Միխայիլ Ֆրունզեի անվան ռուսական բանակի կենտրոնական տուն

Միխայիլ Ֆրունզեի անվան ռուսական բանակի կենտրոնական տուն (հակիրճ՝ ՌԲԿՏ), դաշնային պետական բյուջետային հաստատություն Ռուսաստանի Դաշնությունում։ Համարվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հիմնական մշակութային և ժամանցային կենտրոն։


Քարտեզ
Քարտեզ

Ռուսական բանակի կենտրոնական տունը հիմնադրվել է 1927 թվականին ԽՍՀՄ հեղափոխական ռազմական խորհրդի որոշմամբ և բացվել 1928 թվականի փետրվարի 23-ին։ Տեղակայված է Մոսկվայի Սուվորովյան հրապարակի թիվ 2 շենքում։ Հանդիսանում է ճարտարապետական հուշարձան։

Պատմություն խմբագրել

Նախապատմություն խմբագրել

 
Եկատերինյան ինստիտուտի շենքը Մոսկվայում, 1912 թվական

1758 թվականին ներկայիս Սուվորովյան հրապարակի տարածքում կառուցվել է կոմս Վլադիմիր Սեմյոնովիչ Սալտիկովի քաղաքամերձ դաստակերտը։ Շենքի բնօրինակ նախագիծը բարոկկո ոճով իրականացրել է ճարտարապետ Դմիտրի Ուխտոմսկին։ Դաստակերտի մոտակայքում կառուցվել են պարտեզ և ջերմոցներ։ 1777 թվականին քաղաքամերձ դաստակերտի շենքերը վաճառքի են հանվել և գնվել պետական գանձարանի կողմից ոստիկանության պետ Նիկոլայ Արխարովի միջոցով։ Նախկին դաստակերտի տարածքում բացվել է Հաշմանդամների տուն չունևորների և շտաբ ավագ սպաների համար[1]։

1803 թվականին Հաշմանդամների տունը տեղափոխվել է Եկատերինյան անկելանոց։ Ազատված շենքում Ալեքսանդր I կայսեր հրամանագրով և կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի աջակցությամբ հիմնադրվել է Սուրբ Եկատերինայի շքանշանի ուսումնարանը։ Ուսումնարանը հետագայում կոչվել է Եկատերինյան ազնվազարմ օրիորդների ինստիտուտ և գոյություն է ունեցել մինչև 1917 թվականը[1][2]։

Կենտրոնական տան հիմնադրում խմբագրել

 
Կարմիր բանակի երգի համույթի առաջին ելույթը 1928 թվականի հոկտեմբերի 12-ին Մշակույթի կենտրոնական տանը

Նախկին Եկատերինյան ազնվազարմ օրիորդների ինստիտուտի շենքում տեղակայված բանակային մշակութային հաստատության պատմությունը սկսվել է 1927 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ ԽՍՀՄ հեղափոխական ռազմական խորհրդի հրամանով Մոսկվայում ստեղծվել է Կարմիր բանակի կենտրոնական տունը, «ռազմական աշխատողների և նրանց ընտանիքների մշակութային կարիքները բավարարելու, ինչպես նաև աշխատավոր զանգվածների հետ համատեղ քաղաքական-լուսավորչական աշխատանքների կազմակերպման համար»[3]։

Կարմիր բանակի կենտրոնական տան բացումը տեղի է ունեցել 1928 թվականի փետրվարի 23-ին և զուգադիպել է Կարմիր բանակի տասնամյակի հետ։ Նոր մշակութային կենտրոնի գործունեությունը ղեկավարվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի քաղաքական վարչության միջոցով և վերահսկվել է ազդեցիկ պետական պաշտոնյաների կողմից։ Ըստ Կարմիր բանակի կենտրոնական տան խորհրդի անդամ Կլիմենտ Վորոշիլովի` այն «պետք է դառնար ոչ միայն հրամանատարական անձնակազմի հանգստի և զվարճանքի կենտրոն, այլև գիտելիքները թարմացնելու և խորացնելու տեղ, ռազմական գիտական աշխատանքի կենտրոն» և կարմիր բանակի հրամանատարական կազմի համար ազատ ակադեմիա»։ Այդ նպատակով ռազմական մշակութային հաստատությունում ստեղծվեցին կրթական և գիտական կաբինետներ, որոնք զբաղվել են ռազմաքաղաքական աշխատանքով, ռազմական շինարարությամբ, բազում ռազմական առարկաների ուսումնասիրությամբ, որտեղ ավելի քան երկու հազար ուսանող է վերապատրաստվել[3][4]։

