Միխայիլ Շոլոխովի անվան պետական արգելոց-թանգարան
Միխայիլ Շոլոխովի անվան պետական արգելոց թանգարան (ռուս.՝ Государственный музей-заповедник М. А. Шолохова), ստեղծվել է 1984 թվականին, համարվում է Միխայիլ Շոլոխովի միակ պետական թանգարանը Ռուսաստանում, որը գտնվում է Ռոստովի մարզում[1]։ Թանգարանի հավաքածուի համար հիմք է հանդիսանում Միխայիլ Շոլոխովին և նրա ընտանիքին պատկանող հուշային առարկաները։
Միխայիլ Շոլոխովի անվան պետական արգելոց-թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Հիմնադրվել է | 1984 |
Կայք | sholokhov.ru |
Թանգարանի մասին
խմբագրելԹանգարանում պահվում է այն ամենը, ինչ կապված է Միխայիլ Շոլոխովի կյանքի և ստեղծագործության հետ՝ նամակներ, ձեռագրեր, առարկաներ, տներ, որտեղ ապրել է նա, Շոլոխովի ստեղծագործություններում պատկերված խուտորների և ստանիցաների բնությունը։ Թանգարանային հավաքածուում հաշվառված են ավելի քան 70000 պահպանվող միավոր, հուշահամալիրները տեղակայված են Ռոստովի մարզի Շոլոխովի և Բոկովսկի շրջաններում, դրանք գրեթե ամբողջությամբ բաղկացած են իսկական իրերից[1]։
Թանգարան արգելոցի պահպանվող բնական լանդշաֆտի գոտին կազմում է 38 236 հեկտար, որից լադշաֆտային արգելոցային գոտին` 3820 հեկտար։
Թանգարանի հիմնական օբյեկտները`
- Հուշահամալիր-տուն Կրուժիլինսկի խուտորում, որտեղ ծնվել է Միխայիլ Շոլոխովը և ապրել ծնողների հետ մինչև 1910 թվականը,
- Տուն-թանգարան Կարգինսկի ստանիցայում, որտեղ նա գրել է «Դոնի պատմվածքների» մեծ մասը,
- Տուն Վյոշենսկի ստանիցայում, որտեղ գրողը ապրել է 30-ական թվականներին և աշխատել «Խաղաղ Դոնի» երրորդ գրքի և «Հերկած խոպան» վեպի վրա,
- Հուշահամալիր դաստակերտ, որտեղ Միխայիլ Շոլոխովը բնակվել է ընտանիքի հետ 1949-1984 թվականներին, որտեղ նա գրել է «Հերկած խոպանի» 2-րդ գիրքը, «Մարդու ճակատագիրը» վիպակը և «Նրանք մարտնչում էին հանուն Հայրենիքի» վեպի առանձին գլուխներ։
Նախկին գյուղական գիմնազիայի շենքում, որտեղ 1918 թվականին սովորել է ապագա գրողը, 2005 թվականին նրա 100-ամյակի առթիվ բացվեց նոր գրական ցուցադրություն «Միխայիլ Շոլոխով։ Ժամանակ և ճակատագիր»։
Թանգարանում կազմակերպվում է «Շոլոխովյան գարուն», ամենամյա Համառուսաստանյան գրական-բանահյուսական փառատոնը, որն անցկացվում է մայիսի վերջերին, գրողի ծննդյան օրը, որին մասնակցում են հյուրեր Ռուսաստանի տարբեր մարզերից, մերձավոր և հեռավոր արտասահմանից[2]։
Թանգարանի տնօրեններ
խմբագրելԹանգարանի առաջին տնօրենն է եղել Նիկոլայ Բուլավինը։ 2001-2016 թվականներին Ալեքսանդր Միխայլովիչ Շոլոխովը, 2017 թվականից՝ Օլգա Ալեքսանդրովնա Անիստրատենկոն[3]։
«Փարթամ բուսականություն, ուր արածում են ձիերը, բույն դնում և երամներով շրջում արոսները։ Խորը ձմռանը տափաստաններում շրջում են գայլերի ոհմակները, անտառներում բազմանում և ճարպակալում են աղվեսները, հետապնդելով նապաստակներին և ձնառատ թաքստոցներում փնտրում կաքավներին։ Իսկ գարնանը չորացած խոտերի միջից դուրս է գալիս կանաչը։ Ապրիլի վերջին, մայիսի սկզբին տափաստանը ծածկվում է զմրուխտե գորգով, որտեղ աչքի են զարնում թարմություն բերող վառ կարմիր և կապուտակ գույները»։
Վյոշենսկայա-Միլլերովո ավտոճանապարհին՝ Վյոշենսկայա ստանիցայից 29 կմ հեռավորության վրա, կանգնեցված է Ն. Վ. Մոժաևի պատրաստած «Խաղաղ Դոնի կազակների» հուշարձանը։ Շրջվելով դեպի ձախ և անցնելով 7 կմ՝ հասնում ենք Կրուժիլինսկ, որը սովորական խուտոր է Վերին Դոնում։ Սակայն այս հեռավոր և խորքային բնակավայրը այժմ ողջ աշխարհին հայտնի է դարձել որպես Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի ծննդավայր։ Ինքնակենսագրության մեջ Շոլոխովը գրել է` «Ծնվել է 1905 թվականի մայիսի 24-ին, Դոնեցկի օկրուգի (Վոյսկա Դոնսկի մարզ) Վեշենսկի ստանիցայի Կրուժիլինսկ խուտորում»։
