Լեյտմոտիվ (գերմ.՝ leitmotiv - գլխավոր մոտիվ),

  1. Գրականության մեջ՝ գեղարվեստական երկի հիմնական գաղափարը, որը տարբեր ձևերով կրկնվում է ամբողջ ստեղծագործության մեջ։ Օրինակ՝ Եղիշե Չարենցի «Ամենապոեմի» լեյմոտիվը աշխարհի բոլոր աշխատավոր մարդկանց համերաշխության ու միասնության մասին է։
  2. Երաժշտության մեջ՝ որոշակի և ցայտուն երաժշտական դարձվածք (երբեմն՝ ամբողջական թեմա), որ XIX դ. սկսած լայնորեն կիրառվում է օպերայում, բալետում կամ ծրագրային երկերում, բնութագրում որևէ կերպար, գաղափար կամ երևույթ և երաժշտական մտքի զարգացմանը զուգընթաց կրկնվում է։ Լեյմոտիվը անփոփոխ կամ փոփոխված ուղեկցում է երկի գլխավոր կերպարին կամ նրա մասին հիշողությանը (Ալմաստի լեյմոտիվները՝ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայում), հաստատում հիմնական գաղափարը (գլադիատորների ապստամբության լեյմոտիվը՝ Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետում), օգտագործվում նաև բնության որևէ երևույթ (ծովը Ռիմսկի–Կորսակովի «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» օպերայում), նույնիսկ առանձին առարկաներ (սուրը, նիզակը Վագների «Նիբելունգի մատանին» օպերայում) պատկերելու համար։

«Լեյմոտիվ» տերմինը կիրառվում է նաև գրական երկերը վերլուծելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 536