Շատ հայտնի մարդիկ ներկա են գտնվել Կենտրոնական տան մշակութային միջոցառումներին։ Օրինակ՝ Մաքսիմ Գորկին ստեղծագործական երեկոներ և գործնական հանդիպումներ է ունեցել գրադարանավարների հետ։ ԿԲԿՏ հաճախ են այցելել Դեմյան Բեդնին, Ալեքսանդր Սերաֆիմովիչը, Իլյա Էրենբուրգը, Ալեքսեյ Տոլստոյը, Վսևոլոդ Վիշնևսկին, Ալեքսանդր Ֆադեևը և այլ գրողներ[3][4]։

Կարմիր բանակի կենտրոնական տանը ստեղծվել են շատ հայտնի ռազմական անսամբլներ և ստեղծագործական կոլեկտիվներ։ 1928 թվականի հոկտեմբերի 12-ին այստեղ տեղի ունեցավ Ալեքսանդր Ալեքսանդրովի անվան երգի-պարի անսամբլի առաջին ելույթը։ Շուտով անսամբլը ընդունվեց ԿԲԿՏ-ի հաստիքակազմ և կոչվեց Կարմիր բանակի Միխայիլ Ֆրունզեի անվան կենտրոնական տան երգի համույթ։ Նախպատերազմյան շրջանում ԿԲԿՏ-ում բացվեց նաև Ռուսաստանի բանակի թատրոնը, ՊՆ առանձին ռազմական ցուցադրական նվագախումբը և Կենտրոնական շախմատի ակումբը։ 1928-1965 թվականներին Սուվորովյան հրապարակի շենքում տեղակայված էր Կարմիր բանակի ու նավատորմի թանգարանը, այժմ՝ Զինված ուժերի կենտրոնական թանգարան։ Կենտրոնական տունը զգալի ներդրում է ունեցել բանակային սպորտի զարգացման գործում՝ բացելով Բանակի կենտրոնական մարզական ակումբը։ 1953 թվականին ԲԿՄԱ-ն դարձավ ինքնուրույն կառույց[1][3][5]։

Պատերազմական ժամանակաշրջան խմբագրել

Հայրենական մեծ պատերազմի տարիներին ԿԲԿՏ-ից ռազմաճակատ են ուղարկվել թատրոնների արտիստական բրիգադներ, ֆիլհարմոնիայի խմբեր, համերգային և հյուրախաղային միություններ։ Պատերազմի տարիներին ավելի քան 900 բրիգադներ այցելել են ռազմաճակատ, որտեղ անցկացրել են շուրջ մեկ միլիոն համերգ։ Այցելությանը մասնակցել են այնպիսի հայտնի կատարողներ, ինչպիսիք են Լիդիա Ռուսլանովան, Պրով Սադովսկին, Ելենա Գոգոլևան, Միխայիլ Ցարյովը, Իգոր Իլյինսկին, Վիկտոր Խենկինը, գրողներ և բանաստեղծներ Վասիլի Լեբեդև-Կումաչը, Ագնիա Բարտոն, Վալենտին Կատաևը, Նիկոլայ Տիխոնովը, Ալեքսեյ Սուրկովը և ուրիշներ։ Պատերազմի ժամանակաշրջանի ամենահայտնի կատարումներից մեկը Բելոռուսական երկաթուղային կայարանում Ալեքսանդրովի անսամբլի «Սրբազան պատերազմ» երգի կատարումն է եղել։ Պատերազմի տարիներին ԿԲԿՏ-ն աշխատել է նաև որպես ագիտացիայի և պրոպագանդայի կենտրոն, որտեղ նյութեր են պատրաստվել քաղաքական աշխատողների, դասախոսների և պրոպագանդիստների համար[3][4]։

