Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաշկ (այլ կիրառումներ)

Մաշկը (լատին․՝ cutis, հուն․՝ δέρμα), մարդու մարմնի արտաքին ծածկույթն է, ամենամեծ օրգանը։ Ամբողջ մարմնի քաշի 20%-ը կշռում է մաշկը՝ առանց ենթամաշկային ճարպաբջջանքի, իսկ վերջինիս հետ այն կազմում է մարմնի քաշի ավելի քան 50%-ը[1]։ Այն ապահովում է օրգանիզմի կապը արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև պաշտպանում մարդու օրգանիզմը արտաքին վնասակար ազդեցություններից և կանխում կարևոր նյութերի, մասնավորապես, ջրի կորուստը։

Մաշկի կառուցվածքն, ինչպես նաև մաշկային հիվանդություններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է մաշկաբանություն։

Մաշկի շերտերը (նկարած). 1 - էպիդերմիսի եղջրային շերտ, 2 - էպիդերմիսի բջջային շերտ (հիմային, փշավոր, հատիկավոր շերտեր), 3 - դերմա, 4 - ենթամաշկային ճարբաջջանք

Ընդհանուր նկարագրություն խմբագրել

Մաշկը ծածկույթային օրգան է, պաշտպանում է ստորև տեղադրված հյուսվածքներն ու օրգանները մեխանիկական, քիմիական վնասվածքներից, խոչընդոտում կողմնակի նյութերի, ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ։ Մաշկը կատարում է արտազատական ֆունկցիա.մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանը պահպանմանը և յուրաքանչյուր 1 գ քրտինքից օրգանիզմից հեռանում է 2,45 կՋ էներգիա։ Մաշկն արյան պահուստային և զգայության օրգան է։ Մաշկում արտադրվում է մելանին նյութը, որն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ փոխարկվում է D վիտամինի։ Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը։

Մաշկի կառուցվածք խմբագրել

Չափահաս մարդու մաշկի մակերեսը 1,5-2մ2 է, հաստությունը՝ 0,5-4 մմ։ Մաշկը կազմված է երեք շերտերից. էպիդերմիս (վերնամաշկ), դերմա (բուն մաշկ) և հիպոդերմա (ենթամաշկային ճարպաբջջանք), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով։

Վերնամաշկը մարմնի տարբեր մասերում տարբեր հաստության բազմաշերտ, հարթ էպիթելային հյուսվածքի բջիջների շերտ է։ Արտաքին միջավայրի ազդեցությամբ վերնամաշկի մակերեսային շերտի մեռած բջիջները եղջերանում, աստիճանաբար թափվում են և նոսրացվում նրանց տակ գտնվող կենդանի բջիջների բազմացման շնորհիվ։ Վերնամաշկի մակերեսային շերտի տակ գտնվում են գունանյութ պարունակող բջիջներ։ Գունանյութի քանակից և բաղադրությունից է կախված մաշկի գունը։ Արևի ճառագայթների ազդեցությամբ մեծանում է մաշկի գունավորումը, որն օրգանիզմը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումից։

Վերնամաշկի եղջերային գոյացումներ են մազերը և եղունգները։ Դրանք անընդհատ աճում են վերնամաշկի կենդանի բջիջների շնորհիվ։ Մարմնի ամբողջ մակերեսը (մոտ 95 %),բացառությամբ շրթունքների, ափերի, ներբանների, ծածկված են մազերով։ Մազերն ունեն պաշտպանական նշանակություն, պահում են օդը, փոքրացնում ջերմատվությունը։

Բուն մաշկը կազմված է ամուր թելակազմ շարակցական հյուսվածքից,առաձիգ թելերից և հարթ մկանաթելերից։ Առաձիգ թելերը մաշկին տալիս են առաձգականություն և նպաստում մաշկի ձգմանն ու շարժումներին։ Բուն մաշկի մեջ տարբերում են վերին խիտ՝ պտկային և ստորին ավելի նոսր՝ ցանցավոր շերտը։ Պտկային շերտն առաջացնում է բազմաթիվ պտկիկներ, որոնք մտնելով վերնամաշկի մեջ առաջացնում են կատարներ և ակոսներ։ Կատարները լավ նկատելի ափի և մատների մաշկի վրա, որտեղ նրանք կազմում են յուրաքանչյուր անհատին հատուկ պատկեր։

Բուն մաշկում գտնվում են ճարպագեղձեր, քրտնագեղձեր, մազապարկեր, ընկալիչներ, արյունատար և ավշային անոթներ։

Ճարպագեղձերը բշտիկավոր պարզ գեղձեր են, գտնվում են մարմնի ամբողջ մակերեսին, բացառությամբ ափերի և ներբանների։ Ճարպագեղձերի արտազատուկը՝ մաշկային ճարպը,օծում է մազեր, վերնամաշկի արտաքին շերտը, փափկացնում դրանք։ Ճարպն արգելում է ջրի և այլ հեղուկների ներթափանցումը մաշկով։ Տարիքին զուգընթաց արտազատվող ճարպի քանակը պակասում է, ուստի մազերն ու մաշկը դառնում են չոր։

Քրտնագեղձերը ոլորված կծիկով սկսվող խողովակաձև գեղձեր են, որոնց արտատար ծորանները բացվում են մաշկի մակերեսին։ Կծիկները պատված են արյունատար մազանոթներով, որոնցից ջուրը,որոշ քանակով աղեր և միզանյութ անցնում են քրտնագեղձերի մեջ։ Մարդու մաշկի մեջ կան ավելի քան 2 միլիոն քրտնագեղձեր, որոնք օրական արտադրում են մոտ 1,2 լ քրտինք, որի միջոցով հեռանում է օրգանիզմում առաջացած հավելյալ ջերմությունը։ Այդ պատճառով մարմնի ջերմաստիճանը չի բարձրանում նույնիսկ ամենաշոգ եղանակին։ Մազարմատները գտնվում են մազապարկերի մեջ, որոնք շրջահյուսված են նյարդաթելերով և թեք դասավորված հարթ մկաններով։ Շրջապատող միջավայրի ջերմաստիճանը իջեցնելիս, վախի, զայրութի դեպքում հարթ մկանները ռեֆլեքսորեն կծկվում են, և մաշկի մակերեսին առաջանում են թմբիկներ՝ սագամաշկ, որի արդյունքում ջերմատվությունը նվազում է։

Բուն մաշկի տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը։ Այն կազմված է շարակցահյուսվածքային թելերի ցանցից, որի օղակներում տեղադրված են ճարպային բջիջներ։ Այս շերտն օրգանիզմից պաշտպանում է ջրի ավելորդ կորստից, մեխանիկական վնասվածքներից և գերսառեցումից։ Այստեղ կուտակվում է օրգանիզմի պահեստային ճարպը։

 
Մարդու մաշկը (արտաքին տեսք)

Էպիդերմիս խմբագրել

Մաշկի արտաքին շերտն է, ներկայացված է բազմաշերտ տափակ եղջրացող էպիթելով։ Հաստությունը տատանվում է 0,05մմ-ից (կոպերին) մինչև 1,5մմ (ներբաններին) չափերի սահմաններում։ Այստեղ բջիջների 95%-ը հանդիսանում են կերատինոցիտները (էկտոդերմայի ածանցյալներ), որոնք տարբերակման գործընթացին համապատասխան տեղաշարժվում են հիմային թաղանթից դեպի մաշկի մակերես։
Էպիդերմիսը կազմված է հինգ շերտերից. հիմային, փշաձև, հատիկավոր, փայլուն և եղջրային։

 
Վերնամաշկի (էպիդերմիսի) կառուցվածքը
Հիմային շերտ խմբագրել

Հիմային շերտը (stratum basale կամ stratum germinativum, բազալ շերտ) էպիդերմիսի հիմքն է, նրա ամենախորանիստ շերտը։ Կազմված է մանր գլանաձև բջիջների մեկ շարքից։ Այդ բջիջները կոչվում են բազալ կամ հիմային կերատինոցիտներ, ունեն խոշոր, մուգ ներկված կորիզներ և խիտ, ռիբոսոմներով և տոնոֆիլամենտներով հարուստ ցիտոպլազմա։ Բջիջներն իրար հետ կապված են միջբջջային կամրջակներով՝ դեսմոսոմներով, իսկ բազալ թաղանթին ամրացված են կիսադեսմոսոմներով։
Բազալ կերատինոցիտները սինթեզում են ջրում անլուծելի մի սպիտակուց, որից ձևավորվում են դեսմոսոմների ու կիսադեսմոսոմների կազմի մեջ մտնող և կերատինոցիտների բջջային կմախքը կազմող կերատինային ֆիլամենտներ։ Այս շերտի բջիջների միտոտիկ ակտիվությունը ապահովում է էպիդերմիսի վերադիր կառույցների ձևավորումը։

