Մոգերի երկրպագություն (եռապատկեր, Բոսխ)

Հիերոնիմոս Բոսխի նկար

Մոգերի երկրպագություն, նիդերլանդացի նկարիչ Հիերոնիմոս Բոսխի վերջին եռապատկերներից։ Անունը ստացել է կենտրոնական հատվածից։ 1568 թվականին եռապատկերը բռնագրավվել է Էգմոնտի հերցոգի քարտուղար Յան Կազեմբորտից հերցոգ Ֆեռնանդո Ալբայի կողմից։ Հետագայում այն հիշատակվել է այն նկարների թվում, որոնք Ֆիլիպ II-ը 1574 թվականին ուղարկել է Էլ Էսկորիալ վանք։ Ներկայումս պահվում է Մադրիդի Պրադո թանգարանում։

Մոգերի երկրպագություն
տեսակգեղանկար և եռապատկեր
նկարիչՀիերոնիմոս Բոսխ[1]
տարիմոտ 1494[2][3]
բարձրություն146,7 ± 0,1 սանտիմետր
լայնություն84 ± 1 սանտիմետր
ուղղությունվաղ հոլանդական գեղանկարչության[4]
ժանրհոգևոր արվեստ[1]
նյություղաներկ և oak panel?
գտնվում էՊրադո թանգարան
հավաքածուՊրադո թանգարան[1]
քաղաքՍենտրո
հիմնական թեմաՄոգերի երկրպագություն
մասն էlist of paintings by Hieronymus Bosch?
կայք
Ծանոթագրություններ
 The Adoration of the Magi by Hieronymus Bosch Վիքիպահեստում

Կենտրոնական հատված խմբագրել

Խարխուլ հյուղակի առաջ բազմել է Աստվածամայրը։ Նա մանկանը ցույց է տալիս մոգերին, որոնք շքեղ հագուստներ են հագել։ Կասկած չի հարուցում, որ Բոսխը միտումնավոր մոգերի երկրպագությանը տալիս է պատարագ մատուցելու բնույթ. դրա մասին են վկայում ընծաները, որ արևելյան արքաներից ավագը` Բալթազարը, դնում է Մարիամի ոտքերի տակ։ Փոքր քանդակախումբը պատկերում է Աբրահամին, ով պատրաստվում է զոհաբերել իր որդուն` Իսահակին. դա Քրիստոսի` խաչին զոհաբերման նախանշանն է։ Երկրորդ մոգի` Մելխիորի կուրծքը զարդարված է Հին Կտակարանի դրվագներից մեկով. Սողոմոն Իմաստուն թագավորն այցելում է Շեբայի թագուհուն։ Երրորդ մոգը` սևամորթ Գասպարը, ձեռքին ունի արծաթե արծվանիշ աշխարհագունդ, որին պատկերված է Դավիթին խոնարհվող Ավենիրը։

Տեսարանին ուշադիր հետևում են ցնցոտիավոր գեղջուկները, որոնք աջից ծիկրակում են գոմի պատից, որպեսզի ավելի լավ տեսնեն, բարձրանում են տանիք, ծառերի վրա։ Հովիվները Հիսուսին տեսել են Ճրագալույցին, սակայն մոգերի երկրպագությանը նվիրված նկարներում 15-րդ դարում նրանք հաճախ հանդես են գալիս հանդիսատեսի կարգավիճակով։ Բոսխը խախտում է ավանդույթը. նրա գյուղացիները դրսևորում են ավելի քիչ աստվածապաշտություն, քան ընդունված է եղել պատկերել. նրանց աղմկալից պահվածքը հակադրվում է մոգերի ակնածանքին, և դա կարևոր նրբերանգ է. հովիվները սովորաբար նույնացվել են հուդայականների հետ, որ մերժել են Քրիստոսին, մինչդեռ «Արևելքի թագավորները» մանկանն ընդունել են իբրև մեսիա։

Ամենախորհրդավոր կերպարը մի մարդ է, որ կանգնած է մոգերի հետևում` գոմի դան շեմին։ Նա կիսամերկ է. հագել է մի վերնաշապիկ և բոսորագույն մի թիկնոց, գլխին մեծ թագ է, դաստակին` ոսկե շղթա, ունի թափանցիկ գլան, որ ծածկում է կոճի վերքը։ Նա երկիմաստ ժպիտով նայում է Հիսուսին, մինչդեռ նրա ուղեկիցների դեմքին անթաքույց թշնամություն է։

Քանի որ գրոտեսկային այս կերպարները գտնվում են կիսաքանդ գոմում, որը սինագոգի հին խորհրդանշանն է, ընդունված է եղել կարծել, որ դա կամ Հերովդեսն է իր լրտեսներով, կամ Նեռը` իր շքախմբով։ Երկու տեսակետներն էլ համոզիչ չեն, չնայած ակնհայտ է այս կերպարի կապված լինելը չարին։ Դրա մասին են վկայում դևերը, որոնց ոսկեզօծ կերպարները պատկերված են նրա ոտքերի մոտ կախված սրբիչին։ Նրանք նաև պատկերված են այն առարկային, որը կիսամերկ կերպարը պահել է ձախ ձեռքում, ընդ որում, ինչքան էլ տարօրինակ է, այն ոչ այլ ինչ է, եթե ոչ երկրորդ մոգի սաղավարտը։ Ավելին, դևերի կերպարները զարդարում են սևամորթ արքայի ու նրա ծառայի հագուստները։ Ամենայն հավանականությամբ, դա մատնանշում է մոգերի հեթանոսական անցյալը և այն, որ մինչև Քրիստոսին ներկայանալը նրանք զբաղվել են կախարդությամբ (միջնադարյան այս հավատալիքի հետքերը կարելի է գտնել «Ոսկե լեգենդում»)։ Հայտնի են նաև կերպարի այլ մեկնություններ, որոնց հեղինակներն ի դեմս կիսամերկ կերպարի տեսել են Դավիթ արքային, որ վտարվել է եկեղեցուց։

Ներքին փեղկեր խմբագրել

Եռապատկերի փեղկերի ներսի հատվածում պատկերված են սուրբ Պետրոսը և սուրբ Ագնեսան պատվիրատուների հետ։ Ծնրադրած կինը Ագնես Բոսյույսեն է. դա են մատնանշում տոհմական գերբն ու նրա հովանավոր սրբի պատկերումը պարտադիր ատրիբուտով` զոհաբերովող գառով։ Բոսյույսե ընտանիքը Բրոնհորստ ընտանիքի հետ պատվիրել է այս կերպարը (դա է վկայում ձախ հատվածի գերբը), որ, ամենայն հավանականությամբ, նախատեսված է եղել Հերտոգենբոսի եկեղեցու համար։

Կերպարը, որ նստած է մի կապոց ցախի վրա` ծակեր ունեցող տանիքի տակ, կրակի մոտ ինչ-որ իրեր է չորացնում։ Հնարավոր է, որ նա սուրբ Հովսեփն է, որ չորացնում է մանուկ Հիսուսի շորերը[5]։

Հետին պլանում տարածվում է հովիտը, որ ողողված է արևի ճառագայթներով։ Երկնքի ոսկեգույնը հորիզոնի մոտ վերափոխվում է լազուրի. այս հնարքը սովորական է Բոսխի հասուն շրջանի գործերում։

Սակայն բնապատկերի հանդարտությունը միայն թվացյալ է. չարը իրեն գտնում է բազմաթիվ մանր դետալներում, որոնք սփռված են եռապատկերի ողջ մակերեսին։ Գայլն ու արջը, օրինակ, հարձակվում են ճանապարհորդների վրա (դա խորհրդանշում է անակնկալ խոչընդոտները, որոնք կանգնած են մարդու կյանքի ճանապարհին)։

Արտաքին փեղկեր խմբագրել

 
Արտաքին փեղկեր

Եռապատկերը Բոսխի ստեղծագործության ամենաառեղծվածային գործերից է։ Այն ունի խորհրդանշային համակարգ, որ հղվում է մեսսային, ինչպես դա վկայում են կողային հատվածների արտաքին կողմերը` Հռոմի պապ Գրիգորի պատկերով։ Գրիգոր Մեծ պապը պատկերված է պատարագ մատուցելիս, որի ժամանակ խորանի հետևում հայտնվում է ինքը Հիսուս Քրիստոսը` շրջապատված կրքեր պատկերող տեսարաններով։ Արտաքին փեղկերը նկարված են գորշ-շագանակավուն գունապնակով` բացի պատվիրատուների կերպարներից։

Սուրբ Գրիգորի պատարագի մասին լեգենդի համաձայն` հաղորդության ժամանակ հրաշք է տեղի ունեցել։ Մի անգամ, երբ նա պատարագ է մատուցում, դպիրը կասկածում է, որ հաղորդության մասունքներում իրոք մարմնավորված են Քրիստոսի մարմինն ու հոգին։ Ի պատասխան պապի ջերմագին աղոթքի, որով խնդրում էր թերահավատին ինչ-որ նշան ցույց տալ, խորանում հայտնվում է Հիսուսը` կրքերի զենքերով, և ցույց է տալիս հինգ վերքեր։ Բոսխը այս հրաշքը պատկերում է ծնրադիր պապի ու սարկոֆագից հառնող Հիսուսի հոգևոր լուռ երկխոսությամբ։ Խորանի մոտ գտնվողները չեն նկատում Հիսուսին, իսկ դպիրն ու երկու պատվիրատուները, չնայած չեն տեսնում, սակայն զգում են նրա ներկայությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/images/56462
  2. https://www.museodelprado.es/coleccion/obra-de-arte/la-adoracion-de-los-magos/666788cc-c522-421b-83f0-5ad84b9377f7
  3. https://www.museodelprado.es/coleccion/galeria-on-line/galeria-on-line/obra/la-adoracion-de-los-magos/
  4. https://balat.kikirpa.be/object/40002080
  5. Varallo, Franca (2004). Bosch. Milan: Skira.

Գրականություն խմբագրել

  • Тревин Коплстоун. Хиеронимус Босх. Жизнь и творчество. — М: «Лабиринт-К», 1998.
  • Девитини А. Босх: Пер. с итал./А.Девитини — М: ООО «Издательство АСТ»: ООО «Издательство Астрель», 2002.
  • Баттилотти Д. Босх: Пер. с итал./Д.Баттилотти — М: «Белый город», 2000.
  • Вальтер Бозинг. Босх: Пер. с нем./В.Бозинг — М: Арт-Родник, 2001.
  • История искусства зарубежных стран. Средние века, Возрождение / Под ред. Ц. Г. Нессельштраус. М., 1982
  • Фомин Г. И. Иероним Босх. М., 1974

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոգերի երկրպագություն (եռապատկեր, Բոսխ)» հոդվածին։