Նունե Ավետիսյան
Նունե Վաղարշակի Ավետիսյան (նոյեմբերի 5, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ասմունքող, հաղորդավարուհի։
Նունե Ավետիսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 5, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ և Մոսկվայի Օստանկինոյի անվան լրագրողների և հեռուստատեսության ռեժիսուրայի ինստիտուտ |
Մասնագիտություն | ասմունքող |
Ծնողներ | հայր՝ Վաղարշակ Սահակյան, մայր՝ Սիրվարդ Մեսրոպյան |
Ժողովրդական երգիչ Վաղարշակ Սահակյանի և ասմունքող Սիրվարդ Մեսրոպյանի դուստրն է։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1960 թվականի նոյեմբերի 5-ին, Երևանում։ 1966-1976 թվականներին սովորել է Երևանի Գայի անվան թիվ 129 դպրոցում։ 1977-1981 թվականներին ուսանել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ 1981 թվականին արժանացել է Սանկտ Պետերբուրգի Յախոնտովի անվան ասմունքողների մրցույթի առաջին դափնեկրի կոչման։ 23 տարեկանում նրան նկատել է Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսը։ Վեհափառի հրավերով Վեհարանում կազմակերպված ցերեկույթին կարդացել է արևմտահայ բանաստեղծների մի քանի ստեղծագործություն։ 1986-1988 թվականներին սովորել է Մոսկվայի Օստանկինոյի լրագրողների և հեռուստատեսության ռեժիսուրայի ինստիտուտում, որտեղ նրան դասավանդել է աշխարհահռչակ հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը: 1980-ական թվականներին աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսության ուսումնական խմբագրությունում։
1992 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ 1992 թվականից աշխատել է Հայ-թելե-ռադիոյում որպես հաղորդավար։ 1997 թվականին ամուսնու՝ Սողոմոն Ավետիսյանի հետ ստեղծել է «Բարև» հեռուստածրագիրը։ Բազմաթիվ հարցազրույցներ է ունեցել հայ և օտարազգի նշանավոր քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների հետ։ Գրական-մշակութային հոդվածներով պարբերաբար հանդես է եկել «Համայնապատկեր», «Նոր օր», «Ասպարեզ» հանդեսներում։ 2004 թվականին հրատարակել է «Վաղարշակ Սահակյան և Սիրվարդ Մեսրոպյան» ժողովածուն։ 2018 թվականին Լոս Անջելեսում հիմնել է «Բարև» մշակութային կենտրոնը և Նունե Ավետիսյանի անվան ասմունքի դպրոցը[1]։
Թողարկել է շուրջ 15 խտասալիկ, որոնցում ներառված են դասական և ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններ։ Ելույթներ է ունեցել Հայաստանում[2][3], Բոստոնում, Չիկագոյում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում և ԱՄՆ հայաշատ բազմաթիվ համայնքներում[4]։ Բազմաթիվ բարեգործական նախաձեռնություններ է իրականացրել արցախյան հերոսամարտի մասնակից զինվորների և վետերանների համար[5]։
Պարգևատրվել է ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների պալատի, Գլենդելի քաղաքապետարանի պատվոգրերով։
Թատրոն
խմբագրել- Վիկտոր Ռոզով - Երջանկություն որոնելիս - Տանյա / ռեժ.՝ Հ. Աշուղյան
- Էդուարդո դը Ֆիլիպո - Ծննդյան տոները Սինյոր Կուպելոյի տանը - Դոննա Կարմե/ ռեժ.՝ Զ. Տատինցյան
- Էժեն Լաբիշ - Միզանտրոպ - Պրյունետա / ռեժ.՝ Զ. Տատինցյան
Հեռուստաթատրոն
խմբագրելԶ. Սկարնաչչի, Ռ. Տարաբուզի - Հասարակության ծաղիկ Սինյոր Պապագատտո - Ֆյորելլա / ռեժ.՝ Ա. Աղայանց[6]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Գլենդելում բացվեց «Բարև» մշակութային կենտրոնը». asekose.am.
- ↑ «Հայ պոեզիայի յուրօրինակ հրավառություն | Գրական Թերթ». www.grakantert.am.
- ↑ «Խոսքի ժամանակը դեռ գալու է. Նունե Ավետիսյանի ասմունքի երեկոն».(չաշխատող հղում)
- ↑ «Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ` ԱՄՆ-ի տարբեր քաղաքաներում». www.7or.am.
- ↑ «Նունե Ավետիսյանը բարեգործական համերգներով կլինի Հայաստանում և Արցախում (ֆոտո)».
- ↑ Հասարակության ծաղիկ սինյոր Պապագատտոն