Ջոն Գրինլիֆ Ուիթիեր (անգլ.՝ John Greenleaf Whittier, դեկտեմբերի 17, 1807(1807-12-17)[1][2][3][…], Հավերհիլ, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 7, 1892(1892-09-07)[1][2][3][…], Hampton Falls, Ռոքինգհեմ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ամերիկացի հայտնի բանաստեղծ, հրապարակախոս, քվակեր (բողոքական աղանդի անդամ) և աբոլիցիոնիստ։ Ծնվել է Մասաչուսեթս նահանգի ամերիկյան քվակերներ ընտանիքում։ Ուիթիերը երկար ժամանակ աշխատել է որպես «Նոր Անգլիայի ամենշաբաթյա տեսություն» (New England Weekly Review) հրատարակության խմբագիր, ինչպես նաև եղել է ստրկության դեմ պայքարի ամերիկյան ընկերության անդամ։

Ջոն Գրինլիֆ Ուիթիեր
անգլ.՝ John Greenleaf Whittier
Ծնվել էդեկտեմբերի 17, 1807(1807-12-17)[1][2][3][…]
ԾննդավայրՀավերհիլ, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]
Վախճանվել էսեպտեմբերի 7, 1892(1892-09-07)[1][2][3][…] (84 տարեկան)
Վախճանի վայրHampton Falls, Ռոքինգհեմ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ
ԳերեզմանՄասաչուսեթս
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, լրագրող և փաստաբան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
Ուշագրավ աշխատանքներChild Life: a collection of poems?, Centennial Hymn?, A Dream of Summer?, Harvest Hymn?, Hymn?, The Eternal Goodness?, Laus Deo!?, My Birthday?, My Psalm?, Our Country?, The Corn-Song?, The Fishermen?, The Light That Is Felt?, The Poor Voter on Election Day?, Song of the Negro Boatmen? և Snow-Bound: A Winter Idyl?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Изображение автографа
 John Greenleaf Whittier Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջոն Գրինլիֆ Ուիթիերը ծնվել է 1807 թվականի դեկտեմբերի 17-ին Մասաչուսեթս նահանգի Հայվերհիլի ագարակում՝ քվակերներ Ջոն և Աբիգեյլ Ուիթիերների ընտանիքում[5]։ Ուիթիերի երկրորդ անունը նշանակում է «Կանաչ տերև» և որոշ աղբյուրների համաձայն, հիշեցնում է նախնիներին՝ հուգենոտներին[6]։ Տղան մեծացել է ագարակում ծնողների, եղբոր և երկու քույրերի հետ։ Ընտանիքի հետ ապրել են մորաքույրն ու հորեղբայրը։ Այնտեղ միշտ եղել է մարդաշատ, քանի որ կային հավերժական այցելուներ և ագարակի վարձու աշխատողներ։ Ագարակը չի բերել մեծ եկամուտ, բայց թույլ է տվել «ծայրը ծայրին հասցնել»։ Վաղ տարիքում պարզվել է, որ Ջոնը տառապում է դալթոնիզմով և չի կարող տարբերել հասած հատապտուղները կանաչներից։ Ջոնի դալթոնիզմը և նրա թույլ առողջությունը նրան հնարավորություն չեն տվել օգնել ագարակում, ինչի արդյունքում նա շատ ազատ ժամանակ է ունեցել։ Չնայած Ուիթիերը բավականին համեստ կրթություն է ստացել, նա մեծ հետաքրքրությամբ է կարդացել իր հոր քվակերության վերաբերյալ գրքերը, որոնք ի վերջո հիմք են դրել նրա աշխարհայացքի համար։ Գրքերից նա իմացել է մարդասիրության, կարեկցանքի և սոցիալական պատասխանատվության մասին։

