Մոսկվայի միջազգային կինոփառատոն

Մոսկվայի միջազգային կինոփառատոն (ռուս.՝ Моско́вский междунаро́дный кинофестива́ль), միջազգային կինոփառատոն, որն ի սկզբանե անց էր կացվում ԽՍՀՄ-ում, իսկ հետո նաև Ռուսաստանի Մոսկվա քաղաքում։ Այն անց է կացվում հունիսի վերջերին և տևում է 10 օր։ Վենետիկի կինոփառատոնից հետո, այն աշխարհում անց կացվող ամենահին կինոփառատոնն է[1]։ Գլխավոր մրցանակը, որը հաստատվել է 1989 թվականին՝ «Ոսկյա Սուրբ Գեորգի» պարգևն է։

Մոսկվայի միջազգային կինոփառատոն
Տեսակկինոփառատոն
ՎայրՄոսկվա
Կայք44.moscowfilmfestival.ru(ռուս.)(անգլ.)
 Moscow International Film Festival Վիքիպահեստում

Նախապատմությունը խմբագրել

Առաջին անգամ Մոսկվայի կինոփառատոնը անց է կացվել 1935 թվականին։ Ի սկզբանե այն կոչվում էր Մոսկվայի խորհրդային կինոփառատոն։ Կինոնկարները ուղարկվել էին 19 երկրներից։ Բացումը տեղի է ունեցել փետրվարի 21-ին` «Ուդարնիկ» կինոթատրոնում, իսկ ժյուրիի նախագահը Սերգեյ Էյզենշտեյնն էր։

Մրցույթին մասնակցում էին դասական ռեժիսորների ֆիլմեր` Քինգ Վիդորի «Հաց մեր հանապազօրյա», Սեսիլ Բլաունտ դե Միլլի «Կլեոպատրա», Ջորջ Կյուկորի «Փոքրիկ կանայք», Ալեքսանդր Կորդայի «Հենրիխ VIII-ի մասնավոր կյանքը» և այլն։ Մրցութային ծրագիրը բացել է Վասիլև եղբայրների «Չապաև» կինոնկարը։ «Լենֆիլմ» կինոստուդիային շնորհվել է առաջին մրցանակը` «Չապաև», «Մաքսիմի պատանեկությունը» և «Գյուղացիները» կինոնկարների համար։ Փառատոնի պարգևին արժանացել են նաև ֆրանսիացի ռեժիսոր Ռենե Կլերը` «Վերջին միլիարդատերը» կինոնկարի համար, ինչպես նաև Ուոլթ Դիսնեյի մուլտֆիլմերը[2]։ Մրցանակ է ստացել նաև Ալեքսանդր Պտուշկոյի «Նոր Գուլիվեր» ֆիլմը, որը բարձր է գնահատվել Չարլի Չապլինի կողմից[3]։

Պատմությունը խմբագրել

Կինոփառատոնը կրկին վերաբացվել է 1959 թվականին՝ պետական գործիչ Եկատերինա Ֆուրցևայի ջանքերով և անց էր կացվում երկու տարին մեկ անգամ։ 1972 թվականին կինոփառատոնը ստացել է կինոպրոդյուսերների կազմակերպության միջազգային ֆեդերացիայի (FIAPF) հավաստագիրը[1][4]։ Մոսկվայի կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մասնաբաժինը 1988 թվականին առանձնացել է և վերակազմավորվել Լենինգրադի վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի` «Ուղերձ մարդուն» անվանումով։

1997 թվականին հայտարարվել էր, որ փառատոնը անցկացվելու է ոչ թե երկու տարին մեկ անգամ, այլ` տարին մեկ անգամ, սակայն 1998 թվականին ֆինանսական խնդիրների պատճառով այն չկայացավ։ 1999 թվականից մինչ այժմ կինոփառատոնի նախագահը հանդիսանում է Նիկիտա Միխալկովը[1]։ 2011 թվականից վերականգնվել է վավերագրական ֆիլմերի մրցույթը։

Մրցանակները խմբագրել

Մինչև 1989 թվականը, շնորհվում էին մեծ և ոսկյա մրցանակներ, ոսկյա և արծաթյա մեդալներ։ Կինոփառատոնի գլխավոր մրցանակը արձանիկ է, որը պատկերում է Սուրբ Գեորգիին` արծաթե ձիուն նստած և տեգով վիշապին հարվածելիս։ «Մրցութային ծրագրի լավագույն ֆիլմ» և «Համաշխարհային կինեմատոգրաֆում կատարած ներդրումների համար» պարգևները պատրաստված են ոսկեզօծված արծաթով։ Մնացած յոթ անվանակարգերի մրցանակակիրները պարգևատրվում են արծաթե «Սուրբ Գեորգի»-ով։

  • Հիմնական մրցույթի պարգևներ («Սուրբ Գեորգի»-ի արձանիկներ).
    • Լավագույն ֆիլմի համար
    • Ժյուրիի հատուկ մրցանակ
    • Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար
    • Տղամարդու լավագույն դերակատարման համար
    • Կանացի լավագույն դերակատարման համար
  • «Հեռանկարներ» մրցույթի պարգևները.
    • «Հեռանկարներ» մրցույթի լավագույն ֆիլմի համար
  • Կազմակերպչական կոմիտեի և Մոսկվայի կինոփառատոնի տնօրինության կողմից շնորհվող մրցանակներ.
    • Համաշխարհային կինեմատոգրաֆում կատարած ներդրումների համար
    • Դերասանական վարպետության բարձունքները հաղթահարելու համար տրվող մրցանակ և Կոնստանտին Ստանիսլավսկու դպրոցի սկզբունքներին հավատարիմ լինելու համար տրվող մրցանակ` «Հավատում եմ. Կոնստանտին Ստանիսլավսկի»
  • Այլ մրցանակներ.
    • Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի (FIPRESCI) կողմից ժյուրիի մրցանակը` հիմնական մրցույթի լավագույն ֆիլմի համար
    • Հիմնական մրցույթի և «Հեռանկարներ» մրցույթի լավագույն ֆիլմի համար ժյուրիի կողմից տրվող ռուսական կինոքննադատների մրցանակները
    • Հանդիսատեսների համակրանքի համար տրվող մրցանակը` հիմնական մրցույթի լավագույն ֆիլմին
    • Ռուսաստանի կինոակումբների ֆեդերացիայի մրցանակը` հիմնական մրցույթի լավագույն ֆիլմի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Корнацкий Н. Московский кинофестиваль будет короче // Известия. — 2015. — № 43 (29289). — С. 7.
  2. «Летопись. ТРК «Глас»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  3. «Программа Первого Международного кинофестиваля ArtoDocs, 3—5 ноября 2011 года». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  4. «IMDb». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.