Փշաձև բջիջների շերտ խմբագրել

Անմիջապես հիմային շերտի վրա կերատինոցիտները չափերով մեծանում են և ձևավորում փշաձև բջիջների շերտ (stratum spinosum)։ Այն կազմված է 3-6 (երբեմն՝ 15) շարք փշաձև կերատինոցիտներից, որոնք ունեն պոլիգոնալ տեսք և նույնպես իրար հետ կապակցված են դեսմոսոմներով։ Ցիտոպլազմայում առկա են տարբեր տրամագծի բազմաթիվ կլորավուն բշտիկներ, ցիտոպլազմատիկ ցանցի անցուղիներ, մելանոսոմներ։
Բազալ և փշաձև շերտերը անվանում են Մալպիգի աճային շերտ, որովհետև այդ շերտերում է դիտվում միտոզ, ինչի հաշվին իրականացվում է էպիդերմիսի ձևավորումն ու ռեգեներացիան (վերականգնումը)։

Հատիկավոր բջիջների շերտ խմբագրել

Հատիկավոր բջիջների շերտը (stratum granulosum) կազմված է 2-3 շարք բջիջներից, որոնք փշաձև բջիջների շերտին հարող հատվածներում խորանարդաձև են, իսկ մաշկի մակերեսին ավելի մոտ հատվածներում՝ ռոմբաձև։ Կորիզներին բնորոշ է արտահայտված բազմաձևությունը (պոլիմորֆիզմ), ցիտոպլազմայում առկա են կերատոհիալինի հատիկներ։ Հատիկավոր շերտի ստորին շարքերում տեղի է ունենում կերատոհիալինային հատիկների հիմնական սպիտակուցի՝ ֆիլարգինի սինթեզը։ Այս շերտի բջիջների հաջորդ առանձնահատկությունը նրանց ցիտոպլազմայում կերատոսոմների կամ Օդլանդի մարմնիկների առկայությունն է, որոնց պարունակությունը (գլիկոլիպիդներ, գլիկոպրոտեիդներ, ազատ ստեարիններ, հիդրոլիտիկ ֆերմենտներ) արտազատվելով միջբջջային տարածություն՝ ձևավորում է ցեմենտող (ամրացնող) նյութը։

Փայլուն շերտ խմբագրել

Փայլուն շերտը (stratum lucidum) տեսանելի է մարմնի առավել զարգացած էպիդերմիսով հատվածներում՝ ափեր, ներբաններ։ Այստեղ այն ներկայացված է 3-4 շարք ձգված բջիջներով, որոնք հարուստ են էլեիդինով, որից էլ հետագայում սինթեզվում է կերատինը։ Փայլուն շերտի վերին շարքի բջիջները կորիզներ չեն պարունակում։

Եղջրային շերտ խմբագրել

Այս շերտը (stratum corneum) ձևավորվում է ամբողջովին եղջրացած, անկորիզ բջիջներով՝ կոռնեոցիտներով, որոնք պարունակում են անլուծելի սպիտակուց կերատին։ Կոռնեոցիտները միացած են իրար բջջաթաղանթի ելուստերով և եղջրացած դեսմոսոմներով։ Եղջրային շերտի մակերեսային հատվածներում դեսմոսոմները քայքայվում են, կոռնեոցիտները վերածվում են եղջրային թեփուկների և հեշտությամբ շերտազատվում ու պոկվում։ Այս շերտը առավել զարգացած ու արտահայտված է մարնի հատկապես այն հատվածներում, որտեղ մաշկը ենթարկվում է ամենամեծ մեխանիկական ներգործությանը (ափեր, ներբաններ)։

Բազալ թաղանթ խմբագրել

Բազալ կամ հիմային թաղանթը տարանջատում է էպիդերմիսը դերմայից։ Այն ունի 40-50նմ չափեր, նրա ուրվագիծը կրկնում է դերմայի մեջ ներխրվող էպիդերմալ ձգանների ռելիեֆը։ Բազալ թաղանթը հանդիսանում է էլաստիկ հենք, որը ոչ միայն ամուր կապում է էպիթելը դերմային կոլագենային թելերին, այլ նաև խոչընդոտում էպիդերմիսի ներաճը դերմայի մեջ։ Այն կազմված է ֆիլամենտներից և կիսադեսմոսոմներից, ինչպես նաև դերմայի մասը հանդիսացող ռետիկուլյար խրձերից, կատարում է պաշտպանիչ, նյութափոխանակային և այլ ֆունկցիաներ։ Ունի երեք շերտեր։

