Բացել գլխավոր ցանկը

Մեթադոն

քիմիական միացություն

Մեթադոն, սինթետիկ (արհեստական) օփիոիդ։ Բժշկության մեջ այն օգտագործվում է որպես ցավազրկող (անալգետիկ), ինչպես նաև ափիոնային կախվածությամբ տառապող անձանց փոխարինող բուժման միջոց։ Մեթադոնը հանդիսանում է մորֆինի և հերոինի ացիկլիկ անալոգը։ Այն ազդում է նույն օփիոիդային ընկալիչների վրա, որոնց վրա ազդում են նշված թմրամիջոցները և ունի գրեթե նույն ազդեցության մեխանիզմը։ Մեթադոնն իր երկարատև ազդեցության, ուժեղ ցավազրկող հատկությունների և ցածր գնի շնորհիվ օգտագործվում է քրոնիկական խիստ ցավերի մեղմման նպատակով։

Մեթադոն
Methadone.svg
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում(RS)-6-դիմեթիլամինո-4,4-դիֆենիլ-3-հեպտանոն
Այլ անվանումներդոլոֆին, ամիդոն, ֆիզեպտոն, հեպտադոն, մեթադոզ, սիմորոն
Քիմիական բանաձևC₂₁H₂₇NO
Մոլային զանգված309,209264 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար76-99-3
PubChem4095
EINECS համար200-996-9
SMILESCCC(=O)C(CC(C)N(C)C)(C1=CC=CC=C1)C2=CC=CC=C2
ЕС200-996-9
ChEBI3953
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Մեթադոնը ստեղծվել է Գերմանիայում 1937 թվականին հատկապես այն պատճառով, որ այնտեղ օփիոիդների հուսալի ներքին աղբյուրի պահանջ կար։ ԱՄՆ-ում այն սկսեց կիրառվել 1947 թվականից։ Թմրամիջոցային թունավորման հետևանքով մահվան դեպքերի շարքում մեթադոնի գործածման արդյունքում մահվան դեպքերը 1999-ից 2007 թվականներին 784-ից հասան 5518-ի, իսկ մինչև 2011 թվականը նվազեցին՝ հասնելով 4418-ի[2]։

Մեթադոնն ընդգրկված է ՄԱԿ-ի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին միասնական» կոնվենցիայի[3] Ցուցակ 1-ինում և բազմաթիվ երկրներում վերահսկվում է այնպես, ինչպես մորֆինը։

Մեթադոնը հիմնականում օգտագործվում է ափիոնային կախվածությունից բուժման նպատակով։ Դրա օգտագործումն օրալ եղանակով կարող է կայունացնել կախվածություն ունեցող անձանց վիճակը՝ մեղմացնելով զրկանքի համախտանիշը կամ այն դարձնելով համեմատաբար տանելի։ Մեթադոնի մեծ դեղաչափերը կարող են կանխել հերոինի, մորֆինի և նմանատիպ այլ թմրամիջոցների էյֆորիկ ազդեցությունը, և, որպես արդյունք, այդ թմրամիջոցները գործածողները մեթադոնի օգնությամբ կարող են հաղթահարել կախվածությունը։

Բազմաթիվ դեղագործական ընկերություններ արտադրում և մատակարարում են մեթադոն։ Ափիոնային կախվածության բուժման համար օգտագործվող մեթադոնային դեղամիջոցները երբեմն պարունակում են միայն լևոմեթադոն, որը հասանելի է Պոլամիդոն և Հեպտադոն ապրանքանիշերի ներքո։ Այն ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հիմնական դեղերի ցանկում՝ կարևորագույն դեղերի ցանկ, որոնք անհրաժեշտ են առողջապահական համակարգում[4]։

Ներկայումս գոյություն ունի լևոմեթադոնի (L-մեթադոն) և դեքստրոմեթադոնի (D-մեթադոն)[5] ոչ սիմետրիկ սինթեզման միջոց[6]։

Մեթադոնի գործածման հիմնական ուղիներն են՝ բերանի միջոցով, ներերակային, ինսուֆլյացիոն (փչում), ենթալեզվային, ռեքտալ (անալ ուղիով)։

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

 
Մեթադոնի 40 մգ-անոց հաբ

Մեթադոնը սինթեզվել է 1937 թվականին Գերմանիայում հետազոտողներ Մաքս Բոկմյուլի և Գյուստավ Էրհարթի կողմից[7], ովքեր փորձում էին ստեղծել սինթետիկ օփիոիդ Գերմանիայի ափիոնային պակասի խնդիրը լուծելու նպատակով[8][9]։ Այն շուկա հանվեց 1943 թվականին և լայնորեն կիրառվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

1947 թվականին մեթադոնը, որպես ցավազրկող միջոց, մուտք գործեց ԱՄՆ Դոլոֆին ապրանքանշանի ներքո։ Կա կարծիք, որ դոլոֆին անվանումն առաջացել է Ադոլֆ Հիտլերի անունից։ Սակայն իրականում այդ անվանումը տրվել է պատերազմից հետո, և ամենայն հավանականությամբ դրա հիմքում ընկած են լատիներեն ցավ («dolor») և ֆրանսերեն ավարտ («fin») բառերը, այսինքն՝ բառացի «ցավազրկել»[10]։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեթադոնը կարող է արդյունավետորեն խոչընդոտել ափիոնատիպ նյութերի անօրինական գործածումը և նվազեցնել դրա հետ կապված ծախսերը։

ԱզդեցությունԽմբագրել

 
Մեթադոնի եռաչափ մոդել

Թերապևտիկ դեղաչափերով մեթադոնը ցուցաբերում է ցավազրկող և հանգստացնող ազդեցություն։ Այն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի, սրտանոթային համակարգի և հարթ մկանների վրա։ Ազդեցությունն սկսվում է օրալ ուղիով ընդունելուց 20-30 րոպե անց։ Ցավազրկող ազդեցությունն ի հայտ է գալիս 4-6 ժամ անց։

Մեթադոնի ազդեցությունը պահպանվում է 24-72 ժամ՝ կախված դեղաչափից և նյութափոխանակությունից։ Մեթադոնից կախվածությունն առաջանում է դանդաղ, թմրեցնող և էյֆորիկ ազդեցությունները նման են մորֆինի ազդեցությանը։ Պատահական օգտագործողի համար նվազագույն ճակատագրական դեղաչափը 50 մգ է։ Գործածման հետևանքով կարող է առաջ գալ թուլություն, քրտնարտադրություն, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում։ Գերդոզավորման դեպքում ի հայտ է գալիս շնչառական դեպրեսիա, արյան շրջանառության վատացում՝ ընդհուպ մինչև սրտի աշխատանքի կանգ, թոքային այտուց, միզապարկի սպազմ, երիկամային սուր անբավարարություն, գիտակցության խանգարում՝ ընդհուպ մինչև կոմա։

Մշտական գործածման դեպքում կարող են ի հայտ գալիս հետևյալ ախտանշանները՝ թուլություն, շնչառական խնդիրներ, մարմնի ջերմաստիճանի և արյան ճնշման բարձրացում, փորկապություն, լեղածորանի սպազմ, հնարավոր է նաև անքնություն, իսկ քնի ընթացքում հնարավոր է սրտի կանգ։ Պատահական գերդոզավորման դեպքում հաճախ հնարավոր է ճակատագրական հետևանքներով կոմային վիճակի առաջացում[11]։