Վաղ պատանեկության տարիներին Ջոնը տարվել է պոեզիայով և սկսել է բանաստեղծություններ գրել։ Սակայն առաջին հրապարակումը տեղի է ունեցել առանց նրա իմացության. Ջոնի քույրը եղբոր The Exile's Departure բանաստեղծությունն ուղարկել է «Նյուբերիպորտ ֆրի Փրես» (Newburyport Free Press) թերթին, որի խմբագիրն է եղել Ուիլյամ Լլոյդ Հարիսոնը։ Բանաստեղծությունը հրապարակվել է 1826 թվականի հունիսի 8-ին։ Հարիսոնը, տեղացի մեկ այլ խմբագրի հետ, Ուիթիերին համոզել է ընդունվել վերջերս բացված Հեյվերհիլի ակադեմիա։ Դպրոցի համար բավականաչափ գումար վաստակելու համար Ուիթիերը որոշ ժամանակով դարձել է կոշկակար։ Դա թույլ է տվել վճարել ուսուցման մի մասը, իսկ մթերքներով մատակարարվել է ագարակից։ Նրա երկրորդ վաստակը եղել է ուսուցչի աշխատանքը Մերիմակ փոքր դպրոցում (Մասաչուսեթս)։ Ուիթիերը սովորել է Հեյվերհիլի ակադեմիայում 1827-1828 թվականներին։

Հարիսոնը Բոստոնի National Philanthropist շաբաթաթերթում աշխատանքի է տեղավորել Ուիթյերին։ Կառավարման փոփոխություններից կարճ ժամանակ անց Հարիսոնը նրան տեղափոխել է Բոստոնի American Manufacturer շաբաթաթերթի խմբագրի տեղը։ Ուիթիերը դարձել է նախագահ Էնդրյու Ջեքսոնի անկեղծ քննադատը, իսկ 1830 թվականին արդեն գլխավորել է հայտնի «Նոր Անգլիայի ամենշաբաթյա ցուցադրությունը» (New England Weekly Review) հանդեսը Հարտֆորդում (Կոնեկտիկուտ)՝ Նոր Անգլիայի ազդեցիկ ամսագրերից մեկը։

Աբոլիցիոնիստական գործունեություն խմբագրել

1830-ական թվականներին Ուիթիերը հետաքրքրվել է քաղաքականությամբ, սակայն 25 տարեկան հասակում, Կոնգրեսի ընտրությունները տանուլ տալուց հետո, նյարդային խանգարում է ստացել և վերադարձել է տուն։ 1833 թվականը շրջադարձային է դարձել երիտասարդ Ուիթիերի համար։ Նա վերսկսել է իր նամակագրությունը Հարինսոնի հետ և ակտիվ աբոլիցիոնիստը երիտասարդ քվակերին ներգրավել է ստրկության դեմ պայքարի մեջ։

1833 թվականի Ուիթիերը հրապարակել է ստրկության դեմ իր առաջին պամֆլետը՝ «Արդարություն և նպատակահարմարություն» (Justice and Expediency)։ Իր կյանքի հաջորդող քսան տարիները նվիրել է ստրկության դեմ պայքարին։ Ուիթիերի առաջադրած ստրուկների անհապաղ ազատման պահանջը դուր չի եկել ոչ հյուսիսային, ոչ հարավային բիզնեսմեններին, ոչ ստրկավաճառներին, բայց դա ստրկության դեմ պայքարի գործում նրա նվիրվածության բաց և անկեղծ հայտարարագիր էր, այդ պայքարը նա համարում էր միակ ճշմարիտ և հասարակայնորեն անհրաժեշտ գործը։ Նա Ստրկության դեմ պայքարի ամերիկյան կազմակերպության հիմնադիրներից մեկն էր։ Նրա ստորագրությունը դրվել է 1833 թվականի ստրկության դեմ պայքարի հայտարարագրի տակ։ Հենց այդ հայտարարագրի ստորագրումն է նա համարում իր կյանքի ամենանշանակալի քայլը։

