Ջո Բայդենի այցը Ուկրաինա (2023)

Ջո Բայդենի այցը Ուկրաինա (ուկրաիներեն՝ Візит Джо Байдена в Україну 2023 року), ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի չհայտարարված այցը Կիև, որը տեղի է ունեցել 2023 թվականի փետրվարի 20-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման տարելիցին ընդառաջ։ ԱՄՆ նախագահի այցից երկու ամիս առաջ, իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցելել էր Վաշինգտոն[1][2][3][4]։ Երկու նախագահների հանդիպումը շարունակվել է ավելի քան 5 ժամ[5]։ Բայդենի այս այցը դարձել է Ուկրաինա ԱՄՆ նախագահի առաջին այցը։ Վերջին անգամ նման մակարդակով այց տեղի էր ունեցել 2008 թվականի ապրիլին, երբ նախագահ Վիկտոր Յուշչենկոյի օրոք Ուկրաինա այցելել Ջորջ Ուոքեր Բուշը[6]։

Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ողջունում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:

Նախապատմություն խմբագրել

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձում էր ամեն կերպ խուսափել պատերազմող Ուկրաինա ԱՄՆ նախագահի հնարավոր այցի թեմայից։ 2022 թվականի մարտի վերջին Լեհաստան՝ ԱՄՆ նախագահի կատարած այցի ժամանակ, Սպիտակ տունը հասկացնել էր տվել, որ պատերազմող եվրոպական երկիր այցի տարբերակը, որը ենթադրում է անվտանգության աննախադեպ միջոցներ, նույնիսկ չի դիտարկվել[7]։ Ընդորում, ինքը՝ Ջո Բայդենը, նույն տարվա ապրիլին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ չի բացառում Ուկրաինա այցը[8]։

Սպիտակ տան ներկայացուցիչների տվյալների համաձայն՝ Բայդենի այցի պլանավորման վրա ծախսվել է մի քանի ամիս։ ԱՄՆ նախագահը վերջնական որոշումը կայացրել է ուրբաթ օրը՝ փետրվարի 17-ին՝ ազգային անվտանգության հարցերով հիմնական պաշտոնյաների հետ զրույցից հետո։ Նույն օրը Սպիտակ տունը լրագրողներին հայտնել էր, որ բացառում է առաջիկա ժամանակահատվածում Ուկրաինա նախագահի այցը[9][10]։ Ջո Բայդենը Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ավիաբազան լքել էր կիրակի օրը՝ փետրվարի 19-ին, տեղի ժամանակով 04:15-ին[11]։ Նրա հետ եղել է միայն երկու թղթակից, որոնք խոստացել էին գաղտնի պահել այցը, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, Սպիտակ տան վարչակազմի ղեկավարի տեղակալ Ջեն Օ'Մելի Դիլոնը և նախագահի անձնական օգնական Էնի Թոմասինին։ «Թիվ 1 օդանավը» տեղի ժամանակով 17:15-ին լիցքավորման նպատակով վայրէջք է կատարել Գերմանիայում գտնվող Ռամշտայն ավիաբազայում, իսկ դրանից մեկ ժամ անց մեկնել Լեհաստան, որտեղ տեղի ժամանակով մոտ 20:00-ին վայրէջք կատարել Ժեշուվ Յասյոնկա օդանավակայանում։ Ժամանումից հետո ամերիկյան պատվիրակությունը Պշեմիսլ-Գլավնի երկաթուղային կայարանում գնացք է նստել[12]։

Ջեյք Սալիվանի խոսքով՝ ԱՄՆ-ն, Կիև Բայդենի ժամանումից մի քանի ժամ առաջ, Ռուսաստանին տեղեկացրել է այդ այցի մասին՝ հակամարտության կարգավորման նպատակով[13]։

Այց խմբագրել

Ջո Բայդենը Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել Կիևի ժամանակով առավոտյան 08:00-ին, որտեղ նրան դիմավորել է ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը, որից հետո նախագահական շքախումբը մեկնել է Մարինյան պալատ՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և առաջին տիկին Օլենա Զելենսկայային։ Նստավայրում Բայդենը գրառում է արել այցելուների գրքում, լուսանկարվել Վոլոդիմիր Զելենսկու հետ և ողջունել ամերիկացի և ուկրաինացի պաշտոնատար անձանց։ 11:19-ին Բայդենը լքել է պալատը և մեկնել Կիևի տաճարներից մեկը։ Հենց այդ ժամանակ էլ համաշխարհային մամուլում սկսել լայնորեն տարածվել տեղեկատվություն այն մասին, որ ամերիկյան առաջնորդը գտնվում է Ուկրաինայի մայրաքաղաքում։ Տաճար Բայդենի ու Զելենսկու այցից հետո՝ Կիևում միացել են օդային տագնապի ազդանշանները։ Այնուհետ երկու երկրների նախագահները ծաղկեպսակներ են դրել Ռուսաստանի հետ զինված հակամարտության ժամանակ զոհվածների հիշատակին, որից հետո Բայդենը մեկնել է ամերիկյան դեսպանություն։ Ամերիկյան պատվիրակությունն Ուկրաինայի մայրաքաղաքը լքել է Կիևի ժամանակով մոտ 13:10-ին[12]։

Կիևում Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Բայդենը հայտարարել է Ուկրաինային լրացուցիչ 500 միլիոն ԱՄՆ դոլար ռազմական օգնության մասին, ինչը ներառում էր համազարկային կրակի M142 HIMARS ռեակտիվ համակարգերի սպառազինություն[14][15][16]։

