Հովհաննես Հովհաննիսյան (ոստիկանապետ)

Բանաստեղծ, երգահան, հեղինակային երգիչ, ինժեներ, իրավագետ

Հովհաննես Շտայնհերի Հովհաննիսյան (հունվարի 20, 1948(1948-01-20), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 12, 2006(2006-11-12), Գյումրի, Հայաստան), հայ բանաստեղծ, երգահան, հեղինակային երգիչ, ինժեներ, իրավաբան, ոստիկանության փոխգնդապետ։

Հովհաննես Հովհաննիսյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 20, 1948(1948-01-20)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 12, 2006(2006-11-12) (58 տարեկանում)
Մահվան վայրԳյումրի, Հայաստան
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն

ԿենսագրությունԽմբագրել

 
Հ.Հովհաննիսյանը ՀԽՍՀ ՆԳՆ Լենինականի վարչության ՔՀ բաժնի պետի պաշտոնում

Հովհաննես Հովհաննիսյանը ծնվել է 1948 թվականի հունվարի 20-ին՝ Լենինականում (այժմ՝ Գյումրի), բանվորի ընտանիքում։ Հայրը՝ Շտայնհեր (Ժորա) Միքայելի Հովհաննիսյանը, կյանքից հեռացել է վաղ հասակում (1927-1951), երբ դեռ Հովհաննեսը 3 տարեկան էր։ Մայրը՝ Արեգնազան (Սեդա) Նազարեթի Հովհաննիսյանը (1931-2008), շուրջ 40 տարի աշխատել է Լենինականի մսի և պահածոների կոմբինատում որպես բանվոր։

Հ.Հովհաննիսյանի մանկությունն անցել է Լենինական քաղաքի «Մսի կոմբինատ» թաղամասում։ 1965 թվականին ավարտել է Լենինականի Վ.Մայակովսկու անվան №5 միջնակարգ դպրոցը։ Նույն տարում ընդունվել է Երևանի Կ.Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղի մեխանիկական ֆակուլտետը։ 1970 թվականին ավարտել է հիշյալ ուսումնական հաստատությունը` ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում, այնուհետև, զորակոչվել է Խորհրդային բանակ։ 1971 թվականին զորացրվել է և աշխատանքի ընդունվել Լենինականի սառնարանային կոմպրեսորների գործարանում որպես ինժեներ։

1972 թվականից ծառայության է անցել ԽՍՀՄ ՆԳՆ համակարգում որպես Լենինականի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազոր։ 1974 թվականին ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Գորկիի բարձրագույն դպրոցը։ Մինչև 1979 թվականն աշխատել է ՆԳՆ Լենինականի վարչության ՍՈւՀԴՊ (ОБХСС)[1] բաժնում որպես ավագ օպերլիազոր։ 1979 թվականին նշանակվել է ՆԳՆ Լենինականի վարչության 3-րդ բաժանմունքի պետի տեղակալ։ 1980 թվականին նշանակվել է ՆԳՆ Լենինականի վարչության 2-րդ բաժանմունքի պետի տեղակալ, այնուհետև 1981 թվականին նշանակվել է նույն վարչության 1-ին բաժանմունքի պետ։ 1980-1985 թթ. սովորել և ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Ակադեմիայի Մոսկվայի իրավաբանական հեռակա ուսուցման մասնաճյուղի Ռոստովի ֆակուլտետը՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում։ 1985 թվականին նշանակվել է ՆԳՆ Լենինականի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնում։ 1992 թվականին նշանակվել է ՀՀ ՆԳՆ Շիրակի Ռեգիոնալ վարչության պետի տեղակալ՝ կարդրերի գծով։ Նույն տարում նշանակվել է ՀՀ ՆԳՆ Շիրակի Ռեգիոնալ վարչության Ախուրյանի բաժնի պետ։ 1995 թվականին, համաձայն դիմումի, ազատվել է ներքին գործերի համակարգից՝ անցնելով թոշակի։ Ուներ ոստիկանության փոխգնդապետի կոչում։

