Ջոն Ուիլյամ Չիվեր (անգլ.՝ John William Cheever, մայիսի 27, 1912(1912-05-27)[1][2][3][…], Քուինսի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հունիսի 18, 1982(1982-06-18)[1][2][3][…], Ossining, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի արձակագիր, որը հռչակվել է հատկապես իր պատմվածքներով (որոշ քննադատներ, գրականագետներ նրան անվանում են «արվարձանների Չեխով[8][9]»): Իր պատմվածքներում նա կարողացել է ամերիկյան քաղքենու առօրյա կյանքի խորաթափանց վերլուծությունը համադրել խորհրդանիշային պատկերավորության և «մոգական ռեալիզմի» տարրերի հետ։ Ափդայքի հերոսների պես՝ Չիվերի հերոսները ևս միջին դասի սպիտակամորթ տղամարդիկ են, որ ձգտում են ամեն գնով հասնել հաջողության, բայց, որպես կանոն, կրախի են ենթարկվում։ Չիվերը The New Yorker ամսագրի մշտական հեղինակներից էր։ 1979 թվականին «The Stories of John Cheever» ժողովածուի համար նրան շնորհվել է Պուլիտցերյան, երկու տարի անց՝ գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակ։ Հեղինակել է նաև մի շարք վեպեր («Ուոփշոթ ընտանիքի քրոնիկները», «Սկանդալ Ուոփշոթ ընտանիքում», «Բուլեթ պարկ», «Ֆալկոներ»), «Օ՛, ի՛նչ դրախտ է թվում սա» վիպակը։ 1982 թվականի ապրիլին՝ մահից վեց շաբաթ առաջ Չիվերն արժանացավ արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի ազգային մեդալի։ Նրա երկերն ընդգրկվել են «Ամերիկայի գրադարան»-ում։

Ջոն Չիվեր
անգլ.՝ John Cheever
Ծննդյան անունանգլ.՝ John William Cheever
Ծնվել էմայիսի 27, 1912(1912-05-27)[1][2][3][…]
ԾննդավայրՔուինսի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանվել էհունիսի 18, 1982(1982-06-18)[1][2][3][…] (70 տարեկան)
Վախճանի վայրOssining, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, վիպասան, օրագրի հեղինակ և սցենարիստ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԹայերի ակադեմիա և Quincy High School?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՅուտայի համալսարան, Բոստոնի համալսարան և Այովայի համալսարան
Պարգևներ
ԶավակներԲենջամին Չիվեր և Susan Cheever?
 John Cheever Վիքիպահեստում

1985 թվականին հայերեն լույս է տեսել Ջոն Չիվերի «Բուլեթ պարկ» ժողովածուն, որտեղ ներառված են նրա նույնանուն վեպը և մի փունջ պատմվածքներ։

Կենսագրություն խմբագրել

Ջոն Ուիլյամ Չիվերը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Քուինսի քաղաքում։ Ապագա գրողի հայրը՝ Ֆրեդերիկ Լինքոլն Չիվերը, կոշիկի վաճառքով զբաղվող մի մեծ ընկերության սեփականատերն էր, սակայն 1930-ական թվականների կեսերին Մեծ ճգնաժամի պատճառով կորցրեց իր կապիտալի մեծ մասը, դրա հետ էլ՝ բիզնեսը և հուսահատությունից իրեն տվեց հարբեցողության։ Ընտանիքի  հոգսերը հոգալու համար կինը՝ Մերին ստիպված էր գործերն իր ձեռքն առնել, հիմնել հուշանվերների մի ոչ մեծ խանութ, բայց, չնայած նրա գործադրած ջանքերին, ընտանիքի նյութական վիճակը չբարելավվեց, և փողի պակասի պատճառով Ջոնն ստիպված էր թողնել ուսումը մասնավոր դպրոցում։ Boston Herald թերթի կազմակերպած կարճ պատմվածքների մրցույթում նրա տարած հաղթանակը նկատի առնելով՝ նրան այդ դպրոց հրավիրեցին՝ շարունակելու ուսումը հատուկ պայմաններով, բայց նա այդպես էլ չհաշտվեց իր այդ «արտոնյալ» վիճակի հետ և 18 տարեկան հասակում հեռացավ դպրոցից։ Այդ իրադարձություններն ու իր ապրումները նա հետագայում դաժան հեգնանքով արտացոլեց «Հեռացվածը» պատմվածքում, որը 1930 թվականին լույս տեսավ The New Republic ամսագրում՝ դառնալով նրա առաջին տպագիր գործը։

