Գևորգ Գրիգորյան Եվանգուլյան

Գևորգ Գրիգորյան Եվանգուլյան (ց) (1843, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 11, 1902(1902-09-11), Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայազգի հասարակական, պետական գործիչ, հրապարակագիր, Թիֆլիսի քաղաքագլուխ[1]։

Գևորգ Գրիգորյան
Եվանգուլյան(ց)
Թիֆլիսի քաղաքագլուխ
Հոկտեմբերի 6 1897 - սեպտեմբերի 16 1901
Նախորդող Պողոս Ալեքսանդրյան Իզմայիլյան
Հաջորդող Ալեքսանդր Արղության - Երկայնաբազուկ
 
Կրթություն՝ Թիֆլիսի 1-ին գիմնազիա
Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճան՝ Իրավաբանության թեկնածու
Մասնագիտություն՝ հասարակական գործիչ և պետական գործիչ
Ծննդյան օր 1843
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանի օր սեպտեմբերի 11, 1902(1902-09-11)
Վախճանի վայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Թաղված Խոջիվանք

Կենսագրություն խմբագրել

1863 թվականին ավարտել է Թիֆլիսի 1-ին գիմնազիան։ Այնուհետև ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում և հասել իրավաբանական թեկնածուի աստիճանի։ Եղել է պատմաբան Գ. Եզովի աշակերտն ու ընկերը[1]։

Պատանեկան տարիներին Գ. Եվանգուլյանը իր դերասանական խաղով մասնակցել է նաև թատերական ներկայացումների՝ արժանանալով գովեստի[1][2][3]։

1864 թվականից աշխատակցել է հայկական պարբերականների, հատկապես՝ «Մշակին»։ «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթում, ի պաշտպանություն Չերնիշևսկու, հանդես է եկել Պալասանյանի դեմ։ 1867 թվականին վերադարձել է Թիֆլիս և աշխատանքի անցել որպես դատական քննիչ, հաշտարար դատավորի օգնական։ Այնուհետև ստանձնել է դատախազի օգնականի պաշտոն։ 1876 թվականից աշխատանքի է անցել փոխարքայի գլխավոր կառավարության դեպարտամենտում։ Զուգահեռաբար Գ. Եվանգուլյանը ընդգրկված էր նաև Ներսիսյան (1878 թ) և Գայանյան դպրոցների հոգաբարձության կազմում։ Նպաստել է Էրզրումի Սանասարյան վարժարանի գործունեությանը[4]։ 1882 թվականին ընտրվել է դատական դեպարտամենտի անդամ[1]։

1883 թվականին Գ. Եվանգուլյանը թողնում է պետական ծառայությունն ու սկսում է աշխատել որպես փաստաբան։ Կարճ ժամանակում նոր աշխատանքային գործունեության ոլորտում մեծ համբավ է ձեռք բերում[4]։ Աշխատել է նաև Թիֆլիսի վարկի ընկերությունում[1][5]։

1884 թվականին Վանքի մայր տաճարի վերանորոգման աշխատանքների իրականացմանը հետևող հանձնախմբի կազմակերպչական խմբի անդամ է ընտրվել[1]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

1870 թվականին Գ. Եվանգուլյանը ընտրվում է Թիֆլիսի քաղաքային խորհրդի անդամ, իսկ այնուհետև բազմիցս վերընտրվում է այդ պաշտոնում[1][6]։

1897 թվականի հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած Թիֆլիսի քաղաքագլխի ընտրությունների ժամանակ Գ.Եվանգուլյանը 38 կողմ 34 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է քաղաքագլուխ՝ առաջ անցնելով Գ. Թումանյանցին[7]։ Որոշակի հանգամանքների հետևանքով Գ. Եվանգուլյանի հաստատումը տեղի է ունենում միայն 1898 թվականի փետրվարի 11-ին[1][7]։

1898 թվականի վերջին Կովկասի քաղաքական մասի կառավարիչ և ռազմական օկրուգի հրամանատար, մոլի միապետական և ռեակցիոներ Գ.Գոլիցինը ձերբակալում և դատական գործ է հարուցում ինչպես Գ. Եվանգուլյանի, այնպես էլ խորհրդարանի առավել հայտնի դեմքերի նկատմամբ։ Որոշ ժամանակ անց դատարանը բոլորին էլ արդարացնում է[1][8][9][10]։

Գ. Եվանգուլյանի պաշտոնավարումը տևել է մինչև 1901 թվականի սեպտեմբերի 16-ը։ Պաշտոնավարման վերջին ժամանակներում նրա առողջական վիճակը ծանր էր, բայց ամբողջությամբ կատարում էր իր աշխատանքային պարտականությունները[1]։

Պաշտոնավարության ընթացքում Գ. Եվանգուլյանը իրականացնում է հսկայական աշխատանք Թիֆլիսի ազգաբնակչության համար։ Նրա ջանքերով է իրականացվում քաղաքի էլեկտրական լուսավորությունը, ինչպես նաև այլ կարևորագույն գործեր[1][11]։

Հասարակական գործունեություն խմբագրել

Ընդունելով վրաց եկեղեցու պատրիարք Ֆլավիանի խնդրանքը՝ Գ. Եվանգուլյանը 1899 թվականի ապրիլին կոչով դիմում է հայ մեծահարուստներին, որպեսզի դրամական օգնություն ցուցաբերեն վրաց մայր եկեղեցու՝ Սվետիսցխովելի տաճարի նորոգման համար։ Կարճ ժամանակահատվածում հավաքվում է անհրաժեշտ գումարը[1][12]։

1900 թվականի հունիսի 15-ին առաջնորդանիստ վանքի բակում Ղուկասյան թանգարանի կառուցման գործին նպաստելու համար Ամենայն Հայոց Մկրտիչ կաթողիկոսը, ի շնորհակալություն կատարած ներդրումների, Գ. Եվանգուլյանին է ուղղել հայրապետական օրհնությունը[13]։ Նա նաև մինչև իր կյանքի վերջը ընդգրկված է եղել թանգարանի վարչության կազմում[1][14]։

Նրա պաշտոնավարության ընթացքում՝ 1910 թվականի ապրիլի 10-ին, Թիֆլիսում բացվել է քանդակագործության և գեղանկարչության առաջին դպրոցը[1][15]։

Մահը և հիշատակը խմբագրել

Գևորգ Եվանգուլյանը վախճանվել է 1901 թվականի սեպտեմբերի 16-ի երեկոյան Հերակլի բաղնիքում։ Նրա մահը մեծ հոգեբանական ազդեցություն է թողել Թիֆլիսի ազգաբնակչության վրա[1]։

Թաղված է եղել Թիֆլիսի հայկական Խոջիվանքի գերեզմանատանը։ Ներկայումս գերեզմանը ոչնչացված է[1][16]։

Ի հիշատակ հանգուցյալ քաղաքագլխի՝ 1902 թվականին Կովկասի քաղաքացիական մասի կառավարիչը հաստատել է Քաղաքային խորհրդի որոշումը, համաձայն որի՝ Թիֆլիսի Տեատրալնայա փողոցը պետք է անվանակոչվի Եվանգուլսկայա[1][17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.)
  2. Գրիգորյան Զաք., Յիշողութիւններ. Հայոց թատրոն Թիֆլիսում 1859-1860 թթ.,
  3. «Հովիւ» 1909, N 46, էջ 732։
  4. 4,0 4,1 «Մուրճ» 1901, N 9, էջ 251։
  5. «Տարազ» 1901, N 36, էջ 353։
  6. “Новое Обозрение”, 1891, N2425, ст. 1.
  7. 7,0 7,1 «Նոր-Դար» 1898, N25, էջ 1։
  8. Туманов Г.М., Характеристики и воспоминания, книга первая, Тифлис, 1913, ст. 73.
  9. «Բիւզանդիոն» 1901, մայիսի 16, N 1406:
  10. Кавказское Слово, 1914, N 71, ст.2.
  11. «Տարազ», 1899, N 25, էջ 595։
  12. Կարապետյան Ս., Հայերը և Մցխեթի տաճարը, «Հայոց աշխարհ», 1999, N 101:
  13. «Լումայ», 1901, գիրք Ա, էջ 348։
  14. «Լումայ», 1902, N 5, էջ 266։
  15. “Кавказский Календарь на 1913 г.”, Тифлис, 1912, ст. 170.
  16. «ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ - Թբիլիսիի քաղաքագլուխները», Ալիք օրաթերթ 2013թ.:(չաշխատող հղում)
  17. “Тифлисский Листок”, 1902, N 9.