Հենրի Բեսեմեր
Հենրի Բեսեմեր (անգլ.՝ Henry Bessemer, հունվարի 19, 1813[1][2][3][…], Charlton, Նորթ Հարթֆորդշիր, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 15, 1898[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի գյուտարար, որ մշակել է իր անունը կրող պողպատի ձուլման պրոցեսը, որը գրեթե հարյուր տարի՝ 1856-1950 թվականներին, եղել է պողպատի[6] ստացման հիմնական եղանակը։ Հենրի Բեսեմերի գյուտը նշանակալից դեր է խաղացել Շեֆիլդ քաղաքի՝ որպես արդյունաբերական խոշոր կենտրոնի և «պողպատե քաղաքի» կայացման գործընթացում[7]։
Հենրի Բեսեմեր անգլ.՝ Henry Bessemer | |
---|---|
Ծնվել է | հունվարի 19, 1813[1][2][3][…] Charlton, Նորթ Հարթֆորդշիր, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մարտի 15, 1898[1][2][3][…] (85 տարեկան) Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Գերեզման | Վեստ Նորվուդի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | ճարտարագետ, գյուտարար, մետաղագործ և գործարար |
Գործունեության ոլորտ | մետաղագործություն |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն և անգլերեն[1] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Henry Bessemer Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀենրի Բեսեմերը հայտնի տպագրող և գյուտարար Էնթոնի Բեսեմերի որդին է։ Նա ծնվել և մինչև 17 տարեկանն ապրել է Չարլթոնում (Հարթֆորդշիր կոմսություն, Լոնդոնից 50 կմ դեպի հյուսիս)։ Ունեցել է երկու քույր և եղբայր։
Հոր ազդեցությամբ վաղ տարիքից հետաքրքրված է եղել մեխանիկայով և մետաղագործությամբ։ Պետական դպրոցն ավարտելուց հետո սկսել է աշխատել հոր արհեստանոցում։ Հենրի Բեսեմերը համալսարանական կրթություն չի ստացել և իր ողջ գիտելիքներն ու կարողությունները ձեռք է բերել բազմակողմանի պրակտիկ գործունեության ճանապարհով։
1834 թվականին ամուսնացել է Աննա Ալենի հետ, որի հետ ողջ կյանքն ապրել է սիրո և համերաշխության մեջ։
Բեսեմերը մահացել է 1898 թվականի մարտի 15-ին Լոնդոնում։ Նա թաղված է Լոնդոնում՝ Արևմտյան Նորվուդի գերեզմանատանը։
Գյուտեր
խմբագրելՀենրի Բեսեմերը եղել է բեղմնավոր գյուտարար և 1838 թվականից մինչև 1883 թվականը ունեցել է առնվազն 129 արտոնագիր՝ տեխնոլոգիական տարբեր ոլորտներում։ Ի տարբերություն շատ այլ գյուտարարների՝ Բեսեմերը կարողացել է կյանքի կոչել իր գյուտերը և դրանով համբավ ձեռք բերել ու ֆինանսական եկամուտ ստանալ։
Հենրի Բեսեմերի գյուտերի շարքից են.
- 1831 – Ասեղնավոր դրոշմահատոց դրոշմանիշների մարման համար, որն առաջարկվել էր ֆինանսների նախարարության ներքին եկամուտների դեպարտամենտին։ Հետագայում Բեսեմերը կատարելագործել է գյուտը՝ մտածելով, որ դրոշմանիշների մարման համար հարկավոր է ընդամենը նրանց վրա տպել ընթացիկ ամսաթիվը։ Այդ մեթոդի ներմուծումը ներքին եկամուտների դեպարտամենտի համար մեծ քանակությամբ գումար է խնայել, բայց քանի որ մարման կատարելագործված մեթոդը եղել է շատ պարզ, Բեսեմերը դրա համար վարձատրություն չի ստացել։
- 1838 – Բառաձուլական մեքենա, որը մեկ րոպեում ձուլում էր 60 լիտեր։ Սա Հ. Բեսեմերի արտոնագրած առաջին գյուտն է եղել։
- 1839 – Մատիտների արտադրման նոր եղանակ, որով առաջարկվում էր գրաֆիտե ձողերը ոչ թե սղոցել, այլ սեղմելով խտացնել գրաֆիտի փոշուց։
- 1841 – Երկաթուղային արգելակ։
- 1843 – Բրոնզի փոշու պատրաստման եղանակ, որն օգտագործվել է ոսկեգույն ներկ ստանալու համար։ Ինչպես պատմում է ինքը՝ Հենրի Բեսեմերն ինքնակենսագրության[8] մեջ՝ նա հետազոտել է Նյուրնբերգում արտադրված բրոնզի փոշին։ (Այս քաղաքը միակ վայրն է եղել, որտեղ այդ ժամանակ նման փոշի է արտադրվել)։ Այնուհետև նա պատրաստել է այդպիսի փոշի և որոշ չափով կատարելագործել այն, ինչպես նաև մտահղացել է նրա արտադրման տեխնոլոգիան՝ պարզ արտադրական գծի վրա։ Այսպիսով, նրան հաջողվել է շրջանցել արտոնագրային պաշտպանությունը և արտոնագրել «իր» արտադրանքը։ Բրոնզե ներկի արտադրության պրոցեսը կոմերցիոն գաղտնիք է եղել, և միայն գյուտարարի ընտանիքի անդամներն են մուտքի իրավունք ունեցել այն գործարան, որտեղ այն պատրաստվում էր։ Ձեռքով պատրաստված նյուրնբերգյան փոշին Լոնդոնում վաճառվում էր մեկ ֆունտը՝ 5 ֆունտ 12 շիլլինգով։ Հենրի Բեսեմերը իր արտադրած փոշին վաճառել է 40 անգամ ցածր գնով և փաստացի գրավել շուկան[8]։ Ներկի վաճառքից ստացված եկամուտը նրան հնարավորություն է ընձեռել զբաղվել այլ գյուտերով։
- 1848 – Թերթապակու արտադրման եղանակ, որի ընթացքում հալված ապակին երկու գլանահաստոցների միջև գլանելու ճանապարհով ստացվում էր չընդհատվող ապակյա ժապավեն, որը կտրվում էր ելքի մոտ։ Հ. Բեսեմերի այս գյուտը կոմերցիոն հաջողություն չի ունեցել, թեև ներկա ժամանակում թերթապակին պատրաստվում է հենց այս եղանակով։
- 1849 – Մամլիչ մեքենա շաքարեղեգի համար։
- 1850 – Վակումային պոմպ։
- 1851 – Թավիշի, կտորի և կաշվի վրա նկարների դրոշմման եղանակ։
- 1853 – Ջրակայուն (անջրանցիկ) կտորի արտադրում։
- 1854 – Նոր տեսակի ծանր հրետանային արկ։ Այս աշխատանքը Բեսեմերին մղել է ձուլած պողպատից հրանոթներ պատրաստելու գաղափարին։
- 1856 – Փոխարկիչ՝ նախատեսված օդի փչամաքրման ճանապարհով, առանց վառելիքի ծախսի հեղուկ փուջը պողպատի վերափոխելու համար։ Այս գյուտը հիմք է դարձել պողպատի ստացման նոր պրոցեսի համար, որը ստացել է բեսեմերյան[9] անվանումը։
- 1857 – Մետաղի տարածում (լցաբաշխում) պտտվող գլանիկների միջև։ Այս գյուտը հանդիսանում է անընդհատ ձուլման ժամանակակից սարքերի նախորդը։ Հատկանշական է, որ Բեսեմերի յուրօրինակ գաղափարը իրագործվել է իր օրոք, սակայն չի ընդլայնվել, քանի որ դրա կարիքը դեռևս չի եղել։
- 1860 – Շրջուն փոխարկիչ՝ հատակով և ցապֆաներով օդի մատակարարմամբ, որի կառուցվածքը հիմնականում պահպանվել է մինչև ներկա ժամանակը։
- 1868 – Մարդատար շոգենավ, որում նավախցիկը կախվում էր կարդանային կախոցներով։ Ըստ գյուտարարի մտահղացման՝ այդպիսի կախոցը պետք է ապահովեր նավախցիկի անշարժությունը ծովի ալեկոծության ժամանակ և կանխեր ծովային հիվանդությունն ուղևորների շրջանում։ Այդպիսի կառուցվածքով մարդատար շոգենավ երբեք չի կառուցվել[10]։
Հենրի Բեսեմերի գլխավոր գյուտը թուջը պողպատի վերափոխելու գործընթացն է, որը գյուտարարի անունով կոչվել է բեսեմերյան։
Մինչև բեսեմերյան պրոցեսի ներդրումը 19-րդ դարի կեսին պողպատը ստանում էին փոքր քանակություններով՝ պուդլինգումի աշխատատար պրոցեսի միջոցով, այդ պատճառով պողպատը համարվում էր դիֆիցիտային նյութ, և բազմաթիվ մետաղական դետալներ պատրաստվում էին ավելի էժանագին թուջից։ Թուջն էլ որպես կառուցվածքային նյութ չափազանց անհարմար էր իր դյուրաբեկության պատճառով։ Հաճախ կամուրջների թուջե հեծաններն ու հենարանները ծանրաբեռնվածությանը չէին դիմանում և անսպասելիորեն փլվում էին։ Պողպատե կառուցվածքները շատ ավելի հուսալի էին, բայց և թանկ արժեին։
