Բացել գլխավոր ցանկը
Պարարտանյութեր տարածող մեքենա

Պարարտանյութեր, օրգանական, անօրգանական (հանքային) և կենսաբանական (հիմնականում բակտերիալ) նյութեր են, որոնք օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարելավում սննդային, ջրային, ջերմային և օդային ռեժիմները, ֆիզիկական, քիմիական ու կենսաբանական հատկությունները, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերի արդյունավետությունը կախված է մշակաբույսերի կենսաբանական առանձնահատկություններից, հողում սննդատարրերի պարունակությունից, խոնավությունից, հողի լուծույթի ռեակցիայից և այլն։ Պարարտանյութերը բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է։ Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Պարարտանյութերի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի ագրոքիմիական հատկություններից և պարարտացվող մշակաբույսի սննդառության առանձնահատկություններից։

Բովանդակություն

Պարարտանյութերի տեսակներԽմբագրել

 
Կոմպոստ օրգանական պարարտանյութից

Ըստ ազդեցության բնույթի՝ պարարտանյութերը լինում են ուղղակի (ներգործում են անմիջապես բույսի սննդային ռեժիմի վրա) և անուղղակի (բարելավում են հողի հատկությունները և կուտակում սննդանյութերը), ըստ բաղադրության՝ օրգանական և հանքային։

Օրգանական պարարտանյութերԽմբագրել

Օրգանական պարարտանյութերը պարունակում են բուսական կամ կենդանական ծագման սննդանյութեր, որոնց քայքայման ժամանակ մանրէների կենսագործունեության հետևանքով առաջանում են բույսերին մատչելի ազոտի, ֆոսֆորի, կալիումի, կալցիումի, ծծմբի և այլ տարրերի միացություններ։ Օրգանական պարարտանյութեր են գոմաղբը, բուսահողը, գոմաղբահեղուկը, թռչնաղբը, տորֆը, կոմպոստները և այլն։

ԳոմաղբԽմբագրել

Գոմաղբը երկարատև ազդեցության (հողի մեջ մտցնելուց հետո 3-5 տարվա ընթացքում) պարարտանյութ է։ Պարունակում է ազոտ, ֆոսֆոր, կալիում, կալցիում և միկրոտարրեր։ Բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա և ջրաթափանց։ Գոմաղբով պարարտացվում է այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը՝ աշնանը կամ գարնանը։

ԲուսահողԽմբագրել

 
Պարարտանյութերից վնասված տերև

Բուսահող ստանում են գոմաղբի և տարբեր բուսական մնացորդների (տերև, խոտ և այլն) քայքայումից։ Բուսանողը մյուս պարարտանյութերից տարբերվում է յուրացվող սննդանյութերի բարձր պարունակությամբ։

ԳոմաղբահեղուկԽմբագրել

Գոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է։ Բույսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1։5 հարաբերությամբ նոսրացված գոմաղբահեղուկ։

ԹռչնաղբԽմբագրել

Թռչնաղբը հեշտ յուրացվող հիմնական սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող պարարտանյութ է։ Օգտագործում են հիմնականում պարարտացման (բնական վիճակում), օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով։

ՏորֆԽմբագրել

Տորֆը պարունակում է զգալի քանակությամբ օրգանական նյութեր։ Որպես պարարտանյութ՝ պիտանի է չեզոք ռեակցիայով և մեծ քանակությամբ կալցիում պարունակող տորֆը։

ՏորֆագոմաղբԽմբագրել

Տորֆագոմաղբային կոմպոստը պատրաստում են տորֆի բոլոր տեսակներից, որոնց խոնավությունը չի գերազանցում 60%-ը։ Տորֆի և գոմաղբի հարաբերությունը 0,75։1 է։

ՏորֆաֆեկալԽմբագրել

 
Հորդառատ անձրևի հետևանքով պարարտանյութի արտահոսք

Տորֆաֆեկալային կոմպոստն արագ ներգործող պարարտանյութ է, պարունակում է ազոտ, ֆոսֆոր և կալիում։ Ֆեկալները տորֆի հետ կոմպոստացնելիս նվազում է ազոտի կորուստը, վերանում է տհաճ հոտը, ստացվում է սորուն, կիրառման համար հարմար պարարտանյութ։

