Բացել գլխավոր ցանկը

Ռոմեո և Ջուլիետ (Պրոկոֆև)

Սերգեյ Պրոկոֆևի բալետ

«Ռոմեո և Ջուլիետ», բալետ՝ երեք արարով և ինը գործողությամբ: Հեղինակ՝ ռուս կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆև: Լիբրետոն հեղինակել են Լեոնիդ Լավրովսկին, Ադրիան Պիոտրովսկին, Սերգեյ Ռադլովը և Սերգեյ Պրոկոֆևը՝ ըստ Ուիլյամ Շեքսպիրի համանուն ողբերգության: Բալետի կրճատված տարբերակի պրեմիերան կայացել է 1938 թվականին Չեխիայի (այն ժամանակ՝ Չեխոսլովակիայի) Բռնո քաղաքում: Իսկ ամբողջությամբ բալետը բեմադրվել է Սանկտ Պետերբուրգի (Լենինգրադ) Մարիինյան թատրոնում 1940 թվականին: Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»-ը 20-րդ դարում ստեղծված ամենահայտնի բալետներից մեկն է: Դեռ պրեմիերայից առաջ՝ 1936 թվականին Պրոկոֆևը բալետի երաժշտության հիման վրա գրեց երկու սուիտ՝ նվագախմբի համար, որոնց, 1946 թվականին, ավելացրեց երրորդը: Այս նվագախմբային սուիտները, որոնք հայտնի են նույն՝ «Ռոմեո և Ջուլիետ» անունով, դասվում են կոմպոզիտորի ամենահայտնի ստեղծագործությունների շարքին:

Picto infobox music.png
Ռոմեո և Ջուլիետ
RR5115-0025R.gif
Տեսակբալետ
ԿոմպոզիտորՍերգեյ Պրոկոֆև
Սյուժեի աղբյուրՌոմեո և Ջուլիետ
Ստեղծման տարեթիվսեպտեմբեր 1935
Առաջնախաղի տարեթիվդեկտեմբերի 30, 1938
Romeo and Juliet (ballet) Վիքիպահեստում

Ստեղծման պատմությունԽմբագրել

Համագործակցելով ռեժիսոր Սերգեյ Ռադլովի և դրամատուրգ Ադրիան Պիոտրովսկու հետ, Պրոկոֆևը ստեղծեց բալետի դրամատիկական հիմքը, որի համար երաժշտություն գրեց 1935 թվականին: Նրանք գրեցին սցենարը՝ չորս գործողությամբ, և այն ուներ երջանիկ ավարտ, որը խստորեն տարբերվում էր շեքսպիրյան հայտնի ողբերգությունից: Բալետի այս տարբերակը, սակայն, այդպես էլ չբեմադրվեց: 1936 թվականի սկզբներին «Պրավդա» թերթը քննադատեց Դմիտրի Շոստակովիչի երկու ստեղծագործություն՝ «Խառնաշփոթություն՝ երաժշտության փոխարեն» և «Բալետային կեղծիք» հոդվածներում: Դրանք վախեցրին կոմպոզիտորներին և Խորհրդային միության ստալինյան ժամանակներում մեծ փոփոխություն մտցրին ստեղծագործական ասպարեզում: Պրոկոֆևն ու համահեղինակները փոխեցին սցենարը՝ ներմուծելով ավանդական ողբերգական ավարտ:

Պրեմիերան կայացավ միայն մի քանի տարի անց: Մարիինյան թատրոնի (այն ժամանակ՝ Կիրովյան) հետ կնքած նախնական պայմանավորվածությունը խզվեց, և պատվերը փոխանցվեց Մեծ թատրոնին, որը նույնպես համաձայնությունը չեղյալ հայտարարեց 1936 թվականի քարոզչությունից հետո: Ի վերջո պրեմիերան կայացավ Ռուսաստանից դուրս՝ Չեխոսլովակիայի Բռնո քաղաքում 1938 թվականի դեկտեմբերին՝ առանց կոմպոզիտորի ներկայության: Բալետմաստեր Լեոնիդ Լավրովսկին Խորհրդային միությունում բեմադրեց բալետը 1940 թվականին միայն այն բանից հետո, երբ Բռնոյում կայացած պրեմիերան հսկայական հաջողություն ունեցավ: Եվ դա էլ, չնայած Պրոկոֆևի առարկություններին, Լավրովսկին կատարեց պարտիտուրի զգալի փոփոխությամբ: Ներկայացումն արժանացավ Ստալինյան մրցանակի:

