Մերձարևադարձային մշակաբույսեր

Մերձարևադարձային մշակաբույսեր, մեծ մասամբ մշտադալար, երբեմն տերևաթափ բազմամյա բույսեր, որոնք մշակվում են մերձարևադարձային գոտում։ Մերձարևադարձային մշակաբույսերից նարնջենին, կիտրոնը, մանդարինը, գրեյպֆրութը, թզենին, խուրման, ձիթենին և այլն ծառեր են։ Տեխնիկական նշանակություն ունեն թեյը, դափնին, շաքարեղեգը, էվկալիպտը, բամբուկը, եղրիզենին և այլն, դեկորատիվ՝ նոճին, արմավենին, մագնոլիան, սեկվոյան և այլն։ Մերձարևադարձային մշակաբույսերը բնորոշվում են ցածր ցրտադիմացկունությամբ և երկարատև վեգետացիայով։ Ի տարբերություն արևադարձային բույսերի, Մերձարևադարձային մշակաբույսերի աճի ու զարգացման համար պահանջվում է որոշ չափով կայուն ձմեռային հանգստի շրջան։ Մերձարևադարձային պտղաբուծությունը զարգացած է գլխավորապես միջերկրածովյան երկրներում։ Ցիտրուսայինների պտուղները երկշերտ կեղևով են։ Արտաքինը դեղին կամ նարնջագույն է, ունի եթերայուղերով լցված անոթներ, որոնց վնասվելուց պտուղները կորցնում են բույրը և արագ փչանում։ Երկրորդ շերտը սպիտակ է, դառը (պարունակում է հեսպերիդին գլյուկոզիդ)։ Պտուղների սննդային արժեքը շատ բարձր է, պարունակում են շաքարներ, օրգանական թթուներ, վիտամիններ (C, Bi, B2, РР, կարոտին), պեկտինային նյութեր, հանքային աղեր, եթերայուղեր, գլյուկոզիդներ։ Օգտագործում են թարմ և վերամշակված (հյութ, մարմելադ, մուրաբա, ստանում են յուղ, կիտրոնաթթու և այլն) վիճակում, էվկալիպտի տերևները, որոնք պարունակում են 4% եթերայուղ, կիրառվում են բժշկության և օծանելիքի արդյունաբերության, իսկ բնափայտը՝ կահույքի և այլ արտադրության մեջ։ Բամբուկի բնափայտից պատրաստում են՝ կահույք և սպորտային առարկաներ։ Եղրիզենու պտուղներից ստանում են բարձրարժեք յուղ, որն օգտագործվում է լաքեր ու ներկեր արտադրելու համար։ Հայաստանի մերձարևադարձային գոտին հիմնականում գտնվում է Մեղրու ցածրադիր մասում, որտեղ աճում են թզենի, նռնենի, նշենի։ Կիտրոնն աճեցվում է Կարճևանում (1924 թվականից) ապրիլից մինչև հոկտեմբեր պահում են դրսում, այնուհետև՝ ծածկի տակ։

Մանդարին
Լիմոն
Գրեյպֆրութ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 495