Նախկինում այստեղ չմշակված տափաստանէր, բարձր խոտածածկույթով, մացառուտներով և խիտ թփուտներով։ Այստեղ Դոնի բանակին պատկանող վայրի բնության գրկում արածում էին ձիերի երամակները։ Գետերի հեղեղատներում աճում էին բարձր ծառեր, իսկ շրջակայքում կային գեղեցիկ մարգագետիններ։ «Ծնված օրվանից փոքրիկ Միշան շնչել է անծայրածիր տափաստանների սքանչելի օդը, տաք արևը այրել է նրան, տաք քամիները և փոշոտ ամպերը չորացրել են շրթունքները … Նա իր հասակակից կազակների հետ խաղացել է մացառուտ փողոցներում…» (Ա. Սերաֆիմովիչ)։
20-րդ դարի սկզբում Կրուժիլինում կար շուրջ 200 տնտեսություն։ Խուտորի կենտրոնը կոչվում էր «ստանիչկա»։ Կենտրոնում, հրապարակում գտնվում էր Գեորգի Պոբեդանոսեցի եկեղեցին, մոտակայքում կային խանութներ, վաճառականների կրպակներ, հարուստ կազակների հյուրատներ և եկեղեցական-ծխական դպրոց։ «Ստանիչկա»-ի հարավային կողմում գտնվում էր մի դաստակերտ, որը գնել էր ապագա գրողի հայրը`Ալեքսանդր Միխայլովիչ Շոլոխովը։ Այս տանը ծնվել է Միշա Շոլոխովը։ Ալեքսանդր Միխայլովիչը աշխատում էր վաճառական Պարամոնովի մոտ որպես գործակատար։ Նա խուտորում կրթված և նշանավոր մարդ էր։ Հայրենակիցները փոքր և մեծ հոգսերով դիմում էին «Միխալիչին»։ Նա օգնում էր խորհրդատվությամբ, գրում էր նամակներ, միջնորդություններ, բողոքներ։ Կազակները նրան հարգում էին պարզության, մարդամոտության և խելացիության համար։ 1910 թվականին, Շոլոխովի Կարգին մեկնելու կապակցությամբ տունը վաճառվեց։
Կրուժիլինում անցկացված Շոլոխովի մանկության առաջին 5 տարիները անջնջելի տպավորություն են թողել նրա մանկական հոգու վրա։ Այս տպավորությունները ժամանակի ընթացքում իրենց վառ արտահայտությունն էին գտնելու գրողի հիանալի ստեղծագործությունների էջերում։ Շոլոխովների դաստակերտը մրգատու այգին, բակը, նստարանը, բաղնիքը, շտեմարանը, ախոռը վերականգնվել են և ընդգրկվել Միխայիլ Շոլոխովի թանգարան-արգելոցի մեջ։
2006 թվականի մայիսին Շոլոխովների հուշահալիրի հարևանությամբ բացվեց թանգարանային նոր օբյեկտ 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի կազակական իջևանատուն։ Իջևանատունը իր բազայով, սրահներով, շտեմարանով, մառանով, մարագով վերստեղծում է կազակական խուտորի պատմական տեսքի մի հատված։
Կարգինի պատմական հուշահամալիր
խմբագրելՇոլոխովների ընտանիքը Կարգին տեղափոխվեց 1910 թվականին։ Ապագա գրողի հայրը`Ալեքսանդր Միխայլովիչ Շոլոխովը ծառայության անցավ իր ավագ քրոջ նախկին ամուսնու, վաճառական Օզերովի մոտ։ Այդ ժամանակ խուտորում գտնվում էին Պոկրովսկու եկեղեցին, եկեղեցական-ծխական դպրոցը և կանանց ու տղամարդկանց ծխական ուսումնարանը։ 1911 թվականին Միշան սկսեց նախապատրաստվել դպրոց գնալուն։ Նրահամար վարձել էին ուսուցիչ Տ. Տ. Մրիխինին։ Այստեղ նա սովորել է դպրոցում, աշխատել և ընդհատումներով ապրել մինչև 1926 թվականը։
Կարգինի պատմական հուշահամալիրը գտնվում է Ռոստովի մարզի Բոկովսկի շրջանի Կարգին ստանիցայում։ Կարգինի պատմական հուշահամալիրը դասվում է Դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբեկտների շարքին։ Համալիրի կազմում ընդգրկված են`
- Դաստակերտը, որտեղ 1919-1926 թվականներին ապրել և ստեղծագործել է գրող Միխայիլ Շոլոխովը։ Դաստակերտում պահպանվել են` բնակելի տունը (20-րդ դարի սկիզբ), անասունների և թռչունների գոմը (20-րդ դարի սկիզբ), շտեմարանը (20-րդ դարի սկիզբ), մառանը (20-րդ դարի սկիզբ), ամառային վառարան (20-րդ դարի սկիզբ), ջրհորը ամբարձիչով (20-րդ դարի սկիզբ), ցանկապատը (20-րդ դարի սկիզբ)[5]։ Դաստակերտում Միխայիլ Շոլոխովը բնակվում էր ծնողների հետ, աշխատում էր անգրագիտության վերացման դպրոցում, այնուհետև ծառայել է ստանիցայի հեղկոմում, որպես վիճակագիր։ 1922 թվականից Շոլոխովը սովորել է Ռոստովում, Դոնպրոդկոմի դասընթացներում, աշխատել է Բուկանովսկ ստանիցայում, որպես սննդի տեսուչ։