Արձագանք խմբագրել

Բայդենի հետ միասին դիմելով լրագրողներին՝ Զելենսկին ԱՄՆ նախագահի այցն անվանել է «ամերիկա-ուկրաինական հարաբերությունների ողջ պատմության ամենակարևոր այցը»։ Նա բարձր է գնահատել ԱՄՆ-ի կողմից Abrams տանկերի մատակարարումը և նշել, որ խոսել է Բայդենի հետ հեռահար զենքի մասին[17]։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Կիև Ջո Բայդենի այցը «մեր ժամանակներում աննախադեպ է» այն իմաստով, որ սա առաջին դեպքն էր, երբ ԱՄՆ նախագահն այցելում է «մի երկրի մայրաքաղաք, որը գտնվում է պատերազմի մեջ և որտեղ ամերիկյան զինվորականները չեն վերահսկում կրիտիկական ենթակառուցվածքները»[18]։

Ամերիկյան առաջատար լրատվամիջոցները մեծամասամբ դրական են արտահայտվել Կիև Բայդենի այցի վերաբերյալ։ Օրինակ՝ Reuters, Foreign Policy, Sky News, NBC News և CNN լրատվամիջոցները ամերիկյան նախագահի այցն անվանել են «պատմական»[19][20][21][22][23]։ Time-ը ընդգծել է, որ չնայած հատուկ ծառայությունների կողմից այցից հրաժարվելու մասին կոչերին, Բայդենը պնդել է իր մտադրությունը՝ դա փաստելով որպես «ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն անտատանելի և անփոփոխ հավատարմության դրսևորում»[24]։

Ռուսաստանցի ռազմական թղթակիցները և փորձագետները քննադատել են Ռուսաստանի իշխանություններին, որոնք «խուլ» էին արձագանքել Ուկրաինա Բայդենի այցին[25]։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության նախկին գնդապետ և Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության պաշտպանության նախկին նախարար Իգոր Ստրելկովը հայտարարել է, որ Բայդենը կարող էր այցելած լինել նաև Ուկրաինայի արևելքում գտնվող ռազմաճակատի գիծ և անվնաս մնալ։ Նա ԱՄՆ նախագահի այդ այցն անվանել էր «թքած ունենալ Կրեմլի վրա»։ Ստրելկովը նշել էր, որ ռազմական հակամարտության սրման սկզբում բոլոր դեսպանությունները տարհանվել էին Կիևից, իսկ մեկ տարի անց նրանք հետ են վերադարձել ու նույնիսկ ԱՄՆ նախագահը «չի վախենում ժամանել այդ քաղաք»[26]։ Ռուս լրագրող Սերգեյ Մարդանը Բայդենի այցն անվանել է «Ռուսաստանի ցուցադրական նվաստացում»[27]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Russia-Ukraine war: Joe Biden's surprise visit to Kyiv 'unprecedented in modern times', says US – live». The Guardian. 0261-3077.
  2. «Biden declares 'Kyiv stands' in surprise visit to Ukraine». Yahoo! News.
  3. «On surprise trip to Kyiv, Biden vows enduring support for Ukraine». The Washington Post.
  4. «President Biden makes surprise visit to Kyiv, Ukraine, meets with President Zelenskyy». Fox News.
  5. «Biden declares 'Kyiv stands' in surprise visit to Ukraine». AP NEWS.
  6. «Буш завершил визит на Украину». ՌԻԱ Նովոստի.
  7. «White House explains why Biden won't visit Ukraine». RT International.
  8. «White House stands by statement that Biden won't visit Ukraine». Yahoo! News.
  9. «Белый дом прокомментировал возможность поездки Байдена на Украину». Lenta.RU.
  10. «Джо Байден не станет заезжать на Украину после визита в Польшу». Коммерсантъ.
  11. «President Biden lands in Kyiv for surprise visit to war-torn country». Mail Online.
  12. 12,0 12,1 «A timeline of Biden's secretive trip into and out of Kyiv». The Washington Post.
  13. «US informed Russia of Joe Biden's Kyiv visit hours before departure». The Guardian. 0261-3077.
  14. «Putin's war plans 'plain wrong', Biden says in Ukraine». Al Jazeera.
  15. «Joe Biden visits Kyiv in major show of support for Ukraine». The Guardian. 0261-3077.
  16. «Biden vows support as long as needed on visit to Kyiv». The Canberra Times.
  17. «Joe Biden says Putin was "dead wrong" about invasion as he lands in Ukraine». Newsweek.
  18. «US warned Russia of Biden's visit to Ukraine 'hours' before departure». Fox News.
  19. «Biden promises new military aid for Kyiv during 'historic' visit». Reuters.
  20. «Biden Makes Historic Visit to Wartime Ukraine». Foreign Policy.
  21. «US President Joe Biden visits Kyiv as he says Putin 'thought he could outlast us'». Sky News.
  22. «President Biden makes historic visit to Ukraine». NBC News.
  23. «Opinion: In a war of unending surprises, Biden has another up his sleeve». CNN.
  24. «Why Biden Made a Surprise, Historic Visit to Ukraine». Time.
  25. «Biden's Ukraine visit upstages Putin and leaves Moscow's military pundits raging». CNN.
  26. ««Очередной плевок в Кремль»: Стрелков о визите Байдена в Киев». NEWS.ru.
  27. «Pro-Russian military bloggers criticize Moscow over Biden visit to Kyiv». CNN.