1938 թվականին Չիվերն արդեն Վաշինգտոնում էր, աշխատում էր որպես խմբագիր, և պետք է ասել, որ խոր հիասթափություն ապրեց այդ աշխատանքից ու թողեց այն։ Մի քանի ամիս անց նա ծանոթացավ իր ապագա կնոջ՝ Մերի Վիթերնիցի հետ (զույգը ամուսնացավ 1941 թվականին

1942 թվականի մայիսին Չիվերն անցնում է զինվորական ժառայության, կարճ ժամանակ անց հրատարակում իր պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Ինչպես են ապրում որոշ մարդիկ» խորագրով։ Հետագայում, չափազանց դժգոհ մնալով իր առաջին գրքից, նա ձեռքն ընկած բոլոր օրինակները ոչնչացնում էր։ Քննադատներն էլ սառնությամբ արձագանքեցին, բայց գիրքին արժանացավ հոլիվուդյան պրոդյուսեր և սցենարիստ Լեոնարդ Սփինգելգասի ուշադրությանը։ Վերջինիս գործադրած ջանքերի շնորհիվ Չիվերը հետ կանչվեց զորամասից և աշխատանքի նշանակվեց կինոյի բնագավառում (ի դեպ, այդ ստորաբաժանումը Ֆրանսիայում դաշնակիցների զորքերի ափհանման ժամանակ ամբողջությամբ ոչնչացվեց)։

Հետպատերազմյան տարիներին Չիվերն իրեն լիովին նվիրեց ստեղծագործական աշխատանքի։ 1953 թվականին լույս ընծայեց պատմվածքների երկրորդ ժողովածուն՝ «Հսկայական ռադիոն», որը վատ չընդունվեց քննադատության կողմից։ 1956 թվականի ամռանը գրողն ավարտեց «Ուոփշոթ ընտանիքի քրոնիկները» վեպը, 1964 թ. տպագրվեց դրա շարունակությունը՝ «Սկանդալ Ուոփշոթ ընտանիքում» վեպը, որն արժանացավ քննադատության բարձր գնահատականին։ Այդ նույն տարում The New Yorker ամսագիրը հրատարակեց նրա «Լողորդը» պատմվածքը, որի հիման վրա 1968 թվականին նկարահանվեց նույնանուն ֆիլմը (գլխավոր դերում նկարահանվել է Բերթ Լանքասթերը)։ Հենց այս ժամանակաշրջանում էլ ալկոհոլիզմի հետ կապված խնդիրներ ի հայտ եկան Ջոն Չիվերի մոտ, և այդ խնդիրների խորացմանը զուգընթաց վատացան հարաբերությունները կնոջ հետ։ Գնալով՝ այդ խնդիրներն ավելի ու ավելի խորացան, այն աստիճան, որ նա ստիպված դիմեց հոգեբույժների օգնությանը, մեկ ամիս բուժվեց հիվանդանոցում, դուրս գրվելուց հետո երդվեց այլևս երբեք չխմել, բայց, ցավոք, չկարողացավ պահել երդումը։ Վախճանվեց 1982 թվականի հունիսի 18-ին, քաղցկեղից։

Գրականագետ Էդվարդա Կուզմինան, ուսումնասիրելով Ջոն Չիվերի ստեղծագործությունները, եզրահանգում է. «Ջոն Չիվերը ձգտում է «բռնել» այն գրեթե անորսալի հոսքերն ու ազդեցությունները, որոնք հոգեկան անկայունություն ու խռովք են ծնում ամերիկյան ստանդարտ դրախտի բնակչի մեջ։ Չիվերի հերոսները թունավորված են քաղաք-ռոբոտի, բիզնեսի անհոգի թագավորության կողմից, բայցևայնպես՝ թախծող, կարոտող հոգին տաղտկալի, վհատեցնող առօրեականության մեջ ագահաբար որսում է գեղեցիկի ցոլքերը»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. https://www.gf.org/fellows/all-fellows/john-cheever/
  5. https://www.nationalbook.org/awards-prizes/national-book-awards-1958/
  6. https://www.nationalbook.org/awards-prizes/national-book-awards-1981/
  7. Andrew Johnston, "Mad Men Արխիվացված 2009-03-19 Wayback Machine" (review), Time Out New York, Issue 616: Jul 18–25, 2007
  8. Foderaro, Lisa W. (2014 թ․ հուլիսի 21). «Home of Cheever, Chekhov of the Suburbs, Is for Sale». The New York Times. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  9. Chilton, Martin (2015 թ․ հոկտեմբերի 15). «John Cheever: 'the Chekhov of the suburbs'». The Daily Telegraph. UK. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջոն Չիվեր հոդվածին