Քաղաքական գործչի նրա տաղանդը դարձրել է նրան հիանալի լոբբիստ։ Նրա ստրկության դեմ բացահայտորեն հանդես գալու պատրաստակամությունը և Կոնգրեսականներին աբոլիցիոնիստական շարժմանը միանալու կոչերն անգնահատելի են։ 1835-1838 թվականներին նա շատ է շրջագայել հյուսիսում՝ այցելելով կոնվենցիաներ, ապահովելով ձայներ, ելույթ ունենալով հանրության առջև և քաղաքական գործիչներին համոզելով կանգնել իր կողքին։ Իր շրջագայության ընթացքում Ուիթիերը բազմիցս դաժան հարձակումների է ենթարկվել ստրկատիրության հետևորդների կողմից, մի քանի անգամ ամբոխը քարկոծել է նրան և ստիպել փախչել քաղաքից։ 1838-1840 թվականներին Ֆիլադելֆիայում նա եղել է «The Pennsylvania Freeman»-ի (նախկինում հայտնի՝ որպես «National Enquirer») խմբագիրը՝ հյուսիսային մամուլի մարմիններից մեկը, որն ակտիվորեն հանդես է եկել ստրկության դեմ։ 1838 թվականի մայիսին խմբագրությունը տեղափոխվել է նորաբաց Փենսիլվանիա-հոլ՝ Հյուսիսային վեցերորդ փողոցում, որը շուտով հրկիզվել է ստրկության վերացման հակառակորդների ամբոխի կողմից։ Այս տարիներին Ուիթիերը շարունակել է բանաստեղծություններ գրել։ Նրանց մեծ մասն արտացոլում են ազատության և արդարության նրա իդեալները։

1830-ական թվականների վերջին աբոլիցիոնիստական շարժման մասնակիցների շրջանում արդեն չկար նախկին միասնությունը։ Ուիթիերը համոզված էր, որ էթիկական աշխատանքն առանց քաղաքական ջանքերի անօգուտ է։ Նա գիտեր, որ ամբողջական գործի հաջողությունը պահանջում է օրենսդրական փոփոխություններ, և ոչ թե միայն առաքինության կոչեր։ Սակայն Հարիսոնը չէր կիսում նրա համոզմունքները։ Դա պառակտում է առաջացրել, և 1839 թվականին Ուիթիերը դարձել է Ազատության կուսակցության հիմնադիրներից մեկը։ 1840 թվականին նա մասնակցել է Լոնդոնի ստրկության դեմ պայքարի համաշխարհային կոնվենցիային։ 1843 թվականին Ուիթիերը վստահորեն հռչակել է երիտասարդ կուսակցության հաղթանակը. «Ազատության կուսակցությունն այլևս էքսպերիմենտ չէ։ Սա էներգետիկ իրականություն է, որը․․․ ունի ուժեղ ազդեցություն»։

Սակայն Ուիթիերի ոչ բոլոր ծանոթներն էին նրա կողմից։ Այսպես, նա անօգուտ համոզել է Ռալֆ Ուալդո Էմերսոնին և Հենրի Լոնգֆելոին միանալ իր կուսակցությանը։ Մինչև 1844 թվականը նա խմբագրել է Middlesex Standard (Լոուել) և Essex Transcript (Էյմսբերի) ամսագրերը։ Լոուելում նա ծանոթացել է բանաստեղծուհի Լյուսի Լարկի հետ, որի հետ ընկերություն է արել միչև կյանքի վերջը։

1845 թվականին Ուիթիերը սկսել է աշխատել «Սև մարդը» էսսեի վրա, որում պատմում էր Ջոն Ֆաունթինի՝ ազատ սևամորթի մասին, ով բանտարկվել է Վիրջինիայում այն պատճառով, որ օգնել է ստրուկներին փախչել իրենց տերերից։ Ֆաունթինն ազատումից հետո եկել է Ուիթիերի մոտ, անհատապես շնորհակալություն հայտնելու, իր պատմության հրապարակման համար։

Այս տարիները Ուիթիերի համար դժվար էին։ Մշտական սթրեսը, խմբագրությունում աշխատանքի հետ կապված հուզումները, ամբոխի հետ բախումները հանգեցրել էին առողջության վատթարացմանը և հոգեբանական խանգարմանը։ Ուիթիերը գնացել է Էյմսբերիի իր տուն և այնտեղ մնացել իր ողջ կյանքի ընթացքում՝ դադարեցնելով իր ակտիվ մասնակցությունը ստրկության դեմ պայքարին։ Չնայած դրան, նա շարունակել է ենթադրել, որ աբոլիցիոնիստական աջակցություն ստանալու լավագույն միջոցն Ազատության կուսակցության քաղաքական գրավչությանն ընդլայնումն է։ Ուիթիերը համառորեն պնդել է կուսակցության հարթակին որոշակի հարցեր ավելացնել։ Ի վերջո, նա հասել է Ազատության կուսակցության վերակազմավորմանն ազատ հողի կուսակցության մեջ։ Շատերը կարծում են, որ Ուիթիերի ամենամեծ քաղաքական սխրանքն այն էր, որ նա 1850 թվականին համոզել էր Չարլզ Սամներին առաջադրվել ԱՄՆ Սենատում։