Դերմա խմբագրել

Դերման մաշկի շարակցահյուսվածքային մասն է, կազմված երեք բաղադրիչներից՝ թելիկներ, հիմնական նյութ և սակավաթիվ բջիջներ։ Այն հենք է հանդիսանում մաշկի հավելումների (մազեր, եղունգներ, քրտնա- և ճարպագեղձեր), անոթների և նյարդերի համար։ Հաստությունը՝ 0,3-3 մմ։ Դերմայում տարբերում են երկու շերտեր՝ պտկիկային և ցանցային։ Այն հարաբերականորեն աղքատ է բջիջներով. անոթների և մազերի շուրջ կարող են հանդիպել քիչ քանակությամբ լիմֆոհիստիոցիտար ինֆիլտրատներ։

Պտկիկային շերտ խմբագրել

Բարակ պտկիկային շերտը (stratum papillare) կազմված է ամորֆ նյութից և բարակ շարակցահյուսվածքային թելերից, որոնք ձևավորում են էպիդերմիսի փշաձև շերտի մեջ մեջ ներխրվող պտկիկներ։ Այստեղ քիչ քանակությամբ առկա են նաև փուխր շարակցական հյուսվածքին բնորոշ բջջային տարրեր։ Որոշ հատվածներում տեղակայված են հարթ մկանաթելեր, որոնք հիմնականում կապված են մազային սոխուկների հետ (մազը բարձրացնող մկան)։ Այս շերտը իրենից ներկայացնում է երիտասարդ շարակցական հյուսվածք, հարուստ է արյունատար անոթներով պտկիկների արանքում կան սաղմնային բջիջներ որոնք էպիդերմիզի վնասման դեպքում արագ վերականգնում են այն, այս շերտումեն գտնվում մազանոթները և նյարդային վերջավորությունները

Ցանցային շերտ խմբագրել

Ցանցային շերտը (stratum reticulare) ավելի հաստ է, տեղակայված է պտկիկային շերտի հիմքից մինչև հիպոդերմա ընկած հատվածում։ Կազմված է մաշկի մակերեսին զուգահեռ դասավորված կոլագենային հաստ թելերի խրձերից և ֆիբրոցիտներից։ Մաշկի ամրությունը պայմանավորված է հիմնականում ցանցային շերտի կառուցվածքային առանձնահատկություններց։

 
Մաշկի կառուցվածքը

Հիպոդերմա խմբագրել

Ենթամաշկային ճարպաբջջանքը կազմված է շարակցական հյուսվածքի (կոլագենային, էլաստիկ և ռետիկուլյար) թելերի փուխր ցանցից, որի ներսում տեղակայված են ճարպի մեծ կաթիլներ պարունակող խոշոր ճարպային բջիջներ։ Հիպոդերմայի հաստությունը տատանվում է 2 մմ-ից (գանգաթաղի վրա) մինչև 10 սմ և ավելի (հետույք) սահմաններում։ Այն ավելի հաստ է վերջույթների թիկնային և տարածիչ մակերեսներին, բարակ՝ փորային և ծալիչ մակերեսներին։ Որոշ տեղերում (կոպեր, ենթաեղնգային թիթեղիկներ, մեծ և փոքր ամոթաշրթեր և այլն) այն ընդհանրապես բացակայում է։

Օրգանիզմի ջերմաստիճանի կայունությունն ու մաշկի ջերմակարգավորիչ դերը խմբագրել

Օրգանիզմում օրգանական նյութերի քայքայումից անջատվում է ջերմային էներգիա,որի քանակը կախված է նյութափոխանակության ուժգնությունից։ Ֆիզիկական ծանր աշխատանքով զբաղվող մարդկանց օրգանիզմում օրական անջատվում է մինչև 2000 կՋ էներգիա։ Ջերմության ավելցուկն օրգանիզմից հեռացվում է մաշկով, արտաշնչվող օդով, ինչպես նաև մեզով և կղանքով։ Առողջ օրգանիզմում ջերմագոյացման և ջերմատվության գործընթացները հավասարակշռված են, որի արդյունքում մարմնի ջերմաստիճանը պահպանվում է հաստատուն՝ 36,6°С-36,7°С սահմաններում։

