Միքայել Պարսեղով
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Արտեմի (նաև՝ Միխայիլ Պարսեղով, Միքայել Բարսեղյան) (հունիսի 15, 1899, Լեռնային Ղարաբաղ - ապրիլի 26, 1964, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային ռազմական գործիչ, հրետանու գեներալ-գնդապետ (1958), Խորհրդային Միության հերոս (1940)։
Միքայել Պարսեղով | |
---|---|
հունիսի 15, 1899 - ապրիլի 26, 1964 (64 տարեկան) | |
Ծննդավայր | Լեռնային Ղարաբաղ |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բոգոսլովսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | Ռուսական կայսերական բանակ և Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ |
Կոչում | գեներալ-գնդապետ |
Հրամանատարն էր | 40th Army (Soviet Union, 1941–1945)? |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՄիխայիլ Պարսեղովը ծնվել է 1899 թվականին Լեռնային Ղարաբաղում։ Հայրը գյուղի բրուտն էր։ Տասը տարեկանում գնում է Միջին Ասիա։ Այնտեղ երկար ժամանակ աշխատում է Աշխաբադի բամբակազտիչ գործարաններում և փայտեղենի պահեստներում։ 1916 թվականին զորակոչվում է ռուսական բանակ, 1917 թվականին Կովկասյան ճակատում մասնակցում է Առաջին համաշխարհային պատերազմին։
1918 թվականին կամովին զենք վերցնելով՝ գնում է կռվելու Միջին Ասիայի բասմաչների և Կասպիում գտնվող անգլիական զորքերի դեմ։ Նա մասնակցում է նաև Բուխարայի էմիրի դեմ մարտերին։ Նույն թվականին ընդունվում է բոլշևիկյան կուսակցության շարքերը։ Քաղաքացիական կռիվներում նա դասակի և ապա մարտկոցի հրամանատար էր։
1922 թվականին ընդունվել է Տաշքենդի ռազմական հրետանային ուսումնարանը, որն ավարտել է գերազանցությամբ, ապա նշանակվել է Լենինգրադի գնդերից մեկում դասակի, իսկ այնուհետև մարտկոցի հրամանատար։ 1927-1930-ական թվականներին եղել է Կազան, ապա Պենզա քաղաքների զորամասերից մեկում հրետանային դիվիզիոնի հրամանատար, իսկ Անդրբայկալում նա արդեն հրետանային գնդի հրամանատար էր։
1932-1936 թվականներին Պարսեղովը սովորում ու փայլուն կերպով ավարտում է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան՝ դառնալով հրետանային գործի հմուտ մասնագետներից մեկը։ 1937-1940 թվականներին նա արդեն Լենինգրադի ռազմական օկրուգի հրետանու պետն էր։
Խորհրդա-ֆիննական պատերազմի տարիներ
խմբագրելՖիննական դեպքերի ժամանակ, 1939-1940 թվականներին, Պարսեղովը 7-րդ բանակի հրետանու հրամանատար է նշանակվում։ Նրա գլխավորած հրետանային մասերը այդ պատերազմում վճռական հարված են հասցնում ֆիններին։ Հրետանին շարունակ գնում էր հետևակի հետևից։ Մարտերի ընթացքում հրետանին հետևակի հետ մեկտեղ մոտենում է «Մաններհայմի գծի» հիմնական ամրություններին։ Այդտեղ ֆինները երկաթբետոնե, գրանիտե ու հողե բազմաթիվ հզոր ամրություններ էին կառուցել, ամրացրել թնդանոթներով ու գնդացիրներով։ Այդ ամրությունները անառիկ էին համարվում։ Հասավ այն պահը, երբ վճռող պետք է լիներ հրետանին։
Հետախուզվեց ֆիննական ամրությունների սիստեմը, որից հետո խորհրդային զորքերը սկսեցին «Մաններհայմի գծի» ճեղքման նախապատրաստությունը։
1939 թվականի փետրվարի 11-ի առավոտյան խորհրդային բանակի հարձակվող զորամասերը սկսեցին հրետակոծել ֆինների պաշտպանության առաջավոր եզրը։ Հրետանային այս նախապատրաստությունից հետո հետևակն անցավ գրոհի։ Գրոհողների թվումն էին Պարսեղովի հրետանավորները։ «Մաններհայմի գիծը» ճեղքված էր։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահությունը, բարձր գնահատելով կոմդիվ Միխայիլ Պարսեղովի մարտեր ղեկավարելու հմտությունը և անձնական քաջագործությունները, 1940 թվականի մարտի 21-ի նրան շնորհում է Խորհրդային Միության Հերոսի կոչում։
1940 թվականի հունիսի 5-ին ԽՍՀՄ Ժողկոմխորհուրդը կոմկոր Մ. Ա. Պարսեղովին շնորհում է հրետանու գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։
Հայրենական մեծ պատերազմ
խմբագրելՀայրենական Մեծ պատերազմի առաջին օրերին Հարավարևմտյան ռազմաճակատի հրետանու պետն էր։ Այնուհետև նշանակվում է Բրյանսկի ուղղության հրետանու պետ։ 1942 թվականի սկզբին Բրյանսկի ռազմաճակատի և Կուրսկի ուղղությամբ 40-րդ բանակը գլխավորում էր գեներալ Պարսեղովը։ Այնուհետև նա նշանակվում է Հեռավոր-արևելյան 2-րդ ռազմաճակատի հրետանու հրամանատար (Սախալինում)։
Երբ սկսվեց պատերազմը ճապոնիայի դեմ, Հեռավոր-արևելյան 2-րդ ռազմաճակատի հրետանավորները Մ. Պարսեղովի ղեկավարությամբ կարողացան լուծել իրենց առաջ դրված դժվարին խնդիրը։
Հայրենական մեծ պատերազմի մարտերում ցուցաբերած մարտական աչքի ընկնող ծառայությունների համար Խորհրդային կառավարությունը գեներալ Պարսեղովին պարգևատրեց Սուվորովի առաջին աստիճանի շքանշանով։ Մինչ այդ պարգևատրվել էր Լենինի երեք և Կարմիր Դրոշի չորս շքանշաններով։
Պատերազմից հետո
խմբագրելՀայրենական մեծ պատերազմի ավարտից հետո Պարսեղովը սովորում ու ավարտում է Խորհրդային բանակի ռազմական բարձրագույն ակադեմիային կից ակադեմիական կուրսերը և նշանակվում Հյուսիսային զինվորական оկրուգի հրետանու պետ։ 1954 թվականից մինչ 1961 թվականը Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանու պետն էր։
ԽՍՀՄ նախարարների խորհուրդը 1958 թվականին նրան շնորհել է հրետանու գեներալ-գնդապետի կոչում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հրետանու գեներալ-գնդապետ Միխայիլ Պարսեղով։ Արմո Մալխասյան, Սովետական բանակի հայ գործիչները, Ե., Հայպետհրատ, 1963, էջ 232-236։