Բացել գլխավոր ցանկը

Նազարեթ Տաղավարյան

հայ հասարակական գործիչ, հեղինակ, բժիշկ

Նագարեթ Նահապետի Տաղավարյան (իրական ազգանուն՝ Չատրճյան, դեկտեմբերի 25, 1862, Սեբաստիա - 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ հասարակական գործիչ, բնագետ, ման­կա­վարժ, բա­նա­սեր, խմբա­գիր, Օսմա­նյան խորհ­դար­նի ան­դամ, Ազ­գա­յին կենտ­րո­նա­կան վար­չու­թյան Քա­ղա­քա­կան ժո­ղո­վի ան­դամ, բժիշկ և գյուղատնտես։

Picto infobox med.png
Նազարեթ Տաղավարյան
արմտ. հայ.՝ Նագարեթ Նահապետի Չատրճեան
Նազարեթ Տաղավարյան.jpg
Նազարեթ Տաղավարյան
Ի ծնեՆազարեթ Չատրջյան
Ծնվել էդեկտեմբերի 25, 1862
ԾննդավայրԹուրքիա Սեբաստիա
Մահացել է1915
Մահվան վայրԹուրքիա Տիգրանակերտ
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
ՔաղաքացիությունԹուրքիա Թուրքիա
Ազգությունհայ
ԴավանանքՀայ առաքելական եկեղեցի
ԿրթությունՍորբոնի համալսարան,
Փարիզի համալսարանի
Մասնագիտությունբժիշկ
Կոչումբժշկագիտության դոկտոր
Գիտական աստիճանբժշկության դոկտոր

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1862 թվականի դեկտեմբերի 25-ին, Սեբաստիա քաղաքում, արհեստավորի ընտանիքում (հայրը՝ Նահապեհ Չատրճյան, մայրը՝ Մարիամ Չատրճյան)։ 1869-1878 թվականներին սովորել է Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասի Ամենափրկչյան և Կալաթա թաղամասի ազգային վարժարաններում։ 1878-1879 թվականներին սովորել է Փարիզի գործնական երկրագործության վարժարանում։ 1879-1881 թվականներին սովորել է է Ֆրանսիայի երկրագործական բարձրագույն ուսումնարանում և երկրագործության գյուղատնտես-ինժեների կոչում ստացել։ 1881-1883 թվականներին. հաճախել է նաև Ծառաբուծական և Այգեբանական վարժարաններ։ 1883 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս և աշխատանքի անցել երկրագործության նախարարությունում և նպատակ ունեցել եվրոպական նորագույն մեթոդները ներդնել Օսմանյան կայսրության երկրագործության մեջ։ Կարճ ժամանակ անց թողել է պաշտոնը և Սեբաստիա վերադարձել։ Այստեղ աշխատել է Ազգային վարժարանների տնօրեն, բարեկարգել դրանք, բարեփոխումներ կատարել ուսումնական ծրագրերում։ Ժողովրդին եվրոպական քաղաքակրթությանը հաղորդակից դարձնելու նպատակով, չափահասների լսարան ու կիրակնօրյա կրթարան է հիմնադրել։ Հիմնել է իգական սեռի դաստիարակության հարցերով զբաղվող Հայուհիների ընկերություն և այլն։

Սակայն Սեբաստիայում ցուցաբերած նրա աշխուժությունը, բնական գիտություններ տարածելու ձգտումը հարուցել է տեղի պահպանողական իշխանությունների և հայ հոգևորականների անբարեհաճությունն ու թշնամանքը, ինչի հետևանքով կրկին վերադարձել է Կոստանդնուպոլիս։ 1885-86 թվականներին. աշխատել է Կոստանդնուպոլսի Արամյան վարժարանի տնօրեն և այն կարճ ժամանակում օրինակելի կրթօջախ դարձրել։ 1885-1887 թվականներին. Կոստանդնուպոլսում մասնակցել է հայերեն բնագիտական առաջին հանդեսի՝ «Գիտական շարժումի» հիմնադրմանը և հրատարակմանը։ Եռանդուն կերպով աշխատակցել է Կոստանդնուպոլսի և Փարիզի հայկական ու ֆրանսիական պարբերականներին։ 1885 թվականին, բնագիտական առաջադիմական հայացքների համար Կոստանդնուպոլսի պատրիարքարանի Ազգային խառը ժողովի Կրոնական ժողովը նրան բանադրել է։ 1887 թվականին, խուսափելով հալածանքներից, հրաժարվել է մանկավարժական գործունեությունից և մեկնել Կահիրե, ապա՝ Ֆրանսիա։ 1887-1893 թվականներին ուսանել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետում և, միաժամանակ, Սորբոնի համալսարանի բնագիտական ֆակուլտետում։ Սակայն հիվանդության պատճառով ուսումն ընդհատել է և Սեբաստիա վերադարձել։ 1890 թվականին կրկին մեկնել է Փարիզ և ուսումը շարունակել։ 1891 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի բնագիտական ֆակուլտետը։ 1892 թվականին հընթացս մասնագիտացել է Փարիզի Պաստյորի մանրէաբանության ինստիտուտում։ 1893 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը և բժշկագիտության դոկտորի կոչում ստացել։ 1893 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս և Բերա թաղամասում սեփական բուժարան բացել։