Օրգանիզմում ջերմության առաջացման և ջերմատվության գործընթացների հավասարակշռությունը կոչվում է ջերմակարգավորում։ Տարբերում են քիմիական և ֆիզիկական ջերմակարգավորում։

Քիմիական ջերմակարգավորումն իրականանում է ջերմագոյացման ուժգնության փոփոխումով։ Շրջապատող միջավայրի ցածր ջերմաստիճանի դեպքում նյութափոխանակությունը բարձրանում է, նշանակալիորեն ուժեղանում է ջերմագոյացումը, որն էլ օրգանիզմը պահպանում է գերտաքացումից։ Ջերմության առաջացումը հատկապես բուռն է ընթանում լյարդում և մկաններում։ Նույնիսկ անշարժ պառկած ժամանակ, երբ մկանունքը լարված է, մարմնի ջերմագոյացումն ավելանում է 10 %-ով։ Ցուրտ պայմաններում, անգամ անշարժ կանգնելիս, մարդու մկաններում ջերմագոյացումը մեծանում է, որը պայմանավորված է մկանների ոչ կամային, անկանոն կծկումներով և դրսևորվում է մկանային դողով։

Ֆիզիկական ջերմակարգավորումն իրականանում է ջերմատվության ուժգնության փոփոխությամբ։ Ֆիզիկայից հայտնի է, որ ջերմությունը տաք մարմիններից փոխանցվում է համեմատաբար քիչ տաք մարմիններին։ Մեր օրգանիզմը ջերմության ավելցուկը մաշկի մակերեսով հաղորդվում է շրջապատող օդին,որը կատարվում է ջերմաճառագայթման, ջերմահաղորդման և գոլորշիացման ճանապարհով։

Ջերմաճառագայթումը ջերմային ճառագայթների արձակումնէ մաշկի կողմից։ Այս ճանապարհով հեռանում է ջերմության մինչև 60 %-ը։

Ջերմահաղորդումը ջերմության անմիջական հաղորդումն է մաշկի մակերեսին հպվող այն առարկաներին, որոնց ջերմաստիճանը ցածր է մարմնի ջերմաստիճանից։ Ջերմատվությանը խոչընդոտում են ենթամաշկային ճարպաշերտը և հագուստը։ Այս ճանապարհով օրգանիզմից հեռանում է ջերմության 15 %-ը։

Գոլորշիացումը կատարվում է այն ժամանակ, երբ օդի ջերմաստիճանը հավասար է կամ բարձր օրգանիզմի ջերմաստիճանից։ Այս ճանապարհով օրգանիզմից հեռանում է ջերմության 20 %-ը։ Եթե օդը 100 % հագեցած է ջրային գոլորշիներով, ապա գոլորշիացում տեղի չի ունենում, ուստի ջուրը հոսում է մարմնի վրայով (օրինակ, բաղնիքում)։ Նման քրտնարտադրությունը չի նպաստում ջերմատվությանը։

Մաշկը ջերմատվության օրգան է, որով հեռացվում է օրգանիզմի ջերմության ավելցուկի 70-80 %-ը։ Շրջապատող միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունից գրգռվում են մաշկի ջերմաընկալիչները, որի արդյունքում ռեֆլեքսորեն փոխվում է արյունատար անոթների լուսանցքը։ Միջավայրի ջերմաստիճանը իջեցնելիս մաշկի անոթները նեղանում են, քչանում է դեպի մաշկ հոսող արյան քանակը, մաշկը գունատվում է, և նվազում ջերմատվությունը։ Ջերմաստիճանը բարձրանալիս մաշկի անոթները լայնանում են, մաշկը կարմրում է, և մեծանում է ջերմատվությունը։ Ջերմակարգավորման կենտրոնը գտնվում է միջանկյալ ուղեղում։ Ջերմակարգավորմանը մասնակցում են նաև մեծ կիսագնդերի կեղևը, ուղեղաբունը և որոշ ներզատական գեղձեր։

