Միմոզա Կուսարի-Լիլյա

կոսովո-ալբանացի պետական և քաղաքական գործիչ

Միմոզա Կուսարի-Լիլյա (ալբ․՝ Mimoza Kusari-Lila, հոկտեմբերի 16, 1975(1975-10-16), Ջակովիցա, Կոսովո), կոսովո-ալբանացի պետական և քաղաքական գործիչ, Նոր Կոսովո դաշինքի անդամ, այնուհետև՝ «Ալտերնատիվ» կուսակցության անդամ։ Եղել է Կոսովոյի փոխվարչապետ, 2001-2013 թվականներին՝ Առևտրի և արդյունաբերության նախարար, 2013-2017 թվականներին՝ Ջակովիցայի քաղաքապետ[1]։

Միմոզա Կուսարի-Լիլյա
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 16, 1975(1975-10-16) (48 տարեկան)
ԾննդավայրՋակովիցա, Կոսովո
Քաղաքացիություն Կոսովո
ԿրթությունՊրիշտինայի համալսարան և Պրիշտինայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններփոխվարչապետ
ԿուսակցությունՆոր Կոսովո դաշինք
Կայքmimozakusari.com
 Mimoza Kusari-Lila Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Միմոզա Կուսարին ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 16-ին Կոսովոյի հարավ արևմուտքում գտնվող Ջակովիցա քաղաքում, մտավորականների ընտանիքում, հայրը եղել է բժիշկ թոքաբան, մայրը աշխատել է դպրոցում, ալբաներեն լեզվի և գրականության ուսուցիչ։ Որոշ ժամանակ ընտանիքը բնակվում է կոսովյան Պեչ քաղաքում, այնուհետև 1980-ական թվականների կեսերին նորից վերադառնում է Ջակովիցա։

Ավարտել է «Hajdar Dushi» գիմնազիան, որից հետո ընդունվում է Պրիշտինայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը (գործունեությունը դադարեցնում է 1999 թվականին), ավարտելով «կառավարում և տեղեկատվական համակարգեր» մասնագիտությամբ, այդ ընթացքում աշխատելով և վճարելով ուսման վարձը։

1998-1999 թվականներին, երբ սկսվեց Կոսովոյի հակամարտությունը, նա աշխատում էր «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունում և ԵԱՀԿ-ում[2]։ Աշխատել է նաև Մակեդոնիայի փախստականների ճամբարում՝ ԱՄՆ Պետական դեպարտամենտից ստանալով Ron Brown Scholarship հեղինակավոր կրթաթոշակ՝ ուսումը ԱՄՆ-ում շարունակելու նպատակով։ ԱՄՆ-ում եղած ժամանակ Կուսարի-Լիլիան ուսումը շարունակել է Էկոնոմիկայի ինստիտուտում, Կոլորադոյի համալսարանում և Պիտսբուրգի Դյուքեյնի համալսարանում՝ ստանալով մագիստրոսի աստիճան էլեկտրոնային բիզնեսի բնագավառում։

Ամերիկայում նա ակտիվ մասնակցություն է ունեցել ուսանողական ընկերակցությունների աշխատանքների կազմակերպմանը՝ դրսևորելով առաջնորդական հատկանիշներ։ Հիմնադրել է Դյուքեյնի համալսարանի Գործարար կանանց ասոցիացիան (անգլ.՝ Association of Business Women of Duquesne University)՝ դառնալով նրա առաջին նախագահը։ Եղել է նաև երեք կրթաթոշակակիրների թվում՝ Արևելյան Եվրոպայի երկրների Ron Brown Scholarship-ում, պետքարտուղար Մադլեն Օլբրայթթի հրավերով մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող կրթության Միջազգային շաբաթին։ Ավարտելուց հետո աշխատել է Պիտսբուրգի Bayer Corporation-ի էլեկտրոնային վաճառքի բաժնում՝ որպես ստաժյոր[2]։

Կոսովո վերադառնալուց հետո Միմոզա Կուսարի-Լիլյան Կոսովոյի ձեռներեցների աջակցությամբ ընդգրկվում է Համաշխարհային բանկի USAID-ի ծրագրում։ Նրա առաջնորդական հատկանիշները և աշխատանքների ղեկավարման փորձը նպաստում են American University in Kosovo-ի ստեղծմանը, որը ներկայումս հանդիսանում է Կոսովոյի առաջատար բուհերից մեկը։

2003 թվականին Միմոզա Կուսարի-Լիլյան անցել է պետական ծառայության, երբ նրան առաջարկել են Կոսովոյի վարչապետ Բայրամ Ռեջեփի մամուլի քարտուղարի և քաղաքական խորհրդականի պաշտոնը՝ դառնալով առաջին կինն այդ պաշտոնում։ Արբենի հետ ամուսնանալուց և որդու ծնվելուց հետո 2004 թվականի վերջերից նա ժամանակավորապես հեռացավ քաղաքականությունից։ Ամուսնությունից հետո, նա իր ազգանվանը ավելացրեց ամուսնու ազգանունը և հետագա գործունեության ընթացքում օգտագործում էր կրկնակի ազգանուն։

Միմոզա Կուսարի-Լիլյան իր գործունեությունը վերսկսել է որպես Էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարարության էներգետիկայի վարչության պետ, հետագայում՝ 2006-2009 թվականներին, աշխատել է Կոսովոյում Ամերիկյան առևտրական պալատի գործադիր տնօրեն։ 2009 թվականին մասնակցել է Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի Ֆուլբրայթի չորսամսյա ծրագրին։ Նույն թվականին ԱԿԿ կուսակցության կողմից առաջադրվել է որպես Ջակովիցա քաղաքի քաղաքապետի թեկնածու, բայց ընտրություններում չի հաղթել։ 2011 թվականի փետրվարին նշանակվել է Կոսովոյի փոխվարչապետ և Առևտրի ու արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում աշխատելով մինչև 2013 թվականի հոկտեմբերի 2-ը, երբ վերջնականապես հրաժարվեց կառավարությունում աշխատանքից՝ երկրորդ անգամ Ջակովիցայի քաղաքապետի քարոզարշավին մասնակցելու համար։ Այս անգամ հաղթելով ընտրությունների երկրորդ փուլում՝ Միմոզա Կուսարի-Լիլյան դարձավ առաջին կին քաղաքապետը Կոսովոյի պատմության մեջ և այդ պաշտոնը զբաղեցրել է 2013 թվականի նոյեմբերից մինչև 2017 թվական[3]։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Gjakova Municipality: The Mayor». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին.
  2. 2,0 2,1 Week of Women - Biography Արխիվացված 2013-12-14 Wayback Machine (անգլ.)
  3. Official results — Second round Արխիվացված 2013-12-16 Wayback Machine (անգլ.)