Այս տանը Միխայիլ Շոլոխովը գրել է ժողովածուում ընդգրկված «Դոնի պատմվածքներ» և «Երկնագույն տափաստան» ստեղծագործությունները (1926)։ Այստեղ էլ նրա մոտ ծագեց «Խաղաղ Դոն» վեպի մտահղացումը։
1926 թվականին Շոլոխովների այս տանից գնալուց հետո դաստակերտը վաճառվեց տեղի գյուղացի Մ. Չուկարինին։ 1945 թվականից այն սեփականության իրավունքով պատկանում էր Ա. Կոսիխին։ 1972 թվականին դաստակերտի տունը գնեց Բոկովսկի շրջգործկոմը և այնտեղ թանգարան բացեց։ Մինչև 1978 թվականը առանձնատան մի մասը սեփականության իրավունքով պատկանում էր Ա. Կոսիխին։ ՌԽՖՍՀ Նախարարների Խորհրդի 1984 թվականի № 306 «Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, գրող և հասարակական գործիչ Միխայիլ Շոլոխովի հիշատակի հավերժացման մասին» № 306 որոշմամբ, դաստակերտը ընդգրկվում է Միխայիլ Շոլոխովի պետական արգելոց-թանգարանի կազմի մեջ։
Դաստակերտի տան ճարտարապետությունը բնորոշ է 20-րդ դարի սկզբի Վերին Դոնի գյուղերին։ Ներսից տունը բաժանված էր նախասենյակի, ճաշասենյակի, ննջարանի և վերնասենյակի։ 1924-1926 թվականներին վերնասենյակում բնակվում էր Միխայիլ Շոլոխովը կնոջ և դստեր Սվետլանայի հետ։ Ներկայումս տանը վերականգնվել է քսանական թվականների կեսերի գրողի կյանքի պայմանները[6]։
- Ծխական ուսումնարան։ Այստեղ 1912-1914 թվականներին սովորել է Միխայիլ Շոլոխովը[7]։ Ծխական ուսումնարանի շենքը կառուցվել է 1880-ական թվականների վերջերին, 1890-ական թվականների սկզբին։ Շենքի նախագիծը մշակվել էր XVII օկրուգի Կորպուսի ռազմական բնակավայրերի վարչության ճարտարագետների կողմից։ 1920-ական թվականներին շրջանի դպրոցների ղեկավարումը հանձնվեց Ժողովրդական կրթության բաժնին։ Դպրոցը յոթամյա դարձավ 1923 թվականից։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին դպրոցի շենքը ծառայում էր որպես հոսպիտալ, այնուհետև նորից դպրոց։ 1960-ական թվականներին այստեղ տեղակայված էր տեղի սովորողների գիշերօթիկ դպրոցը։ 1988 թվականին դպրոցը հանձնվեց Միխայիլ Շոլոխովի պետական արգելոց-թանգարանին։ Այստեղ տեղակայված է գրողի աշակերտական տարիների վերաբերյալ ցուցադրությունը`երեք տեղանոց դպրոցական նստարան, որի վրա ժամանակին նստել էր Շոլոխովը։
Մրցանակներ
խմբագրել- «Փոփոխվող թանգարան փոփոխվող աշխարհում» մրցույթի հաղթող
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 [1] Արխիվացված 2008-06-11 Wayback Machine О государственном музее-заповеднике М. А. Шолохова на сайте музея
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 7-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն) О литературно-фольклорном празднике «Шолоховская весна» на сайте музея - ↑ Музей-заповедник М.А. Шолохова: Официальные документы
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն)Государственный музей-заповедник М.А. Шолохова на официальном портале туризма Ростовской области - ↑ «Усадьба, в которой жил и работал в 1919 - 1926 годах писатель Михаил Шолохов». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Каргинский мемориально-исторический комплекс
- ↑ «Здание приходской школы, в которой учился М.А. Шолохов». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Сайт Государственного музея-заповедника М.А. Шолохова». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին.
- Александр Шолохов: «Деду приснился финал «Тихого Дона»