Հենրի Բեսեմերը հետաքրքրվել է պողպատի արտադրությամբ իր գյուտերից մեկի վրա աշխատելիս[11]։
1854 թվականին նա նոր հրետանային արկ հորինեց՝ ակոսավոր հրանոթներից կրակելու համար։ Արկն ուներ երկարավուն ձև և հատուկ փողանցքեր, որոնց շնորհիվ փողից դուրս գալուն զուգընթաց այն սկսում էր պտտվել, ինչն ապահովում էր նրա հետագա հաստատուն թռիչքը։ Գաղափարը մշակելիս պարզվեց, որ այդպիսի արկերով կրակելու համար անհրաժեշտ է ավելացնել վառոդի լիցքը։ Այն ժամանակվա թուջե հրանոթները չէին կարող դիմակայել նման ուժի լիցքի պայթյունին։ Այդպես, Հենրի Բեսեմերն հանգեց այն գաղափարին, որ հրանոթները պետք է պատրաստվեն պողպատից, իսկ պողպատի արտադրությունը դառնա մեծաքանակ[12]։
Դրա համար Հենրի Բեսեմերը մշակել է ինքնատիպ համակարգ, որն ապահովում էր հալված թուջից խառնուրդների այրումը՝ նրա միջով օդ փչամղելով։ Հալված թուջը լցվում էր փոխարկիչի՝ տանձաձև հալքանոթի մեջ, որը ներսից աղյուսապատված էր հրակայուն աղյուսով։ Այնուհետև հեղուկ թուջի միջով օդ էր փչամղվում, որն օքսիդացնում էր վնասակար խառնուդները, ինչպես նաև այրում ածխածնի ավելցուկը։ Օքսիդացման ռեակցիան ջերմազատիչ էր, նրա ընթացքում անջատված ջերմությունը տաքացնում էր մետաղը և պահում նրան հեղուկ վիճակում։ Փոխակերպման պրոցեսը տևում էր մի քանի տասնյակ րոպե։ Արդյունքում թուջից պողպատ էր ստացվում[13]։
Հենրի Բեսեմերի առաջարկած պրոցեսը պողպատի արտադրությունը դարձրել է պարզ, արագ և էժան։ Պողպատի որակի բարելավման և շուկայում նրա առաջարկի ընդլայնման արդյունքում տեղի է ունեցել Երկրորդ արդյունաբերական հեղափոխությունը. ներդրումն սկսել են օգտագործել մեքենաշինության մեջ և շինարարությունում։
1856 թվականի օգոստոսի 24-ին Բեսեմերը առաջին անգամ պողպատի փոխակերպման իր հայտնագործած պրոցեսը նկարագրել է Չենթելհեմում Բրիտանական գիտական ասոցիացիայի ժողովի իր զեկույցում, որը նա անվանել է «Մետաղի արտադրություն առանց վառելիքի»։ Զեկույցն ամբողջությամբ տպագրվել է The Times-ում։
Դրանից մի քանի տարի առաջ նմանատիպ գաղափարի վրա աշխատել էր Ջեյմս Նեսմիթը։ Լսելով Բեսեմերի զեկույցը Բրիտանական գիտական ասոցիացիայի ժողովում՝ Նեսմիթը, որ ամբողջությամբ չէր լուծել իր մեթոդի հետ կապված որոշ պրոբլեմներ, հրաժարվել էր շարունակել աշխատանքները։ Հենրի Բեսեմերը, գիտակցելով Նեսմիթի աշխատանքների կարևորությունը, նրան առաջարկել է ապագա արտոնագրից ստացված հասույթի մեկ երրորդը, սակայն Նեսմիթն այդ առաջարկից հարաժարվել է[14]։
Մրցանակներ և հիշատակ
խմբագրել- 1879 թվականի հունիսի 26-ին թագուհի Վիկտորիայի կողմից Բեսեմերին շնորհվել է ասպետի կոչում՝ գիտության մեջ իր ունեցած ավանդի համար, և նույն թվականին նա դարձել է Թագավորական ընկերության անդամ[15]:
- Շոտլանդիայի ինժեներների և նավաշինարարների Ինստիտուտի պատվավոր անդամակցություն Բեսեմերին շնորհվել է 1891 թվականին[16]։
- 1895 թվականին նա ընտրվել է Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի օտարերկրյա պատվավոր անդամ[17]։