Բժշկական կիրառությունԽմբագրել

Փոխարինող բուժումԽմբագրել

Մեթադոնը հանդիսանում է ափիոնային կախվածության փոխարինող բուժման միջոց։ Մեթադոնային փոխարինող բուժումն ափիոնատիպ նյութերից կախվածության բուժման պալիատիվ օգնության ձև է, որի դեպքում գործածվող թմրամիջոցի փոխարեն նշանակվում է մեթադոնի կանոնավոր ընդունում։ Բուժումը իրակացվում է Ամերիկայի, Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրներում, Արևելյան Եվրոպայի, Մերձբալթյան, ԱՊՀ երկրների մեծ մասում, այդ թվում՝ նաև Հայաստանում։ Իսկ ահա Ռուսաստանում փոխարինող բուժման այս տեսակն արգելված է, քանի որ առողջապահության ոլորտի պաշտոնյաներն այն համարում են անարդյունավետ։ Փոխարենը բժիշկները թմրամիջոցների գործածման անհապաղ դադարեցումը գերադասում են մեթադոնի օգնությամբ կախվածության աստիճանական բուժման տարբերակից։ Զրկանքի համախտանիշը հաղթահարելու համար հիվանդներին տալիս են հանգստացնողներ և ոչ օփիոիդային ցավազրկողներ[12]։

ՑավազրկումԽմբագրել

Վերջին տարիներին մեթադոնը լայնորեն կիրառվում է որպես քրոնիկ ցավի մեղմման միջոց։ Այն արդյունավետ է հատկապես նյարդաբանական ցավերի դեպքում։ Մեթադոնի լայնորեն կիրառման պատճառ է հանդիսանում նաև դրա ցածր գինը[13][14]։

Երկար ժամանակահատված ցավեր ունենալու դեպքում հիվանդների նկատմամբ հաճախ կիրառվում է այսպես կոչված «ափիոնային ռոտացիա» (անգլ.՝ opioid rotation)[15]։ Դա նշանակում է մի քանի շաբաթը կամ ամիսը մեկ մի օփիոիդի կիրառումից անցում մեկ այլ օփիոիդի կիրառմանը և հակառակը։ Դրա արդյունքում հնարավոր է լինում խուսափել կողմնակի հետևանքներից և կախվածության առաջացումից։ Քանի որ մեթադոնն անցումների ժամանակ ունի կախվածության առաջացման ցածր մակարդակ, հնարավոր է լինում այն գործածել՝ սկսելով բավականին ցածր դեղաչափերից[16]։

Ափիոնային դետոքսիֆիկացիաԽմբագրել

ԱՄՆ-ում մեթադոնը կիրառվում է նաև ափիոնային կախվածության դետոքսիֆիկացիոն բուժման ընթացքում։ Այնուամենայնիվ, այս նպատակով մեթադոնի կիրառումը պետք է ուղեկցվի դաշնային կանոնակարգերի խիստ պահպանմամբ։ Արտահիվանդանոցային բուժման ծրագրերը պետք է արտոնագրված լինեն համապատասխան մարմինների կողմից։

Մեթադոնը ՀայաստանումԽմբագրել

ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1046-Ն որոշմամբ D-մեթադոնը, L-մեթադոնը, Մեթադոնը և Մեթադոն ինտերմեդիատը ՀՀ-ում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկի (կազմի)[17] №1 ցուցակից (թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է (արգելված նյութեր)) տեղափոխվեցին №2 ցուցակ (թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, որոնց շրջանառությունը ՀՀ-ում սահմանափակ է (թմրամիջոցներ))։

Մեթադոնի անօրինական գործածումը Հայաստանում մեծ տարածում չունի[18]։

ՀՀ-ում «Մեթադոնային փոխարինող բուժման տրամադրում ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձանց» ծրագիրը սկսել է իրականացվել 2009 թվականի հոկտեմբերից «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայում «Առողջապահական նախաձեռնությունների հայկական կենտրոն» ՀԿ-ի և «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայի հետ համատեղ Բաց հասարակության հիմնադրամների հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ՝ հիմք ընդունելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի[17] 28-րդ հոդվածի 1-ին կետը և առաջնորդվելով ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով։

Օփիոիդային թմրամոլության փոխարինող բուժման կլինիկական ուղեցույցի համաձայն՝ ՄՓԲ ծրագիր ընդգրկման անհրաժեշտ հիմքերն են[19].

  • հիվանդությունների միջազգային դասակարգչի 10-րդ վերանայմամբ սահմանված «Հոգեկան և վարքային խանգարումներ ափիոնատիպ նյութերի գործածման հետևանքով. կախվածության համախտանիշ (F11.2)» ախտորոշում[20],
  • հիվանդի գրավոր համաձայնագիր,
  • 18 տարեկանից բարձր տարիք,
  • ապօրինի թմրամիջոցների գործածումը դադարեցնելու ինքնուրույն և մասնագիտացված բուժման (դետոքսիֆիկացիոն) երկու կամ ավելի անարդյունք փորձեր։

ՄԻԱՎ վարակով, ծանր պալարախտով և մարմնական այլ ծանր հիվանդություններով տառապող հիվանդներին տրվում է ՄՓԲ ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 methadone
  2. http://www.cdc.gov/nchs/data/databriefs/db166.htm
  3. ՄԱԿ-ի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին միասնական» կոնվենցիա՝ http://www.parliament.am/library/bazmakoxm/95.pdf
  4. http://apps.who.int/iris/bitstream/10665/93142/1/EML_18_eng.pdf?ua=1
  5. http://worldwide.espacenet.com/publicationDetails/biblio?CC=US&NR=6143933&KC=&FT=E&locale=en_EP
  6. Hull JD, Scheinmann F, Turner NJ, (March 2003) - http://www.sciencedirect.com/science/article/pii/S0957416603000193
  7. http://narcologos.ru/index.php?id=447
  8. Lopez-Munoz, Francisco; Alamo, Cecilio (2009). "The Consolidation of Neuroleptic Therapy: Janssen, the Discovery of Haloperidol and Its Introduction into Clinical Practice". Brain Research Bulletin 79: 130–141.
  9. Bockmühl, Max; Ehrhart, Gustav (1949). "Über eine neue Klasse von spasmolytisch und analgetisch wirkenden Verbindungen, I" [On a new class of spasmolytic and analgesic compounds, I]. Justus Liebigs Annalen der Chemie (in German) 561
  10. http://www.drugtext.org/The-Methadone-Handbook/the-history-of-methadone.html
  11. Бабаян Э. А. О применении метадона - http://add.net.ru/articles/20010319113726.html
  12. Schwirtz, Michael (July 22, 2008). "Russia Scorns Methadone for Heroin Addiction" - http://www.nytimes.com/2008/07/22/health/22meth.html?_r=0
  13. Leppert, W. (2009). "The role of methadone in cancer pain treatment - a review". International Journal of Clinical Practice 63 (7): 1095–109
  14. Nicholson AB. Methadone for cancer pain. Cochrane Database Syst Rev. 2007 Oct 17
  15. De Stoutz, Noe´mi D.; Bruera, Eduardo; Suarez-Almazor, Maria (1995). "Opioid rotation for toxicity reduction in terminal cancer patients". Journal of Pain and Symptom Management 10 (5): 378–84
  16. Vigano', Antonio; Fan, David; Bruera, Eduardo (1996). "Individualized use of methadone and opioid rotation in the comprehensive management of cancer pain associated with poor prognostic indicators".
  17. 17,0 17,1 http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=74165
  18. Աղբյուրը՝ ՀՀ Առողջապահության նախարարության Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի կենտրոնի տվյալներ
  19. «Հայաստանի Հանրապետության թմրամիջոցների վերաբերյալ ազգային զեկույց 2013» (2012 թվականի տվյալներ), Ս. Նազինյան, Լ. Ներսեսյան, Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի կենտրոն, Երևան 2013
  20. http://mkb-10.com/index.php?pid=4060