Շատենբուրգ ամրոց (գերմ.՝ Schattenburg), միջնադարյան ամրոց Ավստրիայի Ֆորարլբերգ նահանգի Ֆելդքիրխ քաղաքում։ Համարվում է Կենտրոնական Եվրոպայի միջնադարյան ամենապահպանված ամրոցներից մեկը[2][3][4][5][6][7][8]։

Շատենբուրգ ամրոց
գերմ.՝ Schattenburg
Նկարագրություն
Տեսակդղյակ և թանգարան
ՀասցեBurggasse 1[1]
Վարչական միավորՖելդքիրխ[1]
Երկիր Ավստրիա[1]
Կառուցված1200
ՊատվիրողԿոմս Հյուգո III ֆոն Տյուբինգեն
Կայքschattenburg.at
Քարտեզ
Քարտեզ
 Schattenburg Վիքիպահեստում

Ենթադրվում է, որ ամրոցի անվանումը միջին բարձրագույն գերմաներենից առաջացել է «schaten» անվանումից, որը թարգմանաբար նշանակում է «պաշտպանություն», «ամրություն»։ Ամրոցի գլխավոր նպատակը եղել է մոտակայքում գտնվող բնակավայրի, ինչպես նաև դեպի արևելք տանող առևտրային և ռազմական ճանապարհների պաշտպանությունը[4][5][6][7]։

Պատմություն խմբագրել

1188 թվականին կոմս Հյուգո III ֆոն Տյուբինգենը, ով մոտավորապես 1200 թվականից սկսեց իրեն անվանել Գուգո ֆոն Մոնֆորտ, իր նստավայրը Բրեգենցից տեղափոխեց ոչ վաղ անցյալում իր կողմից հիմնադրած Ֆելդքիրխ քաղաք։ Միաժամանակ քաղաքի վերևում հիմնադրվեց Շատենբուրգ ամրոցը, որը 14-րդ դարում աստիճանաբար դարձավ Ֆելդքիրխ շրջանի կենտրոնը և այդպիսով փոխարինեց Ալտ Մոնոֆորտ ամրոցին[4][5][6][7]։

1375 թվականին բուրգգրաֆ Ռուդոլֆ IV ֆոն Մոնոֆորտը Շատենբուրգ ամրոցն ու Ֆելդքիրխի տիրույթները վաճառում է Հաբսբուրգների տոհմի ներկայացուցիչ ավստրիացի դուքս Լեոպոլդ III-ին։ Ռուդոլֆի մահից հետո դքսությունը Հաբսբուրգների անունից ղեկավարում են ֆոգտերը[4][5][6][7]։

1405 թվականի աշնանը Ապենիցյան պատերազմի ժամանակ ֆոգտ կոմս Ֆրիդրիխի օրոք Շատենբուրգ ամրոցը պաշարվում է շվեյցարիացիների և Ֆելդքիրխի բնակիչների միացյալ ջոկատների կողմից։ 18 շաբաթվա պաշարումից և մշտապես հրետակոծությունից հետո ամրոցը կապիտուլացիայի է ենթարկվում և ամբողջությամբ այրվում։ Երկու տարի անց Շատենբուրգը վերականգնվում է, սակայն արդեն 1415 և 1417 թվականներին կրկին լուրջ վնասվում է թագավոր Սիգիզմունդ I-ի և Ֆրիդրիխ IV դքսի միջև տեղի ունեցած ռազմական հակամարտության հետևանքով[4][5][6][7]։

1417 թվականին Շատենբուրգը հանձնվում է կոմս Ֆրիդրիխ VII ֆոն Տոգենբուրգին, ով կատարում է նշանակալի փոփոխություններ։ Հենց նրա օրոք են կառուցվել այն երեք աշտարակները, որոնք մեր օրերում ձևավորում են ամրոցի ընդհանրական տեսքը։ 1436 թվականին Ֆրիդրիխ VII-ի մահից հետո ամրոցը կրկին հայտնվում է Հաբսբուրգների տիրույթներում[4][5][6][7]։

 
Ֆելդքիրխ քաղաքի համայնապատկերը, հեռվում երևում է Շատենբուրգ ամրոցը

15-րդ դարում ֆոգտ Յոհան ֆոն Կյոնիգսեգի օրոք և ավելի ուշ՝ 17-րդ դարում Շատենբուրգն էլ ավելի է ընդլայնվում և ամրացվում, որպեսզի պատրաստ լինի ավելի հզոր ժամանակակից հրանոթներին։ Ենթադրաբար, հենց այդ ամրացումները շվեյցարացիներին հնարավորություն չտվեցին երկրորդ անգամ գրավել և ավերել ամրոցը 1499 թվականի Շվաբիայի պատերազմի ընթացքում։ Շվեյցարական միության արշավանքների դեմ պայքարի ընթացքում Շատենբուրգը դառնում է կայսր Մաքսիմիլիան I-ի հենակետը[4][5][6][7]։

