Հիպոկալցեմիա
Հիպոկալցեմիա, վիճակ, որը բնութագրվում է արյան պլազմայում կալցիումի ցածր մակարդակով[1]։ Պլազմայում կալցիումի նորմալ մակարդակը կազմում է 2.1–2.6 մմոլ/լ (8.8–10.7 մգ/դլ), 2,1 մմոլ/լ-ից ցածր մակարդակը սահմանվում է որպես հիպոկալցեմիա[2][3]։ Կալցիումի մակարդակի դանդաղ իջեցումը հաճախ անախտանիշ է ընթանում[4][5]։ Կալցիումի մակարդակի արագ անկման դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանիշները՝ թմրածության զգացում, մկանային սպազմ, ուշագնացություն, ցնցումներ և նույնիսկ՝ սրտի կանգ[4][6]։
Հիպոկալցեմիա | |
---|---|
Արյան պլազմայում կալցիումի 2,1 մմոլ/լ-ից ցածր մակարդակ | |
Տեսակ | հիվանդություն և ոչ նորմալ ցածր ծավալ |
Պատճառ | Հիպոպարաթիրեոզ, վիտամին D-ի անբավարարություն, դեղորայք |
Հիվանդության ախտանշաններ | Պետեխիաներ, պարէսթեզիաներ, տետանուս, Տրուսսոյի ախտանիշ, Խվոստեկի ախտանիշ, ԷՍԳ փոփոխություններ |
Բժշկական մասնագիտություն | Էնդոկրինոլոգիա |
ՀՄԴ-9 | 275.41 |
ՀՄԴ-10 | E83.5 |
Բուժում | Ն/ե կալցիումի քլորիդ կամ մագնեզիումի սուլֆատ |
Հաճախություն | Հիվանդանոցում բուժում ստացող պացիենտների մոտ 18% |
Hypocalcemia Վիքիպահեստում |
Տարածված պատճառներն են հիպոպարաթիրեոզը և վիտամին D-ի անբավարարությունը[4]։ Կալցիումի մակարդակի իջեցման պատճառ կարող են հանդիսանալ նաև երիկամային անբավարարությունը, պանկրեատիտը, կալցիումական անցուղիների պաշարիչներով գերդոզավորումը, ռաբդոմիոլիզը, ուռուցքի քայքաման համախտանիշը և դեղորայքը, մասնավորապես՝ բիսֆոսֆոնատների օգտագործումը[6]։ Ախտորոշումը հաստատելու համար որոշվում են կոռեկցված կալցիումի և իոնիզացված կալցիումի մակարդակները[4]։ Էլեկտրաստրտագրությամբ (ԷՍԳ) կարող են արձանագրվել որոշակի փոփոխություններ[6]։
Ծանր վիճակում նախնական բուժումը իրականացվում է կալցիումի քլորիդի կամ մագնեզիումի սուլֆատի ներերակային ներարկումների միջոցով[6]։ Բուժման այլ տարբերակներ են վիտամին D-ն, մագնեզիումի և կալցիումի այլ միացությունները[4]։ Եթե հիպոկալցեմիայի պատճառը հիպոպարաթիրեոզն է, ապա անհրաժեշտ է կիրառել հիդրոքլորոթիազիդ և ֆոսֆատներ կապող պատրաստուկներ։ Այս պարագայում խորհուրդ է տրվում նաև սահմանափակել կերակրի աղի օգտագործումը[4]։ Հիվանդանոցում բուժում ստացող պացիենտների մոտ 18%-ի մոտ արձանագրվում է հիպոկալցեմիա[5]։
Նշաններ և ախտանիշներ
խմբագրելՀիպոկալցեմիային բնորոշ նյարդամկանային ախտանիշների առաջացման պատճառը դրական բաթմոտրոպ էֆեկտն է (դրդունակության աճ), քանի որ նվազում է կալցիումի իոնների պաշարիչ ազդեցությունը նատրիումական անցուղիների վրա։ Նորմայում, կալցիումի իոնները պաշարում են նատրիումական անցուղիները և ճնշում նյարդային ու մկանային թելերի ապաբևեռացումը։ Ուստի կալցիումի մակարդակի նվազումը կբերի ապաբևեռացման շեմքի իջեցմանը[7]։
- Պետեխիաներ, ի հայտ են գալիս կետային բծերի տեսքով, ապա միաձուլվում և վերածվում են պուրպուրայի (կապտուկների ավելի մեծ օջախներ, հաճախ առաջանում են ստորին վերջույթներում)։
- Բերանի և ծայրանդամների պարէսթեզիաներ, ծակծկոցի զգացողություն բերանում ու շրթունքների շրջանում, ինչպես նաև ձեռքերի ու ոտքերի ծայրերում։ Այս ախտանիշը հանդիսանում է հիպոկալցեմիայի ամենավաղ նշաններից մեկը։
- Ձեռքերի և ոտքերի (կարպոպեդալ), ինչպես նաև գեներալիզացված տետանուս (ձեռքերի, ինչպես նաև մարմնի խոշոր մկանների ուժեղ և չհանգստացող սպազմ)
- Թաքնված (լատենտ) տետանուս՝
- Լատենտ տետանուսին բնորոշ դրական Տրուսսոյի ախտանիշ (բազկի շրջանում տեղադրվում է մանժետ, տրվում է սիստոլիկից բարձր ճնշում, որի արդյունքում առաջանում է կարպալ սպազմ՝ «մանկաբարձի ձեռք»),
- Դրական Խվոստեկի ախտանիշ (այտոսկրի ստորին հատվածին՝ դիմային նյարդի դուրս գալու պրոյեկցիայով, բախելիս՝ դիտվում է դիմային մկանների կծկում)[8]։
- Ուժեղացած ջլային ռեֆլեքսներ։
- Կյանքին սպառնացող բարդություններ՝
- Լարինգոսպազմ,
- Առիթմիաներ։
- Սրտային արտամղման վրա ունեցած ազդեցություն․
- Բացասական քրոնոտրոպ էֆեկտ՝ սրտի կծկումների հաճախականության նվազում,
- Բացասական ինոտրոպ էֆեկտ՝ սրտի կծկողականության նվազում։
- ԷՍԳ փոփոխություններն են․
- Էլեկտրաստրտագրությամբ կարող են արձանագրվել QT միջակայքի ընդմիջվող երկարացում կամ QTc (կոռեկցված QT միջակայք) միջակայքի ընդմիջվող երկարացում։ QTc միջակայքի ընդմիջվող երկարացումը վկայում է կյանքին սպառնացող սրտի էլեկտրական անկայունության մասին (այս վիճակը շատ ավելի վտանգավոր է, քան QTc միջակայքի կայուն երկարացումը)։ Սրտի նման էլեկտրական անկայունությունը մեծացնում է Torsades de pointes-ի առաջացման հավանականությունը։ Վերջինս փորոքային հաճախասրտության մի տեսակ է, որը ԷՍԳ պատկերի վրա նմանվում է կանոնավոր աճող ու նվազող ամպլիտուդով սինուսոիդ ալիքի։ Torsades de pointes-ը կարող է հանգեցնել մահվան, եթե պացիենտը ժամանակին չենթարկվի դեղորայքային կամ էլեկտրական կարդիովերսիայի և չվերականգնվի սրտի նորմալ ռիթմը։
Պատճառներ
խմբագրելՀիպոկալցեմիայի տարածված պատճառներից է հիպոպարաթիրեոզը[9]։ Կալցիումի մակարդակը անմիջականորեն կարգավորվում է պարաթհորմոնի (ՊՀ) միջոցով։ Կալցիումի ցածր մակարդակի դեպքում ՊՀ-ի մակարդակը աճում է, և հակառակը՝ երբ կալցիումի մակարդակը աճում է, ՊՀ-ի արտադրությունը նվազում է[10]։ Այսպիսով, բոլոր այն դեպքերում, երբ դիտվում է պարաթհորմոնի բացակայություն, ցածր մակարդակ կամ ֆունկցիայի խանգարում, օրգանիզմը կորցնում է այս կարգավորիչ համակարգը, որի հետևանքով զարգանում է հիպոկալցեմիա։ Հիպոպարաթիրեոզի առաջացման տարածված պատճառ է պարանոցի վիրահատությունների ժամանակ հարվահանագեղձերի հեռացումը կամ վնասումը[9]։ Հիպոպարաթիրեոզ կարող է զարգանալ նաև աուտոիմուն խանգարումների հետևանքով[11][12]։ Հիպոկալցեմիայի առաջացման այլ պատճառներն են․
- Հիպերֆոսֆատեմիա[13]
- Վիտամին D-ի անբավարարություն
- Լյարդի ցիռոզ
- Էթիլենդիամինտետրաքացախաթթվի երկնատրիումական աղի կիրառումը[13]
- Մագնեզիումի անբավարարություն[14]
- Դեղորայքի երկարատև կիրառում (մագնեզիում պարունակող լուծողականներ)[15]
- Օստեոմալացիա[14]
- Քրոնիկ երիկամային անբարարություն[15]
- Անարդյունավետ ակտիվ վիտամին D[15]
- Հիպոպարաթիրեոզ (ժառանգական ծագման)[15]
- Հետվիրահատական հիպոպարաթիրեոզ[15]
- Հարվահանաձև գեղձերի հեռացում
- Ուռուցքի քայքայման համախտանիշ[16]
- Սուր երիկամային անբարարություն[15]
- Ռաբդոմիոլիզ (սկզբնական շրջանում)[14]
- Պանկրատիտի բարդացած վիճակ[14]
- Ալկալոզ[13]
- Էրիթրոցիտների զանգվածային փոխներարկումը կարող է առաջացնել հիպոկալցեմիա ցիտրատի մեծ քանակության պատճառով։
- Երբ շնչառական կամ մետաբոլիկ ալկալոզի պատճառով արյան պլազմայում նվազում է ջրածնի իոնների կոնցենտրացիան, արյան պլազմայում ազատ կալցիումի իոնների կոնցենտրացիան նույնպես սկսում է նվազել։ Վերջինս կազմում է արյան կալցիումի կենսաբանորեն ակտիվ մասը։ Նորմայում, և՛ ջրածնի, և՛ կալցիումի իոնների մի մասը կապված է պլազմայի ալբումինի հետ։ Երբ արյան pH-ը դառնում է հիմնային, ալբումինի հետ կապված ջրածնի իոնները սկսում են պոկվել ալբումինից, և այն սկսում է կապել ավելի մեծ քանակությամբ ազատ կալցիումի իոններ։ Արդյունքում արյան պլազմայում նվազում է ազատ իոնիզացված կալցիումի մակարդակը։ pH-ի 0,1-ով աճի դեպքում, պլազմայի կալցիումը նվազում է մոտավորապես 0,05 մմոլ/լ-ով։ Ալկալոզի հետևանքով առաջացող այս հիպոկալցեմիան որոշակիորեն պատասխանատու է գլխուղեղի անոթների նեղացման համար, որը իր հերթին բերում է գլխապտույտի, ուշագնացություննների և պարէսթեզիաների առաջացմանը, որոնք հաճախ զուգակցվում են գերօդափոխության հետ։
- Նորածնային հիպոկալցեմիա[17]
- Կալցիում կախյալ ընկալիչների մուտացիաներ
- Ֆոսկարնետ դեղամիջոցի կիրառում
- Կանթային միզամուղների կիրառում
- Կրոնի հիվանդություն
- Արյան մեջ կաթնաթթնի բարձր մակարդակ
- Պսևդոհիպոպարաթիրեոզ
Մեխանիզմ
խմբագրելՖիզիոլոգիական պայմաններում, բջիջների նորմալ կենսագործունեությունը ապահովելու նպատակով, արյան կալցիումը մշտապես պահպանվում է իր նորմայի նեղ սահմաններում։ Կալցիումը արյան մեջ գտնվում է երեք հիմնական վիճակներում՝ սպիտակուցների հետ կապված (հիմնականում ալբումինի), անիոնների հետ կապված՝ ֆոսֆատի և ցիտրատի տեսքով, և ազատ (չկապված) կալցիումի իոնի տեսքով։ Ֆիզիոլոգիապես ակտիվ է միայն իոնիզացված կալցիումը։ Կալցիումի նորմալ մակարդակը արյան մեջ տատանվում է 8,5-ից 10,5 մգ/դլ-ի (2.12-2.62 մմոլ/լ) սահմաններում, որից 4,65-ից 5,25 մգ/դլ-ը (1,16-1,31 մմոլ/լ) կազմում է իոնիզացված կալցիումը[18]։
Ախտորոշում
խմբագրելՔանի որ կալցիումի զգալի մասը կապված է ալբումինի հետ, ալբումինի մակարդակի ցանկացած տատանում ազդում է նաև կալցիումի մակարդակի վրա։ Կոռեկցված կալցիումի մակարդակի որոշումը հիմնված է ալբումինի մակարդակի վրա․ կոռեկցված կալցիում (մգ/դլ)= չափված ընդհանուր Ca (մգ/դլ) + 0,8 * (4.0 - պլազմայի ալբումին [գ/դլ])[19]
Վարում
խմբագրելՀիպոկալցեմիայով պացիենտների վարումը ներառում է․
- Ցուցված է ներերակային 10% կալցիումի գլյուկոնատ։ Ծանր վիճակում, երբ հիպոկալցեմիան ունեցել է սուր ընթացք և առաջացել է համեմատաբար կարճ ժամանակահատվածում, կալցիումի գլյուկոնատի փոխարեն կարելի է կիրառել կալցիումի քլորիդ։ Սակայն, եթե առկա է ծանր հիպոկալցեմիա, որն ունեցել է քրոնիկ ընթացք, ապա այս որոշումը կարող է ճակատագրական լինել։ Կալցիումի արագ ներարկման հետևանքով նյարդամկանային ախտանիշները, սրտի էլեկտրական անկայունությունը և հիպոկալցեմիայի այլ նշաններ ոչ միայն չեն բարելավվի, այլ հակառակը՝ ավելի կխորանան։ Կալցիումի այդպիսի արագ ներարկման հետևանքով հիպոկալցեմիայի նշաններին կարող են հաջորդել հիպերկալցեմիայի ախտանիշներ։
- Անհրաժեշտ է կալցիումի և վիտամին D-ի (հաճախ՝ 1,25-(OH)2-D3, կալցիտրիոլի տեսքով) պահպանողական դեղաչափերի կիրառումը՝ կալցիումի մակարդակի հետագա իջեցումը կանխարգելելու նպատակով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ LeMone, Priscilla; Burke, Karen; Dwyer, Trudy; Levett-Jones, Tracy; Moxham, Lorna; Reid-Searl, Kerry (2015). Medical-Surgical Nursing (անգլերեն). Pearson Higher Education AU. էջ 237. ISBN 9781486014408. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Pathy, M.S. John (2006). «Appendix 1: Conversion of SI Units to Standard Units». Principles and practice of geriatric medicine. Vol. 2 (4. ed.). Chichester [u.a.]: Wiley. էջ Appendix. doi:10.1002/047009057X.app01. ISBN 9780470090558.
{{cite book}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Minisola, S; Pepe, J; Piemonte, S; Cipriani, C (2015 թ․ հունիսի 2). «The diagnosis and management of hypercalcaemia». BMJ (Clinical Research Ed.). 350: h2723. doi:10.1136/bmj.h2723. PMID 26037642.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fong, J; Khan, A (2012 թ․ փետրվար). «Hypocalcemia: updates in diagnosis and management for primary care». Canadian Family Physician. 58 (2): 158–62. PMC 3279267. PMID 22439169.
- ↑ 5,0 5,1 Cooper, MS; Gittoes, NJ (2008 թ․ հունիսի 7). «Diagnosis and management of hypocalcaemia». BMJ (Clinical Research Ed.). 336 (7656): 1298–302. doi:10.1136/bmj.39582.589433.be. PMC 2413335. PMID 18535072.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Soar, J; Perkins, GD; Abbas, G; Alfonzo, A; Barelli, A; Bierens, JJ; Brugger, H; Deakin, CD; Dunning, J; Georgiou, M; Handley, AJ; Lockey, DJ; Paal, P; Sandroni, C; Thies, KC; Zideman, DA; Nolan, JP (2010 թ․ հոկտեմբեր). «European Resuscitation Council Guidelines for Resuscitation 2010 Section 8. Cardiac arrest in special circumstances: Electrolyte abnormalities, poisoning, drowning, accidental hypothermia, hyperthermia, asthma, anaphylaxis, cardiac surgery, trauma, pregnancy, electrocution». Resuscitation. 81 (10): 1400–33. doi:10.1016/j.resuscitation.2010.08.015. PMID 20956045.
- ↑ Armstrong, C. M.; Cota, Gabriel (1999). «Calcium block of Na+ channels and its effect on closing rate». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 96 (7): 4154–4157. Bibcode:1999PNAS...96.4154A. doi:10.1073/pnas.96.7.4154. PMC 22436. PMID 10097179.
- ↑ Durlach, J; Bac, P; Durlach, V; Bara, M; Guiet-Bara, A (1997 թ․ հունիս). «Neurotic, neuromuscular and autonomic nervous form of magnesium imbalance». Magnesium Research. 10 (2): 169–95. PMID 9368238.
- ↑ 9,0 9,1 Nussey, S. S.; Whitehead, S. A. (2013 թ․ ապրիլի 8). Endocrinology: An Integrated Approach. CRC Press. էջ 194. ISBN 9780203450437.
- ↑ Bijlani, R. L.; Manjunatha, S. (2010 թ․ նոյեմբերի 26). Understanding Medical Physiology: A Textbook for Medical Students. Jaypee Brothers Publishers. էջ 465. ISBN 9789380704814.(չաշխատող հղում)
- ↑ «Hypoparathyroidism. Parathyroid symptoms and disease | Patient». Patient. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Hypoparathyroidism». NORD (National Organization for Rare Disorders) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին. «These cases may be called autoimmune hypoparathyroidism and develop when the body's own immune system mistakenly attacks parathyroid tissue and leads to the loss of the secretion of parathyroid hormone.»
- ↑ 13,0 13,1 13,2 Metheny, Norma (2012). Fluid and electrolyte balance : nursing considerations (5th ed.). Sudbury, MA: Jones & Bartlett Learning. էջ 93. ISBN 978-0-7637-8164-4. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 Helms, Richard (2006). Textbook of therapeutics : drug and disease management (8. ed.). Philadelphia, Pa. [u.a.]: Lippincott Williams & Wilkins. էջ 1035. ISBN 978-0-7817-5734-8. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 Fong, Jeremy; Khan, Aliya (2012). «Hypocalcemia: updates in diagnosis and management for primary care». Canadian Family Physician. 58 (2): 158–62. PMC 3279267. PMID 22439169.
- ↑ Hall, edited by Patrick T. Murray, Hugh R. Brady, Jesse B. (2006). Intensive care in nephrology. London: Taylor & Francis. էջ 129. ISBN 978-0-203-02482-9. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
{{cite book}}
:|first1=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ MedlinePlus|MedlinePlus Encyclopedia Hypocalcemia - infants
- ↑ Siyam, Fadi F.; Klachko, David M. (2013). «What Is Hypercalcemia? The Importance of Fasting Samples». Cardiorenal Medicine. 3 (4): 232–238. doi:10.1159/000355526. ISSN 1664-3828. PMC 3901605. PMID 24474951.
- ↑ Fluids & Electrolytes: A 2-in-1 Reference for Nurses (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. 2006. էջ 122. ISBN 9781582554259. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիպոկալցեմիա» հոդվածին։ |