Հանքային պարարտանյութերԽմբագրել

Հանքային պարարտանյութերը բույսերին անհրաժեշտ սննդատարրեր պարունակող անօրգանական նյութեր են, որոնք ներգործում են հողի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական հատկությունների և բույսերի սննդառության վրա։ Հողում ենթարկվում են զանազան փոխարկումների և դառնում բույսերին մատչելի։ Այդ փոխարկումների բնույթը և ինտենսիվությունը կախված են հողի հատկություններից և հանքային պարարտանյութի տեսակից։ Տարբերում են միակողմանի և համալիր ազդեցության հանքային պարարտանյութեր։ Միակողմանի ազդեցության պարարտանյութերը (ազոտական, ֆոսֆորական, կալիումական, միկրոպարարտանյութեր և այլն) պարունակում են 1, իսկ համալիրը (ամոֆոս, նիտրոֆոսկա, նիտրոամոֆոսկա)՝ 2 և ավելի սննդատարրեր։

Ազոտական պարարտանյութերԽմբագրել

Ազոտական պարարտանյութեր են ամոնիակային բորակը (ամոնիումի նիտրատ) պարունակում է 34-35% ազոտ։ Լավ լուծվում է ջրում և արագ ներգործում բույսերի վրա։ Նպաստում է հողի թթվեցմանը, ուստի նպատակահարմար է կիրառել կրացված հողերում։ Միզանյութը (կարբամիդ) պարունակում է 46% ազոտ։ Լավ լուծվում է ջրում, գործածվում է որպես հիմնական պարարտանյութ, ինչպես նաև արտարմատային լրացուցիչ սնուցման համար։ Ամոնիումի սուլֆատը պարունակում է 20,5-21% ազոտ, լուծվում է ջրում։ Լավ պահպանվում է հողում, ուստի այն որպես հիմնական պարարտանյութ հող են ներմուծում աշնանը, իսկ բույսերի վեգետացիայի շրջանում օգտագործում են նաև սնուցման ձևով։ Ամոնիումի սուլֆատը թթվեցնում է հողը, ուստի դրանով պարարտացնում են կրացված հողերը։

Ֆոսֆորական պարարտանյութերԽմբագրել

 
Ճահճացման հետևանքով ջրի ծաղկում

Ֆոսֆորական պարարտանյութեր են հասարակ սուպերֆոսֆատը, (կալցիումի երկհիդրոֆոսֆատի և կալցիումի սուլֆատի խառնուրդը) և կրկնակի սուպերֆոսֆատը (կալցիումի երկհիդրոֆոսֆատ), որոնք պարունակում են լուծվող ֆոսֆորական թթու։ Հատկապես արդյունավետ են հիմնային և չեզոք հողերում կիրառելիս։ Ֆոսֆորիտային ալյուրը դժվարալույծ փոշի է, պարունակում է 19-30% լուծվող ֆոսֆորական թթու։ Օգտագործվում է որպես հիմնական պարարտանյութ։

Կալիումական պարարտանյութԽմբագրել

Կալիումական պարարտանյութեր են կալիումի քլորիդը, որը պարունակում է մոտ 60% կալիումի օքսիդ։ Նպատակահարմար է հողին տալ աշնանը։ Կալիումական աղը կալիումի քլորիդի և սիլվինիտի (NaCl KCl) խառնուրդն է։ Պարունակում է 30-40% կալիումի օքսիդ։ Դրանով հողը պարարտացնում են աշնանը։

Կալիումի սուլֆատը պարունակում է 48% կալիումի օքսիդ, լուծվում է ջրում։

Կալիումի բորակը պարունակում է 44% կալիումի օքսիդ և 14% ազոտ։ Դյուրալույծ ազոտը չկորցնելու համար այն անպայման օգտագործում են գարնանը։ Մոխիրն արժեքավոր պարարտանյութ է. պարունակում է կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր և միկրոտարրեր։ Մոխրի մեջ կալիումի մեծ քանակությունը թույլ է տալիս այն օգտագործել հողի չեզոքացման համար։ Այն կիրառում են աշնանը և գարնանը։

Համալիր պարարտանյութերԽմբագրել

 
Աշխարհում մեթանի կոնցետրացիան 2005 թվականի տվյալներով

Համալիր պարարտանյութերը հողին տալիս են գարնանը՝ բույսերի վեգետացիայի շրջանում՝ որպես օժանդակ սնուցում։ Ամոֆոսը պարունակում է 44-52% յուրացվող ֆոսֆորական թթուներ և 10-11% ազոտ, նիտրոամոֆոսկան՝ 13-17% ազոտ, 17-19% ֆոսֆորական թթու և 17-19% կալիումի օքսիդ, նիտրոֆոսկան՝ 11% կալիումի օքսիդ։

