Ցուզեֆ Ռիխտեր (ծն. 1820 թվականին, մահ. 1885 թվականին), լեհ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։ 1840-1844 թվականներին հանդես է եկել Կրակովում, 1844-1845 թվականներին՝ Լվովում, 1845 թվականի մարտից՝ Վարշավայի բեմում, 1852 թվականին, 1856-1860 թվականներին, 1865-1866 թվականներին ղեկավարել է Վարշավայի Դրամատիկական դպրոցը (միաժամանակ զբաղվել է ռեժիսորական աշխատանքով), 1874 թվականին աշխատել է Կրակովի թատրոնում։ 1874-1875 թվականներին՝ Լվովում և Պոզնանում, 1877 թվականից՝ կրկին Կրակովում։ Ռիխտերը դերասանական արվեստի լեհ ռեալիստական դպրոցի խոշոր ներկայացուցիչներից է։ Իր ստեղծագործության մեջ միավորել է «վարշավյան» և «կրակովյան» դպրոցների լավագույն ավանդույթները։ Դերերից են՝ Գորշտինսկի (Սլովացկու «Գորշտինսկի»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»), ժորժ Դանդեն (Մոլիերի «ժորժ Դանդեն»), Իվան Ահեղ (Ա․ Կ․ Տոլստոյի «Իվան Ահեղի մահը»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։