Հովհաննես Լիպարիտի Օրբել (ծնունդ՝ անհայտ-1324, Ամաղու, Նորավանքի Ս․ Կարապետ եկեղեցու գավիթ), Սյունիքի վարդապետ, մետրոպոլիտ, եպիսկոպոս[1]։

Հովհաննես Օրբել
Ծնվել էանհայտ է
Մահացել է1324(1324)
Մահվան վայրԱմաղուի Նորավանքի Ս․ Կարապետի եկեղեցու գավիթ
Ազգությունհայ
ԿրթությունԳլաձորի համալսարան
ԾնողներԼիպարիտ և Նանա

Կենսագրություն խմբագրել

Ստեփանոս Օրբելյանի մահից հետո Սյունյաց հոգևոր աթոռին բազմում է, նրա հորեղբայր Իվանեի թոռ  Հովհաննես Օրբելը՝ Լիպարիտի և Նանայի որդին։ Հովհաննես Օրբելը նախնական կրթությունը ստացել է Նորավանքում՝ Ստեփանոս  Օրբելյանի մոտ, այնուհետև ուսումնառությունը շարունակել է Գլաձորի համալսարանում, որտեղ ունկնդրել է ուսուցչապետ  Եսայի Նչեցուն։ Համալսարանական կրթությունն ստանալուց հետո, ծնողների ու ազգակիցների հավանությամբ, ձեռնադրվում է վարդապետ, իսկ որոշ ժամանակ անց մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանի հանձնարարականով ընտրվում է Սյունյաց եպիսկոպոս[1]։

Հովհաննես Օրբելը եղել է Գլաձորի համալսարանի ընդունակ և շնորհալի սաներից մեկը։ Պատանեկան հասակից հագնելով կրոնավորի սքեմ՝ երիտասարդ հոգևորականը իր վրա է հրավիրում Սյունիքի բարձրաստիճան աշխարհիկ և հոգևոր տերերի ուշադրությունը։ Ստեփանոս մետրոպոլիտն անձամբ հետաքրքրվում էր նրա ճակատագրով և հանձին Հովհաննես Օրբելի՝ տեսնում էր իրեն փոխարինողին։ Այդ էին պահանջում նաև Օրբելյան տոհմի շահերը[1]։

Հովհաննես Օրբելը մատենագրական աղբյուրներում հանդես է գալիս որպես պատվիրատու և ստացող։ 1303 թվականի հիշատակարաններից մեկում խնդրվում է հիշել․

           «Ստացող զգոյս զերջանիկն ի վարդապետս զերիցս երենեալն զՅովաննէս մականուամբ Աւրբել», ինչպես նաև՝ «զմեծափառ իշխանն զԼիպարիտն եւ զՆանայն՝ ծնողսն․․․»։ Նույն ձեռագրի 3-րդ հիշատակագրում Հովհաննես Օրբելը ներկայացված է «րաբունի»-«ուսուցիչ» տիտղոսով, հայրը՝ Լիպարիտը, կոչված է «մեծափառ իշխանաց իշխան», իսկ մայրը՝ Նանան, «ամենաւրհնեալ սուրբ դժխո․․․»։ Այս «առաքելաշնորհ արքեպիսկոպոսին» Սարգիս գրիչը 1306 թվականին բնութագրել է իբրև «սուրբ եւ ընտրեալ քաջ հռետոր»,  «անյաղթ սոփեստ» և այլ շռայլ մակդիրներով ու տիտղոսներով։ Հովհաննես Օրբելի անունը հիշատակված է բազմաթիվ ձեռագիր մատյաններում և վիմական արձանագրություններում՝ 1315, 1319, 1321, 1322 և այլ թվականներին։ Հովհաննես Օրբելը վախճանվել է 1324 թվականին և թաղված է Ամաղուի Նորավանքի Ս․ Կարապետ եկեղեցու գավթում։ Նրա տապանաքարին ձորագրված է  «Թվիս ՉՀԳ (1324). Տուն իմաստից եւ հանճարոյ Աւրպէլ զՈվանէս հռչակաւոր մետրոպաւլիտ Սիւնե/աց/»։ Մետրոպոլիտի տիտղոսով արդեն հանդես է գալիս Օրբելյան տոհմի մեկ այլ շառավիղ՝ Ստեփանոս-Տարսայիճը, ով, դեռևս Հովհաննես Օրբելի գահակալության օրոք, հասել է արքեպիսկոպոսական աստիճանի և հաճախ հիշատակվում է նրա անվան հետ միաժամանակ[1]։

Գործունեություն խմբագրել

Սկսած 1302 թվականից, Ստեփանոս Օրբելյանի մահվանից մեկ տարի առաջ, մատենագրական աղբյուրներում և վիմական արձանագրություններում Հովհաննեսն ամենուր հանդես է գալիս Սյունյաց արքեպիսկոպոսի և մետրոպոլիտի տիտղոսներով։ Որպես գրի ու գրչություն սիրող մեծահարուստ իշխանազուն՝ նա հնարավորություն է ունեցել նպաստելու Վայոց ձորի կրթագիտական օջախների, մասնավորապես Գլաձորի համալսարանի նյութական ապահովմանը և գրչության արվեստի զարգացմանը։ Նորընտիր մետրոպոլիտն իր նվաճած հեղինակությամբ, այնուամենայնիվ, պարտական էր Մեծն Ստեփանոսին[1]։

Հետևելով իր նախորդին՝ Ստեփանոս Օրբելյանին, Հովհաննես Օրբելը շարունակում է հատուկ ուշադրություն դարձնել մատենագրական աշխատանքներին։ Նրա  անմիջական ղեկավարությամբ կամ հորդորանքով ընդօրինակվել են բազմաթիվ մատյաններ, որոնցից շատերը պահպանվել ու հանգրվան են գտել ինչպես Մաշտոցի անվան Մատենադարանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների գրապահոցներում[1]։

Հովհաննես Օրբելը աչքի է ընկել նաև շինարարական գործունեությամբ։ Ճարտարապետ Մոմիկի նախագծով նա է կառուցել Արենիի Ս․ Աստվածածին եկեղեցին, որի արևմտյան մուտքի վերին կամարի շուրջը փորագրել է տվել հիշատակագրություն։ Հովհաննես Օրբելը «արհիական քաւչապետ» տիտղոսով է հանդես գալիս Հերհերի Ս․ Սիոն տաճարի վիմական արձանագրություններում (1310 թվական)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Գրիգորյան, Գրիգոր; Հախվերդյան, Սերգեյ (2001). Սյունիքի պատմություն. Երևան: Հրազդան. էջեր 164–167.