1896 թվականին Տաղավարյանը Կոստանդնուպոլսում հայրենասիրական գործունեության համար ձերբակալվել է ու բանտարկվել։ Չորս ամիս անց, ընդհանուր համաներման շնորհիվ ազատ է արձակվել։ 1897 թվականին Կոստանդնուպոլսի Բերա թաղամասի Ֆրանսիական՝ սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի օժանդակ բժիշկ է նշանակվել, միաժամանակ եղել է Բերայի ազգային վարժարանների հոգաբարձու։ Նորից բանտարկվել է 1900 թվականին և արձակվել Ֆրանսիայի դեսպանության միջնորդությամբ։ Խուսափելով հետագա հալածանքներից՝ 1905 թվականին մեկնել է Եվրոպա, անցել Եգիպտոս և հաստատվել Կահիրեում, որտեղ սկսել է աշխատել որպես բժիշկ, մանկավարժ, մասնակցել Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադրմանը։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Կոստանդնուպոլիս, ընտրվել խորհրդարանի երեսփոխան (Սեբաստիայից), զբաղվել հողային հարցի նախագծի մշակմամբ։ Տաղաավարյանիը հասարակական եռանդուն գործունեություն է ծավալել հատկապես ազգային կենտրոնական վարչությունում (որի քաղաքական ժողովի անդամ էր 1910-1912 թվականներին) և Կոստանդնուպոլսի քաղաքապետարանում (1912-1913 թթ.)։ 1913 թվականին Կոստանդնուպոլսի քաղաքապետարանի ընդհանուր քննիչ է նշանակվել։ 1914 թվականին ՀԲԸՄ մասնաճյուղեր բացելու նպատակով այցելել է Կովկաս[1]։

Եղերական մահԽմբագրել

1915 թվականի (ապրիլի 11) ապրիլի 24-ին, ի թիվս Կոստանդնուպոլսի 600 ակնառու հայ մտավորականների, ձերբակալվել է և բանտարկվել Կոստանդնուպոլսի կենտրոնական բանտում։ 1915 թվականի ապրիլի 25-ին, ի թիվս բազմաթիվ հայ մտավորականների, գնացքով տեղափոխվել է Այաշի բանտը և մի քանի ամիս այնտեղ մնացել։ Նազարեթ Տաղավարյանն իր մասնագիտական տաղանդը գործադրել է նաև բանտում՝ բուժելով ու խնամելով հիվանդ ու վիրավոր բանտարկյալներին։ Կարճ ժամանակ բանտում մնալուց հետո, 13 այլ մտավորականների հետ Այաշից ուղարկվել է Տիգրանակերտ՝ իբր Պատերազմական ատյանին ներկայանալու համար։ 1915 թվականի հուլիսի 21 կամ 23-ին (կամ սեպտեմբերի 15-ին) Տիգրանակերտ տեղափոխվելու ճանապարհին անասելի չարչարանքների ենթարկվելով, ի թիվս 13 հայ մտավորականների, գազանաբար սպանվել է Տիգրանակերտի ոճրագործ նահանգապետ Ռեշիդի ուղարկած չեթեների հրոսակախմբի ձեռքով, գերմանացի զինվորականների աչքի առաջ։

Գիտական գործունեությունԽմբագրել

Եղել է բազմակողմանի զարգացած գիտնական, մի շարք լեզուների տիրապետել։ Տաղավարյանը գրել է բազմաթիվ գիտական աշխատություններ՝ բժշկության, կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, երկրագործության, աստղագիտության, Հայաստանի պատմության ու հայ եկեղեցու, հայ գրերի գյուտի մասին (հրատարակվել են ֆրանսերեն և թուրքերեն լեզուներով)։ Հայերեն և ֆրանսերեն դասախոսություններ կարդացել։ 15 գիտական աշխատություններ, մի քանի տասնյակ բժշկական, պատմագիտական հոդվածներ է հեղինակել։

ԱնդամակցությունԽմբագրել

  • Ֆրանսիական աստղագիտության ընկերության պատվավոր անդամ (1904):

ԵրկերԽմբագրել

  • ՏաղարանՀայաստանեայց սուրբ եկեղեցւոյ, 4 հրտ., Երուսաղեմ, 1949:

ԳրականությունԽմբագրել

  • Տաղավարյան Հ. Հ.,Ազգաբանութիւն Սեբաստիոյ Չատրճեան գերդաստանի, Բեյրութ, 1957:
  • Գաբրիելյան Ռ., Ակնարկներ դարվինիզմի և բիոլոգիական մտքի պատմության հայ գրականության մեջ. 19-20-րդ դարեր, Երևան, 1963:

ՊարգևներԽմբագրել

  • 1909 թվականին պարգևատրվել է Ֆրանսիայի հանրապետության գյուղատնտեսության նախարարության հողագործական ծառայության «Ասպետի խաչ» պատվանշանով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։