ՄիկրոպարարտանյութերԽմբագրել

Միկրոպարարտանյութերը պարունակում են միկրոտարրեր՝ բոր, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն։ Կիրառվում են սերմերի նախացանքային մշակման, արտաարմատային և արմատային օժանդակ սնուցումների ժամանակ։

Կենսաբանական պարարտանյութեր կամ բիոպարարտանյութերԽմբագրել

Սրանք հողի կենսաբանական հատկությունները բարելավող, արժեքավոր բակտերիաներ պարունակող պատրաստուկներ են, որոնց կենսագործունեության արդյունքում կարգավորվում է բույսերի սննդառությունը: Հանդիսանում են անուղղակի ազդեցության պարարտանյութեր, քանի որ բույսերի համար սննդատարրեր չեն պարունակում, այլ պարունակում են կենդանի միկրոօրգանիզմներ, հիմնականում բակտերիաներ, որոնք հողում բազմանում են և կատարում մի շարք կարևոր գործառույթներ, որոնցից է մոլեկուլային ազոտի ֆիքսացիան, նիտրիֆիկացիան, ֆոտոսինթեզը, օրգանական նյութերի տարրալուծումը, պոտենցիալ բերրիության մատչելիացումը (սննդատարրերի մոբիլիզացիա) և այլն: Այս եղանակով հողը բնական ճանապարհով հարստանում է սննդատարրերով, ինչը միանշանակ ընդունելի է օրգանական երկրագործությունում: Պետք է նշել, որ բակտերիական պարարտանյութերի կիրառման արդյունավետությունը հիմնականում կախված է հողային պայմաններից: Այս պարարտանյութերի կիրառման արդյունավետությունը մեծանում է, երբ հողը օդաջրաթափանց է լինում, միջավայրը չեզոք կամ չեզոքին մոտ, խոնավությունը բավարար է բույսերի և միկրոօրգանիզմների գործունեության համար: Սկզբնական շրջանում գիտնականները առաջարկում էին բակտերիական պարարտանյութեր, որոնք պարունակում են միայն մեկ շտամ (միկրոօրգանիզմների գենետիկորեն միատեսակ գաղութ): Ներկայումս առաջարկվում է մեկ պատրաստուկի միջոցով հողը վարակել 5-10 տեսակ բակտերիաներով, ինչը անշուշտ, ավելի արդյունավետ է: Բակտերիական պարարտանյութերը կարող են լինել որոշակի մշակաբույսերի (նիտրագին), ինչպես նաև ընդհանուր կիրառման համար (Բայկալ ԷՄ-1, Ազոտովիտ, ՄՄ, Ֆոսֆազոտ, Ալքազոտ, Ֆոսֆոարմ և այլն): Վերջիններս պարունակում են տարբեր բակտերիաների շտամներ, ուստի կատարում են տարբեր ֆունկցիաներ: Բակտերիական պարարտանյութերը առանձնանում են նրանով, որ հանդիսանում են շրջակա միջավայրի պարտադիր բաղադրիչ, ուստի էկոլոգիապես մաքուր են և անվտանգ բոլոր տեսակի օրգանիզմների համար: Այս պարարտանյութերի կիրառման առանձնահատկությունն այն է, որ պահանջում է ճշգրիտ մոտեցում յուրաքանչյուր բակտերիական շտամի պահպանման և կիրառման ժամկետներին, պայմաններին: Արտադրվում են շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում, օրինակ` Նիտրագին, ՄՄ, Ազոտովիտ, Ազոցեովիտ 1-ը Ֆոսֆազոտ, Ալքազոտ, Ֆոսֆոարմ և այլն: Նշենք. որ բոլոր բակտերիական պարարտանյութերը կիրառվում են պարարտանյութի լուծույթով` ցանվող մշակաբույսի սերմերը թրջելով, հողը ջրելով (վարակելով): Յուրաքանչյուր պարարտանյութի կիրառման առանձնահատկությունները և ազդեցությունը հողում կենսաբանական ազոտի կուտակման և մշակաբույսերի բերքատվության վրա նշված են պիտակում:

Հանքային պարարտանյութերի չարաշահումը հանգեցնում է հողի, բնական և արհեստական ջրամբարների, մթնոլորտի աղտոտման, ուստի բնապահպանական տեսանկյունից առավել նպատակահարմար է օրգանական և կենսաբանական պարարտանյութի կիրառումը։

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։