Հետպատերազմական ժամանակաշրջան խմբագրել

 
Կարմիր բանակի անսամբլի ելույթը Հելսինկիում, 1945

Պատերազմից հետո ադմինիստրատոր Բարաբաշով Սերգեյ Միխայլովիչի ղեկավարությամբ 1946 թվականի վերջին ԿԲԿՏ-ն վերանվանվել է Խորհրդային բանակի Ֆրունզեի անվան կենտրոնական տուն(ԽԲԿՏ)։ Մշակութային և կրթական նպատակներով բացվեցին նոր հաստատություններ` սպայական տներ, ակումբներ, գրադարաններ, թատրոններ, համույթներ, զարգացել է գեղարվեստական ինքնագործունեությունը։ Այնուամենայնիվ, Կենտրոնական տունը շարունակել է գործել որպես երկրի գլխավոր և խոշորագույն մշակութային և կրթական բանակային կենտրոն։ Հաստատության գործունեությունը նշանավորվել է մի շարք բարձր պարգևներով` 1968 թվականին ԽԲԿՏ-ն ստացել է Կարմիր աստղի շքանշան, իսկ 1978 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան[6]։

ԽԲԿՏ-ն ծաղկում է ապրել 1960-70-ականներին։ Այդ տարիներին շարունակաբար անցկացվել են դասընթացներ Մշակույթի համալսարանում, երիտասարդ սպաների ակումբի նիստեր, շաբաթօրյա հանդիպումներ և այլ միջոցառումներ[3]։

ԽԲԿՏ-ն հանդես է եկել նաև որպես ուսումնամեթոդական կենտրոն և կատարելագործել է ռազմական մշակութային հաստատությունների աշխատակիցների հմտությունները։ Տանը կազմակերպվել են գիտական և գործնական համաժողովներ և սեմինարներ ԽՍՀՄ զինված ուժերի մշակութային գործունեության վերաբերյալ, որոնք անցկացվում էին երկրի ՊՆ ղեկավար կազմի նախագահությամբ և ռազմական անձնակազմի, պատերազմի վետերանների, լրագրողների, գրողների և դերասանների մասնակցությամբ։ ԽԲԿՏ-ում գործել է նաև Մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարան, ռազմական ակադեմիաներ, ռազմական գիտական ընկկերություններ, գրական ակումբներ և այլ դասընթացներ։ Կենտրոնական տունը ղեկավարել է խորհրդային բանակի և ռազմածովային ուժերի գլխավոր քաղաքական վարչությունը[3]։

Խորհրդային ժամանակաշրջանում ԽԲԿՏ-ն ծառայել է որպես ԽՍՀՄ կառավարության, ԽՄԿԿ Կենտկոմի մահացած անդամների հրաժեշտի վայր։ Այստեղից են հրաժեշտ տվել Յուրի Գագարինին, Վ. Մ. Կոմարովին, այլ զոհված տիեզերագնացների, Խորհրդային Միություն մարշալներ Գ. Կ. Ժուկովին, Կ. Կ. Ռոկոսովսկուն, Ա. Մ. Վասիլևսկուն, Ի. Ս. Կոնևին, ինչպես նաև Ա. Ն. Կոսիգինին, կուսակցական և պետական այլ ղեկավարների։ ԽԲԿՏ–ի կարգավիճակը որպես հրաժեշտի վայր ավելի ցածր էր, քան Միությունների տան սյունազարդ դահլիճինը` այստեղից հուղարկավորությունը հաճախ իրականացվում էր ոչ թե Կարմիր հրապարակում, այլ միայն Նովոդեվիչևյան գերեզմանատանը։ Եթե մահացածի կարգավիճակը թույլ էր տալիս թաղումը Կարմիր հրապարակում, ապա այն իրականացվել է միայն Կրեմլի պատի մեջ նախնական դիակիզումից հետո։ Վերջին անգամ ԽԲԿՏ-ից Կարմիր հրապարակում հուղարկավորություն է տեղի ունեցել 1984 թվականի սեպտեմբերին (ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Լ. Ա. Կոստանդով)։ Դրանից հետո ԽԲԿՏ-ն երկու անգամ օգտագործվել է որպես հրաժեշտի վայր` 1988 թվականին այստեղից հրաժեշտ տվեցին ԽՍՀՄ Ռ ԾՈՒ նախկին գլխավոր հրամանատար Ս.Գ. Գորշկովին, իսկ 1989 թվականին՝ Ա. Ա. Գրոմիկոյին։ Երկու դեպքում էլ հուղարկավորությունը տեղի ունեցավ Նովոդեվիչևյան գերեզմանատանը, չնայած նախապես Ա. Ա. Գրոմիկոյի հուղարկավորության վայրը հայտարարվել էր Կարմիր հրապարակը։ 1989 թվականից ի վեր ԽԲԿՏ-ում հրաժեշտի արարողություններ չեն անցկացվել։

