Հովհաննես Մալալաս
Հովհաննես Մալալաս (հունարեն՝ Ἰωάννης Μαλάλας, մոտ 491[1], Անտիոք, Արևելքի պրեֆեկտուրա, Բյուզանդական կայսրություն[1] - մոտ 578[2], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), բյուզանդացի պատմիչ, 18 գրքից բաղկացած «Ժամանակագրություն» (Χρονογραφία) երկի հեղինակ, որտեղ ժամանակագրական կարգով ներկայացնում է աշխարհի պատմությունը՝ արարչագործությունից մինչև 563 թ։ «Մալալաս»-ը ասորական բառ է, թարգմանաբար նշանակում է «հռետոր»։ Պատմիչի ասորական ծագում ունեցող մականունը հիմք է տալիս ժամանակակից ուսումնասիրողներին ենթադրելու, որ նա սերվում է Ասորիքից՝ Անտիոք քաղաքից։
Հովհաննես Մալալաս | |
---|---|
Ծնվել է | մոտ 491[1] |
Ծննդավայր | Անտիոք, Արևելքի պրեֆեկտուրա, Բյուզանդական կայսրություն[1] |
Մահացել է | մոտ 578[2] |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Երկեր | Ժամանակագրություն[2] |
Մասնագիտություն | պատմաբան |
«Ժամանակագրության» 1, 2 և 4-րդ գրքերում ներկայացվում է հնագույն պատմությունը՝ հունական առասպելների հիմքի վրա, 3-րդ գրքում՝ աստվածաշնչյան պատմությունը, 5-րդ գրքում՝ Տրոյական պատերազմի պատմությունը։ Այնուհետև Մալալասը շարադրում է պարսից արքաների, Լյուդիայի արքա Կրեսոսի, մակեդոնական արքաների և Հռոմի սկզբնավորման պատմությունը (6-րդ գիրք), Հռոմուլոսի ու Հռեմոսի և Հռոմի առաջին արքաների պատմությունը մինչև Տարկվինիուս (գիրք 7), Ալեքսանդր Մակեդոնացու հաջորդների՝ Պտղոմեանների և Սելևկյանների մասին (գիրք 8)։ 9-12 գրքերում շարադրված է Հուլիոս Կեսարի և հռոմեական կայսրերի պատմությունը մինչև Կոնստանդիոս I Քլոր, այնուհետև՝ հռոմեական և բյուզանդական կայսրերի պատմությունը Կոստանդիանոս Մեծից մինչը Հուստինիանոսի գահակալության տարիներ (գրքեր 13-18)։
Մալալասը գրել է իր երկը մատչելի լեզվով, լայն հանրության և հոգևոր դասի համար։ Այդ պատճառով նա համեմում է շարադրանքը հետաքրքրաշարժ մանրամասներով և պատմություններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Deutsche Nationalbibliothek Record #118940295 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 563)։ |