Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվինի եկեղեցական ժողով (այլ կիրառումներ)

Դվինի եկեղեցական ժողով 648 թվականին Մարզպանական Հայաստանի մայրաքաղաք Դվինում հայոց կաթողիկոս Ներսես Գ Տայեցու և Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունու օրոք ու նախաձեռնությամբ գումարված ժողով։ Ըստ Սեբեոսի, ժողովին մասնակցել են Հայոց բոլոր եպիսկոպոսներն ու նախարարները (նրանց անուններն ու թիվը չի նշվում)։

Դվինի կաթողիկե եկեղեցին

640-ական թվականներին, Հայաստանի վրա արաբական արշավանքների ժամանակ, Բյուզանդիան ձգտել է իր կողմը գրավել հայերին, «դավանական միության» առաջարկով պարտադրել քաղկեդոնականություն։ Բյուզանդական Կոստանդիանոս III կայսրը և Կոստանդնուպոլսի պատրիարքը նամակ են ուղարկել Հայոց կաթողիկոսին և Թեոդորոս Ռշտունի իշխանին՝ հորդորելով ընդունել քաղկեդոնական դավանանքը և վերջ տալ թշնամանքին։ Կաթողիկոսը և իշխանը Դվինի Ե ժողովը հրավիրել են նախ պատրաստելու կայսրին և պատրիարքին ուղարկվելիք պատասխանը, երկրորդ՝ կազմելու դավան. ձեռնարկ փաստական պատճառաբանությամբ, և երրորդ՝ իբրև ուղեցույց հավատի ձեռնարկ սահմանելու հայերի համար, որպեսզի պարզ լինի հայոց դավանությունը և նրա տարբերությունը հունականից։

Սեբեոսի (7-րդ դար) «Պատմությունից» չի երևում, որ ժողովում կազմած թուղթը ուղարկել են կայսրին։ Սակայն ընդարձակորեն բերված է դավան. ձեռնարկը։ Նրա ընդհանուր բովանդակությունը հայոց դավանության ամփոփումն է, որտեղ մասնավորապես շեշտվել է Քաղկեդոնի և Հայ եկեղեցու վարդապետությունների տարբերությունը։ Հեղինակները հիմնավորել են Հայ եկեղեցու դավանության ուղղափառությունը՝ համաձայն 3 տիեզերաժողովների(Նիկիայի-325 թվական,Եփեսոսի-381 թվական,Քաղկեդոնի-451 թվական) որոշումների։ Վերջում նզովել են բոլոր հերձվածողներին և քաղկեդոնականներին։ Ժողովը նզովել է նաև Հովհան Մայրավանեցու աշակերտ Սարգսի հերձվածը (հայտնի է Մայրագոմեցիների աղանդ անունով), բացատրել «Սուրբ Աստված» երգը «խաչեցարով» ասելու դավանական սկզբունքը։ Թղթում խոսվում է նաև երկրորդ անգամ ամուսնացողներին եռամյա ապաշխարությունից հետո հաղորդություն ընդունելու, իսկ երրորդ և չորրորդ անգամ ամուսնացողներին՝ եկեղեցու հաղորդությունից զրկելու կանոնների մասին։ Ժողովի որոշումները ստորագրել են հոգևորական և աշխարհական բոլոր ժողովականները, կնքել իրենց մատանիներով և հանձնել կաթողիկոսին՝ ի պահպանություն։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։