1988 թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժին Հ.Հովհաննիսյանը կորցրեց կնոջը և ավագ որդուն։ «Ավերվերց և երբեմնի շենշող քաղաքը, - գրում է գրականագետ, արվեստագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Աբաջյանը, - հեղինակի ծննդյան, երիտասարդության ու առնական հասակի օրրանը։ Վարար գետի նման հորդեց մարդկային վիշտն ու ցավը՝ իր հորձանուտի մեջ առնելով և հեղինակին որպես գործող անձ և ականատեսն այդ սահմռկեցնող արհավիրքի։ Երկրաշարժին զոհ դարձան հեղինակի հարազատները՝ կինն ու ավագ որդին։»

ԸնտանիքԽմբագրել

  • Հայրը՝ Շտայնհեր (Ժորա) Միքայելի Հովհաննիսյան (1927-1951), աշխատել է Լենինականի մսի և պահածոների կոմբինատում՝ էլեկտրոմոնտաժորդ,
  • Մայրը՝ Արեգնազան (Սեդա) Նազարեթի Հովհաննիսյան (1931-2008), աշխատել է Լենինականի մսի և պահածոների կոմբինատում՝ բանվոր,
  • Քույրը՝ Լեյլի Շտայնհերի Հովհաննիսյան (ծնվ. 1950), բժիշկ-մանկաբույժ, ինֆեկցիոնիստ,
  • Կինը՝ Լալա Սարգսի Պողոսյան (1949-1988), ինժեներ-տեխնոլոգ, դասախոս, զոհվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժին
    • Որդին՝ Գևորգ Հովհաննեսի Հովհաննիսյան (1972-1988), 10-րդ դասարանում զոհվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժին,
    • Որդին՝ Հայկ Հովհաննեսի Հովհաննիսյան (ծնվ. 1974), տնտեսագետ,
    • Որդին՝ Միքայել Հովհաննեսի Հովհաննիսյան (ծնվ. 1982), բնակվում է ԱՄՆ-ում

ՄահըԽմբագրել

Հովհաննես Հովհաննիսյանը մահացել է 2006 թվականի նոյեմբերի 12-ին սրտի կաթվածից՝ 58 տարեկան հասակում։ Հուղարկավորված է Գյումրի քաղաքի Թիվ 2 գերեզմանատանը[2]։

Բանաստեղծություններ և երգերԽմբագրել

Քո ուսերին բաժին ընկած բեռի տերը միայն դու ես,

Դաշունահար, վշտից քամված սրտիդ վերքի տերը դու ես,

Հարկավոր չէ, որ տրտնջաս ու ամենքին սիրտդ բացես,

Դա թուլություն կհամարվի, որի տերը էլի դու ես:
 
Հ.Հովհաննիսյանը հրաշալի տիրապետում էր կիթառին:

Հ.Հովհաննիսյանի բանաստեղծությունների գրման հիմնական դրդապատճառը, ինչ խոսք, ողբերգական էր։ Սարսափազդու, ավերիչ երկրաշարժը յուրաքանչյուրի վրա ազդեց յուրովի։ Հ.Հովհաննիսյանի սփոփանքը, թե պոռթկումը եղավ հաղորդակցումը արվեստին։ Ահա այդ ճակատագրական պահի ծնունդ են նրա բանաստեղծությունները, որոնք այլ բան չեն, քան զգայուն մարդու ապրած ողբերգության դրսևորումները։ Եվ նա թղթին է հանձնել իր անցամաք ցավն ու կսկիծը,որը,անձնական լինելով հանդերձ, անանձնական է, իր հայրենակիցներինն է ու նաև բոլոր հայերինը; Աստեղից էլ նրա ստեղծագործությունների հուզական լիցքը, որ ընթերցողն ընկալում է իբրև իր սեփականը։

Ինչպես նշեցինք, 1988 թվականի ավերիչ երկրաշարժը մեծապես ազդեց հեղինակի բարոյահոգեբանական վիճակի վրա։ Եվ բնավ պատահական չէ, որ Հ.Հովհաննիսյանի «Հոգուս կանթեղները» առաջին գիրքը բացվում է «Անհայտ կորածներին», նրանց հիշատակին ձոնված ցավի մրմունջներով լցված բանաստեղծությամբ.


Նրա դին էլ չգտնվեց,

Ու չհանձնվեց մայր հողին,

Գերեզմանն իր սրտում կերտեց

Սև խաչքարով գյումրեցին։

Բնական կլիներ, անշուշտ, եթե հեղինակն իր առաջին բանատողերը նվիրեր իր հարազատների հիշատակին, բայց արի ու տես, որ նվիրել է անհայտ կորածներին, մի բան, որ հասարակական հնչեղություն է հաղորդում բանաստեղծությանը։

Հովհ. Հովհաննիսանի ստեղծագործության հիմնական թեման, կամ, ինչպես ընդունված է ասել, լեյտմոտիվը այդ ահավոր աղետն է՝ իր բոլոր հետևանքներով։ «Անտանելի է ցավը մենության» ստեղծագործությունն ուղղակի պոկվում է հեղինակի դողդողջ շուրթերից ու դառնում մեծ վշտի վավերագիր։

Ինչպիսի աղետներ էլ որ լինեն, կյանքը չի կարող մեռնել, և անհատը պարտավոր է հաշտվել իրականության հետ՝ իրեն առաջնորդ կարգելով մեր միջնադարյան հանճարեղ փիլիսոփա Դավիթ Անհաղթի իմաստուն խոսքը՝ «Ոչ եղիցի չեղյալ զորս ինչ եղևն»: Ժամանակն իր անկանգառ ընթացքի մեջ ի վերջո սպիացնում է վերքը,այո, բայց բանական արարածի սրտում մնում է ծխացող կսկիծը՝ դարձած հուշ, որը մխիթարանք է ապրողի։

Կորուստները մեր

Աշնան ցրտի հետ Մեզ կհետևեն

Ինչքան էլ ապրենք,

Կգան, կթակեն

Պատուհանը մեր,

Հանդարտ կթափվեն

Արցունքները մեր։

Անասելի հետաքրքիր են Հովհ. Հովհաննիսյանի «Պատգամ որդուս» և «Բալլադ հոր սրտի մասին» ծավալուն ստեղծագործությունները։ Բանաստեղծի ծանր մտատանջություններից մեկն էլ եղել է հայության արտագաղթը, որը երկրաշարժից հետո հասել էր մեծ չափերի, դարձել ազգային աղետ՝ սասանելով հայահավքի սուրբ գաղափարը։ Հեղինակը հայրենաթողների ականջն ի վրա շշնջում է մի մեծ ճշմարտություն, այն է՝ մարդու մեծագույն դժբախտություններից մեկը օտար հողում թաղվելն է, և որ հայրենի հողում «անգամ մեռելները չեն մրսի»։ Նաև, Գյումրի քաղաքի ավանդական դիմագծի փոփոխությունն էր կարոտով լցնում հեղինակի սիրտը.

Անցան հերթով ու գնացին

Ֆայտոն Ալեք ու Վարդան,

Ու Գրիշը ընդմիշտ մնաց՝

Կառապանը մեր վերջին։

Հովհ. Հովհաննիսյանի ստեղծագործական դիմանկարն ամբողջացնելու նպատակով Գ.Աբաջյանը առանձնահատուկ շեշտի տակ է առել հեղինակի գրչի մի կարևոր հատկանիշ՝ մարդկային հոգին զննելու, տեսնելու նրա ձգտումը։ «Հեղինակը՝ փոխգնդապետ Հովհաննես Հովհաննիսյանը, տարիներ շարունակ եղել է Գյումրի քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետ, ՆԳ բաժնի պետ և քաջ ծանոթ է քրեածին աշխարհին։ Ինքը լինելով զգայուն մի հոգի, անգամ ամենածանր հանցագործների հանդեպ ունեցել է հույժ մարդկային վերաբերմունք, որոնել է ոճիրը ծնող պատճառները, գտել և իր նրբանկատ վերաբերմունքով ոչ միայն տեսել է դրանք, այլև թեթևացրել է հանցագործի վիճակը և հասել այնպիսի արդյունքի, որին հասնել չեն կարողացել իր պաշտոնակիցները։ Այս առումով չափազանց ուշագրավ են «Քննության էսքիզ» և «Երեք օր մենախցում» ստեղծագործությունները, որոնք բանաստեղծություն լինելուց առաջ հոգեբանական էտյուդներ են հիշեցնում։»

Հեղինակն անասելի սեր էր տածում իր մոր հանդեպ, ով փոքրուց նրան պահել և դաստիարակել էր։ Նրան նվիրված է բանաստեղծի «Մայրիկիս» ծավալուն բանաստեղծությունը, որում ներկայացված են այն բոլոր դժվարություններն ու ծանրությունները, որոնք նրանք միասին հաղթահարել են.

...Ինչքան ես դու ինձ փայփայել,

Խրատներով ազնիվ զինել,

Փաղաքշել ես, մեծացրել,

Երբեք, երբեք չես զղջացել...
 
Հ.Հովհաննիսյանի «Ու խռպոտ ձայնիս Ոռնոցը լսվեց» հեղինակային երգերի հավաքածուն

Հովհ. Հովհաննիսյանը հեղինակ է նաև ավելի քան 60 երգերի, որոնք նա գրում էր և կատարում ինքնուրույն։ Նա համարվում էր բարդ: Դաշնամուրի ստեղնաշարի վրա մեկը մյուսի հետևից ծնվում էին երգեր, որոնք ավելի շուտ իր իսկ գրած բանաստեղծությունների մեղեդայնացումն էին՝ «Անհայտ կորածներին», «Երազ», «Խռպոտ բաս», «Գարուն եմ ուզում», «Լավ ու վատ օրեր» և այլն։ «Նրա առնական, թավ ու լսելիքը շոյող բարիտոնը իսկական բավականություն է պատճառում ունկնդրին» - գրում է Գ.Աբաջյանը։ Այս գործում Հ.Հովհաննիսյանը խորապես ազդվել և ոգեշնչվել է Վ.Վիսոցկիի գործունեությամբ։

ԳրքերԽմբագրել

«Հոգուս կանթեղները», Հ.Հովհաննիսյան, Ե., «Փյունիկ» հրատ., 1992

«Ինքնագիրս թողնում եմ», Հ.Հովհաննիսյան, Ե., «Արեգ» հրատ., 1994

«Ուժեղ՝ սիրո մեջ», Հ.Հովհաննիսյան, Ե., «Արեգ» հրատ., 1995

«Ու խռպոտ ձայնիս Ոռնոցը լսվեց...», Հ.Հովհաննիսյան, Գ., «Սպիտակ փետուր» հրատ., 1998

ԱղբյուրներԽմբագրել

«Պատիվ ունեմ», Վ.Իկիլիկյան, Ե., «Ասողիկ» հրատ., 2017, էջ 67[3][4]

«Ու խռպոտ ձայնիս Ոռնոցը լսվեց...», Հ.Հովհաննիսյան, Գ., «Սպիտակ փետուր» հրատ., 1998

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Отдел по борьбе с хищениями социалистической собственности» (ռուսերեն)։ 2020-10-05 
  2. «The memorial of Hovhannisyan Hovhannes (Հովհաննես Հովհաննիսյան Շտայնհերի) buried at Gyumri's Gyumri mets cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2020-11-23 
  3. Իկիլիկյան Վիգեն, Էդար Արթուր (2017)։ Պատիվ ունեմ։ Երևան: «Ասողիկ» հրատ։ ISBN 978-9939-50-382-0 
  4. ««Պատիվ ունեմ». Վիգեն Իկիլիկյան»