Յուլի Ռայզման
Ռայզման Յուլի Յակովլևիչ (ռուս.՝ Юлий Яковлевич Райзман, դեկտեմբերի 2 (15), 1903, Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 11, 1994[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային կինոռեժիսոր։ ԽՍՀՄ (1964 թվական) և Լատվիայի ԽՍՀ (1949 թվական) ժողովրդական արտիստ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973 թվական)։ Սովորել է Մոսկվայի համալսարանի գրական-գեղարվեստական ֆակուլտետում։ Եղել է Յա․ Ա․ Պրոտազանովի ասիստենտը։ Առաջին ռեժիսորական աշխատանքներից են՝ «Շրջան» (1927 թվական), «Տաժանակրություն» (1928 թվական)։ Ռայզմանի ստեղծագործության մեջ գլխավորը արդիական թեման է։ «Օդաչուներ» (1935 թվական) ֆիլմը նվիրված է նոր կյանք ստեղծողներին։ 1937 թվականին ստեղծել է խորհրդային պատմահեղափոխական լավագույն ֆիլմերից մեկը՝ «Վերջին գիշերը»։ Հերոսների անխզելի կապը ժամանակի մթնոլորտին վառ դրսևորվել է նաև «Մաշենկա» (1942 թվական) կինոնկարում։ Ռայզմանի լավագույն աշխատանքների թվում են «Բեռլին» (1945 թվական) վավերագրական, «Ռայնիս» (1949 թվական) կենսագրական և «Կյանքի դասը» (1955 թվական) ժապավենները։ Ռայզմանի նշանակալից աշխատանքը «Կոմունիստ» (1958 թվական) պատմահեղափոխական ֆիլմն է, որի հերոսը՝ հեղափոխության շարքային Վասիլի Գուբանովը, մտել է խորհրդային կինեմատոգրաֆիայի լեգենդար կերպարների շարքը։ «Իսկ եթե դա սե՞ր է» (1962 թվական), «Քո ժամանակակիցը» (1968 թվական), «Քաղաքավարության այց» (1973 թվական), «Անձնական կյանք» (1982 թվական) ֆիլմերում Ռայզմանը հետագոտել է ժամանակակից կյանքի խորհրդային և բարոյական օրինաչափությունները, հանդես եկել ակտիվ, քաղաքական արվեստի դիրքերից։ ԽՍՀՄ պետական մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |