Ջորջ Ջունիուս Սթիննի կրտսեր (անգլ.՝ George Junius Stinney Jr., հոկտեմբերի 21, 1929(1929-10-21)[1], Pinewood, Սամտեր շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ - հունիսի 16, 1944(1944-06-16)[1], Կոլումբիա), Ամերիկայի Միացյալ Նահանգներում մահապատժի ենթարկված ամենաերիտասարդ մարդը։ Մահապատժի ենթարկվելու պահին նա 14 տարեկան և 7 ամսական էր։ Դատապարտվել է երկու աղջկա սպանության մեղադրանքով։ Դատավճիռը չեղարկվել է 2014 թվականին՝ մահապատժից 70 տարի անց։

Ջորջ Սթիննի
անգլ.՝ George Junius Stinney Jr.
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 21, 1929(1929-10-21)[1]
ԾննդավայրPinewood, Սամտեր շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 16, 1944(1944-06-16)[1] (14 տարեկան)
Մահվան վայրԿոլումբիա
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
George Stinney Վիքիպահեստում

ՀանցագործությունԽմբագրել

Սպանվել էին 11-ամյա Բեթթի Ջուն Բիննիկերը և 8-ամյա Մերի Էմմա Թեմզը։ Հանցագործությունը տեղի էր ունեցել 1944 թվականի մարտի 23-ին Ալկոլուում։

Փոքրիկ քաղաքը երկաթգծի միջոցով բաժանված էր երկու մասի, որի մի կողմում ապրում էին սպիտակամորթները, իսկ մյուսում՝ սևամորթները։ Աղջիկները իրենց հեծանիվներով ծաղիկներ քաղելու համար գնացել էին քաղաքի «սև» հատված և կորել։ Հայտնի է, որ աղջիկները խոսել են Սթիննիի հետ նրա ծնողների տան մոտակայքում։ Մասշտաբային որոնումների մեկնարկից հետո կեղտոտ ջրով լի ջրանցքում հայտնաբերվել են աղջիկների՝ ջարդված գլուխներով մարմինները։

Տեղեկությունների համաձայն՝ աղջիկները սպանվել են մետաղի կտորի կամ երկաթգծից պոկված բեկորի բութ հարվածներից։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ աղջիկների գանգերը փշրված են եղել հասցված հարվածներից։ 8-ամյա Մերի Թեմզի մոտ սեռական բռնության մասին վկայող նշաններ չեն հայտնաբերվել, իսկ 11-ամյա Բեթթիի գենիտալային օրգանները թեթև վնասված են եղել[2][3][4]։

Ձերբակալություն և դատԽմբագրել

Ջորջի ձերբակալությունից անմիջապես հետո նրա հորը հեռացրել են աշխատանքից, իսկ երեխայի ընտանիքին (ծնողներին, քույրերին ու եղբայրներին)՝ առաջարկել լքել քաղաքը։ Ընտանիքը ստիպված փախել է քաղաքից՝ առանց աջակցության թողնելով մինչև մահապատիժը 81 օրով կալանավորված իրենց 14-ամյա որդուն։ Նրա դատավարությունը, այդ թվում՝ նաև երդվյալ ատենակալների կողմից գործի ուսումնասիրությունը, տևել է ընդամենը մեկ օր։ Դատարանի կողմից նշանակված փաստաբանը հարկային կոմիսար էր, որը պատրաստվում էր անցնել պետական ծառայության։

Դատարանը հարցաքննության է կանչել երեք ոստիկանի, որոնք հավաստել են, թե Սթիննին իրենց մոտ հանդես է եկել սպանության վերաբերյալ խոստովանությամբ։ Խոստովանությունը գրավոր ձևով չի ամրագրվել։ Դատարան է կանչվել երեք վկա՝ աղջիկների դիակները հայտնաբերած անձը և բժիշկները, որոնք հանցագործության վայր էին կանչվել։ Պաշտպանվող կողմից վկաներ չեն եղել։ Դատավարությունը տևել է երկու ժամ երեսուն րոպե։ Ամբողջությամբ սպիտակամորթներից կազմված երդվյալ ատենակալների խորհրդից ընդամենը 10 րոպե է պահանջվել Սթիննիին մեղավոր ճանաչելու որոշում կայացնելու համար։