Անվանումների հաջորդականություն խմբագրել

Իր գոյության ընթացքում կազմակերպությունը մի քանի անգամ փոխել է իր անվանումը։ 1946 թվականին Կարմիր բանակի կենտրոնական տունը վերանվանվեց Միխայիլ Ֆրունզեի անվան Խորհրդային բանակի կենտրոնական տուն, իսկ 1993 թվականին՝ ռուսական բանակի կենտրոնական տուն։ 1997-2016 թվականներին Ռուսական բանակի կենտրոնական տունը ստացել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մշակութային կենտրոն անվանումը։ Պաշտպանության նախարարի 2016 թվականի հունիսի 16-ի հրամանով վերադարձվել է պատմական անվանումը` Միխայիլ Ֆրունզեի անվան ռուսական բանակի կենտրոնական տուն[4][7]։

Ներկայիս կարգավիճակ խմբագրել

Մինչ օրս տունը շարունակում է մնալ գործող բանակի գլխավոր ռազմական մշակութային հաստատությունը և բանակի մեթոդական կենտրոնը։ Ռազմահայրենասիրական դաստիարակության գործում նշանակալի ավանդի համար ՌԲԿՏ-ն երկու անգամ (1995 թվականին և 2005 թվականին) արժանացել է Ռուսաստանի նախագահի շնորհակալագրի, որով նշվել է ակտիվ աշխատանքը զորքերում և ռազմական կոլեկտիվներում[3]։

ՌԲԿՏ-ից բացի, Սուվորովյան հրապարակում տեղակայված է նաև զինված ուժերի մշակութային կենտրոնը՝ Ռուսաստանի բանակի թատրոնը։ Հրապարակի մոտ են գտնվում Զինված ուժերի կենտրոնական թանգարանը և Միտրոֆան Գրեկովի անվան ռազմական նկարիչների ստուդիան[3]։

Շենքի ճարտարապետական տեսք խմբագրել

 
Դոմենիկո Ժիլյարդիի դիմանկարը

ՌԲԿՏ շենքերի համալիրը (գլխավոր շենքը, հարավային և հյուսիսային մասնաշենքերը, հանդիսությունների բակը ցանկապատով և Եկատերինյան պուրակը) համարվում է ճարտարապետական հուշարձան 18-րդ դարի երկրորդ կեսից։ Հիմնական շենքի կենտրոնական մասը կառուցվել է 1779 թվականին։ Եկատերինյան ինստիտուտի այստեղ տեղափոխվելու կապակցությամբ շենքը վերակառուցվել է 1802-1807 թվականներին։ Կենտրոնական ճակատին կից կամարաշարքի վրա կառուցվել է տասը սյուններով նախասրահը։ Շենքի կողային արևմտյան առանցքները խոշորացվեցին, իսկ գլխանիստ մասերը միացվել են գոյություն ունեցող կցաշենքերի հետ պարզ ճակատով։ 1818-1827 թվականներին ճարտարապետներ Դոմենիկո Ժիլյարդին և Աֆանասի Գրիգորևը զգալիորեն ընդլայնել են նախկին առանձնատունը՝ տան գլխանիստային հարթություններին ավելացնելով նոր ծավալներ։ 1918-1928 թվականներին շենքը ռեստավրացիայի է ենթարկվել Սերգեյ Տորոպովի նախագծի համաձայն[1]։

Գործունեություն խմբագրել

Ռուսական բանակի կենտրոնական տունը համարվում է Պաշտպանության նախարարության վերահսկողության տակ գտնվող պետական բյուջետային հաստատություն, որը գործում է մշակութային, ժամանցի և սոցիալական գործունեության ոլորտում։ Ինչպես նշվում է պաշտոնական կայքում, «ՌԲԿՏ-ի հիմնական նպատակը հոգևոր կարիքների բավարարումն է, կրթությունը և ռազմական անձնակազմի, զինված ուժերի քաղաքացիական անձնակազմի և նրանց ընտանիքների մշակութային ժամանցի կազմակերպումը»[3]։

