Նախամարդ
Նախամարդ
Նախամարդ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Պրիմատներ (Primates)
Ընտանիք Հոմինիդներ (Hominidae)
Ցեղ Homo
Տեսակ Նախամարդ (H. antecessor)
Միջազգային անվանում
Homo antecessor

Նախամարդ[1] կամ նախորդող մարդ[2] (լատ.՝ Homo antecessor), մարդկանց անդրջրհեղեղյան տեսակ, որը գոյություն է ունեցել 1.2 միլիոնից 800 հազար տարի առաջ: Հայտնի է Ատապուերկա լեռների պեղումների շնորհիվ: Homo antecessor-ը համարվում է Եվրոպայի հնագույն մարդատեսակը (ավելի հին է միայն Homo georgicus-ը, որը հայտնաբերվել է Վրաստանում՝ Դմանիսի սարահարթի մոտակայքում, նրա տարիքը հասնում է 1.7-1.8 միլիոն տարվա):

Տեղ էվոլյուցիոն շղթայումԽմբագրել

Մի շարք մարդաբանների կարծիքով՝ Homo antecessor-ները Հայդելբերգյան մարդկանց անմիջական նախնիներն են, բանական մարդու և նեանդերթալյան մարդու ընդհանուր նախնին: Homo georgicus-ի հետ ունեցած ընդհանրությունները թույլ են տալիս տեսնել նրա մեջ Homo erectus-ի հնամենի ենթատեսակը:

Արտաքին տեսքԽմբագրել

H. antecessor -ի գլուխը ուներ ժամանակակից մարդուն և նեանդերթալյան մարդկանց բնորոշ առանձնահատկություններ: Նրանք հաստ հոնքեր ունեին, երկար և ցածր գանգատուփ, զանգվածային ստորին ծնոտ` առանց կզակի, և խոշոր ատամներ, ինչպիսիք կային նեանդերթալյան մարդու մոտ: Դրան հակառակ` դեմքը համեմատաբար հարթ էր և առաջ եկած չէր, այսինքն` նման էր ժամանակակից մարդու դեմքին: Հասակը` 1.6-1.8 մ, հասուն տղամարդու քաշը` մոտավորապես 90 կգ, ուղեղի ծավալը` 1000 սմ³: Համաձայն Խուան Արսուագի, որը հենվում է տոմոգրաֆիական հետազոտությունների արդյունքների վրա, Homo antecessor-ը աջլիկ էր, ինչն առանձնացնում է նրան պրիմատ-նախնիների շարքից:

Բացահայտման պատմությունԽմբագրել

Առաջին անգամ ենթատեսակը նկարագրվել է 1997 թվականին` Իսպանիայի Ատապուերկա լեռներում 1994 թվականին հայտնաբերված անհայտ սեռի դեռահասի (10-12 տարեկան) մնացորդների հիման վրա: Գտածոյի տարիքը հասնում է 800.000 տարվա: Ատապուերկա լեռներում հին մարդիկ բավականին երկար են ապրել, և այնտեղ կուտակվել են կենդանիների մեծաքանակ կոտրատված ոսկորներ, որոնց նրանք օգտագործում էին որպես ուտելիք:

Հին աղբակույտերում բացի ձիերի, եղջերուների, ռնգեղջյուրների և այլ խոտակեր կենդանիների ոսկորներից գիտնականները հայտնաբերել են նաև մարդկային ոսկորներ: Նրանք բոլորը ակնհայտորեն կոտրատված և կրծված էին, ինչպես կենդանիների ոսկորները: Հետազոտողները ենթադրում են, որ ուտելիքի մնացորդների մեջ կա առնվազն 11 մարդ, ընդ որում` նրանք բոլորը երեխաներ կամ դեռահասներ էին:

Խոսե Մարիա Բերմուդես դե Կաստրոն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի «Ատապուերկա» ծրագրի ղեկավարը, ասում է, որ դատելով ամեն ինչից` նախամարդիկ ուտելիքի պակաս չեն ունեցել: Այն ժամանակներում քարանձավների տեղանքը պտղատու էր, հարուստ էր խոտակեր կենդանիներով, որոնք նախամարդկանց որսն էին: Քարանձավների աղբակույտների պարունակությունը նույնպես չի վկայում քաղցի մասին: Թե ինչն է ստիպել ուտել իրենց նմաններիին, այն էլ` երեխաներին, հասկանալի չէ: Այն նման չէ ծիսական կանիբալիզմի. ծիսակատարությունից հետո դժվար թե ոսկորները գցեին ընդհանուր աղբակույտ: Հնարավոր է, որ Ատապուերկա լեռների բնակիչները ուտում էին իրենց հարևաններին այլ քարանձավներից, որոնց վերցրել էին հարձակման ժամանակ: 2007 թվականին Սիմա դելյ էլեֆանտե (իսպ.՝ Sierra de Atapuerca) քարանձավում Էուդալդ Կարբոնելի արշավանքի ժամանակ հայտնաբերվել են վերոնշյալ մարդկանց տիպի նոր մնացորդներ[3]:

Գտածոն ներկայացված է 30-40 տարեկան կնոջ ծնոտի տեսքով[4] և թվագրվում է 1,1-1,2 միլիոն տարվա վաղեմության: Սիմա դելյ Էլեֆանտեի քարանձավային նստվածքներում առանձնացվում են 13 հաջորդական շերտ: Մարդու առկայության հետքերը հայտնաբերվել են ներքևից երրորդ շերտում`քարանձավի քարե հատակից մոտավորապես 4 մետր հեռավորության վրա: Մի շերտում մարդկային ծնոտի հետ հայտնաբերվել են նաև տարատեսակ մանր կաթնասունների ոսկորներ, այդ թվում` մկանման կրծողներ և կունյի ընտանիքից մի շարք գիշատիչներ: Ստորին ծնոտի միակ կոտրվածքի պատճառով դժվար է միանշանակ որոշել գտածոյի տիպային պատկանելությունը:

Ըստ կազմաբանական մի շարք հատկանիշների` ծնոտը հիշեցնում է Homo erectus-ի և նույնիսկ ավելի նախնադարյան` Homo georgicus-ի ներկայացուցչի: Նախնադարյան մարդու բրածո ատամը` TD6 բլոկից, Գրան-Դոլինա Սյերրա-դե-Արապուերկե հնագիտական հուշարձանում թվագրվում է 772 000-949 000 տարվա վաղեմության[5]:

2010 թվականին Անգլիայում հայտնաբերվել են գործիքներ և մնացորդներ (950 000 տարեկան), որոնք թույլ են տալիս ենթադրել, որ Homo antecessor-ը Հյուսիսային Եվրոպայում բնակված ամենահին մարդն է[6]: 2013 թվականի մայիսին ծովով ողողված Հեյսբորո ափի մոտ (Նորֆոլկ, Անգլիա) հայտաբերվել են մարդկային ոտքերի հետքեր[7]: Դրանք Աֆրիկայի սահմաններից դուրս հայտնաբերված ամենահին ոտնահետքերն են (տարիք՝ 850 000-950 000 տարի), և, հնարավոր է՝ կապված են Homo antecessor-ի հետ[8]:

Ատամնաքարի ուսումնասիրությունը հնարավորություն է տվել պարզել, որ հին մարդիկ ուտելիքի մեջ օգտագործել են հացազգի բույսեր (ինչի մասին վկայում են օսլայի հատիկները) և միս[9][10][11], չեն օգտագործել կրակ[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Նախամարդիկ, նեանդերտալացիների նախնիները
  2. Атапуэрка / А. А. Зубов // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 438. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3.
  3. В Испании найдены останки древнейших обитателей Европы
  4. Найдены останки первой европейской женщины
  5. First direct dating of Homo antecessor, 2018
  6. Ископаемые останки и инструменты также были обнаружены в Англии.
  7. Kennedy M. 850,000-year-old human footprints found in Norfolk. The Guardian. 7 февраля 2014.
  8. Ashton N., Lewis S. G., De Groote I., Duffy S. M., Bates M., et al. (2014) Hominin Footprints from Early Pleistocene Deposits at Happisburgh, UK. Public Library of Science 9(2): e88329. doi:10.1371/journal.pone.0088329.
  9. Karen Hardy et al. Diet and environment 1.2 million years ago revealed through analysis of dental calculus from Europe’s oldest hominin at Sima del Elefante, 15 December 2016.
  10. Древнейшие европейцы ели злаки и ковырялись в зубах, но не знали огня
  11. Во рту первого европейца нашли сломанную зубочистку
  12. Raw foodies: Europe’s earliest humans did not use fire. December 14, 2016.

Արտաքին հղումներԽմբագրել