Նիկողայոս Զորայան

հայ հրապարակախոս, տնտեսագետ

Զօրայան Նիկողայոս Մկրտչի (1821 թվական, Կոստանդնուպոլիս-30-ը նոյեմբեր 1859 թվական, Կոստանդնուպոլիս), հայ տնտեսագետ, հրապարակախոս, մանկավարժ։

Նիկողայոս Զորայան
Ծնվել է1821
Մահացել էնոյեմբերի 30, 1859(1859-11-30)
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ և հրապարակախոս

ԿրթությունԽմբագրել

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1834 թվականից, ուսումը թողնելով անավարտ, զբաղվել է ինքնակրթությամբ։ 17 տարեկանից թարգմանչի պաշտոն է վարել Կոստանդնուպոլսում, ապա Մանչեստրում (1843 թվական) և Փարիզում (1844—1848 թվականներ)։ Ուսումնասիրել է պատմություն, փիլիսոփայություն, տնտեսագիտություն։ Թղթակցել է «Բազմավեպ», «Մասիս», «Հայաստան» պարբերականներին։

ԱշխատություններԽմբագրել

1848 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս։ Գրել է տնտեսագիտական և մանկավարժական աշխատություններ, որոնցում զարգացրել է նաև մի շարք փիլիսոփայական դրույթներ, քննադատել է բնածին գաղափարների իդեալիստական տեսությունը, նշել զգայության և բանականության կապը։ Հակադրվել է կրոնին, ընդգծել բանականության դերը, որի համար, ըստ նրա, սահման և արգելք չկա։ Հետևելով ֆրանսիացի լուսավորիչների հայացքներին՝ Նիկողայոս Զորայանը նշել Է, որ մարդիկ ի ծնե հավասար են, ուստի հասարակությունը պետք է հոգա բոլորի մասին հավասարապես։ Քաղաքատնտեսության մի շարք կատեգորիաների ու խնդիրների ուսումնասիրությանն է նվիրված նրա «Քաղաքական տնտեսութեան վրայ տեղեկութիւններ» (1849 թվական) երկը, որը նոր երևույթ էր արևմտահայ տնտեսագիտական մտքի պատմության մեջ։ Նա քաղաքատնտեսությունը բնութագրում է որպես հարստության, արտադրության, բաշխման և սպառման օրենքներն ուսումնասիրող գիտություն։ Ապրանքային արտադրությունն ու նրա բնորոշ կատեգորիաները վերլուծելիս՝ Նիկողայոս Զորայանը հիմնականում առաջնորդվել է արժեքի աշխատանքային տեսությամբ և ձգտել տնտեսական տարբեր երևույթները բացատրել մեկ ընդհանուր օրենքով՝ արժեքի օրենքով։ Արժեքի սուբստանցը նա, ինչպես Ադամ Սմիթը և Դավիթ Ռիկարդոն, համարել է աշխատանքն ընդհանրապես՝ հասարակական հարաբերություններից մեկուսի։ Ապրանքի արտադրության համար ծախսված աշխատանքը դիտել է միայն քանակական տեսակետից։ Որպես արժեքի անհրաժեշտ տարրեր, առաջ է քաշել իրի оգտակարությունը, հազգվագյուտությունը, փոխադրելիությունը։ Հասարակական վերընթացը կապելով նյութական արտադրության, հատկապես մեքենական խոշոր արտադրության հետ՝ Նիկողայոս Զորայանը երազել է Արևմտյան Հայաստանը դուրս բերել դարավոր խավարի ու հետամնացության վիճակից, հասցնել եվրոպական զարգացած երկրների մակարդակին։

Իր ապրած ժամանակաշրջանի համար Նիկողայոս Զորայանի հայացքները, հակասականությամբ հանդերձ, առաջադիմական էին և հնչում էիև որպես բուրժուական հարաբերությունների հաստատման կոչ՝ ֆեոդալական, սուլթանական Թուրքիայի դժնդակ պայմաններում, ուր, սոցիալական հարստահարմանը զուգընթաց, այլադավանները (այդ թվում հայ ժողովուրդը) ենթարկվում էին ազգային հալածանքի։

ԱղբյուրներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 703