ՌԲԿՏ-ի համերգային բրիգադները ակտիվորեն ելույթներ են ունենում զորամասերում, զորավարժությունների մասնակիցների առջև, մեկնում ուսումնական զորավարժարաններ, կայազորներ և ռազմաբազաներ։ Կենտրոնական տան համառուսաստանյան միջոցառումների շարքում են «Կատյուշա» և «Ղրիմյան ալիք» փառատոների կազմակերպումը 2016 թվականին, ինչպես նաև «Ոսկե բազե» մշակութային և ժամանցային գործունեության մրցույթները և 2017 թվականին անցկացված «Ես հիշում եմ։ Ես հպարտ եմ» մանկական նկարների մրցույթը[3]։

2017 թվականի դրությամբ ՌԲԿՏ–ին կից գործում են շուրջ 20 խմբակներ և ակումբներ, այդ թվում՝ ռազմա-գիտական ընկերություն, սպայական պարի ակումբ «Հաջողություն տիկնայք», «Մարտական ընկերուհի» բանավոր ամսագիրը, բիլիարդի և թենիսի ակումբներ և այլն[8]։

Կայքը հայտնում է, որ հաստատությունում ծառայում են 55 շքանշանակիրներ և 115 մեդալներով պարգևատրված աշխատակիցներ, 22-ը ստացել են Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործչի կոչում, երկուսը` Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի, յոթը` Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչումներ[3]։

2017 թվականին ՌԲԿՏ–ն ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ Վասիլի Իվանովիչ Մազուրենկոն[9]։

Կառուցվածք խմբագրել

 
Իոսիֆ Կոբզոնը Ալեքսանդրովի անսամբլի հետ, Վրոցլով, 2009

Ռուսական բանակի կենտրոնական տունը ունի հետևյալ ստորաբաժանումները`
Համերգային ծրագրերի կազմակերպման բաժինը իրականացնում է գործունեության հետևյալ տեսակները` համերգային գործունեություն, համերգային ծրագրերի ստեղծում, փառատոների կազմակերպում և անցկացում և ստեղծագործական մրցույթներ։ Բաժնի հիմնական խնդիրներից` համերգային ծրագրերի ստեղծման արդյունավետության բարձրացում և կազմակերպում համերգային գործունեություն` ռազմական անձնակազմի, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի քաղաքացիական անձնակազմի և նրանց ընտանիքի անդամների բարոյական, գեղագիտական և ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացման համար, օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների ժամանակ ռազմական անձնակազմի մշակութային և գեղարվեստական ծառայությունների կազմակերպում, հատուկ զորավարժություններ, մշակութային և գեղարվեստական ծառայություններ ռազմական անձնակազմի համար հեռավոր կայազորներում, առանձին ռազմաբազաներում և ուսումնական վարժարաններում, ռազմական անձնակազմի համար համերգային միջոցառումների կազմակերպում պետական տոների նախապատրաստման և անցկացման ժամանակ, տոներ՝ նվիրված Ռուսաստանի պատմությանը և հիշարժան ամսաթվերին, զինված ուժերին, մատուցվող մշակութային և գեղարվեստական ծառայությունները Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսում, կայազորների, ռազմական շրջանների և նավատորմի մշակութային և գեղարվեստական ծառայությունների համերգային բրիգադների ձևավորում։ Բաժնի պետ՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Բելյան[10]։

  • Մշակույթի բաժին։ Բաժինը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ Միխայիլ Միխայլովը։ Միխայլովն իր աշխատանքի հիմնական ուղղությունը համարում է «զինծառայողների, քաղաքացիական անձնակազմի և նրանց ընտանիքի անդամների բարձր բարոյահոգեբանական որակների ձևավորումը, բարոյական կրթությունը, հոգևոր աճը, մշակութային ժամանցի կազմակերպումը, գեղարվեստական ինքնագործության զարգացումը, խմբակային աշխատանքը և գեղեցիկի և վսեմության զգացողության բազմակողմանի զարգացումը իրենց հայրենիքին ծառայելու գործում»[11]։
  • Մեթոդական բաժինը զբաղվում է ռազմական մշակութային հաստատությունների մշակութային և ժամանցային գործունեության կազմակերպմամբ, անցկացնում է ուսումնամեթոդական սեմինարներ, հանրային դասախոսություններ, խմբային և անհատական խորհրդատվություններ մշակութային և ժամանցային աշխատանքի խնդիրների վերաբերյալ։ Բաժինը ղեկավարում է Դմիտրի Խրոբոստովը[12]։