1647 թվականին ամրոցը, ինչպես և Ֆելդքիրխ քաղաքը Երեսնամյա պատերազմի շրջանակներում առանց մարտի գրավվում են շվեդական զորքերի կողմից։ Քաղաքի ավերումը հնարավոր է լինում կանխել միայն մեծաքանակ ռազմատուգանքի վճարման շնորհիվ։ Միևնույն ժամանակ Ֆրիդրիխը իր վրա պետք է շվեդամետ քաղաքականություն վարելու պարտականություն վերցներ։ Երեսնամյա պատերազմի ավարտից հետո Շատենբուրգ ամրոցը կորցնում է իր ռազմական նշանակությունը[4][5][6][7]։

1773 թվականին ֆոգտերը և շրջանի ղեկավարումը ամրոցից տեղափոխվեց քաղաքային նստավայր, ինչը հանգեցրեց ամբողջ ամրության աստիճանաբար անկման։ 1778-1825 թվականներին Շատենբուրգը օգտագործվում էր որպես բանտ, որն ուներ 6 բանտախուց և հարցաքննման մեկ սենյակ։ Միաժամանակ 1799, 1806 և 1812 թվականներին փորձ արվեց ամրոցը որպես շինանյութ վաճառել[4][5][6][7]։

Վերջիվերջո, 1825 թվականին Շատենբուրգը դարձավ Ֆելդքիրխ քաղաքի սեփականություն։ 1831-1850 թվականներին այն օգտագործվեց որպես զորանոց։ 19-րդ դարի երկրորդ կեսին ամրոցն օգտագործվում էր որպես ծերանոց և այդ կարգավիճակում մնալց ընդհուպ մինչև 1914 թվականը[4][5][6][7]։

Ֆելդքիրխի թանգարանային և համայնքային հասարակության ջանքերով 1916-1917 թվականներին ամրոցում տեղակայվում է Ֆելդքիրխի քաղաքային թանգարանը (անգլ.՝ Feldkircher Heimatmuseum), որը հանդիսանում է Ֆորարլբերգ նահանգում իր տեսակի մեջ ամենամեծը[4][5][6][7]։

Նացիոնալ-սոցիալիստական ժամանակաշրջանում, երբ Ավստրիան բռնակցվեց Երրորդ Ռեյխին, փորձ կատարվեց Շատենբուրգը վերակառուցել որպես «օրդենյան ամրոց» նոր «գաղափարապես մաքուր» էլիտայի դաստիարակման համար։ Այդ նախագիծը, այնուամենայնիվ, չիրականացավ[4][5][6][7]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ֆելդքիրխը, ինչպես և ամբողջ Ֆորարլբերգ նահանգը հայտնվեց ֆրանսիական օկուպացիոն գոտում, և ամրոցում որոշ ժամանակ տեղակայված էր ֆրանսիական զորքերի զորամաս։ 1953 թվականի նոյեմբերի 17-ին ամրոցը վերջնականապես տրվում է Ֆելդքիրխ քաղաքին, որի ներսում կրկին բացվում է թանգարան[4][5][6][7][9][10]։

Շատենբուրգ ամրոցի ներքին բակում, որը կարելի է դիտել նաև առանց թանգարան այցելելու, տեղակայված է տեղացիների և զբոսաշրջիկների շրջանում հայտնի ռեստորան[9][11][12]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Heimatpflege- Heimatpflege- und Museumsverein Feldkirch: Schattenburg Feldkirch. Schnell Kunstführer 2624, Verlag Schnell & Steiner, Регенсбург 2006.(գերմ.)
  3. Manfred A. Getzner: Burg und Dom zu Feldkirch: Neue Forschungen zur Geschichte der Schattenburg und der Dompfarrkirche St. Nikolaus. Schriftenreihe der Rheticus-Gesellschaft Bd. 50, Фельдкирх 2009 ISBN 978-3-902601-09-4.(գերմ.)
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 [Alois Niederstätter: Die Vorarlberger Burgen. Universitätsverlag Wagner, Innsbruck 2017, ISBN 978-3-7030-0953-2, S. 64–71.](գերմ.)
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Heimatpflege- Heimatpflege- und Museumsverein Feldkirch: Schattenburg Feldkirch. Schnell Kunstführer 2624, Verlag Schnell & Steiner, Regensburg 2006. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(գերմ.)
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 Manfred A. Getzner: Burg und Dom zu Feldkirch: Neue Forschungen zur Geschichte der Schattenburg und der Dompfarrkirche St. Nikolaus. Schriftenreihe der Rheticus-Gesellschaft Bd. 50, Feldkirch 2009.](գերմ.)
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 Andreas Ulmer: Schloss Feldkirch-Schattenburg: Ein geschichtlicher Ueberblick. Artikelserie im Feldkircher Anzeiger 1916.(գերմ.)
  8. Andreas Ulmer: Burg Alt-Montfort, Burg Neu-Montfort, Schloss Feldkirch-Schattenburg, Burg Tosters - Die Burgen und Edelsitze Vorarlbergs und Liechtensteins. Verlag Vorarlberger Verlagsanstalt, Dornbirn 1928.(գերմ.)
  9. 9,0 9,1 Շատենբուրգ թանգարան:(գերմ.)
  10. Schattenburg-Museum. Արխիվացված 2016-04-02 Wayback Machine(գերմ.)
  11. Շատենբուրգ ռեստորան: Արխիվացված 2017-09-14 Wayback Machine(գերմ.)
  12. Schlosswirtschaft. Արխիվացված 2016-05-03 Wayback Machine(գերմ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շատենբուրգ ամրոց» հոդվածին։