ՄահապատիժԽմբագրել

Սթիննիի մահապատիժը իրականացվել է Կոլումբիայի Հարավային Կարոլինայի բանտում 1944 թվականի հունիսի 16-ին՝ առավոտյան ժամը 7։30-ին, էլեկտրական աթոռի միջոցով։ Երեխայի մահապատիժը իրագործվել է 5,380 վոլտ հզորության հոսանքի միջոցով, որն արձակվել է Ջորջի գլխին ամրացված հատուկ հարմարանքից։ Սթիննին ցածրահասակ է եղել (155սմ) էլեկտրական աթոռին տեղավորվելու համար։ Այդ պատճառով աթոռի նստատեղին՝ երեխայի տակ, դրել են այն աստվածաշունչը, որը թույլատրվել էր թողնել նրա մոտ բանտախցում անցկացրած ժամանակահատվածում և դատավարության ընթացքում։ Սթիննին ձերբակալվելու օրվանից մինչև մահապատժի պահը այդ աստվածաշունչը անդադար պահել է իր մոտ։

Սթիննին հրաժարվել է մահվանից առաջ վերջին խոսք ասելու իր իրավունքից։ Էլեկտրահարման ժամանակ նրա դեմքը փակող կտորը ընկել է, և որդու մահապատժին հետևող հայրը տեսել է Ջորջի՝ արցունքների մեջ ողողված դեմքը։ Մահապատժի իրականացումից 8 րոպե անց Ջորջ Սթիննին պաշտոնապես հայտարարվել է մահացած։ Հաջորդ օրը Սթիննիի մարմինը հուղարկավորվել է Սամթերում։ Նրա գերեզմանի սալաքարը դատարկ է թողնվել հույսով, որ անանունությունը թույլ կտա նրան հանգչել հավերժական խաղաղության մեջ։

Գործի հետմահու վերանայումԽմբագրել

2013 թվականին լրատվամիջոցներին տրված հարցազրույցում Սթիննիի նախկին խուցընկերը պատմել է, թե ինչպես էր Սթիննին իրեն ասում, որ ինքն անմեղ է և ոչ մեկի չի սպանել[5]։ 2013 թվականի հոկտեմբերի 25-ին Սթիննիների ընտանեկան փաստաբան Ռեյ Չենդլերը և տեղացի ակտիվիստներ Մակկենզին և Բերջեսսը միջնորդություն են ներկայացրել դատական գործընթացը վերսկսելու վերաբերյալ՝ պնդելով, որ իրենք Ջորջի անմեղությունը հաստատող ապացույցներ ունեն[6]։ «Եթե մենք կարողանանք վերաբացել գործը, կարող ենք գնալ դատավորի մոտ և ասել․ «Ոչ մի հիմք չի եղել այդ երեխային մեղադրելու համար։ Ոչ մի ապացույց չի եղել երդվյալ ատենակալներին ներկայացնելու համար։ Այս դեպքը պետք է նորից բացվի։ Սա անարդարություն է, որը հարկավոր է բացահայտել։ Մենք բավականին լավատես ենք, և եթե մեզ հաջողվի վերաբացել գործը, ապա վկաների միջոցով կկարողանանք դատարանում հաջողության հասնել։ Մենք ընտանիքի անդամներից ունենք վկաներ, որոնք կարող են ապացուցել, որ սպանության ժամանակ մեղադրյալը իրենց հետ է եղել, ու ալիբի ի հայտ կգա։ Նրանք եղել են պարոն Սթիննիի հետ, և նման բան տեղի չի ունեցել»»[7]։

2014 թվականի հունվարին կայացած դատական նիստում նրանք ներկայացրել են Սթիննիի եղբայրների և քույրերի վկայություններն այն մասին, որ Ջորջը սպանություններն իրականացնելու ժամանակ գտնվել է իրենց հետ։

Ուիլֆորդ «Ջոննի» Հանթերը, որը Սթիննիի հետ եղել է նույն բանտախցում, ասել է, որ Ջորջն իրեն պատմել է, որ նրան ստիպել են իր վրա վերցնել սպանությունները, և որ ինքը անընդհատ բարձրաձայնել է իր անմեղության մասին[8]։ Մետաղաձողը, որի հարվածից սպանվել էին աղջիկները, կշռել է ավելի քան 19,07 կգ, ինչը նշանակում է, որ Ջորջը չէր կարող այն բարձրացնել և առավել ևս հարվածել աղջիկներին այնքան ուժեղ, որ սպանի նրանց։

Պահպանվել է Ջորջ Սթիննիին ձերբակալած ոստիկանության սպայի՝ Հ․ Ս․ Նյումանի կողմից գրված ձեռագիր հայտարարությունը, որտեղ գրված է․ «Ես ձերբակալել եմ Ջորջ Սթիննի անունով տղայի։ Նա ինձ խոստովանել է իր մեղքը՝ ասելով, թե որտեղից կարող ենք գտնել մոտավորապես 15 դյույմաչափ մետաղաձողը։ Նա ասաց, որ այն դրել է հեծանիվից մոտավորապես 6 ոտնաչափ հեռավորության վրա գտնվող մի փոսի մեջ»։ Ինչպես հայտնի է, Ջորջ Սթիննիի ձեռագրով կամ ստորագրությամբ որևէ փաստաթուղթ գոյություն չունի։ 14-ամյա դեռահասը բազմիցս ասել է, որ իրեն քաղցած են պահել, իսկ հետո փորձել խոստովանության դիմաց կաշառել սնունդով[3][8]։

Ջորջ Ֆրիերսոնը իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է․ «Եղել է այն մարդը, որը ճանաչվել է որպես մեղավոր։ Նա արդեն մահացած է։ Նրա ընտանիքը ասում է, որ վերջինս մահվան մահճում խոստովանել է իր մեղքը»։ Ֆրիերսոնը նշել է, որ համաձայն լուրերի՝ իրական հանցագործը հայտնի և նշանավոր սպիտակամորթների ընտանիքի անդամ է եղել։ Այդ ընտանիքի անդամը կամ անդամները աշխատել են գործի հետաքննության հետ և հոգացել, որպեսզի մեղադրանք առաջադրվի Սթիննի դեմ[7]։

Աղջիկների մարմինները հայտնաբերելուց հետո դրանք ջրանցքից հանելու համար կանչված Ֆրենսիս Բեթսոնը նշել է, որ ջրանցքի մեջ և դրա շուրջը շատ քիչ արյուն է եղել։ Նա ենթադրում էր, որ աղջիկները կարող էին սպանված լինել մեկ այլ վայրում, իսկ հետո մարդասպանը կարող էր նրանց դիակները նետել ջրանցքը[7]։

Դատական նոր քննություն սկսելու փոխարեն 2014 թվականի դեկտեմբերի 17-ին շրջանային դատարանի դատավոր Կարմեն Մալլենը, հիմք ընդունելով դատական գործընթացների խախտումները, չեղյալ է համարել Սթիննիի դատավճիռը։ Դատավորը որոշել է, որ Սթիննիի գործը արդար քննության չի արժանացել, քանզի նրան իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորություն չի տրվել, և դրանով իսկ խախտվել է ԱՄՆ սահմանադրության 6-րդ ուղղումը։ Դատավորը նաև ընդգծել է, որ 14-ամյա երեխային մահապատժի ենթարկելը «դաժան և տարօրինակ պատիժ է», որը արգելված է ԱՄՆ սահմանադրության 8-րդ ուղղմամբ։ Դատավորի կողմից շեշտվել է նաև այն փաստը, որ Ջորջ Սթիննիի փաստաբանին «ի օգուտ պաշտպանվող կողմի վկաներ կանչելու կամ վճիռը բողոքարկելու հնարավորություն չի տրվել»[9]։ Ընդ որում, դատավոր Մալլենը իր ելույթում չի բացառել, որ Սթիննին կարող էր իրականացրած լինել այդ սպանությունները[8]։

Սպանված աղջիկների ընտանիքներն իրենց հիասթափությունն են հայտնել կայացրած վճռի վերաբերյալ։ Նրանք նշել են, որ 14-ամյա տղային մահապատժի ենթարկելը իսկապես վիճելի երևույթ է, բայց իրենք երբեք չեն կասկածել Ջորջի մեղավորության մեջ։ Բեթթի Բիննիկերի զարմուհին ասել է, թե ինքը և իր ընտանիքը լայնորեն ուսումնասիրել են տեղի ունեցածը, և այն, ինչ «մարդիկ կարդում են լրագրերում այդ հարցի վերաբերյալ, ամենևին էլ կապ չունի ճշմարտության հետ»[10]։

Սթիննիի դեպքը արվեստումԽմբագրել

1988 թվականին լույս է տեսել ամերիկացի լրագրող Դեվիդ Ստաուտի «Կարոլինայի կմախքները» (անգլ.՝ Carolina Skeletons) գիրքը, որի հիման վրա սկսել են տարածվել Սթիննիի գործի մասին մանրամասնությունները։ 1989 թվականին գիրքը, որպես լավագույն դեբյուտային վեպ, ներկայացվել և արժանացել է Էդգար Ալլան Պոի անվան մրցանակի։ Ստաուտի գրքում Սթիննիի հերոսը մարմնավորել է Լայնուս Բրեգգը (անգլ.՝ Linus Bragg)։ Ստաուտի ֆիլմը էկրանավորվել է ռեժիսոր Ջոն Էրմանի կողմից։ Ֆիլմը կրել է «Կարոլինայում չեն սիրում փորփրել անցյալը» վերնագիրը։ Սթիննիի դերում հանդես է եկել Կեննի Բլենկը, որը 1991 թվականին այդ ֆիլմում խաղացած դերի համար արժանացել է «լավագույն երիտասարդ դերասան» մրցանակին։

Սթիննիի մասին մեկ այլ ֆիլմ կրում է «83 օր» անվանումը (անգլ.՝ 83 Days)։ Ֆիլմի հիմքում ընկած են Սթիննիի գործի հետ կապված իրական փաստաթղթեր։

Ջորջ Սթիննիի հետ պատահած իրադարձությունը ոգեշնչման աղբյուր է դարձել նաև Սթիվեն Քինգի համար, որը դեպքի հիման վրա գրել է իր «Կանաչ մղոն» ստեղծագործությունը։ Գրքի վրա հիմնված համանուն ֆիլմը մեծ էկրան է բարձրացել 1999 թվականին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1995.
  2. «CRRJ Brings Justice to Youngest Person Executed in US History» (Press release)։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 3, 2015-ին։ Վերցված է հունվարի 3, 2015 
  3. 3,0 3,1 McLaughlin Eliot C. (հունվարի 23, 2014)։ «New trial sought for George Stinney, executed at 14»։ CNN։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 10, 2016-ին 
  4. Walker Tim (հունվարի 22, 2014)։ «George Stinney: After 70 years, justice in sight for boy America sent to electric chair»։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից մարտի 5, 2016-ին 
  5. «Man claims he shared jail cell with George Stinney» 
  6. Braswell Kristin (փետրվարի 28, 2014)։ «Film to Explore George Stinney Jr. Execution»։ Ebony (magazine)]]։ Արխիվացված օրիգինալից մարտի 4, 2016-ին 
  7. 7,0 7,1 7,2 Edwards David (հոկտեմբերի 3, 2011)։ «New evidence could clear 14-year-old executed by South Carolina»։ The Raw Story։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 30, 2016-ին 
  8. 8,0 8,1 8,2 McVeigh Karen (մարտի 22, 2014)։ «George Stinney was executed at 14. Can his family now clear his name?»։ The Observer։ Արխիվացված օրիգինալից մարտի 19, 2016-ին 
  9. Barbato Lauren (դեկտեմբերի 17, 2014)։ «The Youngest Person Executed In America, George Stinney Jr., Almost Certainly Wasn't Guilty»։ Bustle.com 
  10. Gaskins Nikki (մարտի 1, 2014)։ «Goose Creek woman, others hope George Stinney murder conviction sticks»։ Berkeley Observer։ Արխիվացված օրիգինալից մարտի 22, 2016-ին 

ԳրականությունԽմբագրել