Մացակ Պապյան
Մացակ Պետրոսի Պապյան (1901, Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային պետական, կուսակցական գործիչ, Խորհրդային Միության (ԽՍՀՄ) Կոմունիստական կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ, Խորհրդային Հայաստանի (ՀԽՍՀ) Կենտրոնական Գործադիր կոմիտեի նախագահ, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության նախագահ։
Մացակ Պապյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1901 |
Ծննդավայր | Ջալալօղլի |
Մահացել է | 1962 |
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության փոխնախագահ, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
ԿենսագրությունԽմբագրել
Մացակ Պետրոսի Պապյանը ծնվել է 1901 թվականին Լոռու Ջալալօղլի գյուղում (այժմ՝ քաղաք Ստեփանավան) գյուղացու ընտանիքում։ 1921-1924 թվականներին ծառայել է Խորհրդային կարմիր բանակում։ 1924-1936 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել Ստեփանավանի հասարակական – քաղաքական կյանքին, ընտրվել է գյուղխորհրդի, ապա՝ տեղի կոլտնտեսության վարչության նախագահ։
1929 թվականից Մացակ Պապյանը հանդիսացել է Համամիութենական Կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության անդամ։ 1935-1936 թվականներին եղել է Անդրֆեդերացիայի կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ։ 1937 թվականին ավարտել է Երևանի բարձրագույն կոմունիստական գյուղատնտեսական դպրոցը։ 1937-1954 թվականներին եղել է Հայկական ԽՍՀ Կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության Կենտրոնական կոմիտեի բյուրոյի անդամ, 1937-1958 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առաջինից չորրորդ գումարումների պատգամավոր, 1938-1955 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի առաջինից երրորդ գումարումների պատգամավոր։
1937 թվականից մինչև 1938 թվականի հուլիսի 12-ը Մացակ Պապյանը միաժամանակ հանդիսացել է Հայկական ԽՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահը։ 1938 թվականի հուլիսի 12-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ և այդ պաշտոնը ստանձնել մինչև 1954 թվականը։ Մացակ Պապյանը միաժամանակ հանդիսացել է ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի, 1938 թվականից՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալը։ 1954 թվականին նա ազատվել է իր զբաղեցրած բոլոր պաշտոններից և որպես անհատական թոշակառու ուղարկվել թոշակի, քանի որ համարվում էր Խորհրդային Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի գործակիցը, իսկ 1954 թվականից ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովն իր անձնական հաշիվներն ուներ Գրիգոր Հարությունյանի հետ։ Դեռևս 1953 թվականին պաշտոնից ազատվել և անհատական թոշակի էր ուղարկվել Գրիգոր Հարությունյանը։
Մացակ Պապյանն իր մահկանացուն կնքել է 1962 թվականին Երևանում 61 տարեկան հասակում։
ՊարգևներԽմբագրել
Մացակ Պապյանը պարգևատրվել է Լենինի 2, աշխատանքային կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշաններով։
ԳրականությունԽմբագրել
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9, Երևան, 1983, էջ 132։
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատոր 2, Երևան, 2007, էջ 307։
- Հայ ժողովրդի պատմություն, Հայկ. ՍՍՀ ԳԱ հրատ., հատոր 7, Երևան, 1967, էջ 387։
- Հայ ժողովրդի պատմություն, Հայկ. ՍՍՀ ԳԱ հրատ., հատոր 8, Երևան, 1970, էջ 52։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 132)։ |