Բալետի լավրովսկյան խմբագրությունը բեմադրվեց Մոսկվայում 1946 թվականին Մեծ թատրոնում: 1955 թվականին Մոսֆիլմը նկարահանեց բալետի կինոտարբերակը՝ կրճատումներով: Իսկ ուրիշ բալետմաստերներ, ինչպես օրինակ բրիտանացիներ Ջոն Կրենկոն՝ 1962 թվականին, Քեննետ Մաքմիլանը՝ 1965-ին և խորհրդային, ռուսական և անգլիական բալետի արտիստ և բալետմաստեր Ռուդոլֆ Նուրիևը` 1972-ին ստեղծեցին բալետի նոր բեմադրություններ:

Բեմադրության պատմությունըԽմբագրել

1938 թվականի աշնանը Մարիինյան թատրոնի տնօրինությունը Լեոնիդ Լավրովսկուն առաջարկեց ծանոթանալ «Ռոմեո և Ջուլիետ» բալետի արդեն ավարտված կլավիրային տարբերակին (ստեղծագործության մեղեդին՝ փոխադրված դաշնամուրի համար): Բալետմաստերը պատմում էր, որ նա այդ առաջարկն ընդունեց մեծ հուզմունքով՝ մեջբերելով Վիկտոր Հյուգոյի խոսքերը՝ Շեքսպիրի մասին. «Շեքսպիրը միաժամանակ կյանքն է և մահը, սառնամանիքը և տապը, հրեշտակը և սատանան, երկիրը և երկինքը, մեղեդին և հարմոնիան, հոգին և մարմինը, մեծությունը և փոքրությունը... բայց միշտ` ճշմարտությունը»: Պատրաստվելով բալետի բեմադրությանը, Լավրովսկին ուսումնասիրում է իտալական վաղ վերածննդի շրջանի վարպետների աշխատանքները, որոնք պահպանվում էին Էրմիտաժում: Ապա, կարդալով միջնադարյան վեպեր, նա գտնում է դարաշրջանի պարարվեստի մասին անհրաժեշտ նյութեր, որի շնորհիվ էլ ծնվում է հանրահայտ «Բարձերով պարը» կամ «Ասպետների պարը»: 1956 թվականին կարդացած դասախոսության ժամանակ Լավրովսկին ասել է. «Ռոմեոյի և Ջուլիետի վերջին հանդիպման ժամանակ ծագում է արևը, երգում է արտույտը՝ հիշեցնելով նոր սկսվող օրվա և միաժամանակ՝ սիրահարների անջատման մասին: Բայց Պրոկոֆևի երաժշտության մեջ չկա ոչ մի ակնարկ՝ բացվող առավոտվա, մեղմորեն սկսվող օրվա մասին: Նվագախմբում հնչում են կոնտրաբասը, կլարնետը և ֆագոտը, որոնք ամենևին չեն արտահայտում արտույտի երգը: Այդ տեսարանում փորձը հաջողվեց միայն այն ժամանակ, երբ բեմ բարձրացած արտիստներն իրավիճակը տեսան Պրոկոֆևի աչքերով: Նրանք հասկացան, որ կարևորը ոչ թե առավոտն է կամ երգող արտույտը, այլ տագնապը, դառնությունը, սերը և անջատման ցավը»:

ՍյուժենԽմբագրել

Առաջին գործողությունԽմբագրել

Նախերգանք Լուսաբաց: Վերոնա: Հեռվից երևում է Ռոմեոն՝ Մոնտեգյուի որդին՝ տարված թախծոտ անուրջներով: Հրապարակ: Քաղաքն արթնանում է, և հետզհետե հրապարակում մարդիկ են հավաքվում: Մտնում են Ռոմեոյի ընկերները՝ Մերկուտիոն և Բենուոլիոն: Հայտնվում է Տիբալտն իր Կապուլետ ընկերների հետ: Մոնտեգյուներն ու Կապուլետները ոխերիմ թշնամիներ են: Հանկարծակի կռիվ է սկսվում Կապուլետների և Մոնտեգյուների միջև, որին միանում են նաև հայր Մոնտեգյուն և հայր Կապուլետը: Վերոնայի իշխանը մտնում է հրապարակ և կարգադրում է դադարեցնել ծեծը: Նա հրամայում է երկու գերդաստաններին էլ վերջ դնել իրենց երկարատև թշնամությանը և զգուշացնում է, որ հաջորդ անգամ մահապատիժ կլինի:

Ջուլիետի սենյակը: Մինչդեռ Կապուլետների տանը Ջուլիետը զվարճանում է իր դայակի հետ: Նրանց զվարճանքը ընդհատում է Ջուլիետի մայրը՝ ներկայացնելով Պարիսին որպես փեսացու:

Մի փողոց: Մերկուտիոն և Բենուոլիոն փորձում են Ռոմեոյին շեղել երազանքներից և որոշում են գնալ Կապուլետների դիմակահանդեսին:

Մի սրահ Կապուլետի տանը: Խնջույքն իր բուռն ընթացքի մեջ է, երբ մտնում են Ռոմեոն, Մերկուտիոն և Բենուոլիոն: Ռոմեոյի և Ջուլիետի հայացքները հանդիպում են, և այդուհետ նրանց ճակատագրերը միանում են: Տիբալտը ճանաչում է Ռոմեոյին և հրամայում է նրան լքել պարահանդեսը, սակայն Կապուլետը միջամտում է: Մերկուտիոն փորձում է շեղել Տիբալտի ուշադրությունը, մինչև Ռոմեոն և Ջուլիետը տարվել են միմյանցով:

Կապուլետի պարտեզը : Ռոմեոն գաղտագողի սողոսկում է Կապուլետների այգին՝ հույս փայփայելով կրկին տեսնել Ջուլիետին: Ջուլիետը հայտնվում է պատշգամբում և հանկարծ նկատում Ռոմեոյին: Երկու երիտասարդները սիրո խոստովանություն են անում:

Երկրորդ գործողությունԽմբագրել

Հրապարակ: Հրապարակը բուռն տոնախմբության մեջ է: Իսկ Ռոմեոն երազում է միայն իր Ջուլիետի մասին: Գալիս է Ջուլիետի դայակը՝ ձեռքին մի երկտող: Ռոմեոն կարդում է, որ Ջուլիետը սպասում է իրեն Հայր Լավրենտիոսի մոտ:

Հայր Լավրենտիոսի մոտ: Ռոմեոն և Ջուլիետը գաղտնի ամուսնանում են: Նրանց միակ վկան Ջուլիետի դայակն է: Հայր Լավրենտիոսը հույս ունի, որ այս ամուսնությունն ի վերջո կհաշտեցնի երկու հակամարտող ընտանիքներին:

Հրապարակ: Խնջույքը շարունակվում է: Մտնում են Տիբալտը և ընկերները՝ փոխելով տոնակատարության տրամադրությունը: Սկսվում է կռիվ, որի ընթացքում Տիբալտը սպանում է Մերկուտիոյին: Ռոմեոն իրեն կորցնում է վշտից և սպանում է Տիբալտին: Հրապարակ է ներխուժում տիկին Կապուլետը խելացնոր վիճակում: Ռոմեոն հասկանում է, որ հաշտեցման իր երազանքներն անհույս են:

Երրորդ գործողությունԽմբագրել

Ջուլիետի սենյակը: Նորապսակ սիրահարների առաջին ու վերջին գիշերն է: Լուսաբացին Ռոմեոն պետք է հրաժեշտ տա իր սիրեցյալին և լքի Վերոնան: Դայակը զգուշացնում է, որ գալիս են Ջուլիետի ծնողները Պարիսի հետ միասին: Ջուլիետը մերժում է ամուսնանալ Պարիսի հետ, իսկ հայրը բարկանում է: Ծնողները դուրս են գալիս սենյակից: Ջուլիետը որոշում է օգնություն խնդրել Հայր Լավրենտիոսից:

Հայր Լավրենտիոսի մոտ : Ջուլիետն աղերսում է Հայր Լավրենտիոսին օգնել իրեն: Կրոնավորը տալիս է մի փոքրիկ սրվակ, որի պարունակությունը խմելուց հետո նա շատ խորը քնելու է և թվալու է՝ մահացած:

Ջուլիետի սենյակը: Ջուլիետի ծնողները ևս մեկ անգամ համոզում են ամուսնանալ, և նա սառնասրտորեն համաձայնվում է: Երբ Ջուլիետը մնում է միայնակ, հակառակ տառապանքների և մտավախությունների, խմում է սրվակի ամբողջ հեղուկը: Առավոտյան Ջուլիետի ընկերուհիներն են գալիս, որպեսզի արթնացնեն նրան: Դայակը բերում է Ջուլիետի հարսանյաց զգեստը և տեսնում է Ջուլիետին մահացած:

Կապուլետների դամբարանը: Ռոմեոն խելակորույս վշտով մտնում է դամբարան: Մտածելով, որ Ջուլիետը մեռած է, թույն է խմում և մահանում: Ջուլիետն արթնանում է, և տեսնելով Ռոմեոյին մահացած, ինքնասպան է լինում:

ԱղբյուրներԽմբագրել