1847 թվականից ի վեր Ուիթիերը խմբագրել է The National Era-ն՝ Հյուսիսի ամենաազդեցիկ աբոլիցիոնիստական թերթերից մեկը, որը պատկանում էր Գամալիել Բեյլին։ Հաջորդ տասը տարիների ընթացքում նա հրատարակել է իր լավագույն ստեղծագործությունները՝ինչպես արձակի, այնպես էլ պոեզիայի։ Նա դարձավ իր կուսակցության բանաստեղծական մրցույթի դափնեկիր։ Նրա բանաստեղծությունները նկարագրում են ճնշման բոլոր տեսակները (ֆիզիկական, հոգևոր, տնտեսական)։ Ուիթիերի պոեզիան կոչ է անում ստրկության դեմ պայքարի գործում դիմել զգացմունքներին, այլ ոչ թե տրամաբանությանը։

Ուիթիերը երկու բանաստեղծություններ է թողարկել ստրկության դեմ. «Բանաստեղծություններ, որոնք գրվել են 1830 և 1838 թվականների միջև Միացյալ Նահանգներում ստրուկների ազատ արձակման հարցի շուրջ» և «Ազատության ձայներ» (1846 թվական)։ 1860-ի և 1864-ի նախագահական ընտրություններում նա երկու դեպքում էլ քվեարկել է Աբրահամ Լինքոլնի օգտին։

1865 թվականին ԱՄՆ սահմանադրության 13-րդ ուղղման ընդունումը ստրկությանը վերջ տվեց։ Դրանով ավարտվեց Ուիթիերի քաղաքական կարիերան։ Պոեզիայում նա անդրադարձավ այլ թեմաների։

Կյանքի հետագա տարիներ խմբագրել

Ջոն Գ. Ուիթիերը Atlantic Monthly ամսագրի հիմնադիրներից էր։

Նրա ամենահայտնի պոեմներից մեկը՝ «Ձյունածածկ» (Snow-Bound), առաջին անգամ հրապարակվել է 1866 թվականին։ Ուիթիերը զարմացած էր իր ստեղծման ֆինանսական հաջողությունից։ Առաջին հրատարակության վաճառքում նա վաստակել է 10 000 դոլար։

1867 թվականին Ուիթիերը խնդրել է Ջեյմս Թոմաս Վիլդին իր համար տոմս ստանալ Չարլզ Դիքենսի ընթերցանության համար Այս բրիտանացի հեղինակի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ։ Այդ իրադարձությունից հետո Ուիթիերն այսպես է գրել իր նամակում՝

«Հաջորդ օրն իմ աչքերը հիվանդ էին լարվածությունից։ Նրա ձայնը ոչ այնքան գեղեցիկ էր, որքան հատուկ ազդեցություն ուներ։ Նա հրաշալի դրամատուրգիա ունի ... Ես սիրում եմ նրան ավելին, քան ցանկացած սովորական ընթերցող»։

Կյանքի վերջին տարիներին Ուիթիերը շատ ժամանակ էր անցկացնում իր ընտանիքի հետ։ 1876-1892 թվականներին նա ապրել է Օուք Նոլլում՝ Մասաչուսեթս նահանգի Դենվերս քաղաքի իր զարմիկների տանը։ 1892 թվականի ամառը նա անցկացրել է մեկ այլ զարմիկի տանը՝ Նյու Հեմփշիր նահանգի Համփթոն Ֆոլսում, որտեղ գրել է իր վերջին բանաստեղծությունը (հարգանքի տուրք Օլիվեր Ուենդել Հոլմսին)։ Պահպանվել է այդ ժամանակաշրջանի լուսանկարը։ Նա մահացել է Համփթոն Ֆոլսում 1892 թվականի սեպտեմբերի 7-ին և թաղվել Է Մասաչուսեթսի նահանգի Էյմսբերիում։

Պոեզիա խմբագրել

Ուիթիերի առաջին գրքերն են դարձել «Նոր Անգլիայի լեգենդները» (1831), ինչպես նաև «Մոլ Փիթչեր» պոեմը (1832)։

1833 թվականին նա հրատարակել է The Song of the Vermonters, 1779, որն անանուն ուղարկվել է The New England Magazine: Բանաստեղծությունը սխալմամբ վերագրվել է Իթան Ալլենին, և միայն վաթսուն տարի անց սխալը շտկվել է։

Ուիթիերի պոեզիան տոգորված է քվակերության գաղափարներով։ Բանաստեղծը կոչ է անում արդարություն, դիմում է խղճի ու կարեկցանքի։ Դա լավ երևում է նրա այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսիք են` «Ուղերձ Մասաչուսեթսից Վիրջինիա» (Massachusetts to Virginia, 1843) և «Իկաբոդ» (Ichabod, 1850):

Զ. Վենգերովի խոսքերով, Ուիթիերի պոեզիան հիշեցնում է Վորդսվորթին, որի դպրոցին նա պատկանում է։ Նրա բանաստեղծական գործունեության սկզբնական շրջանի լավագույն ստեղծագործություններից են The Slave Ships պոեմները՝ ստրուկների սառը դաժանության և Farewell-ի` մոր հրաժեշտը վաճառված դստեր հետ։

1846 թվականին բանաստեղծը հրատարակել է աբոլիցիոնիստական բանաստեղծությունների «Ազատության ձայներ» ժողովածուն (Voices Of Freedom)։ Ուիթիերի գլխավոր աշխատանքներից մեկը «Ձյունածածկ» պոեմն է (Snow-Bound, 1866), որում պատմվում է նորանգլիական ընտանիքի մասին, որոնց տանը երեք օր դաժան փոթորիկ էր։ Հավաքվելով բուխարու մոտ՝ ընտանիքի անդամները միմյանց հետ կիսվում են պատմություններով։

Ուիթիերը նաև գրել է մի շարք արձակ ստեղծագործություններ, որոնցից առավել հայտնի է «Մարգարետ Սմիթի օրագրից էջեր» վեպը, (Leaves from Margaret Smith’s Journal in the Province of Massachusetts Bay, 1849):

Հայտնի են նրա «Բարբարա Ֆրիչի» և «Ոտաբոբիկ տղան» բանաստեղծությունները։

Նրա մի շարք բանաստեղծություններ վերածվել են օրհներգերի, այդ թվում՝ «Սիրելի Տեր» (որում առավել պարզ երևում է հեղինակի քվակերտությունը) և «Մարդկության Հայրը»` նրա «Սոմայի գարեջրագործությունը» պոեմից։

«Դեպի Ռենգե» բանաստեղծությունը նվիրված է գերմանացի կրոնական գործիչ և 1848 թվականի հեղափոխության ապստամբական առաջնորդ Յոհաննես Ռոնջին։

Ներկայացնում է Ուիթիերի «Պորտ Ռոյալ, 1861» բանաստեղծությունը և հետաքրքրությունը։ Սա պատմություն է Հարավային Կարոլինայից Պորտ Ռոյալ ժամանող հյուսիսային աբոլիցիոնիստների մասին, որոնք ներկայանում են, որպես ուսուցիչներ և միսիոներներ ստրուկների համար, ովքեր մնացել են իրենց տերերին փախչելուց հետո, վախենալով Դաշնակից նավատորմի ժամանումից։ Բանաստեղծությունը ներառում է «Նեգրական նավակների մասին երգը», որը գրվել է բարբառով։

Քաղաքացիական պատերազմին նվիրված բոլոր բանաստեղծություններից «Նեգրական նավակների մասին երգը» ամենահայտնի երգերից մեկն է։ Չնայած նրան, որ Ուիթիերը երբեք չի այցելել Պորտ Ռոյալ, հյուսիսային աբոլիցիոնիստներից մեկը «Երգը...» անվանել է «հիանալի նկարագրություն այն մասին, ինչ տեղի էր ունենում Հիլթոն Հեդ Հարբորում»։

Քննադատություն խմբագրել

Նաթանիել Հոթորնն այսպես է արձագանքել Ուիթիերի Literary Recreations and Miscellanies (1854) գրքին. «Ուիթիերի գիրքը վատ նյութ է։ Ինձ դուր է գալիս այդ մարդը, բայց ես բարձր կարծիք չունեմ ոչ նրա պոեզիայի, ոչ նրա արձակի մասին»։

Խմբագիր Ջորջ Ռիփլին, սակայն, գրել է, որ Ուիթիերի բանաստեղծությունները թարմացնող են և ասում են, որ դա «վեհաշուք ճշգրտման շարժումը, պատկերների վեհությունը, ապրել է նուրբ և հանդիսավոր պաթոս, ուրախ վստահությունը», և որ նրանք ունեն «մաքուր և ազնիվ բնույթ»։ Բոստոնի քննադատ Էդվին Պերսին Վիպլը նշել է Ուիթիերի բարոյական և էթիկական տոնը, որը խառնվում է անկեղծ զգացմունքների հետ։ Նա գրել է. «Կարդալով այս վերջին հատորը, ես զգում եմ, որ իմ հոգին լոգանք է ընդունել սուրբ ջրով»։

Ավելի ուշ որոշ գիտնականներ և քննադատներ կասկածի տակ են դրել Ուիթիերի պոեզիայի խորությունը։ Նրանցից մեկը Կարլ Քելլերն էր, ով նշում էր. «Ուիթիերը սիրո գրող էր, բայց ոչ պայքարի»։

Հիշատակ խմբագրել

Ուիթիերը միշտ աջակցել է կին գրողներին, այդ թվում՝ Ալիս Քերին, Ֆիբի Քերին, Սառա Օրնե Ջուեթին, Լյուսի Լարքին և Սելիա Թաքսերին։ Նա մեծ ազդեցություն է ունեցել Ջուեթի արձակ ստեղծագործությունների վրա, որի հետ նա կիսել է հավատը գրականության բարոյական որակի և Նոր Անգլիայի բանահյուսության նկատմամբ։ Ջուեթն իր գրքերից մեկը նվիրել է նրան և մի քանի կերպարներ վերցրել Ուիթիերի շրջապատից։

Ուիթիերների ընտանեկան ագարակը, որը հայտնի է՝ որպես «Ջոն Գրինլիֆ Ուիթիերի կալվածք», կամ պարզապես «Ուիթիերի ծննդյան վայր», այժմ պատմական տեսարժան վայր է։ Այն բաց է հանրության համար։ Ուիթիերի ավելի ուշ բնակության վայրն Էյմսբերիում, որտեղ նա ապրել է 56 տարի, նույնպես ազատ մուտք ունի հանրության համար և այժմ հայտնի է՝ որպես «Ջոն Գրինլիֆ Ուիթիերի տուն»։ Ուիթիերի հայրենի քաղաքում՝ Հեյվերհիլում, բազմաթիվ շենքեր և տեսարժան վայրեր անվանվել են նրա պատվին, ներառյալ Ուիթիերի անվան միջնակարգ դպրոցը, Գրինլիֆի տարրական դպրոցը և Ուիթիերի տարածաշրջանային մասնագիտական տեխնիկական ավագ դպրոցը։ Ամբողջ երկրում բազմաթիվ դպրոցներ նույնպես կրում են նրա անունը։

Ջոն Գրինլիֆ Ուիթիերի կամուրջը, որը կառուցվել է Սագամորի և Բորն կամրջի ոճով, ընկած է Մերիմակ գետի վրա։ Նյու Հեմփշիր նահանգի Օսիփ քաղաքում գտնվող Բիարմների գետի վրա գտնվող Փակ կամուրջը նույնպես անվանվել է Ուիթիերի պատվին։

Ուիթիեր քաղաքը նույնպոս անվանվել է բանաստեղծի պատվին։ Նրա անունը կրում է նաև Այովա նահանգի Ուիթիեր համայնքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 https://mormonarts.lib.byu.edu/people/john-greenleaf-whittier/
  5. Венгерова, Зинаида Афанасьевна (1890–1907). «Витьер, Джон Гринлиф». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Pickard T. Samuel, Life and Letters of John Greenleaf Whittier , Haskell House Publishers, New York , 1907 , SBN 8383-0191-6

Գրականություն խմբագրել

  • Pickard, John B. John Greenleaf Whittier: An Introduction and Interpretation. — New York: Barnes & Noble, Inc., 1961.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Գրինլիֆ Ուիթիեր» հոդվածին։