Նոճի մշտադալար

բույսերի տեսակ

Նոճի մշտադալար (լատին․՝ Cupressus sempervirens), նոճազգիների ընտանիքի, նոճիների ցեղի բույս։

Նոճի մշտադալար
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ասեղնատերևավորներ
Ընտանիք Նոճազգիներ
Ցեղ Նոճի
Տեսակ Նոճի մշտադալար
Լատիներեն անվանում
Cupressus sempervirens
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Նկարագրություն խմբագրել

Ծառեր են՝ 25-30 մ բարձրությամբ, 50-60 սմ բնի տրամագծով, համեմատաբար նուրբ, խիտ դասավորված ճյուղերով, որոնք առաջացնում են նեղ-գլանաձև կամ բրգաձև սաղարթ։ Բունը ուղիղ է, ծածկված նուրբ, կարմրադարչնագույն կեղևով, որը երկարությամբ ճաքեր է տալիս։ Ընձյուղները կլորավուն, 4 անկյունանի են, ձգված բոլոր ուղղություններով։ Փշատերևները մանր են' ձգված-ռոմբաձև, հազիվ նկատելի ատամնաեզրերով, մեջքի կողմում՝ ձվաձև խեժային գեղձով, մուգ կանաչ, համարյա իր ամբողջ երկարությամբ (կամ դրա մեծ մասով) սերտաճած ընձյուղի հետ, ամուր հպված դրան։ Արական հասկիկները նուրբ են, երկարավուն-գլանաձև, 5 - 10 մմ երկարությամբ, կազմված 10 - 12 զույգ առէջներից, որոնցից յուրաքանչյուրն ունի 4 - 5 փոշանոթներ, բացվում են փետրվար-ապրիլ ամիսներին։ Իգական հասկիկները կլորավուն են, 3 - 6 մմ տրամագծով։ Կոները, որոնք առաջին իսկ տարում մեծ չափերի են հասնում, դեռ մինչև լրիվ հասունանալը սովորաբար բացվում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, երկրորդ կամ երրորդ տարում։ Դրանք սկզբում կանաչ են, այնուհետև ստանում են փայլուն-շագանակագույն երանգ, կամ մոխրավուն գունավորում, կլոր են կամ մի փոքր երկարավուն, 2-3 սմ տրամագծով, կազմված են 8-12 թեփուկներից, որոնք 5- 6 անկյունանի են, անկանոն ձևի, ամուր հպված մեկը մյուսին, դրսից մի փոքր դուրս ցցված կամ տափակ, կենտրոնում՝ սրածայր կամ տափակ ելուստով։ Սերմերը 8-20-ական հատ են յուրաքանչյուր թեփուկի վրա, 5-7 մմ երկարությամբ, կարմրագորշավուն նեղ թևիկով։ Սկսում է պտղաբերել 4 տարեկան հասակից, որից հետո ամեն տարի առատորեն պտղաբերում է։ Ծլունակությունը պահպանում է 10 տարի։ Ծիլերն ունեն երկու շաքիլատերև։

Ունի երկու պարտիզային ձևեր.
F. horizontalis Mili. — նեղ գլանաձև կամ լայն բրգաձև սաղարթ ունի, բնից հորիզոնական ուղղությամբ հեռացող ճյուղերով։ Հայաստան է ներմուծված անհիշելի վաղ ժամանակներից։ Հանրապետության մերձարևադարձային շրջաններում հաջողությամբ է աճում ու զարգանում։
F. pyramidalis Targ. — աչքի է ընկնում նեղ-բրգաձև սաղարթով, ընդ որում ճյուղերը բնից հեռանում են թեքվելով դեպի վեր, համարյա հպվելով բնին, որից սաղարթը ամուր, խիտ տեսք է ստանում։ Ցանքի դեպքում սերմերի 50°/օ-ը տալիս է բրգաձև սաղարթ։ Հայաստանի մերձարևադարձային շրջաններում միանգամայն ցրտադիմացկուն է։

Աիյթալայի դենդրարիում 60 - 70 տարեկան բույսերը հասնում են մինչև 29 մ բարձրության և ունեն 30-40 սմ բնի տրամագիծ։ Ըստ բարձրության միջին տարեկան աճը կազմում է 24-31 սմ։ Ամեն տարի առատորեն պտղաբերում է, սերմերը ծլունակ են, սակայն ինքնացան չի տալիս։ Վնասատուներով և հիվանդություններով չի վարակվում։ Խիստ երաշտադիմացկուն է։ Դրանք ներկայումս պտղաբերում են և շատ լավ են աճում։ Բրգաձև այլատեսակի երիտասարդ բույսերը այստեղ ցրտահարվում են -12 °C սառնամանիքի դեպքում։ Մշտադալար նոճու միամյա սերմնաբույսերը խորհուրդ է տրվում վերատնկել դպրոցում՝ 40X40 սմ-անոց շարքերով։ Լավ խնամքի դեպքում 3-4 տարեկան տնկիները կարելի է վերատնկել իրենց հիմնական տեղում։ Լավ է տանում վերատնկումը։ Հողի նկատմամբ քչապահանջ է։ Հեշտությամբ է հարմարվում քարքարոտ, կրային միացություններով հարուստ հողերին։ Լավ է աճում չոր, ավազային, նույնիսկ թեթևակիորեն աղակալած հողերում։ Չափազանց լավ է աճում փխրուն, խոր, խոնավ հողերում։ Գերխոնավ հողերում երկարակյաց չէ և հեշտությամբ է տապալվում քամիներից։ Լավ է դիմանում քաղաքի յուրահատուկ պայմաններին։ Շատ լավ է տանում խուզումը։

Էկոլոգիական խումբը՝ III: Մշակության հավանական շրջանները 9. 20ա, 32։

Տարածվածություն խմբագրել

Բնական պայմաններում տարածված է Փոքր Ասիայում, Հյուսիսային Իրանում, Կրետե և Կիպրոս կղզիներում (Կիպրոսում հասնում է ծովի մակերևույթից մինչև 1000 մ բարձրության)։ Հայաստան է ներմուծված մի քանի հազարամյակ սրանից առաջ։ Հիշատակվում է նույնիսկ ուրարտական սեպագիր արձանագրություններում։

Լավ է աճում նաև Նոյեմբերյանի շրջանում՝ Նոյեմբերյանում, Կողբում, «Ջեյթուն» և «Հաղթանակ» սովխոզներում։ Ամենուրեք հիանալի է աճում և չի ցրտահարվում։ Մշակվում է նաև Մեղրիում, որտեղ 35 - 40 տարեկան ծառերը հասնում են մինչև 25 մ բարձրության և 30-35 սմ բնի տրամագիծ ունեն։ Մշտադալար նոճին իր երկու այլատեսակներով Իջևան է ներմուծվել 1963 թվականին «Ջեյթուն» սովխոզից։

Կիրառություն խմբագրել

Բնափայտը դեղնավարդագույն է, բնորոշ, սուր հոտով, տարեկան շերտերը լավ են երևում, խեժանցքեր չունեն, փափուկ է ու թեթև, մեխանիկական հատկություններով ավելի մոտ է սոճուն։ Օգտագործվում է կահույքի և ատաղձագործական իրեր պատրաստելու համար։ Կայուն է միջատների նկատմամբ։ Երիտասարդ ճյուղերից կարելի է ստանալ եթերային յուղ։ Արագ է աճում։ Ապրում է մինչև 2000 տարի։

Մշտադալար նոճու հատկապես բրգաձև այլատեսակը օժտված է չափազանց բարձր դեկորատիվ առանձնահատկություններով։ Սովորաբար օգտագործվում է ինչպես ծառուղիների, այնպես էլ փոքր խմբերով և որպես սոլիտեր տնկելու համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 86։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոճի մշտադալար» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոճի մշտադալար» հոդվածին։