Մաշտոց (Մաշտոց ծիսարան կամ Ծիսարան), Հայ Առաքելական Եկեղեցու ծիսական գիրք։ Պարունակում է քրիստեոնեական ծիսակարգի կանոններ, նաև հատուկ աղոթքներ, օրհնություններ։

Անվանում

խմբագրել

Անվան ծագումը կապվում է կամ Մեսրոպ Մաշտոցի, Կիրակոս Գանձակեցու կարծիքով՝ Մաշտոց Ա Եղիվարդեցի կաթողիկոսի անվան հետ (հայագիտության մեջ առավել հավանական է համարվում 2-րդ վկայությունը)։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծիսական արարողակարգերի կանոնակարգմամբ զբաղվել է Սահակ Պարթև կաթողիկոսը, և ոչ թե Մեսրոպ Մաշտոցը՝ ուսումնասիրողների մի մասը կարծում է, որ Մաշտոց կաթողիկոսն է կարգավորել նախորդ հայրապետների (Գրիգոր Ա Լուսավորչից սկսած) կողմից տարբեր ժամանակներում Հայոց եկեղեցու ծիսական համակարգ ներմուծված կանոնները, ամոփել է դրանք մեկ ժողովածուի մեջ։ Այդ պատճառով նրա անունով էլ ժողովածուն կոչվել է Մաշտոց։

Պատմություն

խմբագրել

Ձևավորվել է 4-5-րդ դարերից՝ պահպանելով հեթանոսական Հայաստանում տարածված մի շարք հնագույն ծեսերի հետքեր՝ նվիրված կյանքի հիմնական հանգուցակետերին (մկրտություն, պսակ, թաղում), ջրի պաշտամունքին (ջրօրհնեք, խաչալվա, ոտնլվա, ջրհորի օրհնություն), բուսականության և պտղաբերության (սերմ, կալ, հնձան և այլն), ընտանիքի (տան, սեղանի, աղի և այլն) պաշտամունքներից բխող օրհնություններ։ Ընդգրկում է նաև սկզբնապես հմայական ու ոգեկոչման գործողությունների հետ կապված ծեսեր (դիվահարի, լուսնոտի, մատաղի, հացի օրհնությունները և այլն)։ Ժողովածուի կազմավորմանն ու հարստացմանը մասնակցել են Գրիգոր Ա Լուսավորիչը, Սահակ Ա Պարթևը, Հովհաննես Ա Մանդակունին, Մաշտոց Ա Եղիվարդեցին, Գրիգոր Բ Վկայասերը, Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ։ Ծիսարան են ներմուծվել նաև Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզանցու, Եփրեմ Ասորու, Կյուրեղ Երուսաղեմացու ամբողջական կանոնների, որոշ քարոզների և աղոթքների թարգմանություններ, հայ հեղինակների ծիսական բովանդակության ինքնուրույն նյութեր։

Լինում են Փոքր կամ Առձեռն (բովանդակում է քահանայի խորհուրդներն ու արարողությունները՝ մկրտություն, դրոշմ և այլն), Մայր (եպիսկոպոսական արարողություններ՝ ձեռնադրություն, գավազանի ընծայություն, եկեղեցու օծում և այլն), Հայր (կաթողիկոսին պատկանող արարողություններ՝ կաթողիկոսի օծում, մյուռոնօրհնեք և այլն) Մաշտոցներ։ Հարուստ և բազմազան է Մաշտոցի երաժշտական բաղադրիչը, որը պայմանավորված է երաժշտածիսական գրքերի կենցաղավարման համակարգում նրա առանձնահատուկ դերով։ Ի տարբերություն այլ եկեղեցական գրքերի՝ Մաշտոցն սկզբնապես նախատեսվել է նաև արտաեկեղեցական կենցաղավարման համար։ Ձեռագիր Մաշտոցներում կանոնների ընթերցվող նյութերում ընդմիջարկվում են խազագրված սաղմոսներով, շարականներով, գանձերով ու տաղերով։

Ուշ միջնադարում երևան են եկել խառը տիպի ժողովածուներ՝ Մաշտոց-Գանձարաններ, Մաշտոց-Տաղարաններ, որտեղ աշխարհականացման ոգին դրսևորված է ոչ միայն երաժշտաբանաստեղծական նյութի առավել շեշտադրումով, այլև աշխարհիկ և ժողովրդական տաղերի ու ողբերի երևան գալով։ Կանոնագրված և չկանոնագրված երգասացությունների առկայությունը Մաշտոցի երաժշտական շարքերում, դրանց «բաց ձևի» միտումը ժողովածուի հիմնական տարբերությունն են այլ երաժշտածիսական գրքերից։

Հայ գրիչներն ստեղծել են մի շարք Մաշտոցներ, որոնցից հիշատակելի են Մատենադարանի № 1001, Վենետիկի Սբ. Ղազար վանքի մատենադարանի № 457, Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքի մատենադարանի № 2027 ձեռագրերը և այլն։

Առաջին տպագիր Մաշտոցը լույս է տեսել 1667 թվականին Ամստերդամում՝ Ոսկան Երևանցու նախաձեռնությամբ։

Տեսակներ և բովանդակություն

խմբագրել

Մաշտոց ծիսագրքի երեք տեսակ գոյություն ունի.

Ձեռաց Մաշտոց

խմբագրել

Կոչվում է նաև Հասարակ կամ Փոքր Մաշտոց և պարունակում է քահանայի կողմից կատարվող խորհուրդներն ու օրհնությունները.

  • Կանոն ի Տաճար ընծայման նախքան զՄկրտութիւնն
  • Կանոն կենդանարար Սուրբ Մկրտութեան
  • Կանոն դրոշմ կատարելոյ
  • Կարգ քառասնօրէին
  • Կանոն նշան օրհնելոյ
  • Կանոն կուսի պսակի
  • Կանոն երկրորդ պսակի
  • Կանոն թաղման ննջեցելոց աշխարհականաց
  • Տան կարգն
  • Եկեղեցւոյ կարգն
  • Գերեզմանի կարգն
  • Վերջին աղօթք ի տանն ննջեցելոյն
  • Կանոն մեծի այգուց կատարելոյ
  • Կանոն մեծի եօթն աւուր կամ քառասնօրեայ և կամ տարեմուտ կատարելոյ
  • Կանոն տղայաթաղ կատարելոյ
  • Տան կարգն
  • Եկեղեցւոյ կարգն
  • Գերեզմանի կարգն
  • Վերջին աղօթք ի տանն ննջեցելոյն
  • Կանոն տղայի այգուց կատարելոյ
  • Կանոն տղայի եօթն աւուր կամ քառասնօրեայ և կամ տարեմուտ կատարելոյ
  • Կանոն աղ օրհնելոյ
  • Կանոն օրհնութեան մատաղի
  • Կանոն եկեղեցւոյ զգեստ և այլ սպասս օրհնելոյ
  • Կանոն նոր գիրք օրհնելոյ
  • Կանոն սկիհ և մաղզմայ օրհնելոյ
  • Կանոն ջրհոր օրհնելոյ
  • Կանոն զարտորայս, զսերմանիս զարմտիս և զհնձան օրհնելոյ
  • Աղօթք վասն երաշտի
  • Կանոն նորակերտ բնակութիւն և տուն օրհնելոյ
  • Կանոն նորոգ սափրելոյ զհերս պատանւոյն
  • Կանոն խաչալուայ առնելոյ որ կոչի Խաչահանգիստ
  • Կանոն դժուարածին յղի կնոջ
  • Կանոն գիշերային ժամու աղոթից
  • Կանոն վասն այսահարաց և լուսնոտից Սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ յաղօթամատոյց գրոց (բան ՂԱ)
  • Աւետարանք բժշկութեան
  • Աղօթք Սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ վասն բժշկութեան (բան ԺԸ)
  • Տնօրհնէք ի Սուրբ Ծննդեան
  • Տնօրհնէք ի Սուրբ Զատկի

Մայր Մաշտոց

խմբագրել

Պարունակում է այն խորհուրդները, որոնք կատարվում են եպիսկոպոսի կողմից.

  • Ձեռնադրութիւն
  • Գաւազանի տուչութիւն
  • Եկեղեցւոյ օծում
  • Քահանայաթաղ

Հայր Մաշտոց

խմբագրել

Պարունակում է.

Աղբյուրներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Պողարեան Ն., Ծիսագիտութիւն, Նիւ Եորք, 1990։
  • Արևշատյան Ա., «Մաշտոց» ժողովածուն որպես հայ միջնադարյան երաժշտական մշակույթի հուշարձան, Ե., 1991:
  • Conybeare Fr., Rituale Armenorum, Oxf., 1905.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։