Մաշկի հիգիենան խմբագրել

Մաշկի մաքրությունը մարդու առողջության կարևոր պայմաններից մեկն է։ Մաշկը մշտապես աղտոտվում է ճարպագեղձերի, քրտնագեղձերի կենսագործունեության արգասիքներով, վերնամաշկի մակերեսային շերտի եղջերացած բջիջներով,ինչպես նաև փոշով,մանրէներով։ Մաշկային ճարպը և քրտինքը մաշկի մակերեսին նպաստավոր պայմաններ են ստեղծում մանրէների զարգացման համար։ Մաշկային շատ հիվանդություններ հաճախ առաջանում են մաշկի անմաքրությունից։ Աղտոտ մաշկի վրա եղած ճաքերով ու քերծվածքներով ախտահարույց մանրէները թափանցում են օրգանիզմ և առաջացնում տարբեր հիվանդություններ՝ սնկային, կարմիր քամու բորբոքում, թարախապալար։ Ահա թե ինչու անհրաժեշտ է հետևել մաշկի մաքրությանը։ Շաբաթը մեկ անգամ լվանալ մարմինն օճառով և տաք ջրով։ Անհրաժեշտ է մաշկը պահպանել մեխանիկական, քիմիական, կենսաբանական գործոնների ազդեցությունից։ Մաշկի վրա առաջացած վերքերը քսել յոդի թուրմով։ Վերքը հողով կեղտոտվելիս անհապաղ դիմել բժկի համակարքամախտային շիճուկ ստանալու համար։ Խորհուրդ չի տրվում օգտվել ուրիշի անձնական գործածության իրերից (կոշիկ, գուլպա, սրբիչ)։

Մազերի և եղունգների խնամքը խմբագրել

Առանձնահատուկ նշանակություն ունի մազերի և եղունգների խնամքը։ Խորհուրդ է տրվում մազերը լվանալ ոչ հաճախ 10 օրը մեկ։ Մազերը լվանալիս օգտագործել տաք ջուր և մազերին համապատասխան օճառ։ Անհրաժեշտ է մազերը պաշտպանել արևի ճառագայթներից և ցրտից։ Արևից նրանք գունազրկվում են, չափից ավելի չորանում, դառնում դյուրաբեկ, հեշտությամբ թափվում են և հայտնվում է թեփ։ Գլուխը պետք է ծածկել գլխարկով շոգ և ցուրտ եղանակին։ Ցրտից գլխի մաշկը սառչում է, վատանում է արյան մատակարարումը, որից առաջանում է ճաղատություն։

Կարևոր է հետևել նաև եղունգների մաքրությանը։ Ձեռքեր եղունգները համեմատաբար արագ են աճում, քան ոտքերինը, ուստի շաբաթը մեկ անգամ կտրել ձեռքերի, իսկ ամիսը երկու անգամ՝ ոտքերի եղունգները։ Չի կարելի կրծել եղունգները, որովհետև դրանց տակ կուտակվում են մանրէների և մակաբույծ որդերի ձվերի 95 %-ը։

Առաջին օգնությունը ջերմային հարվածի,արևահարության,այրվածքների և ցրտահարության դեպքում։Օրգանիզմի կոփումը խմբագրել

Ջերմային հարված և արևահարություն խմբագրել

Վատ օդափոխվող շինություններում աշխատելիս, ջրային գոլորշիներով հագեցած մթնոլորտում,օդը վատ անցկացնող հագուստ կրելիս օրգանիզմի ջերմատվությունը վատանում է։

Ջերմագոյացման և ջերմատվության գործընթացների հավասարակշռության խախտման հետևանքով առաջանում է ջերմային հարված։ Հիվանդի մոտ լինում է շնչահեղձություն,գլխացավ, թուլություն, անոթազարկի հաճախացում, երբեմն՝ գիտակցության կորուստ։ Օրգանիզմի գերտաքացումից առաջանում է ուժեղ քրտնարտադրություն։ Քրտինքով հեռանում են մեծ քանակով ջուր և աղեր,արյունը դառնում է մածուցիկ, խանգարվում է արյան շրջանառությունը։ Ջերմային հարվածի դեպքում անհրաժեշտ է տուժածին տեղափոխել զով տեղ, ճակատին դնել սառը թրջոց, արձակել հագուստը, մարմնի ջերմաստիճանը իջեցնելու նպատակով փաթաթել խոնավ սավանով կամ թրջել հագուստ։ Տաք ցեղերում աշխատողները պետք է ընդունեն լոգանք, խմեն աղայնացված ջուր։

Արևահարություն առաջանում է գլխի վրա արևի ճառագայթների անմիջական, երկարատև ազդեցությունից։ Արևահարության թեթև դեպքերում առաջանում է գլխացավ, թուլություն, իսկ ծանր դեպքերում ուղեղի այտուց, ջղաձգություն, փսխում, գիտացության կորուստ։ Առաջին օգնության միջոցները նույնն են, ինչ որ ջերմային հարվածի դեպքում։

 
Մաշկի երեք տեսակի այրվածքները

Մաշկի այրվածքներ խմբագրել

Մաշկի այրվածքներն առաջանում են էլեկտրական, քիմիական, ջերմային, ճառագայթային ներգործությունից։ Այրվածքի դեպքում խանգարվում են մաշկի ֆունկցիաները, և ախտահարույց մանրէներն անարգել թափանցում են օրգանիզմ։ Մարմնի մակերեսի 1/3-ի այրվելը վտանգավոր է կյանքի համար։ Տարբերում են այրվածքների չորս աստիճան։ Առաջին աստիճանի այրվածքի դեպքում մաշկը կարմրում է, այտուցվում և ցավում։ Անհրաժեշտ է այրված հատվածը լվանալ խմելու սոդայի ջրային լուծույթով, վրան քսել չեզոք յուղ կամ ախտահանիչ քսուք։ Երկրորդ աստիճանի այրվածքի դեպքում մաշկի վրա առաջանում են թափանցիկ հեղուկով լցված բշտիկներ, որոնց մի մասը պայթելով մերկացնում է մաշկը։ Վերնամաշկից զուրկ հյուսվածքները կարող են վարակի պատճառ դառնալ։ Առավել վտանգավոր են երրորդ և չորրորդ աստիճանի այրվածքները։ Երրորդ աստիճանի այրվածքի դեպքում ածխանում են խորը հյուսվածքները։ Նշված երեք դեպքերում այրվածքի վրա դնել մաքուր վիրակապ և անհապաղ դիմել բժշկի։

Մաշկի ցրտահարվելը խմբագրել

Առավել հաճախ ցրտահարվում են մարմնի բաց մասերի՝ քթի,ականջների,դեմքի մաշկը, ինչպես նաև ձեռքերի, ոտքերի մատները։ Ցրտահարմանը նպաստում են քամին,օդի բարձր խոնավությունը, ջրաթափանց հագուստը, նեղ կոշիկը։ Ցրտահարվելիս հյուսվածքների վնասման աստիճանը կախված է ցրտի ազդեցության տևողությունից և ուժգնությունից։ Տարբերում են ցրտահարության չորս աստիճան։ Առաջին աստիճանի ցրտահարության դեպքում մաշկը կարմրում է, ապա գունատվում և կորցնում զգայնությունը։ Ցրահարված մասի վրա դնել ջերմամեկուսիչ փաթաթան և թողնել այնքան ժամանակ, մինչև առաջանա տաքության զգացողություն։ Ապա այդ հատվածը մերսել և քսել յուղ։ Երկրորդ աստիճանի ցրտահարման դեպքում մաշկը գունատվում է, առաջանում են հեղուկով լցված բշտիկներ։ Արյան շրջանառությունը վերականգնելու նպատակով կատարել սպիրտով շփումներ, վրան դնել մանրէազերծ չոր վիրակապ, խմեցնել տաք ըմպելիք և դիմել բժշկի։ Երրորդ և չորրորդ աստիճանի ցրտահարության դեպքում առաջանում է ցրտահարված հյուսվածքների անզգայացում և մեռուկ։ Անհրաժեշտ է ցրտահարված հատվածը ծածկել մանրէազերծ վիրակապով և տուժածին անմիջապես տեղափոխել հիվանդանոց։

Մարդկանց մեջ տարածված է այն կարծիքը, որ ծխելը և ոգելից խմիչքները սառնամանիքին տաքացնում են։ Դա սխալ է, քանի որ ծխելն առաջացնում է արյունատար անոթների ջղակծկում և մատների մազանոթների անշարժացում, որն արագացնում է վերջույթների գերսառեցումը։ Ոգելից խմիչքներ օգտագործելիս անոթները լայնանում են, հատկապես դեմքի և պարանոցի, ուստի ջերմատվությունն ուժեղանում է, և մարմնի ջերմաստիճանը սկսում է ավելի արագ ընկնել։

Օրգանիզմի կոփումը խմբագրել

Բոլորին հայտնի է, որ կոփված մարդիկ դիմացկուն են, առավել հեշտ են հարմարվում շրջապատող միջավայրի անբարենպաստ ներգործություններին, ավելի հազվադեպ են հիվանդանում, ընդունակ են ֆիզիկական ծանր աշխատանքի։ Կոփումը միջոցների համակարգ է, որը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, վարակների նկատմամբ կայունությունը, կանխարգելում մրսածության հիվանդությունների առաջացումը։

Կոփման հիմնական միջոցներն են ջուրը,օդը,արևը, իսկ սկզբունքները՝ աստիճականությունը, կանոնավոր զբաղվելը։ Ջրային լոգանքներն (մասնակի կամ լրիվ շփում, լող, ջրցող) ունեն ինչպես առողջապահական, այնպես էլ ֆիզիոլոգիական նշանակություն։ Ջուրը մաշկի վրա թողնում է մեխանիկական ազդեցություն, որը համարվում է յուրօրինակ մերսում, լավացնում է արյան մատակարարումը։ Սակայն ջուրն ավելի ուժեղ սառնազգաց գրգռիչ է, քան նույն ջերմաստիճանի օդը։ Այդ պատճառով լոգանքները պետք է զգույշ կատարել։ Սկզբում խոնավ սրբիչով շփումներ կատարել, ապա սառը ջրցողում մինչև գոտկատեղ։ Լավ արդյունք է տալիս բաց ջրավազանում լողալը։ Ջուրը պետք է ունենա 20°С ոչ ցածր ջերմաստիճան, տևողությունը 10-15 րոպե։ Եթե օրգանիզմի կողմից ոչ մի փոփոխություն չի առաջանում, աստիճանաբար ջրի ջերմաստիճանը իջեցնել մինչև 10°С։

Կոփման տարածված եղանակ է սառը, թարմ օդում լինելը։ Օդալողանքները բարձրացնում են նյարդային համակարգի լարվածությունը, վարժեցնում ջերմակարգավորման համակարգը, լավացնում քունը, ախորժակը։ Նպատակահարմար է օդային լոգանքները զուգակցել սպորտային խաղերով։

Արևային լոգանքներն օգտակար են առավոտյան ժամը 9-12-ը, սկզբում 10 րոպե, ապա աստիճանաբար տևողությունը մեծացնել մինչև 1,5-2 ժամ։ Արևային լոգանքները լայնացնում են մաշկի անոթները, ուժեղացնում արյունաստեղծ օրգանների գործունեությունը, նպաստում D վիտամինի առաջացմանը։ Արևի լոգանքներից ոչ չափավոր օգտվելիս կարող են առաջանալ այրվածքներ, արևահարություն, ջերմային հարված։ Այն հակացուցվում է թոքախտի, արյան ճնշման դեպքում։

Կոփված մարդկանց անոթային ռեակցիաներն արագ են կատարվում, և ջերմաստիճանի փոփոխությունների դեպքում օրգանիզմն անմիջապես հարմարվում է այդ պայմաններին։

Մաշկի ֆունկցիաները խմբագրել

Մաշկի հիմնական ֆունկցիաներն են[2].

  • մարմնի և շրջապատող միջավայրի միջև պաշտպանողական պատնեշի ապահովում, այդ թվում՝ պաշտպանություն մեխանիկական վնասումներից, ռադիացիայից, քիմիական գրգռիչներից, բակտերիաներից և այլ գործոններից,
  • իմունային ֆունկցիա,
  • ռեցեպտոր ֆունկցիա,
  • ջերմականոնավորող ֆունկցիա,
  • նյութափոխանակային ֆունկցիա,
  • ռեզորբցիոն (ներծծող) ֆունկցիա,
  • ներզատիչ ֆունկցիա,
  • արտազատիչ ֆունկցիա,
  • շնչառական ֆունկցիա։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Адаскевич В.П., Козин В.М. - Кожные и венерические болезни, 2006, ISBN 5-89677-076-6, стр. 4
  2. О.Л.Иванов - Кожные и венерические болезни, 2002, ISBN 5-900758-23-0, стр. 27
  • Clinical Dermatology - John Hunter, John Savin, Mark V. Dahl,THIRD EDITION (2002)
  • О.Л.Иванов - Кожные и венерические болезни, 2002