կենտրոնացրել է իր անձի վրա։ 4-ամյա Դորոթի Գուդը, չնայած իր տարիքին, արել է հայտարարություն, որը հետագայում օգտագործվել է Սարա Գուդի դեմ։ Որպեսզի մոտ լինի իր մորը, նա խոստովանել է, որ վհուկ է և բանտարկվել է։ Քորիի և Նյորսի ձերբակալությունը անհանգստացրել է հանրությանը, քանի որ նրանք եղել են եկեղեցու ծխականներ։

Ապրիլին ձերբակալվել են Սարա Քլոյսը (Ռեբեկա Նյորսի քույրը), Էլիզաբեթ Պրոկտորը և նրա ամուսինը Ջոն Պրոկտորը, Մարթա Քորիի ամուսին Ժիլ Քորին և մի քանի այլ անձինք, այդ թվում նաև նախկին հոգևորական Ջորջ Բերրոուզը։ Մայիսի 10-ին բանտում մահացել է Սարա Օսբորնը։

Դատավարություն խմբագրել

1692 թվականի մայիսին սկսվել է դատավարությունը։ Նահանգապետ Ուիլյամ Ֆիփսը նշանակել է դատավորներին, որոնցից երեքը եղել են Քոթթոն Մեզերի ընկերները, իսկ մեկը եղել է փոխնահանգապետը։ Դատավարության ղեկավար նշանակվել է Ուիլյամ Սթաութոնը, ով չի ունեցել իրավաբանական կրթություն։ Դատավարությանը հետևել է Քոթթոն Մեզերը[7]։

Որպես գլխավոր ապացույց ներկայացվել է տուժածների ցուցմունքը, համաձայն որի նրանք տեսել են մեղադրյալի ուրվականը, որը հայտնվել էր նրանց։ Այս վկայությունների շուրջ տեղի ունեցող աստվածաբանական բանավեճերը կայանում են նրանում, որ արդյոք մարդ պետք է իր համաձայնությունը տա՝ Սատանայի կողմից սեփական կերպարի օգտագործման համար։ Ընդդիմադիրները կարծում էին, որ Սատանան կարող է օգտագործել մարդու կերպարանքը, առանց նրա համաձայնության, այն դեպքում, երբ դատավորը վստահեցնում էր, որ անպայման անհրաժեշտ է մարդու համաձայնությունը։

Հունիսի 2-ին դատարանը մեղավոր ճանաչեց զառամյալ Բրիջիտ Բիշոփին, ով հունիսի 10-ին կախաղան է բարձրացվել։ Որոշ աղջիկների խոսքերով, Բիշոփի ուրվականը հայտնվել է նրանց։ Ուրիշ վկաներ նշել են, որ իրենց այցելել է հենց ինքը՝ Սատանան։ 1692 թվականի հուլիսի 19-ին կախաղան են բարձրացվել Ռեբեկա Նյորսը, Սարա Գուդը և մի քանի կանայք ևս։ Հետաքրքրական է, որ մահապատժից առաջ, երբ նրա վիզն էին անցկացրել պարանը, Սարա Գուդը դիմել է հոգևորական Նիկոլաս Նոյեսին, ով ներգրավված էր դատավարության մեջ, հետևյալ խոսքերով[8].

  «Դու ստախոս ես։ Եթե այնքանով եմ վհուկ, ինչքանով, որ դու կախարդ ես։ Զրկի՛ր ինձ կյանքից, և Աստված կպատի քեզ արյունով»։  

Սարա Գուդի խոսքերը մարգարեական են եղել։ 25 տարի անց Նոյեսը, տանջվելով ուղեղի արյունահոսությունից, մահացել է սեփական արյունը ձեռքերին։

1692 թվականի օգոստոսի 19-ին կախաղան են բարձրացվել ևս մի քանի անձ, այդ թվում նաև նախկին հոգևորական Բերրոուզը։ Մոտ 30 անձ դիմել է դատարանին՝ Բերրոուզի դատավճիռը մեղմելու համար, սակայն դատավճիռը անփոփոխ է մնացել։ Կախաղանի հրապարակում Բերրոուզը սահուն կերպով աղոթք է կարդացել՝ հույս ունենալով փրկվել։ Այդ ժամանակ ընդունված էր, որ կախարդները առանց կմկմալու չեն կարող աղոթք կարդալ[9]։

 
Ժիլ Քորին քարերի տակ «Սալեմի վհուկների» դատավարության ժամանակ, 1692 թվական

Սեպտեմբերի 19-ին 80-ամյա Ժիլ Քորիի նկատմամբ, ով հրաժարվում էր տալ որևէ ցուցմունք, կիրառվել է հատուկ պատիժ՝ «Peine forte et dure» (հայերեն՝ ուժեղ և շարունակական տանջանք): Քորիի կրծքին դրել են ծանր քարեր։ Այդպես դատավորները փորձել են ցուցմունք կորզել մեղադրյալից։ Տանջանքները ուժեղացնելու համար, նրանք նոր քարեր են դրել[10]։ Երկու օր անց, նա մահացել է։ Վարկածներից մեկի համաձայն, Քորին ցուցմունք չի տվել այն պատճառով, որ կախարդների ունեցվածքը, ովքեր տալիս էին ցուցմունք, ենթակա էր բռնագրավման։ Քորին իր ընտանիքի համար ցանկացել է պահպանել ֆերման և հողերը, այդ իսկ պատճառով հրաժարվել է ցուցմունք տալ անգամ պատժի կիրառումից հետո։

Սեպտեմբերի 22-ին կախաղան են բարձրացվել Մարթա Քորին և ևս 7 մարդ[11]։

Մեղադրյալների շարքում եղել են ոչ միայն Սալեմի, այլև հարևան Թոփսֆիլդի և Բոստոնի բնակիչները։ Վհուկների նկատմամբ դատավարություններ են տեղի ունեցել նաև Մասաչուսեթս նահանգի Անդովեր քաղաքում, որտեղ տեղի բնակիչ Ջոն Բալարդի հրամանով Սալեմից եկել են աղջիկներ՝ վհուկներից բացահայտելու համար։

Բոստոնում կախարդության համար դատապարտվել է Ջոն Օլդենը, ով հանդիսանում է Հենրի Լոնգֆելոյի «Մայլզ Սթեյնդիշի խնամախոսությունը» պոեմի գլխավոր հերոսը։ Օլդենը եղել է քաղաքի ամենահարգված մարդկանցից մեկը, ով ժամանակին եղել է ծովային կապիտան և մասնակցել հնդկացիների դեմ մղվող պատերազմին։ Նա փախել է բանտից՝ ձերբակալությունից 5 շաբաթ անց։

Դատավարության ավարտ խմբագրել

Այդուհանդերձ Քոթթոն Մեզերի հայրը՝ Ինքրիս Մեզերը, ով գլխավորում էր Հարվարդի քոլեջը, հայտարարել է, որ դատարանը չպետք է դիտարկի որպես ապացույց տուժածների տեսիլքները։ Որոշ պատմաբաններ նշում են, որ Մեզերն ասել է, որ ավելի լավ է մի քանի վհուկներ կենդանի մնան, քան մեկ անմեղ մարդ կախաղան բարձրացվի։ Մեկ այլ հոգևորական նշել է, որ սատանան կարող է ընդունել անմեղ մարդու կերպարանք և հայտնվել այլ մարդկանց, որպեսզի մեղադրեն վերջինիս։ Այս կարծիքները լսելուց հետո՝ նահանգապետը հրամայել է չօգտագործել տեսիլքները որպես ապացույց, դադարեցնել ձերբակալությունները և ազատ արձակել 33 մեղադրյալներից 28-ին։

Մնացած մեղադրյալների համար ձևավորվեց Մասաչուսեթսի վերին դատարանը, որը գործում է մինչ օրս։ 1693 թվականի մայիսին նահանգապետը ներում է շնորհել մեղադրյալներին։

Հակավհուկային հիստերիայի ողջ ընթացքում բանտում է հայտնվել շուրջ 150 մարդ։ Դատապարտվել է 31 մարդ, որոնցին 19-ին կախաղան են բարձրացրել, երկուսը մահացել են բանտում, մեկին տանջահար են արել, յոթին ժամանակից շուտ ազատ են արձակել, մեկին առանց դատի պահել են բանտում, այնուհետև ունեցած պարտքերի պատճառով վաճառել են ստրկության, մեկ մարդ էլ փախել է։

1697 թվականին դատավորները ընդունել են իրենց մեղքը, իսկ 1702 թվականին դատարանի որոշումները ճանաչվել են անօրինական։ 1706 թվականին մեղադրյալ Աննա Պուտնամը հայտարարել է, որ սատանան խաբել է իրեն և ինքը ցուցմունք է տվել անմեղ մարդկանց դեմ։ Դատավարությունից հետո միայն մեկ աղջիկ է կարողացել ամուսնանալ[12]։

1957 թվականին Մասաչուսեթսի վերին դատարանը վերջնականորեն չեղարկել է բոլոր մեղադրանքները՝ Սալեմի վհուկների դատավարության մասնակիցների նկատմամբ։ 1992 թվականին Սալեմում կանգնեցվել է հուշարձան նվիրված բոլոր այն զոհերին, որոնք տուժել էին վհուկների որսի ժամանակ։ 2001 թվականին Մասաչուսեթսի նահանգապետ Ջեյն Սվիֆթը հաստատել է մեղադրյալների անմեղությունը։

 
Գլխավոր մագիստրատ Ուիլյամ Սթոութոնը, ով նույնպես մասնակցել է դատավարությանը

Բացատրություն խմբագրել

Գոյություն ունեն մատերիալիստական մի քանի տարբերակներ, որոնք փորձում են բացատրել տեղի ունեցած իրադարձությունները։ Դրանց թվում են հիստերիան, երեխաների դավադրությունը, պուրիտանների հոգեբանության առանձնահատկությունները, թունավոր իրից թունավորումը։

1976 թվականին ամերիկյան «Science» պարբերականում տպագրվեց մի վարկած, համաձայն որի՝ երեխաների մոտ տեսիլքների առաջացման պատճառ էր դարձել թունավորված չորահացը։ Նրա բաղադրության մեջ եղել է թունավոր սունկ, որը հայտնի է նաև հասկաժանգ անվանումով (կամ Claviceps purpurea)[13]: Միևնույն տարում տպագրվել է հոդված, որը ամբողջովին ժխտում էր այս վարկածը։

Մեկ այլ վարկածի համաձայն, երեխաները հիվանդացել են էնցեֆալիտի հատուկ ձևով՝ լեթարգիական էնցեֆալիտով (encephalitis lethargica), որի ախտանշանները նման են Սալեմում աղջիկների հետ կատարված երևույթների հետ։ Որոշ պատմաբաններ էլ պնդում են, որ աղջիկները տառապել են Հանթինգթոնի հիվանդությամբ։

Արտացոլումը գրականության և ֆիլմերի մեջ խմբագրել

Սալեմում տեղի ունեցած իրադարձությունները ներկայացվել եմ ամերիկյան գրականության դասական ստեղծագործությունների մեջ։ Այսպես, թեմային անդրադարձել են Նաթանիել Հոթորնը իր «Յոթ ֆրոնտոնների տունը» վեպի (1851) և Հենրի Լոնգֆելոն «Նոր Անգլիայի ողբերգությունը» պիեսը մեջ։ Դասական է համարվում նաև Արթուր Միլլերի «Դաժան փորձություն» աշխատությունը (1952)։ Ստեղծագործությունը էկրանավորվել է Ֆրանսիայում «Սալեմի վհուկներ» (1957) և ԱՄՆ-ում «Դաժան փորձություն» անվանումներով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Burr Narratives of the Witchcraft Cases». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 21-ին.
  2. «With UVA's Help, Salem Finally Discovers Where Its 'Witches' Were Executed». UVA Today (անգլերեն). 2016 թ․ հունվարի 19. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  3. «SALEM VILLAGE RECORD BOOK Transcription published in installments in The Historical Collections of the Danvers Historical Society, 1924-1931». 2006 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  4. Linder, Doug. «Cotton Mather's Memorable Providences, Relating to Witchcrafts and Possessions (1689)». law2.umkc.edu. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  5. Linder, Doug. «Petitions relating to the trial of Rebecca Nurse for witchcraft». law2.umkc.edu. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  6. «SALEM VILLAGE RECORD BOOK Transcription published in installments in The Historical Collections of the Danvers Historical Society, 1924-1931». 2006 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  7. «Salem Witch Trials». salem.lib.virginia.edu. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  8. «"The Wonders of the Invisible World," by Cotton Mather, 1693 ; from Narratives of the Witchcraft Cases, 1648-1706». 2008 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  9. «SALEM WITCHCRAFT TRIALS: THE PERCEPTION OF WOMEN IN HISTORY, LITERATURE AND CULTURE» (PDF).
  10. Linder, Doug. «Giles Corey and the Salem Witchcraft Trials». law2.umkc.edu. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. «Salem Massachusetts - Salem Witch Trials The Stones: July 10 and July 19, 1692». www.salemweb.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  12. Журнал «Наука и жизнь»
  13. Linnda R. Caporael. Ergotism: The Satan Loosed in Salem? Արխիվացված 2008-05-11 Wayback Machine // Science Vol. 192 (2 April 1976)