Մեթոդական բաժնի աշխատանքի գերակա ուղղություններն են`
- զինված ուժերում մշակույթի վիճակի վերլուծություն,
- բանակի և նավատորմի մշակույթի և ժամանցի աշխատողների խորացված ուսուցում, պաշտպանության նախարարության ռազմական համալսարանին աջակցություն մշակույթի և ժամանցի ոլորտում անձնակազմի պատրաստման և վերապատրաստման գործում,
- համագործակցություն մշակույթի նախարարության, գիտական հաստատությունների, ուսումնական հաստատությունների, այլ գերատեսչությունների կենտրոնական մշակութային հաստատությունների հետ, մշակութային գործունեության խնդիրների վերաբերյալ հետազոտությունների անցկացում,
- մշակութային բնույթի մեթոդական և ռեպերտուարային գրականության, ինչպես նաև ռազմական ինստիտուտների և ստեղծագործական խմբերի կողմից դրանց օգտագործման առաջարկների ու առաջարկությունների մշակում և այլն[12]։

  • Ռազմական շեֆական աշխատանքների վարչությունը կատարում է ՌԲԿՏ վարչակազմի և զորքերի միջև կապի գործառույթները` Ձևավորում և զորամասերին է ուղարկում ցուցահանդեսի մշակութային և գեղարվեստական բրիգադներ, աջակցում է բանակին և ծովային մշակութային և ժամանցի հաստատություններին հանդիսավոր միջոցառումներ անցկացնելիս։ Ի թիվս այլ բաների, բաժինը պատասխանատու է նաև մասսայական սպորտի և ֆիզիկական կուլտուրայի և հանգստի գործունեության կազմակերպման համար[13]։ Բաժնի վարիչն է Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ Գալինա Կարասևան[13]։
  • Գրողների ռազմական գեղարվեստական ստուդիայի հիմնական նպատակներն են`

- Ռուսական բանակի կենտրոնական տան գրողների ռազմական գեղարվեստական ստուդիայի Վլադիմիր Կարպովի անվան գրական ասոցիացիայի աշխատանքի և կառավարման կազմակերպում.
- մասնակցություն ռազմական անձնակազմի, պահեստային և պաշտոնաթող սպաների, ՌԴ զինված ուժերի քաղաքացիական անձնակազմի, նրանց ընտանիքի անդամների ռազմահայրենասիրական դաստիարակությանը։
- բանակային գրողների ստեղծագործական երեկոների կազմակերպում, ընթերցանության համաժողովներ, կլոր սեղաններ ժամանակակից բանակի և նավատորմի մասին գեղարվեստական կարևորագույն ստեղծագործությունների վերաբերյա[14]։

Գրողների ստուդիան ամեն տարի կազմակերպում է «Քո որդիները Ռուսաստան» համառուսական գրական մրցույթը։ գեներալիսիմուս Ալեքսանդր Սուվորովի անվան համառուսական գրական մրցույթը և շատ այլ միջոցառումներ։ Արվեստանոցը ղեկավարում է պաշտոնաթող գնդապետ Վլադիմիր Սիլկինը[14]։ Կազմակերպական պլանավորման բաժինը ղեկավարում է Օլեգ Բարբաշևը[15]։

  • Գրադարանային ֆոնդերում հաշվառված են ավելի քան 500 հազար հատոր գրքեր։ Այն ունի գրքերի եզակի հավաքածու, այդ թվում` Մագնիցկու « Թվաբանությունը» (1703), Միխայիլ Լոմոնոսովի (1794) ստեղծագործությունները, Պետրոս I-ի ձեռագիր կանոնադրությունը (1720), Եկատերինա Մեծի և Վոլտերի նամակագրությունը (1812) և այլն ։
  • ՌԲԿՏ-ի աստղադիտարանը   գտնվում է Եկատերինյան  պարկում և հագեցած է աստղային երկնքի «Փոքր Ցեյս» օպտիկական-մեխանիկական պրոյեկտորով, որը ճշգրիտ կերպով պատկերում է երկնային մարմինների գտնվելու վայրը հորիզոնից վեր ցանկացած պահի` հյուսիսային կիսագնդի ցանկացած կետից։ Աստղադիտարանի դահլիճում առկա է 60 նստատեղ։

