Ռոբերտ Ֆրանգեշ-Միհանովիչ
Ռոբերտ Ֆրանգեշ-Միհանովիչ (խորվ.՝ Robert Frangeš-Mihanović, հոկտեմբերի 2, 1872[1][2][3][…], Սրեմսկա-Միտրովիցա, Սերբիա - հունվարի 12, 1940[1][2][3][…], Զագրեբ, Banovina of Croatia, Հարավսլավիայի Թագավորություն), խորվաթ քանդակագործ, ժամանակակից խորվաթական ու հարավսլավական քանդակագործության հիմնադիրներից, 19-20-րդ դարերի մշակույթի ականավոր գործիչ։
Ռոբերտ Ֆրանգեշ-Միհանովիչ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1872[1][2][3][…] |
Ծննդավայր | Սրեմսկա-Միտրովիցա, Սերբիա |
Մահացել է | հունվարի 12, 1940[1][2][3][…] (67 տարեկան) |
Վախճանի վայրը | Զագրեբ, Banovina of Croatia, Հարավսլավիայի Թագավորություն |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Հարավսլավիա |
Մասնագիտություն | քանդակագործ, ուսուցիչ և մեդալագործ |
Աշխատավայր | Զագրեբի համալսարան |
Անդամություն | Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Robert Frangeš Mihanović Վիքիպահեստում |
Կյանք և ստեղծագործություն
խմբագրելՌոբերտ Ֆրանգեշ-Միհանովիչը ծնվել է 1872 թվականին Սրեմսկայում (այն ժամանակ Ավստրո-Հունգարիայում, ներկայումս՝ Սերբիայում)[4]։ 1889 թվականին ավարտել է Զագրեբի արհեստագործական ուսումնարանը։ Այնուհետև սովորել է Վիեննայում՝ Կիրառական արվեստի դպրոցում (1889-1894), և Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում՝՝ քանդակագործներ Օտտո Կյոնիգի և Կարլ Կունդմանի դասարաններում։ Որոշ ժամանակ դասավանդել է Զագրեբի կիրառական արվեստի դպրոցում։ Ֆրանգեշ-Միհանովիչը իր գեղարվեստական կրթությունն ավարտին է հասցրել Փարիզում, որտեղ 1900-1901 թվականներին ծանոթացել է Օգյուստ Ռոդենի ու Ռոսսի հետ[5]։ Վերադառնալով հայրենիք՝ քանդակագործը կրկին դասավանդել է Զագրեբի արվեստի ակադեմիայում (մինչև 1907 թվականը), ապա Զագրեբի արվեստի ակադեմիայում։ Ֆրանգեշ-Միհանովիչը եղել է նկարչական մի շարք ակադեմիաների անդամ, այդ թվում՝ Հարավսլավիայից դուրս (օրինակ՝ Պրահայի ակադեմիա)։ Նա «Խորվաթ նկարիչների միավորման» (1897), ֆոլկլորային «Lado» ընկերության (1904) և Զագրեբի գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից է։ Ֆրանգեշ-Միհանովիչի ամենահայտնի աշակերտը եղել է նրա հայրենակից, սրեմսկացի խորվաթ Ջոզա Տուրկալը (Joza Turkalj, 1890—1943):
Ֆրանգեշ-Միհանովիչի ստեղծագործական ժառանգությունը հարուստ է ու բազմազան։ Նա հեղինակել է ձուլածո շատ քանդակներ («Հերակլեսը և ցուլը» 1899, «Խաղողագործները» 1900, «Թուրքիա» 1904), հիմնադրել է նաև խորվաթական մեդալային արվեստը։ Կերտել է այլաբանական, դիցաբանական և կրոնական բնույթի տարբեր քանդակներ՝ «Անմեղություն» (1902), «Փախուստ Եգիպտոս» (1906), «Եվրոպայի առևանգումը» (1906), ինչպես նաև կիսանդրիներ։ 1897 թվականին Ֆրանգեշ-Միհանովիչը ստեղծել է 78-րդ գնդի՝ Օսյեկում զոհված զինվորների հուշարձանը։ «Փիլիսոփայություն» այլաբանական ձուլվածքի հետ այս հուշարձանը խորվաթական քանդակագործության մեջ իմպրեսիոնիստական ոճով վաղ քանդակներից է։ Միևնույն ժամանակ քանդակագործն աշխատել է ակադեմիական և սիմվոլիստական ուղղություններով։ Իր ավելի ուշ շրջանի արվեստում նա հանդես է եկել ռեալիստական սեփական ինքնատիպ ոճով։
Ռոբերտ Ֆրանգեշ-Միհանկովիչի առավել հայտնի ստեղծագործություններից է խորվաթ արքա Տոմիսլավ I-ի հեծելարաձանը, որը նա ձուլել է 1928-1938 թվականներին։ Արձանը Զագրեբում տեղադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1947 թվականին. (կոմունիստական իշխանությունը թույլ չէր տալիս արձանի պատվանդանին քանդակագործի բարձրաքանդակները տեղադրել. միայն 1991 թվականին են դրանք իրենց տեղը գտել պատվանդանին)։
Պատկերասրահ
խմբագրել-
Տոմիսլավ I-ի արձանը Զագրեբում
-
Արկո
-
Բաչկայի խորվաթներին
-
Արդարադատություն
-
Փիլիսոփայություն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ «Frangeš-Mihanović, Robert». Croatian Encyclopedia (խորվաթերեն). Zagreb: Miroslav Krleža Institute of Lexicography. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Gareljić, 2015, էջ 15
Գրականություն
խմբագրել- Ilse Krumpöck: Die Bildwerke im Heeresgeschichtlichen Museum, Wien 2004, S. 46-49
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ֆրանգեշ-Միհանովիչ» հոդվածին։ |