Սուպերֆոսֆատ

քիմիական միացություն

Սուպերֆոսֆատ, առավել տարածված հանքային, ֆոսֆորական պարարտանյութ։ Հասարակ սուպերֆոսֆատը՝ կալցիումի երկհիդրոֆոսֆատի և կալցիումի սուլֆատի խառնուրդն է։ Սուպերֆոսֆատի մեջ ֆոսֆորը գտնվում է հիմնականում միատեղակալված կալցիումի ֆոսֆատի և ազատ ֆոսֆորակւսն թթվի ձևով։ Պարարտանյութը պարունակում է գիպս և այլ խառնուրդներ (երկաթի և ալյումինի ֆոսֆատներ, սիլիկահող, ֆտորի միացություններ)։ Սուպերֆոսֆատ ստանում են բնական ֆոսֆատներից (ապատիտ և ֆոսֆորիտ) կամ ապատիտային խտանյութից, դրանք մշակելով ծծմբական թթվով՝

Սուպերֆոսֆատ
Ca3(P04)2+2H2S04 = Ca(H2PO4)2+ + 2CaSO4։

Կրկնակի Սուպերֆոսֆատ ստանալու համար ապատիտը կամ ֆոսֆորիտը մշակում են ֆոսֆորական թթվով և ջրում լուծելի՝ կալցիումի երկհիդրոֆոսֆատ ստանում՝

Ca3(PO4)2 + 4H3PO4 = 3Ca(H2PO4)2

ԽՍՀՄ արդյունաբերությունը մշակում էր սուպերֆոսֆատի մի քանի տեսակ։ Հասարակ սուպերֆոսֆատը՝ մոխրագույն փոշի է, պարունակում է 14-19,5 % բույսերին մատչելի P2O5։ Հատիկավորված սուպերֆոսֆատ ստանում են հասարակ (փոշենման) սուպերֆոսֆատից, խոնավացնելով այն և պտտվող թմբուկներում հատիկավորելով (2-4 մմ տրամագծով)։ Կրկնակի սուպերֆոսֆատ պարունակում է 45-48 % բույսերին մատչելի P2O5, քիչ քանակով գիպս, թողարկվում է գլխավորապես հատիկների ձևով։ Ամոնիակացված սուպերֆոսֆատի բաղադրության մեջ բացի 14-19,5 % P2O5-ից կա նաև 1,6 %-ից ոչ պակաս ամոնիակ։ Մանգանացված սուպերֆոսֆատի մեջ՝ 1,5-2,5 % մանգան։ Բորացված սուպերֆոսֆատում՝ 0,1-0,3 % բոր։ Մոլիբդենային սուպերֆոսֆատում՝ 0,1 % մոլիբդեն։ Սուպերֆոսֆատը կիրառվում է բոլոր տիպի հողերի հիմնական, նախացանքային, ցանքակից (ավելի լավ է հատիկավոր սուպերֆոսֆատ) պարարտացման և սնուցման համար։ Հատկապես արդյունավետ է, երբ կիրառում են հիմնային և չեզոք հողերում։ Թթու հողերում պարարտանյութի ֆոսֆորական թթուն վերածվում է բույսի համար դժվարամատչելի ալյումինի և երկաթի ֆոսֆատների։ Այս դեպքում (հատկապես կրացված դաշտերում կիրառելիս)։ Սուպերֆոսֆատի ազդեցությունն ուժեղացնելու նպատակով, պարարտացնելուց առաջ, դրան խառնում են ֆոսֆորալյուր, կիր, կավիճ, բուսահող։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 197
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուպերֆոսֆատ» հոդվածին։