Հաստատությունում գործում են նաև համերգային, ցուցահանդեսային, դահլիճներ, ընթերցասրահներ, մեթոդաական կաբինետներ և լսարաններ, սեփական թենիսի կորտեր, բիլիարդի սենյակ, պատմական և հուշասրահ՝ 19-րդ - 20-րդ դարի սկիզբի կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի գործերի հավաքածուով (875 միավոր)[8][16]։

Դահլիճներ խմբագրել

 
Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնը Մոսկվայում, 2016

Ռուսական  բանակի կենտրոնական տանը գործում են հետևյալ համերգասրահները՝

  • Կարմրադրոշ սրահը նախատեսված է հյուրերի տոնական ընդունելության համար և կարող է տեղավորել մինչև 600 հյուր,
  • Բուխարու սենյակում, որտեղ կարող է տեղավորվել մինչև 120 մարդ, սովորաբար անցկացվում են Ռուսաստանի ավագ սպաների ակումբի հանդիպումները,
  • 400-600 հյուր տեղավորող կինոթատրոնն ու համերգասրահը հագեցած են ժամանակակից լուսային և ձայնային սարքավորումներով,
  • Մալախիտե հյուրասենյակը նախատեսված է100 անձի համար,
  • Ոսկե հյուրասենյակն առանձնանում է իր հարուստ ներքին հարդարանքով և  փոքր կարողությամբ` շուրջ 20 մարդ,
  • Կարմիր հյուրասենյակը նախատեսված է պաշտոնական հանդիպումների, երաժշտական երեկոների համար և կարող է տեղավորել մինչև 80 մարդու,
  • Սպիտակ հյուրասենյակը նախատեսված է մինչև 100 հոգու ընդունելությունների համար,
  • Կամերային դահլիճն առանձնանում է իր համեստ ներքին հարդարանքով և կարող է տեղավորել մինչև 200 հյուրերի[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Усадьба Салтыковых и Екатерининский институт благородных девиц». Достопримечательности Москвы. 2014 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  2. Иван Гарбузов. «Суворовская площадь». Я узнаю Москву. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 «История». Центральный Дом Российской Армии им. М.В. Фрунзе. 2017. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Александр Востриков, Ирина Павлюткина (2017 թ․ փետրվարի 8). «Флагман армейской культуры». Красная звезда. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.(չաշխատող հղում)
  5. «История ансамбля песни и пляски Российской Армии им. Александрова». Эхо Москвы. 2016 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.(չաշխատող հղում)
  6. «Военные учреждения культуры». Культура и армия. 2017. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  7. «В Москве открылся Центральный Дом Красной Армии им. М. Фрунзе. 23 февраля 1928 года (сегодня 89-я годовщина)». Moscow.org.Городской портал Москвы. 2017. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  8. 8,0 8,1 «Центральный Дом Российской Армии им. М.В. Фрунзе». Министерство обороны Российской Федерации. 2017. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  9. «Руководство». Центральный Дом Российской Армии им. М.В. Фрунзе. 2017. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  10. «Об отделе». cdra.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  11. «Отдел культуры». Центральный Дом Российской Армии им. М.В. Фрунзе. 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  12. 12,0 12,1 «Методический отдел». Центральный Дом Российской Армии им. М.В. Фрунзе. 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  13. 13,0 13,1 «Отдел военно-шефской работы». Центральный Дом Российской Армии им. М.В. Фрунзе. 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  14. 14,0 14,1 «Военно-художественная студия писателей». Центральный Дом Российской Армии им. М.В. Фрунзе. 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  15. «Отдел организационно-плановой работы». Центральный Дом Российской Армии им. М.В. Фрунзе. 2017. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  16. «О нас». Центральный Дом Российской Армии им. М.В. Фрунзе. 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  17. «Наши залы». Центральный Дом Российской Армии им. М.В. Фрунзе. 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել