Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտե

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո։ Կոմիտեն Միավորված ազգերի կազմակերպության մարմիններից մեկն է, որը կազմված է 18 փորձագետներից։ Կոմիտեի գլխավոր նպատակը միջազգային մակարդակում Կոնվենցիայի մշտադիտարկումների ապահովումն է։

Գործառույթները խմբագրել

Կոմիտեն քննարկում է Կոնվենցիայի անդամ պետությունների կողմից ներկայացված պարբերական զեկույցները։ Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետություն Կոմիտեին ներկայացնում է նախնական համապարփակ զեկույց Կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ[1]։ Յուրաքանչյուր պետություն ներկայացնում է իր նախնական զեկույցը իր համար կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում։ Հերթական զեկույցները ներկայացվում են նվազագույնը չորս տարին մեկ անգամ, կամ երբ Կոմիտեն պահանջում է այդպիսի զեկույցներ։ Կոմիտեն զեկույցների բովանդակության վերաբերյալ կազմում է ուղեցույցներ։ Առաջին զեկույցը լինում է համապարփակ, այլ կերպ ասած՝ այն ընդգրկում է կոնվենցիայի բոլոր դրույթների կիրառման վերաբերյալ հարցեր։ Այս զեկույցների հիման վրա Կոմիտեն աշխատում է Կոնվենցիան վավերացրած պետությունների հետ։ Կոմիտեն նաև քննարկում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացրած պետություններից ստացված անհատական հաղորդումները (բողոքները), վարում է հետաքննություններ և ձևակերպում ընդհանուր դիտարկումներ և առաջարկություններ։ Նպատակահարմարությունից ելնելով Կոմիտեն մասնակից պետությունների հաշվետվությունները փոխանցում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակություններին, հիմնադրամներին ու ծրագրերին, որպեսզի վերջիններս ուշադրություն դարձնեն դրանցում հայցվող տեխնիկական խորհրդատվությանը, օժանդակությանը կամ դրանց վերաբերյալ նշումներին։

Յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ Կոմիտեն Գլխավոր ասամբլեային և Տնտեսական ու սոցիալական խորհրդին հաշվետվություն է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ, ինչպես նաև առաջարկներ ու ընդահնուր առաջարկություններ է ներկայանցում, որոնք հիմնված են երկներից ստացված տեղեկությունների վրա։

Պատմություն խմբագրել

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան ուժի մեջ է մտել 2008 թվականի մայիսի 3-ին։ Կոմիտեի նախնական անդամներն ընտրվել են գաղտնի քվեարկությամբ Կոնվենցիայի անդամ պետությունների առաջին համաժողովին՝ 2008 թվականի նոյեմբերի 3-ին Նյու Յորքում[2]։ Առաջին նախագահն ընտրվել է Մուհամեդ ալ-Թարովնեն առաջին նիստին՝ 2009 թվականի փետրվարին[3]։

Այժմ նախագահում է Մարիա Սոլեդադ Սիստերաս Ռեյեսը, որի լիազորություններն ավարտվում են 2016 թվականին[4]։

Անդամություն խմբագրել

Կոմիտեն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելիս կազմված էր 12 անդամից։ Սակայն երբ ևս վաթսուն երկիր ստորագրեց և վավերացրեց Կոնվենցիան, Կոմիտեի անդամների թիվն ավելացավ վեց անդամով՝ հասնելով առավելագույն թվին՝ 18-ին։ Կոմիտեի անդամներն ընտրվում են մասնակից պետությունների կողմից, ընդ որում՝ հաշվի է առնվում աշխարհագրական հավասար բաշխումը, քաղաքակրթությունների տարբեր ձևերի, հիմնական իրավական համակարգերի, հավասարակշիռ գենդերային ներկայացվածությունը և հաշմանդամություն ունեցող փորձագետների մասնակցությունը։

Կոմիտեի անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, Կոնվենցիային մասնակից պետությունների կողմից ներկայացված տվյալ երկրի քաղաքացիներից։ Ընտրությունները տեղի են ունենում մասնակից պետությունների համաժողովների ժամանակ։ Այս հանդիպումներում, որտեղ քվորում է ապահովում մասնակից պետությունների երկու երրորդը, Կոմիտեի անդամ է ընտրվում այն անձը, որը ստանում է առավելագույն ձայներ, ինչպես նաև մասնակից պետությունների՝ ներկա գտնվող և քվեարկող ներկայացուցիչների ձայների բացարձակ մեծամասնությունը։ Յուրաքանչյուր ընտրությունից առնվազն չորս ամիս առաջ ՄԱԿ գլխավոր քարտուղարը նամակ է ուղարկում մասնակից պետությունների՝ նրանց առաջարկելով երկամսյա ժամկետում ներկայացնել թեկնածուների ցուցակը։ Գլխավոր քարտուղարն այնուհետև պատրաստում է ներկայացված բոլոր անձանց ցուցակը այբբենականկարգով, նշելով այն մասնակից պետությունը, որը նրանց առաջադրել է, և ցուցակը ներկայացնում է մասնակից բոլոր պետություններին[5]։

Կոմիտեի անդամներն ընտրվում են 4 տարի ժամկետով։ Նրանք կարող են մեկ անգամ վերընտրվել։ Եթե կոմիտեի անդամը մահանում, հրաժարական է տալիս կամ հայտարարում, որ այլ պատճառով այլևս չի կարող կատարել իր պարտականությունները, այն մասնակից պետությունը, որը նշանակել է համապատասխան թեկնածուին, առաջադրում է այլ փորձագետի, որն ունի համապատասխան որակավորում ու բավարարում է պահանջներին։

Փորձագետ Երկիրը Լիազորությունների դադարեցման ժամկետը
Մուհամեդ ալ-Թարովնե   Հորդանան 2016
Դանլամի Ումարու Բաշարու   Նիգերիա 2018
Մոնթիան Բունտան   Թաիլանդ 2016
Մարիա Սոլեդադ Սիստերաս Ռեյես (նախագահող)   Չիլի 2016
Թերեզիա Դեջեներ (փոխնախագահող)   Գերմանիա 2018
Հյունգ Շիկ Կիմ   Հարավային Կորեա 2018
Սթինգ Լանգվադ   Դանիա 2018
Լասզո Գաբոր Լովասզի   Հունգարիա 2016
Դիանա Քինգսթոն (նախկինում՝ Մալլիգան)   Միացյալ Թագավորություն 2016
Մարտին Բաբու Մվեսիգվա (զեկուցող)   Ուգանդա 2016
Կառլոս Ալբերտո Պառա Դուսան   Կոլումբիա 2018
Սաֆակ Պավեյ   Թուրքիա 2016
Անա Պելաես Նարվաես   Իսպանիա 2016
Կումարավել Պյանեանդի   Մավրիկիոս 2018
Սիլվիա Ջուդիթ Քվան-Չանգ   Գվատեմալա 2016
Ջոնաս Ռուսկուս   Լիտվա 2018
Դամիան Տատիչ   Սերբիա 2018
Լիանգ Յու   Չինաստան 2018

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա, Հոդված 35
  2. ««Կոնվենցիան՝ համառոտ. Ուժի մեջ մտնելը»». ՄԱԿ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի քարտուղարության կայք. Վերցված է 2008 թ․ հունիսի 28-ին.
  3. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտե». Հաշմանդամության միջազգային խորհուրդ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  4. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամությունը». ՄԱԿ ՄԻԳՀԳ. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  5. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա, Հոդված 34

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել