Արյան պլազմա (հունարեն՝ πλάσμα - ձևավորված ամեն ինչ), արյան հեղուկ մասը, որում կախված են ձևավոր տարրերը։ Կազմում է արյան 52-61%-ը։ Իրենից ներկայացնում է դեղնավուն թափանցիկ հեղուկ։ Հյուսվածաբանորեն հանդիսանում է արտաբջջային հեղուկ։

Բաղադրություն

խմբագրել

Շուրջ 90-92 %-ը ջուր է, որի մեջ լուծված են օրգանական և անօրգանական նյութեր։ Այս նյութերի 7-8 %-ը կազմում են սպիտակուցները, 0,5-1 %-ը՝ ճարպեր են, 0,08-0,12 %-ը ածխաջրերը մասնավորապես գլյուկոզա, 0,9 %-ը անօրգանական աղերը։ Պլազմայի հիմնական սպիտակուցներն են. ալբումիններ (55-65 %), α1-գլոբուլիններ (2-4 %), α2-գլոբուլիններ (6-12 %), β-գլոբուլիններ (8-12 %), γ-գլոբուլիններ (2-4 %) և ֆիբրինոգեն (0,2-0,4 %)։

Անօրգանական աղերը զանազան էլեկտրոլիտներ են և հանդես են գալիս նատրիումի, կալցիումի, մագնեզիումի, կալիումի և այլ կատիոնների քլորիդների, բիկարբոնատների, ‎ֆոսֆատների, սուլֆատների և այլ աղերի ձևով։ Սրանք կատարում են մի շարք ‎ֆունկցիաներ՝

  • սրանցով է պայմանավորված արյան պլազմայի օսմոսային ճնշումը,
  • մասնակցում են արյան PH-ի կարգավորմանը, CO2 –ի փոխադրմանը,
  • մասնակցում են արյան մակարդման պրոցեսներին,
  • ակտիվացնում ‎են ֆերմենտներին,
  • բջիջների միկրոմիջավայրում մասնակցում են դրդման պրոցեսի առաջացմանը,
  • սպիտակուցների, կամ օրգանական թթուների հետ կապված վիճակում, հասնում են տարբեր օրգաններ և հյուսվածքներ։

Իրենց քանակով և նշանակությամբ առավել կարևոր են սպիտակուցները։ Պլազմայում գոյություն ունեն շուրջ 200 տեսակի սպիտակուցներ, որոնք բաժանվում են երեք խմբի՝ ալբումիններ, գլոբուլիններ և ‎ֆիբրինոգեն։ Ալբումիններով է պայմանավորված պլազմայի կոլոիդ վիճակի կայունությունը և արյան կախույթային վիճակը, իրենց մակերեսի վրա փոխադրում են ճարպաթթուներ, բիլիռուբին, ստերոիդ հորմոններ, լեղաթթուների աղեր, թիրոքսինի և կալցիումի իոնների մի մասը։

  • α-գլոբուլինների մեծ մասը միացած է ածխաջրերի հետ, առաջացնելով գլիկոպրոտեիդներ։ Հանդես են գալիս որպես սպիտակուցալուծ ‎ֆերմենտների արգելակիչներ, կամ հորմոնների, միկրոտարրերի, վիտամինների փոխադրիչներ։
  • β-գլոբուլինները մեծ խնամակցություն ունեն լիպիդների հետ։
  • γ-գլոբուլինները կոչվում են իմունոգլոբուլիններ և համարվում են իմունիտետն ապահովող հակամարմիններ։

Արյան պլազմայի ֆունկցիաները

խմբագրել

Արյան պլազմայի սպիտակուցների ‎ֆունկցիաներն են՝

  • ապահովում են պլազմայի օնկոսային ճնշումը,
  • արյան թթվա-հիմնային հաշվեկշռի կարգավորում,
  • ալբումինների և գլոբուլինների հարաբերությամբ արյան ձևավոր տարրերի կախույթային վիճակը հետևաբար ԷՆԱ-ն
  • պայմանավորում են պլազմայի մածուծիկությունը,
  • մասնակցում են ոչ սպեցի‎ֆիկ պաշտպանական ռեակցիաներին,
  • իրականացնում են հումորալ իմունիտետը,
  • փոխադրում են ածխաջրեր, լիպիդներ, հորմոններ, վիտամիններ, միկրոտարրեր,
  • մասնակցում են արյան մակարդմանը, ‎ֆիբրինոգենը հանդիսանում է մակարդման ամենակարևոր գործոններից մեկը։

Գրականություն

խմբագրել
  • Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ։ Դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Դ.Ն.Խուդավերդյանի և Վ.Բ.Ֆանարջյանի խմբագրությամբ։ Երևան, 1998։

Արտաքին հղումներ

խմբագրել