- 1871—1873 թվականներին Հենրի Բեսեմերը եղել է Բրիտանիայի պողպատի և մետաղի Ինստիտուտի նախագահ։ Ինստիտուտը Բեսեմերի ոսկե մեդալ էր սահմանել որպես ամենամյա մրցանակ՝ պողպատաձուլական արդյունաբերության ոլորտում ակնառու ծառայությունների համար։ Ներկայումս այդ ինստիտուտը Նյութերի, միներալների և հանքագործության Ինստիտուտն է, որը շարունակում է ամեն տարի Բեսեմերի մեդալով պարգևատրումը։
- 2003 թվականին Բեսեմերը ճանաչվել է մ.թ.ա. 800 թվականից մինչև 1950 թվականն ընկած ժամանակահատվածի 10 լավագույն գյուտարարներից մեկը։
- Հենրի Բեսեմերի անունով ԱՄՆ-ում քաղաքներ են անվանակոչված Ալաբամա, Հյուսիսային Կարոլինա և Միչիգան նահանգներում։
- 2009 թվականին Շեֆիլդ քաղաքի կենտրոնում գտնվող «Ֆոնտան» պանդոկը վերանվանվեց «Բեսեմեր»՝ ի պատիվ Հենրի Բեսեմերի, որը հսկայական ազդեցություն է ունեցել քաղաքի զարգացման գործում։
- Ի պատիվ Հենրի Բեսեմերի վերանվանվել է նաև Wetherspoons պանդոկը Ուորքինգթոնում (Քամբրիա)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Бессемер Генри // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://www.invent.org/inductees/henry-bessemer
- ↑ Misa, 1998
- ↑ «Sheffield». Encyclopaedia Britnannica. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ 8,0 8,1 Bessemer, 1905
- ↑ «Бессемерование». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ The Bessemer Saloon Steam-Ship Արխիվացված 27 Դեկտեմբեր 2007 Wayback Machine, Chapter XX, Sir Henry Bessemer, F.R.S. An Autobiography, online at University of Rochester Արխիվացված 3 Հոկտեմբեր 2005 Wayback Machine
- ↑ Дахшлегер В. Генри Бессемер // Техника молодёжи : журнал. — 1934. — № 2. — С. 52—55.
- ↑ Boylston, 1936, էջ 218
- ↑ Boylston, 1936, էջեր 218–219
- ↑ Lord, 1945
- ↑ №24739, с. 2406 (անգլ.) // London Gazette : газета. — L.. — Iss. 24739, no. 24739. — ISSN 0374-3721.
- ↑ IESIS Институт инженеров и судостроителей в Шотландии . Iesis.org. Получено 1 июля 2015 г.
- ↑ «Book of Members, 1780–2010: Chapter B» (PDF). American Academy of Arts and Sciences. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
Աղբյուրներ
խմբագրել- «Бессемер, Генрих». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Лесников М. П. Бессемер. — М., 1934. — 256 с. — (Жизнь замечательных людей).
- Anstis, Ralph Man of Iron, Man of Steel: Lives of David and Robert Mushet. — Albion House, 1997. — С. 140. — ISBN 978-0951137147
- Bessemer, Henry Sir Henry Bessemer, F.R.S.: an autobiography; with a concluding chapter. — London: Engineering (magazine), 1905.
- Boylston, Herbert Melville An introduction to the metallurgy of iron and steel. — Wiley, 1936.
- Jeans, William T․ The creators of the age of steel. — Chapman and Hall, 1884.
- Lord, W M. The Development of the Bessemer Process in Lancashire, 1856–1900(անգլ.) // Transactions of the Newcomen Society : journal. — 1945. — Т. 25. — С. 163—180. —
- Misa, Thomas J. A Nation of Steel: The Making of Modern America: 1865-1925. — Baltimore MD: Johns Hopkins UP, 1995. — ISBN 978-0801849671
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Բեսեմեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 408)։ |